Գլխավոր տեղեկություն
Համար
N 542-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.01.2013-23.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.30/46(501) Հոդ.665
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.05.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 մայիսի 2007 թվականի N 542-Ն

ԴԱՇՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ) ԲՆՈՒՅԹ ԿՐՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 418 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 205-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվազագույն չափը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 2 հավելվածով Հայաստանի Հանրապետության տարածքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղվող աշխատողների օրապահիկի համար հաստատված չափին: Պետական և համայնքների բյուջեներից ֆինանսավորման դեպքում այն համարվում է նաև առավելագույն չափ.

2) դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի հատուցման գումարի վճարման կարգը` համաձայն հավելվածի.

3) դաշտային կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների մեկնող աշխատողներին գործատուի կողմից (նաև պետական և համայնքների բյուջեներից ֆինանսավորման դեպքում) տրանսպորտային միջոց, ճամբարային վրան կամ անվճար գիշերելու վայր չտրամադրվելու դեպքում, հատուցվում են նաև աշխատողի կողմից կատարվող տրանսպորտային և գիշերավարձի ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ հաստատված կարգով և չափերով:

(1-ին կետը խմբ. 10.01.13 N 8-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի օգոստոսի 10-ի «Երկրաբանահետախուզական, տեղագրագեոդեզիական, նախագծահետազոտական և դրանց հետ կապված աշխատանքներում զբաղված աշխատողներին դաշտային բավարարման վճարման կանոնադրությունը հաստատելու մասին» N 418 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 11
Երևան



 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 3-ի N 542-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԴԱՇՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ) ԲՆՈՒՅԹ ԿՐՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ

1. Սույն կարգով կարգավորվում են դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի հատուցման (այսուհետ` հատուցում) գումարի վճարման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով`

1) դաշտային պայմաններում կատարվող աշխատանքներ են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնական աշխատանքի վայրից դուրս որոշակի` մինչև վեց ամիս ժամկետով կատարվող երկրաբանահետախուզական, սեյսմաբանական, տեղագրագեոդեզիական, նախագծահետազոտական, արտակարգ իրավիճակների վերացման և մոնիթորինգի աշխատանքները, հնագիտական, համաճարակաբանական, գյուղատնտեսական և բնապահպանական հետազոտությունը, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վիճակի մասնագիտական ուսումնասիրությունն ու հետազոտությունը, հնագիտական պեղումները, գիտական արշավները, եթե դրանք իրականացվում են աշխատավայրերի ու կենցաղի համար ոչ հարմար պայմաններում, ժամանակավորապես տեղակայված են բնակավայրերից դուրս,

2) տեղափոխման (տեղաշարժման) բնույթի աշխատանքներ են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնական աշխատանքի վայրից դուրս աշխատողների աշխատավայրերի հաճախակի վերատեղաբաշխմամբ կատարվող էներգետիկայի, կապի, ճանապարհաշինության, խմելու և ոռոգման ջրի համակարգերի սպասարկման աշխատանքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` մշտապես ճանապարհին կատարվող ավտոմոբիլային, երկաթուղային տրանսպորտի սպասարկման այն աշխատանքները, որոնց տևողությունը գերազանցում է 12 ժամը, և փոխվում է այն օրացուցային օրը, որի ընթացքում հիմնական աշխատավայրից կատարվել է մեկնումը:

3. Աշխատողները դաշտային կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքների են մեկնում` համաձայն գործատուի ընդունած անհատական իրավական ակտի:

4. Դաշտային կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքում հատուցման գումարը վճարվում է սույն կարգի 2-րդ կետով սահմանված աշխատանքներում ընդգրկված աշխատողներին` գործատուի կողմից հաստատված աշխատանքային ծրագրով նախատեսված առաջադրանքների կատարման համար աշխատողի կողմից կատարվող լրացուցիչ ծախսերը հատուցելու նպատակով:

5. Հատուցման գումարը վճարվում է դաշտային կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների մեկնելուց առնվազն մեկ օր առաջ` մեկնելու օրվանից մինչև հիմնական աշխատանքի վայրը վերադառնալու բոլոր օրացուցային օրերի համար:

6. Դաշտային կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների մեկնած աշխատողի ժամանակավոր անաշխատունակության դեպքում աշխատողը, համաձայն գործատուի ընդունած անհատական իրավական ակտի, հետ է կանչվում դաշտային կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքներից, և աշխատողին ընդհանուր հիմունքներով վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ:

7. Դաշտային կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքներից ժամանակավոր անաշխատունակության, ինչպես նաև այլ դեպքերում սահմանված կարգով աշխատողին հետ կանչելու դեպքում` չաշխատած օրերի համար վճարված լրացուցիչ ծախսերի հատուցման գումարը չաշխատած օրերին համամասնորեն հետ է գանձվում հիմնական աշխատանքի վայրը վերադառնալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան