Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.01.23/5(945).1 Հոդ.41.7
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.11.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵՇԴ/0110/01/11

գործ թիվ ԵՇԴ/0110/01/11

 
Նախագահող դատավոր՝ Ե. Դարբինյան  
                 Դատավորներ` Գ. Ավետիսյան  

                  Ս. Չիչոյան

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

Հ. Ասատրյանի

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ա. Պողոսյանի

   

Ս. Օհանյանի

   

 

քարտուղարությամբ

Կ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

     
 

մասնակցությամբ

 

մեղադրող

Ժ. ՍԱՀԱԿՅԱՆԻ

 

2012 թվականի նոյեմբերի 1-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Աննա Վրույրի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հունիսի 7-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2011 թվականի հուլիսի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 11123411 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2011 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ Աննա Վրույրի Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2011 թվականի սեպտեմբերի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մարտի 20-ի դատավճռով Ա.Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել է ազատազրկման` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 8-րդ կետի 3-րդ ենթակետի հիման վրա` Ա.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատժաչափի չկրած մասը կրճատվել է մեկ երրորդով:

Վերացվել է որպես խափանման միջոց ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, և Ա.Հարությունյանը կալանքի է վերցվել դատական նիստերի դահլիճից:

Տուժող Գառնիկ Ավագյանի քաղաքացիական հայցը բավարարվել է` ամբաստանյալ Ա.Հարությունյանից հօգուտ տուժող Գ.Ավագյանի վճռվել է բռնագանձել 217.000 (երկու հարյուր տասնյոթ հազար) ՀՀ դրամ և 3900 (երեք հազար ինը հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

3. Ամբաստանյալ Ա.Հարությունյանի պաշտպան Ռ.Բալաբանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի հունիսի 7-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մարտի 20-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունիսի 7-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

 Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ա.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տուժող Գ.Ավագյանին վստահեցնելով, որ ունի կապեր ՀՀ արդարադատության նախարարությունում և փաստաբաններ, որոնց միջոցով կկարողանա պատժից ազատել գողություն կատարելու համար կալանքի տակ գտնվող Գ.Ավագյանի որդուն, 2010 թվականի դեկտեմբերի 13-ին Երևանի Նորագավիթ 1-ին փողոցի 20 տանը նրանից ստացել է 540.300 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար, այնուհետև, պատճառաբանելով, որ գումարը քիչ էր նախատեսել, նույն թվականի դեկտեմբերի 23-ին կրկին Գ.Ավագյանից ստացել է 720.140 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար: Այնուհետև, որոշակի մուծումներ կատարելու համար Գ.Ավագյանից պահանջել և ստացել է 109.030 ՀՀ դրամին համարժեք 300 ԱՄՆ դոլար, իսկ 2011 թվականի հունվարի 13-ին, վերջինիս վստահեցնելով, որ դատաքննությունն արագացված կարգով կատարելու համար անհրաժեշտ է 15.000 ՀՀ դրամ, կրկին ստացել է պահանջված գումարը: Այնուհետև, 2011 թվականի հունվարի 16-ին զանգահարելով Գ.Ավագյանին` նրանից պահանջել է ևս 36.450 ՀՀ դրամին համարժեք 100 ԱՄՆ դոլար` որպես իր կողմից մինչև այդ կատարված վճարումների գումար, և նույն օրն ստացել այն: Բացի այդ, Գ.Ավագյանին վստահեցնելով, որ գործն ընթացքի մեջ է և շուտով նրա որդուն ազատ են արձակելու, 2011 թվականի հունվարի 31-ին նրանից պահանջել և ստացել է 200.000 ՀՀ դրամ, իսկ նույն թվականի մարտի 1-ին, Գ.Ավագյանին հավաստիացնելով, թե իբր արդարադատության նախարարությունում իր ծանոթների միջոցով ստուգում է նշանակել և ազատման թուղթը ստանալու համար պետք է 42.000 ՀՀ դրամ վճարում կատարի, նույն օրն ստացել է այն` շարունակաբար Գ.Ավագյանից հափշտակելով ընդհանուր առմամբ 1.405.920 ՀՀ դրամին համարժեք 3.900 ԱՄՆ դոլար և 257.000 ՀՀ դրամ: Այսպիսով, Ա.Հարությունյանը նախնական դիտավորությունն ավարտին է հասցրել` Գ.Ավագյանին պատճառելով խոշոր չափերի հասնող` 1.662.920 ՀՀ դրամի գույքային վնաս (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 123):

6. Վերաքննիչ դատարանի դատական ակտի` «Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը» հատվածում առկա է հետևյալ ձևակերպումը. «Վերաքննիչ դատարանը, քննության առնելով վերաքննիչ բողոքը` բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, լսելով նաև բողոքում ներկայացված հետևությունները հիմնավորելու մասին պաշտպանի և ամբաստանյալի պատճառաբանությունները, մեղադրողի պատասխանը դրա դեմ, ինչպես նաև ուսումնասիրելով և վերլուծելով գործի նյութերը, դրանք գնահատելով իրենց համակցությամբ` հանգում է այն հետևության, որ պաշտպանի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 197):

Վերաքննիչ դատարանի դատական ակտի եզրափակիչ մասում առկա է հետևյալ ձևակերպումը. «(…) Պաշտպան` Ռուբեն Բալաբանյանի վերաքննիչ բողոքը մերժել: Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի մարտի 20-ի դատավճիռը քրեական գործով ըստ մեղադրանքի Աննա Վրույրի Հարությունյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, թողնել օրինական ուժի մեջ» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 198):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

7. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 62-րդ և 70-րդ հոդվածների պահանջները:

Վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ՝ բողոքաբերը նշել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել, թե ինչու իր ուղղվելը հնարավոր չէ առանց պատիժը կրելու, ինչպես նաև որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք չի գնահատվել տուժողին պատճառված վնասն ամբողջությամբ հատուցելը, ինչի արդյունքում վերացել է արարքի հանրության համար վտանգավորության բնույթն ու աստիճանը, վերականգնվել սոցիալական արդարությունը:

Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ինքը նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրական, իրեն մեղավոր է ճանաչել և անկեղծորեն զղջացել է կատարածի համար, նախաքննության և դատաքննության ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, ունի երկու անչափահաս երեխա, իսկ որդին ծառայում է ՀՀ ազգային բանակում: Վկայակոչելով Ա.Սարգսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2009 թվականի հունիսի 2-ի որոշումը, որտեղ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) ամբաստանյալի նկատմամբ նշանակվող պատիժը անխուսափելիորեն ազդում է նրա ընտանիքի անդամների վրա, և կախված ընտանիքի կյանքում անձի ունեցած դերից, այն կարող է նաև ծանր կացության մեջ դնել վերջիններիս: (…)», բողոքաբերը նշել է, որ իր ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում, իսկ ինքը հանդիսանում է իր ընտանիքի միակ կերակրողը:

8. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի, 360-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 8-րդ կետերի պահանջները:

Ի հիմնավորումն իր վերոհիշյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանն իր որոշման նկարագրական-պատճառաբանական մասում, մասնավորապես, «Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը» մասում շարադրել է, որ պաշտպանի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել, մինչդեռ եզրափակիչ մասում անհիմն ու չպատճառաբանված կերպով մերժել է այն՝ կայացնելով արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտ:

9. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունիսի 17-ի որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի70-րդ հոդվածի հիման վրա` իր նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել կամ գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Նախքան վճռաբեկ բողոքում բարձրացված հարցերին անդրադառնալը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում դիրքորոշում հայտնել բողոքաբերի կողմից բարձրացված հարցերի միջև առկա կապի վերաբերյալ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերն ըստ էության երկու իրավական հարց է բարձրացրել, որոնցից առաջինն առնչվում է իր նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելուն (նյութական իրավունքի խախտում) (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը), իսկ երկրորդը՝ Վերաքննիչ դատարանի որոշման նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերում առկա անհամապատասխանությանը, (դատավարական իրավունքի խախտում) (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով բողոքաբերի կողմից փաստարկված դատավարական և նյութական իրավունքների ենթադրյալ խախտումները փոխկապակցված են, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է քննության առնել սույն գործով թույլ տրված դատավարական իրավունքի ենթադրյալ խախտման հարցը:

11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտի հիմնավորվածության և պատճառաբանվածության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նշված հարցերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի` նախկինում՝ 2012 թվականի մարտի 30-ին ընդունած թիվ ԱՐԴ/0121/01/11 որոշմանը:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք Վերաքննիչ դատարանի որոշումն այն պայմաններում, երբ դատական ակտի եզրափակիչ մասում արձանագրված եզրահանգումը չի բխում նույն ակտի նկարագրական-պատճառաբանական մասում շարադրված վերլուծությունից:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե`

դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա.

(…)

դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի համաձայն`

«Դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում ցույց է տրվում`

(…)

2) գործի հանգամանքների, մեղադրանքի ապացուցված լինելու և ամբաստանյալի մեղավորության մասին դատարանի հետևությունները.

3) այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները.

