Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.10.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.12/60(934).1 Հոդ.1311.32
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
19.10.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/0636/05/11

2012 թ.   

Վարչական գործ թիվ ՎԴ/0636/05/11

Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան

Դատավորներ`               Ա. Աբովյան

                   Ա. Առաքելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի հոկտեմբերի 19-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 02.05.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ Սուրեն, Մելինե և Գագիկ Մարգարյանների հայցի ընդդեմ Ծառայության` Ծառայության Սյունիքի մարզային բաժնի կողմից թիվ 09-271 կատարողական վարույթով իրականացված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Սուրեն, Մելինե և Գագիկ Մարգարյանները պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել Կապան քաղաքի Շահումյան 13-րդ շենքի թիվ 33 բնակարանի պատին կից ապօրինի կառուցված 2x3 մետր չափով քարաշեն ձեղնահարկը (պատշգամբը) Գագիկ Մարգարյանին քանդել պարտավորեցնելուն ուղղված Ծառայության Սյունիքի մարզային բաժնի կողմից թիվ 09-271 կատարողական վարույթով իրականացված գործողությունները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Թովմասյան) (այսուհետ` Դատարան) 05.12.2011 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.05.2012 թվականի որոշմամբ Սուրեն, Մելինե և Գագիկ Մարգարյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է. Դատարանի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածը, չի կիրառել նույն օրենքի 38-րդ հոդվածը և 40-րդ հոդվածի 4-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ կատարողական վարույթը կարող է վերսկսվել կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո, մասնավորապես` սույն գործով` պարտապանին հայտնաբերելուց հետո: Ուստի Վերաքննիչ դատարանը գտել է, որ կատարողական վարույթը վերսկսելը ոչ իրավաչափ է, քանի որ Գագիկ Մարգարյանի գտնվելու վայրը չի պարզվել: Մինչդեռ պարտապանի հետախուզման հիմքով կատարողական վարույթը կասեցնելը հարկադիր կատարողի համար հայեցողական լիազորություն է, այսինքն` այն դեպքում, երբ պարտապանի բացակայությամբ հնարավոր է իրականացնել կատարողական գործողություններ, ապա պարտապանի հետախուզում չի իրականացվում, ուստիև կատարողական վարույթն այդ հիմքով չի կարող կասեցվել կամ կասեցված մնալ: Սույն դեպքում պահանջատերը պատրաստակամություն է հայտնել կատարողական գործողություններն իրականացնել իր հաշվին, քանդման աշխատանքները կատարել իր բնակարանի կողմից` հաշվի առնելով, որ պարտապանի բնակարանը փակ է, պարտավորվելով նաև ի պահ ընդունել բացակայող պարտապանի գույքը:

 

2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճռի բեկանման հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ քանդման ենթակա կցակառույցը քանդումից 2 ամիս առաջ օրինականացվել էր, և դրա նկատմամբ գրանցվել էր պարտապանից բացի նաև այլ անձանց իրավունքները: Ուստի հարկադիր կատարողը պարտավոր էր այլ անձանց պատկանող անշարժ գույք մուտք գործելու համար դիմել դատարան` համապատասխան որոշում ստանալու նպատակով, ինչը, սակայն, չի արել: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ կատարողական վարույթում առկա չէին պատշաճ ապացույցներ քանդման ենթակա կցակառույցի օրինականացման մասին, իսկ հարկադիր կատարողն էլ չէր կրում այդ հանգամանքի ապացուցման պարտականությունը, ուստիև նրա գործողությունները որպես ոչ իրավաչափ գնահատելն անհիմն է:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.05.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 05.12.2011 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 10.05.2006 թվականի վճռով Նաիրա Խաչատրյանի հայցը բավարարվել է, Գագիկ Մարգարյանը պարտավորեցվել է քանդել Կապանի Շահումյան 13-րդ շենքի թիվ 33 բնակարանի պատին կից ապօրինի կառուցված 2x3 մետր չափերով քարաշեն ձեղնահարկը` վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում (հատոր 1-ին, գ.թ. 14):

