ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԿԴ/0067/01/12 |
Գործ թիվ ԵԿԴ/0067/01/12 |
|
Նախագահող դատավոր՝ Լ. Թադևոսյան | |
Դատավորներ` Ա. Դանիելյան |
|
Մ. Արղամանյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Կ. Աբրահամյանի | |
| ||
մասնակցությամբ | ||
դատախազ |
Կ. Զոհրաբյանի |
2012 թվականի նոյեմբերի 1-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Հակոբ Գագիկի Ամիրխանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի օգոստոսի 10-ի որոշման դեմ մեղադրող Կ.Զոհրաբյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2012 թվականի փետրվարի 6-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է թիվ 69100512 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
2012 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ Հակոբ Ամիրխանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
2012 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ Հ.Ամիրխանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով:
2012 թվականի ապրիլի 26-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունիսի 26-ի դատավճռով ամբաստանյալ Հ.Ամիրխանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել առաջին դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ տուգանք՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, երկրորդ դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով՝ տուգանք 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով ամբաստանյալ Հ.Ամիրխանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով:
3. Մեղադրող Կ.Զոհրաբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունիսի 26-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 10-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրող Կ.Զոհրաբյանը:
Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ մեղադրող Կ.Զոհրաբյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ամբաստանյալ Հ.Ամիրխանյանը դատապարտվել է հետևյալ արարքների համար. «Ամբաստանյալ Հ.Ամիրխանյանը, 2010 թվականի սկզբից մինչև 2011 թվականի սեպտեմբերի 9-ը ներառյալ ժամանակահատվածում, իր և ընտանիքի կարիքները հոգալու, ապրուստի միջոցներ ձեռք բերելու նպատակով, խարդախությամբ, երկու անձանցից, յուրաքանչյուրից հափշտակել է խոշոր չափի գույք հետևյալ հանգամանքներում.
Առաջին դրվագ.
Ամբաստանյալ Հ.Ամիրխանյանը, 2010 թվականի սկզբին տեղեկանալով, որ իրենց թաղամասի բնակիչ, տուժող Ա.Վարդանյանը ցանկանում է Երևան քաղաքի Գ.Մահարու փողոցի թիվ 16/1 հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի նկատմամբ կատարել իր սեփականության իրավունքի պետական գրանցում, հաստատապես իմանալով, որ դրա համար բավարար հիմքերն առկա են, և այդ գործընթացն օրենքով սահմանված կարգով ենթակա է անվճար կատարման, խոստացել է օգնել նրան այդ հարցում։ Ուրիշի խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ, խաբեությամբ, իբրև թե այդ գործը սկսելու համար նա տուժող Ա.Վարդանյանից 2010 թվականի սկզբին ստացել և հափշտակել է 112.116 ՀՀ դրամին համարժեք 300 ԱՄՆ դոլար գումար` այն ծախսելով իր անձնական կարիքների համար։
Այնուհետև, 2010 թվականի սկզբից մինչև 2011 թվականի սկիզբն ընկած ժամանակահատվածում, տարբեր ամիսների և օրերի, Հ.Ամիրխանյանը, նույն հարցի լուծման համար սահմանված վճարումներ կատարելու պատրվակով, Ա.Վարդանյանից խարդախությամբ, մաս-մաս ստացել և հափշտակել է նաև 600.000 ՀՀ դրամ ընդհանուր գումար` Ա. Վարդանյանին պատճառելով խոշոր չափի` 712.116 ՀՀ դրամ ընդհանուր գումարի գույքային վնաս։
Երկրորդ դրվագ.
Բացի այդ, կրկին ուրիշի խոշոր չափի գույք հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2011 թվականի փետրվարին, Երևանում ամբաստանյալ Հ.Ամիրխանյանը տուժող Ա.Էլոյանին ներկայացել է որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակից և խոստացել է երեք հազար ԱՄՆ դոլար գումար կաշառք ստանալու և համապատասխան վճարումներ կատարելու միջոցով լուծել տուժող Ա.Էլոյանի սեփականության իրավունքի պետական գրանցման հարցը` նրա կողմից օգտագործվող, Երևանի Նոր Նորքի 1-ին զանգվածի թիվ 34 շենքի հարևանությամբ գտնվող, հազար քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ։ Ստանալով տուժող Ա.Էլոյանի համաձայնությունը` ամբաստանյալ Հ.Ամիրխանյանը տուժող Ա. Էլոյանից Երևանում 2011 թվականի փետրվարին պահանջել և ստացել է 40.000 ՀՀ դրամ գումար` գործընթացն սկսելու համար անհրաժեշտ վճարումներ կատարելու պատրվակով։ Այնուհետև, 2011 թվականի մարտի 9-ին` ժամը 13.00-ի սահմաններում, կաշառք ստանալու և կրկին վճարումներ կատարելու պատրվակով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության վարչական շենքի մոտակայքում ամբաստանյալ Հ.Ամիրխանյանը տուժող Ա.Էլոյանից ստացել է 1.102.800 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար գումար, իսկ 2011 թվականի մարտի 11-ին հողամասի գլխավոր հատակագիծը կազմելու պատրվակով` 50.000 ՀՀ դրամ գումար և խաբեությամբ հափշտակել է այդ գումարները։
Շարունակելով իրականացնել Ա.Էլոյանի գույքի հափշտակության վերաբերյալ իր մտադրությունը՝ 2011 թվականի սեպտեմբերի 2-ին հողատարածքի չափագրության պատրվակով Հ.Ամիրխանյանն Ա.Էլոյանից պահանջել և ստացել է 5.000 ՀՀ դրամ գումար, իսկ 2011 թվականի սեպտեմբերի 9-ին կրկին կաշառք ստանալու պատրվակով պահանջել և ստացել է ևս 50.000 ՀՀ դրամ գումար, որոնք նույնպես խաբեությամբ հափշտակել է` Ա.Էլոյանին պատճառելով խոշոր չափի` 1.247.800 ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով գույքային վնաս» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 118):
6. Առաջին ատյանի դատարանի դատավճռում առկա է հետևյալ ձևակերպումը. «Քննարկելով մեղադրողի միջնորդությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ամբաստանյալ Հակոբ Գագիկի Ամիրխանյանի նկատմամբ քրեական հետապնդումը «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011թ. մայիսի 26-ի որոշման 6-րդ կետի 3-րդ ենթակետի կիրառմամբ դադարեցնելու մասին, դատարանը գտնում է, որ այն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011թ. մայիսի 26-ի որոշման 9-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն` որոշվել է համաներումը չկիրառել մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն որոշմամբ համաներում չի կիրառվում։
«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011թ. մայիսի 26-ի որոշման 15-րդ կետի համաձայն` սույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչև 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ։
Ամբաստանյալ Հակոբ Գագիկի Ամիրխանյանը, բացի 2010թ. սկզբից մինչև 2011թ. սկիզբն ընկած ժամանակահատվածում տուժող Արմեն Վարդանյանից խարդախությամբ 712.116 ՀՀ դրամ ընդհանուր գումար հափշտակելուց, կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված մեկ այլ հանցագործություն` 2011թ. փետրվարից մինչև 2011թ. սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում տուժող Անահիտ Էլոյանից խարդախությամբ հափշտակել է 1.247.800 ՀՀ դրամ ընդհանուր գումարի` խոշոր չափի գույք, այսինքն` 2011թ. մայիսի 1-ից հետո մեկ այլ հանցագործություն է կատարել, որի պատճառով Հակոբ Ամիրխանյանի նկատմամբ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011թ. մայիսի 26-ի որոշումը կիրառվել չի կարող (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 120-122):
7. Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ որոշման պատճառաբանական մասում Վերաքննիչ դատարանը վկայակոչել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի, ՀՀ քրեական օրենսգքրի 82-րդ հոդվածի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի դրույթները և արձանագրել, որ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի 2011թ. մայիսի 26-ի որոշման 15-րդ կետի համաձայն` սույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչև 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ:
(…) Նշված նորմի տառացի մեկնաբանությունից հետևում է, որ 2011 թվականի մայիսի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում հանցանք կատարած անձանց նկատմամբ համաներման ակտը չի կիրառվում, իսկ նույն ակտի 9-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն` համաներումը կիրառման ենթակա չէ մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն որոշմամբ համաներում չի կիրառվում:
(…) Նկատի ունենալով, որ Հակոբ Ամիրխանյանին մեղսագրվող և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված երկրորդ արարքը ամբաստանյալը կատարել է 2011թ. մայիսի 1-ից հետո, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ համաներման ակտը` 9-րդ կետի 8-րդ ենթակետի ուժով կիրառելի չէ, հետևաբար Առաջին ատյանի դատարանը, մերժելով մեղադրողի միջնորդությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ամբաստանյալ Հակոբ Գագիկի Ամիրխանյանի նկատմամբ քրեական հետապնդումը համաներման ակտի 6-րդ կետի 3-րդ ենթակետի կիրառմամբ դադարեցնելու մասին, հանգել է հիմնավոր ու ճիշտ հետևության» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 171):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
8. Բողոք բերած անձը փաստարկել է, որ առկա է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:
9. Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի կիրառել քրեական օրենքը, խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման (այսուհետ նաև` Համաներման ակտ) պահանջները, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու հիմք է: Բողոքաբերը, մասնավորապես, նշել է, որ.
ա) 2010 թվականի սկզբից մինչև 2011 թվականի սկիզբն ընկած ժամանակահատվածում տուժող Ա.Վարդանյանից խաբեությամբ 300 ԱՄՆ դոլար և 600.000 ՀՀ դրամ հափշտակելու դրվագով Հ.Ամիրխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Վերոնշյալ հանգամանքի վելուծության արդյունքում բողոքաբերը եզրակացություն է արել այն մասին, որ տուժող Ա.Վարդանյանից խաբեությամբ 300 ԱՄՆ դոլար և 600.000 ՀՀ դրամ հափշտակելու դրվագով Հ.Ամիրխանյանին մեղադրանք է առաջադրվել մինչև 2011 թվականի մայիսի 1-ը կատարած հանցանքի համար:
բ) Գործի նյութերում առկա է ծննդյան վկայական, որի համաձայն՝ Համաներման ակտն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հ.Ամիրխանյանն ունեցել է մինչև երեք տարեկան երեխա` 2010 թվականի դեկտեմբերի 21-ին ծնված Վիգեն Հակոբի Ամիրխանյան:
գ) Հ.Ամիրխանյանի՝ մինչև երեք տարեկան երեխա ունենալու հանգամանքը հայտնի է եղել նաև նախաքննության ընթացքում, սակայն այդ դրվագով Հ.Ամիրխանյանին մեղադրանք է առաջադրվել, քանի որ նա առարկել է համաներման կիրառման դեմ:
դ) Վերաքննիչ դատարանը տուժող Ա.Վարդանյանից խոշոր չափի գումար հափշտակելու դրվագով Հ.Ամիրխանյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ իր որոշումը հիմնավորել է Համաներման ակտի 9-րդ կետի 8-րդ ենթակետով նախատեսված սահմանափակմամբ, որի համաձայն՝ համաներման ակտը չի կիրառվում մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար համաներում չի կիրառվում:
Համաներման ակտի 9-րդ կետի 8-րդ ենթակետի համատեքստում վերլուծելով մեջբերված հանգամանքները՝ բողոքաբերը փաստարկել է, որ «եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն որոշմամբ համաներում չի կիրառվում» իրավական ձևակերպումը վերաբերում է ոչ թե ցանկացած հանցագործության տեսակի, այլ 9-րդ կետի 7-րդ ենթակետում նշված` քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցագործություններին: Իսկ Համաներման ակտի 9-րդ կետի 7-րդ ենթակետում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված հանցակազմը օրենսդրի կողմից չի ընդգրկվել, հետևաբար այդ հոդվածով հանցագործություն կատարած անձի նկատմամբ համաներում կիրառելու սահմանափակում չի կարող տարածվել:
Ընդհանրացնելով վերոգրյալը՝ բողոքի հեղինակը նշել է, որ Համաներման ակտը թե՛ իր կիրառման հիմքով և թե՛ այդ կիրառումը սահմանափակող դրույթներով կիրառելի է այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչև 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ, որի մասին ուղղակի նշված է Համաներման ակտի 15-րդ կետում: Այսինքն մայիսի 1-ից հետո կատարված հանցագործությունները չեն կարող Համաներման ակտի կիրառման համար արգելակող դեր կատարել, մինչդեռ Հ.Ամիրխանյանի գործով Առաջին ատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը Համաներման ակտի կիրառման սահմանափակումը կապել են նրա կողմից մայիսի 1-ից հետո կատարած հանցագործության հետ:
10. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի օգոստոսի 10-ի որոշումը և Ա.Վարդանյանից խոշոր չափերի գումար հափշտակելու դրվագով Հ.Ամիրխանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել՝ Համաներման ակտի 2-րդ կետի 4-րդ և 6-րդ կետի 3-րդ ենթակետերի կիրառմամբ:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցանքների համակցության դեպքում Համաներման ակտի կիրառման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ ամբաստանյալ Հ.Ամիրխանյանի նկատմամբ Համաներման ակտը կիրառելի չէ, քանի որ նրան մեղսագրվող երկու հանցանքներից մեկը կատարվել է Համաներման ակտի ընդունումից հետո:
13. «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 9-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն՝ համաներումը չի կիրառվում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (…) 168-րդ հոդվածով, 175-176-րդ հոդվածներով, 190-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով (…) նախատեսված հանցագործությունները կատարած կամ այդ հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն չեն»:
Համաներման ակտի 9-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն` համաներումը չի կիրառվում «մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն որոշմամբ համաներում չի կիրառվում»:
Համաներման ակտի 15-րդ կետի համաձայն` «Սույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչև 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ»:
14. Հանցանքների համակցության դեպքում համաներման ակտի կիրառման հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վ.Ավետիսյանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «Համաներման ակտի ուսումնասիրությունից երևում է, որ համաներման կիրառելիությունը և համաներման կիրառման արդյունքում վրա հասնող իրավական հետևանքը (քրեական գործի կարճում, պատժից ազատում, պատժաչափի չկրած մասի կրճատում և այլն) օրենսդիրը կատարած հանցագործությունների քանակից կախվածության մեջ չի դրել: Այլ կերպ` եթե համաներման ակտի համապատասխան դրույթներից բխում է, որ անձի նկատմամբ քրեական հետապնդում չպետք է հարուցել կամ իրականացնել, կամ անձը ենթակա է պատժից ազատման, ապա կատարած արարքների թվաքանակն ինքնին որևէ կերպ չի կարող խոչընդոտել համաներումը տառացի նշանակությամբ մեկնաբանելու և կիրառելու համար:
Համաներման ակտի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հանցագործությունների համակցության դեպքին է վերաբերում միայն 9-րդ կետի 8-րդ ենթակետը, որի համաձայն` համաներումը չի կիրառվում «մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն որոշմամբ համաներում չի կիրառվում»:
Փաստորեն, հանցագործությունների համակցության դեպքում համաներման կիրառման սահմանափակումն օրենսդիրը նախատեսել է միայն մեկ դեպքում` համաներման չկիրառման հիմքում դնելով ոչ թե հանցանքների քանակական, այլ որակական կողմը` առկա է թեկուզ մեկ այնպիսի հանցագործություն, որի նկատմամբ համաներումը կիրառելի չէ: (…):
Համաներման կիրառման մյուս սահմանափակումները հանցագործությունների զուտ թվաքանակով պայմանավորված չեն:
(…)
(…) հանցագործությունների համակցության այն դեպքերում, երբ համաներումը բոլոր հանցանքների նկատմամբ կիրառելի է, ապա դատարանը պարտավորեցված է համաներման ակտը (…) կիրառել յուրաքանչյուր հանցագործության վերաբերյալ առանձին: (…):
(…) Վճռաբեկ դատարանն իրավաչափ է համարում համաներման ակտի կիրառումը հանցագործությունների համակցություն կազմող յուրաքանչյուր հանցագործության վերաբերյալ առանձին» (տե՛ս Վարուժան Գագիկի Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման 18-րդ, 22-23-րդ կետերը:
15. Սույն որոշման 13-րդ կետում մեջբերված դրույթների համատեքստում զարգացնելով Վ.Ավետիսյանի գործով որոշման մեջ ձևավորված մոտեցումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Համաներման ակտի կիրառելիությունն անսահմանափակ չէ և պայմանավորված է որոշակի ժամկետում կատարված հանցագործություններով: Ընդ որում, այդ առումով կարևորվում է ոչ թե գործի քննության կամ Համաներման ակտի կիրառման, այլ հանցագործության կատարման պահը: Մասնավորապես, Համաներման ակտի 15-րդ կետից երևում է, որ օրենսդրի կամքն է եղել Համաներման ակտը կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչև 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ: Այլ խոսքով` Համաներման ակտը կիրառելի է միայն այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են մինչև նշված օրը հանցանք կատարելու հետևանքով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Համաներման ակտի, դրա առանձին դրույթների վկայակոչումը, անկախ նրանից թե կոնկրետ դրույթը վկայակոչվում է Համաներման ակտը կիրառելու, թե կիրառման արգելքը հաստատելու համար, սահմանափակված է մինչ այդ օրը կատարված հանցագործությունների շրջանակով: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ հանցագործությունը կատարվել է Համաներման ակտով ընդգրկվող ժամանակահատվածից դուրս, ապա այդ հանցագործության համար Համաներման ակտի կիրառելիության հարցի քննարկումն առարկայազուրկ է, քանի որ բացակայում է Համաներման ակտի կիրառման համար անհրաժեշտ իրավահարաբերությունը:
16. Սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծության համատեքստում Վճռաբեկ դատարանը վերահաստատում է Վ.Ավետիսյանի գործով որոշմամբ Համաներման ակտի 9-րդ կետի 8-րդ ենթակետին տրված մեկնաբանությունը. «(…) հանցագործությունների համակցության դեպքում համաներման կիրառման սահմանափակումն օրենսդիրը նախատեսել է միայն մեկ դեպքում` համաներման չկիրառման հիմքում դնելով ոչ թե հանցանքների քանակական, այլ որակական կողմը` առկա է թեկուզ մեկ այնպիսի հանցագործություն, որի նկատմամբ համաներումը կիրառելի չէ (…)», և ընդգծում է, որ տվյալ սահմանափակմանը պետք է տալ բացառապես այն բովանդակային նշանակությունը, որն օրենսդիրն ի նկատի է ունեցել Համաներման ակտի 9-րդ կետի 7-րդ ենթակետում որոշակի հանցատեսակներ թվարկելով: Այլ խոսքով՝ Համաներման ակտի 9-րդ կետի 8-րդ ենթակետով նախատեսված սահմանափակումն անհրաժեշտ է դիտարկել նույն կետի 7-րդ ենթակետի համատեքստում՝ Համաներման ակտի կիրառման անհնարինությունը կապելով հանցագործության էության, այլ ոչ թե դրա կատարման ժամանակահատվածի հետ:
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Հ.Ամիրխանյանին մեղսագրվել է երկու դրվագով խարդախություն, որոնցից առաջինը` 2010 թվականի սկզբից մինչև 2011 թվականի սկիզբն ընկած ժամանակահատվածում տուժող Ա.Վարդանյանի նկատմամբ կատարված, որը որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, երկրորդը` 2011 թվականի փետրվարից մինչև 2011 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում տուժող Ա.Էլոյանի նկատմամբ կատարված, որը որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Վկայակոչելով Համաներման ակտի 9-րդ կետի 8-րդ ենթակետը՝ Առաջին ատյանի դատարանը Հ.Ամիրխանյանի նկատմամբ Համաներման ակտը չի կիրառել (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը)։ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ է թողել (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը)։
Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ ստորադաս դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված և 2011 թվականի մայիսի 1-ից հետո կատարած հանցագործության համար Հ.Ամիրխանյանի նկատմամբ կիրառել են Համաներման ակտի 9-րդ կետի 8-րդ ենթակետի դրույթները, ինչի հետևանքով Հ.Ամիրխանյանի նկատմամբ Համաներման ակտը չեն կիրառել նաև մինչև 2011 թվականի մայիսի 1-ը կատարած և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության համար: Մինչդեռ նշված հանցագործության համար նրա նկատմամբ Համաներման ակտի կիրառման սահմանափակումները բացակայում են:
18. Սույն որոշման 13-16-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 17-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավորված չէ ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ ամբաստանյալ Հ.Ամիրխանյանի նկատմամբ Համաներման ակտը կիրառելի չէ, քանի որ նրան մեղսագրվող երկու հանցանքներից մեկը կատարվել է Համաներման ակտի ընդունումից հետո:
Հետևաբար, հիմնավոր է բողոքաբերի փաստարկն այն մասին, որ Համաներման ակտի 9-րդ կետի 8-րդ ենթակետի սխալ մեկնաբանման արդյունքում Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ ճիշտ չի կիրառել քրեական օրենքը, խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման պահանջները (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):
19. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով թույլ տրված խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հակոբ Ամիրխանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի օգոստոսի 9-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Ուստի, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Հակոբ Գագիկի Ամիրխանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի օգոստոսի 9-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան | |
Ս. Ավետիսյան | ||
Ե. Դանիելյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|