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Դատավճռի եզրափակիչ մասում նշվում են դատարանի որոշումները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի համաձայն` «1. Բողոքը քննելու արդյունքում` վերաքննիչ դատարանը կայացնում է դատական ակտ, որն ամբողջությամբ կամ մասամբ փոխարինում է առաջին ատյանի դատարանի դատական ակտին:

2. Վերաքննիչ դատարանը դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով` հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված պահանջները

(...)

4. Վերաքննիչ դատարանի դատական ակտում պետք է նշվեն, թե ինչ հիմքերով է առաջին ատյանի դատարանի դատական ակտը համարվում ճիշտ, իսկ բողոքում բերված եզրահանգումները` անհիմն, ինչն էլ հիմք է ծառայել առաջին ատյանի դատարանի դատական ակտն ամբողջությամբ կամ մի մասով բեկանելու կամ փոփոխելու համար»:

Գ.Ղազարյանի վերաբերյալ կայացված որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «[Ա]ռաջին ատյանի դատարանի կողմից կայացվող դատական ակտի՝ դատավճռի կառուցվածքին և բովանդակությանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ներկայացվող պահանջները վերաբերելի են նաև վերադաս դատական ատյանի՝ վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտին: Այլ կերպ՝ վերաքննիչ դատարանի դատական ակտերը ևս պետք է կազմված լինեն ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից, որոնց ներկայացվում են նույն բովանդակային պահանջները, ինչ դատավճռին:

(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դատական ակտի կառուցվածքին և բովանդակությանը որոշակի պահանջներ ներկայացնելը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատական ակտը պետք է ամբողջական տեղեկություն պարունակի քննված գործի վերաբերյալ, ինչպես նաև ներառի դատարանի կողմից լուծման ենթակա բոլոր հարցերի պատասխանները: Բացի այդ, դատական ակտի տարբեր կառուցվածքային մասերում (ներածական, նկարագրական-պատճառաբանական, եզրափակիչ) արտացոլված տեղեկությունը պետք է ներքին միասնություն և տրամաբանական կապ ունենա, այդ թվում՝ վերաբերի միևնույն քրեական գործին, հակառակ պարագայում, դատարանի դատական ակտն անօրինական է» (տե՛ս Գեղամ Միսակի Ղազարյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11 որոշման 19-20-րդ կետերը):

14. Վերահաստատելով վկայակոչված որոշմամբ ձևավորված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի եզրափակիչ մասում առկա եզրահանգումները պետք է բխեն նույն դատական ակտի նկարագրական-պատճառաբանական մասում շարադրված հետևություններից և համապատասխանեն դրանց: Հետևաբար, վերաքննիչ դատարանի կողմից կայացվող՝ վերաքննիչ բողոքը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշման եզրափակիչ մասում առկա եզրահանգումը նույնպես պետք է համապատասխանի նկարագրական-պատճառաբանական մասում շարադրված վերլուծությանը:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռի օրինականությունը և հիմնավորվածությունը, իր դատական ակտի նկարագրական-պատճառաբանական մասում, մասնավորապես` «Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը» հատվածում նշել է, որ պաշտպանի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել, այնուհետև եզրափակիչ մասում արձանագրել է, որ պաշտպանի բողոքը ենթակա է մերժման (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտի նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերում առկա է անհամապատասխանություն: Մասնավորապես՝ դատական ակտի եզրափակիչ մասում արձանագրված եզրահանգումը չի բխում նույն ակտի նկարագրական-պատճառաբանական մասում շարադրված վերլուծությունից:

16. Սույն որոշման 13-14-րդ կետերում շարադրված դիրքորոշման լույսի ներքո գնահատելով սույն որոշման 15-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված չէ:

17. Հիմք ընդունելով սույն որոշման 13-16-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական ակտի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջներն ամրագրած 358-րդ և 371-րդ հոդվածների խախտում: Դրանք իրենց բնույթով էական են և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտը բեկանելու հիմք են:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց՝ օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հանդիսանում են քրեադատավարական օրենքի էական խախտումներ, հետևաբար, Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան` նոր քննության ուղարկելու հիմք:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ սույն գործով թույլ տրված դատավարական իրավունքի խախտման հետ փոխկապակցված՝ նյութական իրավունքի ենթադրյալ խախտման (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը) հարցին հնարավոր կլինի անդրադառնալ միայն սույն որոշմամբ արձանագրված դատավարական իրավունքի խախտումը (տե՛ս սույն որոշման 17-րդ կետը) վերացնելուց հետո:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Աննա Վրույրի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հունիսի 7-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ե. Դանիելյան

   

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ա. Պողոսյան

   

Ս. Օհանյան