2. 31.05.2006 թվականի 2-1-382 կատարողական թերթի հիման վրա Ծառայության Սյունիքի մարզային բաժնի հարկադիր կատարող Ա. Ալեքսանյանի որոշմամբ հարուցվել է թիվ 09-271 կատարողական վարույթը (հատոր 1-ին, գ.թ. 32):

3. Ծառայության Սյունիքի մարզային բաժնի հարկադիր կատարող Ա. Ալեքսանյանի 16.11.2006 թվականի որոշմամբ կասեցվել է թիվ 09-271 կատարողական վարույթն այն պատճառաբանությամբ, որ թիվ 2-1-382 կատարողական թերթով պարտապան Գագիկ Մարգարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել (հատոր 1-ին, գ.թ. 38, 39):

4. Ծառայության Սյունիքի մարզային բաժնի հարկադիր կատարող Ա. Ալեքսանյանի 16.05.2007 թվականի որոշմամբ թիվ 09-271 կատարողական վարույթը վերսկսվել է այն հիմքով, որ Գագիկ Մարգարյանը վերադարձել է Ռուսաստանի Դաշնությունից (հատոր 1-ին, գ.թ. 45):

5. Ծառայության Սյունիքի մարզային բաժնի հարկադիր կատարող Ա. Ալեքսանյանի 18.09.2007 թվականի որոշմամբ Գագիկ Մարգարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, և հաջորդ օրվա մեկ այլ որոշմամբ կասեցվել է թիվ 09-271 կատարողական վարույթը մինչև Գագիկ Մարգարյանի հայտնաբերումը (հատոր 1-ին, գ.թ. 53, 55):

6. Ծառայության Սյունիքի մարզային բաժնի հարկադիր կատարող Ա. Ալեքսանյանի կողմից 22.10.2007 թվականին կայացվել է որոշում 19.09.2007թվականին կասեցված թիվ 09-271 կատարողական վարույթը վերսկսելու մասին, քանի որ պահանջատերը դիմումով հայտնել է, որ համաձայն է, որպեսզի կատարողական գործողությունները կատարվեն իր բնակարանի պատշգամբը քանդելով վիճելի հասցե մուտք գործելու միջոցով և իր հաշվին։ Այնուհետև 24.10.2007 թվականին ժամը 18։00-ին կազմված արձանագրության համաձայն` թիվ 09-271/06 թվականի կատարողական վարույթով քանդվել է Կապանի Շահումյան 13-րդ շենքի թիվ 33 բնակարանի պատին կառուցված 2x3մ չափով ապօրինի շինությունը։ Ծառայության Սյունիքի մարզային բաժնի 26.10.2007թ որոշմամբ 01.05.2006 թվականին հարուցված թիվ 09-271 կատարողական վարույթը կարճվել է (հատոր 1-ին, գ.թ. 127, 132, 134)։

7. Անշարժ գույքի սեփականության իրավունքի 15.08.2007 թվականի թիվ 2270079 վկայականի համաձայն` Կապանի քաղաքապետի 10.08.2007 թվականի թիվ 438 որոշման հիման վրա Կապանի Շահումյան 13-րդ շենքի թիվ 33 բնակարանին կից ինքնակամ կառուցված 3,7x2,4 քմ պատշգամբի նկատմամբ ճանաչվել է նույն հասցեի սեփականատերեր Գագիկ, Սուրիկ, Մելինե Մարգարյանների սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 67-70):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հարկադիր կատարողն իրավունք ունի կասեցնել կատարողական վարույթը, եթե պարտապանը կամ նրա գույքը հետախուզվում է:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կասեցված կատարողական վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո` պահանջատիրոջ դիմումով կամ հարկադիր կատարողի նախաձեռնությամբ:

Նույն օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պարտապան ֆիզիկական անձի հետախուզումն իրականացվում է միայն այն դեպքերում, երբ նրա բացակայությունն անհնար է դարձնում կատարողական գործողությունների իրականացումը:

Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության Սյունիքի մարզային բաժնի հարկադիր կատարող Ա. Ալեքսանյանի 18.09.2007 թվականի որոշմամբ Գագիկ Մարգարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել և նույն օրվա մեկ այլ որոշմամբ կասեցվել է թիվ 09-271 կատարողական վարույթը մինչև Գագիկ Մարգարյանի հայտնաբերումը: Այնուհետև Ծառայության Սյունիքի մարզային բաժնի հարկադիր կատարող Ա. Ալեքսանյանի կողմից 22.10.2007 թվականին կայացվել է որոշում 19.09.2007 թվականին կասեցված թիվ 09-271 կատարողական վարույթը վերսկսելու մասին, քանի որ պահանջատերը դիմումով հայտնել է, որ համաձայն է, որպեսզի կատարողական գործողությունները կատարվեն իր հաշվին, ինչի արդյունքում թիվ 09-271/06թ. կատարողական վարույթով քանդվել է Կապանի Շահումյան 13 շենքի 33 բնակարանի պատին կառուցված 2x3մ չափով ապօրինի շինությունը։

Դատարանը հայցը մերժել է` պատճառաբանելով, որ կատարողական վարույթը կարճվել է, քանի որ առանց Գագիկ Մարգարյանի անհնարին էր մուտք գործել նրա բնակարան, հետևաբար անհնարին էր դարձել նաև կատարել կատարողական թերթի պահանջները, ինչի համար էլ որոշում է կայացվել նրան հետախուզում հայտարարելու մասին: Սակայն հետագայում պահանջատերն իր համաձայնությունն է տվել, որպեսզի կատարողական գործողությունները կատարվեն իր բնակարանի պատշգամբը քանդելու միջոցով, իր հաշվին, ինչի շնորհիվ էլ վերացել էր կատարողական գործողությունների իրականացման անհնարինությունը:

Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ կատարողական վարույթը կարող է վերսկսվել կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո, մասնավորապես` սույն գործով` պարտապանին հայտնաբերելուց հետո: Ուստի Վերաքննիչ դատարանը գտել է, որ կատարողական վարույթը վերսկսելը ոչ իրավաչափ է, քանի որ Գագիկ Մարգարյանի գտնվելու վայրը չի պարզվել:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը պետք է մեկնաբանել նույն օրենքի 37-րդ, 38-րդ հոդվածների, ինչպես նաև 40-րդ հոդվածի 4-րդ մասի համակցությամբ: Օրենսդիրը համապատասխանաբար «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածներով սպառիչ սահմանել է կատարողական գործողությունների իրականացանը խոչընդոտող ևԲ պարտադիր, ևԲ լրացուցիչ այն բոլոր հանգամանքները, որոնց առկայության պարագայում հարկադիր կատարողը մի դեպքում պարտավոր է, իսկ մյուս դեպքում կարող է կասեցնել կատարողական վարույթը: Այսպես` եթե «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով թվարկված պայմաններից մեկի առկայության դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը, ապա նույն օրենքի 38-րդ հոդվածով սահմանված դեպքերում վերջինս օժտված է հայեցողական լիազորությամբ և կասեցնում է կատարողական վարույթը միայն այն դեպքում, երբ գնահատելով ստեղծված իրավիճակը` գալիս է այն եզրահանգման, որ տվյալ պայմաններում անհնարին է դարձել կատարողական գործողությունների իրականացումը: Նույն կանոնը կիրառվում է նաև կատարողական վարույթը վերսկսելու դեպքում: Այսպես` եթե «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված հիմքով կատարողական վարույթը կասեցված լինելու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է այն վերսկսել միայն նույն հոդվածով թվարկված պայմանները վերանալուց հետո, ապա նույն օրենքի 38-րդ հոդվածի հիմքով կատարողական վարույթը կասեցնելու դեպքում կարող է այն վերսկսել նաև այն դեպքում, երբ գտնում է, որ թեև նշված հոդվածով սահմանված պայմանները չեն վերացել, բայց և այնպես այս կամ այն հանգամանքի առաջացման կամ վերացման արդյունքում հնարավոր է դարձել շարունակել կատարողական գործողությունները:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պարտապանին հետախուզում հայտարարելու և կատարողական վարույթը կասեցնելու հիմքը, ըստ էության, կատարողական գործողությունները շարունակելու անհնարինությունն էր, որն էլ դրսևորվում էր հետևյալում. նախ` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.05.2006 թվականի վճռից բխում է, որ ապօրինի կառույցը քանդելու և դրա համար անհրաժեշտ ծախսերը հոգալու պարտականությունը կրում է Գագիկ Մարգարյանը, և ապա կառույցը քանդելու համար, այնուամենայնիվ, անհրաժեշտություն էր առաջանալու մուտք գործել վերջինիս բնակարան: Սակայն պահանջատիրոջ դիմումի հիման վրա, որով վերջինս իր համաձայնությունն էր տվել ապօրինի կառույցը քանդել իր բնակարանի պատշգամբը քանդելու միջոցով և իր հաշվին, ըստ էության վերանում են այն խոչընդոտող հանգամանքերը, որոնք հիմք էին հանդիսացել պարտապանին հետախուզում հայտարարելու և ապա կատարողական վարույթը կարճելու համար:

 Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Դատարանի պատճառանությունը հիմնավոր է, քանի որ պահանջատիրոջ կողմից կատարողական գործողություններն իր հաշվին իրականացնելու վերաբերյալ դիմումով, ըստ էության, վերացել է այդ գործողություններն իրականացնելուն խոչընդոտող հանգամանքները, ինչպես նաև կատարողական վարույթը կասեցված պահելու անհրաժեշտությունը:

 

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը սույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`

ա) անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում.

բ) վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Սույն գործում առկա անշարժ գույքի սեփականության իրավունքի 15.08.2007 թվականի թիվ 2270079 վկայականի համաձայն` Կապանի քաղաքապետի 10.08.2007 թվականի թիվ 438 որոշման հիման վրա Կապանի Շահումյան 13-րդ շենքի թիվ 33 բնակարանին կից ինքնակամ կառուցված 3,7x2,4 քմ պատշգամբի նկատմամբ ճանաչվել է նույն հասցեի սեփականատերեր Գագիկ, Սուրիկ, Մելինե Մարգարյանների սեփականության իրավունքը:

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճռի բեկանման հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ քանդման ենթակա կցակառույցը քանդումից 2 ամիս առաջ օրինականացվել էր, և դրա նկատմամբ գրանցվել էր պարտապանից բացի նաև այլ անձանց իրավունքները: Ուստի հարկադիր կատարողը պարտավոր էր այլ անձանց պատկանող անշարժ գույք մուտք գործելու համար դիմել դատարան` համապատասխան որոշում ստանալու նպատակով, ինչը, սակայն, չի արել:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն անհիմն է, քանի որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց, որը կհաստատեր կատարողական վարույթ հարուցելու պահից մինչև վարույթը կարճելու պահը հարկադիր կատարողի կողմից քանդման ենթակա կցակառույցն օրինականացնելու մասին իրազեկվելու փաստը: Այսինքն` հարկադիր կատարողը, ձեռնամուխ լինելով պահանջատիրոջ կողմից ներկայացրած 31.05.2006 թվականի 2-1-382 կատարողական թերթի պահանջի կատարմանը, որևէ պարտավորություն չէր կրում պարզելու, թե արդյոք այդ ընթացքում նշված կառույցը որևէ մեկի կողմից օրինականացվել է, թե ոչ: Ավելին, նման դեպքում կառույցն օրինականացնելու վերաբերյալ համապատասխան ապացույց ներկայացնելու պարտականություն, համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի, կրում է շահագրգիռ կողմը, քանի որ նա է միայն տիրապետում այդ ապացույցին, ինչպես նաև այդ փաստի ապացուցումը հենց իր համար է կրում բարենպաստ բնույթ:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 02.05.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 05.12.2011 թվականի վճռին:

2. Սուրեն, Մելինե և Գագիկ Մարգարյաններից հօգուտ ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

 

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան