Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.10.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.12/60(934).1 Հոդ.1311.28
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
19.10.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1103/02/11

2012թ.   

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1103/02/11

Նախագահող դատավոր՝  Ն. Բարսեղյան

Դատավորներ`                Ն. Հովսեփյան

                    Ա. Մկրտչյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

 

Ս. Անտոնյանի

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի հոկտեմբերի 19-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հմայակ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.04.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ Արմեն Տիշինյանի հայցի ընդդեմ Հմայակ Խաչատրյանի` պայմանագիրը լուծելու և գումարը բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արմեն Տիշինյանը պահանջել է լուծել 04.04.2011 թվականի իր և Հմայակ Խաչատրյանի միջև կնքված ավտոմեքենայի տարաժամկետ առուվաճառքի պայմանագիրը, պարտավորեցնել Հմայակ Խաչատրյանին վերադարձնել ավտոմեքենայի համար վճարված 3.000 ԱՄՆ դոլարը:

Արմեն Տիշինյանը, ավելացնելով հայցային պահանջների չափը, պահանջել է պարտավորեցնել Հմայակ Խաչատրյանին հատուցելու պարտավորությունների խախտման հետևանքով առաջացած վնասը` վերադարձնել ավտոմեքենայի համար վճարված 3.000 ԱՄՆ դոլարը, ինչպես նաև 04.04.2011 թվականից հաշվարկված տոկոսները` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով և իրավաբանական օգնության համար «Պողգան» ՍՊԸ-ին վճարված 380.000 ՀՀ դրամը:

ՀՀ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 23.12.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է «Լուծել 04.04.2011թ. Արմեն Տիշինյանի և Հմայակ Խաչատրյանի միջև կնքված «Ford Tranzit 2.5» մակնիշի 23 US 977 պետհամարանիշի ավտոմեքենայի տարաժամկետ առուվաճառքի պայմանագիրը: Հմայակ Խաչատրյանից հօգուտ Արմեն Տիշինյանի բռնագանձել 2.000 (երկու հազար) ԱՄՆ դոլար որպես «Ford Tranzit 2.5» մակնիշի 23 US 977 պետհամարանիշի ավտոմեքենայի համար վճարված գումար, վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև 2.000 (երկու հազար) ԱՄՆ դոլարի փաստացի մարումը նշված գումարի վրա ՀՀ ԿԲ կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափով հաշվարկված տոկոսները, ինչպես նաև 380.000 (երեք հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ` որպես իրավաբանական օգնության համար «Պողգան» ՍՊ ընկերությանը վճարված գումար»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.04.2012 թվականի որոշմամբ Հմայակ Խաչատրյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` մասնակիորեն բեկանվել է Դատարանի 23.12.2011 թվականի վճռի` Հմայակ Խաչատրյանից հօգուտ Արմեն Տիշինյանի որպես իրավաբանական օգնության համար «Պողգան» ՍՊ ընկերությանը վճարված գումար 380.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասը և այդ մասով փոփոխվել է. Հմայակ Խաչատրյանից հօգուտ Արմեն Տիշինյանի որպես փաստաբանի վարձատրության գումար բռնագանձվել է 100.000 ՀՀ դրամ: Վճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հմայակ Խաչատրյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետը, 466-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերը, 468-րդ հոդվածի 2-րդ կետը, 470-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, անտեսել է այն հանգամանքը, որ Արմեն Տիշինյանի և Հմայակ Խաչատրյանի միջև 04.04.2011 թվականին կնքված տարաժամկետ առուվաճառքի պայմանագրով Հմայակ Խաչատրյանն իրեն պատկանող նշված ավտոմեքենան հանձնել է Արմեն Տիշինյանին, որպիսի փաստը հիմնավորվում է նաև քրեական գործի հարուցումը մերժելու մասին 04.08.2011 թվականի որոշմամբ, մինչդեռ Արմեն Տիշինյանը պայմանագրով ստանձնած պարտավորությունը չի կատարել և 05.07.2011 թվականից սկսած չի վճարել ավտոմեքենայի չվճարված մասը, ինչը վկայում է Արմեն Տիշինյանի կողմից թույլ տրված նշված պայմանագրի էական խախտման մասին:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Հմայակ Խաչատրյանի կողմից ավտոմեքենան Արմեն Տիշինյանի տիրապետությունից հանելու նպատակը եղել է ոչ թե պայմանագրային հարաբերությունների դադարումը, այլ պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովումն ավտոմեքենայի չվճարված մասի համար:

Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Արմեն Տիշինյանը չի պահպանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածով սահմանված պայմանագիրը լուծելու կարգը: Այսինքն` Արմեն Տիշինյանը կարող էր պայմանագիրը լուծելու պահանջ ներկայացնել միայն պայմանագրի լուծման առաջարկի վերաբերյալ Հմայակ Խաչատրյանի կողմից մերժումն ստանալուց կամ պատասխան չստանալուց կամ պայմանագիրը լուծելու վերաբերյալ համաձայնություն կնքելուց հրաժարվելու դեպքում: Հատկանշական է, որ 04.04.2011 թվականին կնքված տարաժամկետ առուվաճառքի պայմանագրի 3.5 կետով սահմանվել է, որ նշված պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

Փաստորեն, Արմեն Տիշինյանի կողմից պայմանագիրը լուծելու արտադատական կարգը չպահպանելու հետևանքով Հմայակ Խաչատրյանը կրել է լրացուցիչ պարտավորություն` դատական ծախս:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.04.2012 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Արմեն Տիշինյանի և Հմայակ Խաչատրյանի միջև 04.04.2011 թվականին կնքված տարաժամկետ առուվաճառքի պայմանագրով Հմայակ Խաչատրյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Ford Tranzit 2.5» մակնիշի 23 US 977 պետհամարանիշի ավտոմեքենան 8.000 ԱՄՆ դոլարով վաճառել է Արմեն Տիշինյանին: Պայմանագրի 2.1 կետի համաձայն` Արմեն Տիշինյանը Հմայակ Խաչատրյանից կանխիկ ստացել է 2.000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած 6.000 ԱՄՆ դոլարը Արմեն Տիշինյանը պարտավորվել է վճարել 3 ամիսը լրանալուց անմիջապես հետո, սկսած` 04.04.2011 թվականից (հատոր 1-ին, գ.թ. 8):

2. Քրեական գործի հարուցումը մերժելու մասին 04.08.2011 թվականի որոշմամբ պարզվել է. «2011թ. հուլիսի 15-ին ժամը 06.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Օրբելի փողոցում թիվ 67 շենքի դիմաց ավտովարորդ Յուրի Ռաֆիկի Ստեփանյանն իրեն ամրակցված «Ռենո» մակնիշի Տ 71-38 պ/հ ավտոմեքենայով ընդհարվել է մայթեզրի մոտ կայանված Արմեն Միշայի Տիշինյանին պատկանող «Ֆորդ» մակնիշի 23 US 977 պ/հ ավտոմեքենային» (հատոր 1-ին, գ.թ. 60):

3. 04.04.2011 թվականին կնքված տարաժամկետ առուվաճառքի պայմանագրով ստանձնած պարտավորությունն Արմեն Տիշինյանի կողմից պատշաճ չկատարելու`ավտոմեքենայի վաճառքի գումարն ուշացնելու հետևանքով 01.08.2011 թվականից ավտոմեքենան գտնվում է Հմայակ Խաչատրյանի մոտ (հատոր 2-րդ, գ.թ. 5):

4. 27.09.2011 թվականի ծառայությունների մատուցման թիվ 61 պայմանագրով և 27.09.2011 թվականի թիվ 94 հաշվով և թիվ 110927004564004 օրդերով Հմայակ Խաչատրյանը «Շահբազյան և գործընկերներ» ՍՊ ընկերությանը վճարել է 200.000 ՀՀ դրամ` իրավաբանական ծառայություն մատուցելու համար (հատոր 1-ին, գ.թ. 56-58):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

Էական է ճանաչվում կողմերից մեկի թույլ տված պայմանագրի խախտումը, որը հանգեցնում է մյուս կողմի համար այնպիսի վնասի, որն զգալիորեն զրկում է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս:

Նույն օրենսգրքի 504-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ այն դեպքում, երբ առուվաճառքի պայմանագրով նախատեսված է ապրանքի համար վճարել այն գնորդին հանձնելուց որոշակի ժամանակ հետո (ապրանքի ապառիկ վաճառք), գնորդը պարտավոր է վճարել պայմանագրով նախատեսված ժամկետում, իսկ եթե նման ժամկետ նախատեսված չէ պայմանագրով` նույն օրենսգրքի 352 հոդվածին համապատասխան որոշվող ժամկետում:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ ապառիկ վաճառված ապրանքը գնորդին հանձնելու պահից մինչև դրա համար վճարելը համարվում է վաճառողի մոտ գրավ դրված` ի ապահովումն ապրանքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Արմեն Տիշինյանի և Հմայակ Խաչատրյանի միջև 04.04.2011 թվականին կնքված տարաժամկետ առուվաճառքի պայմանագրով Հմայակ Խաչատրյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Ford Tranzit 2.5» մակնիշի 23 ՍS 977 պետհամարանիշի ավտոմեքենան 8.000 ԱՄՆ դոլարով վաճառել է Արմեն Տիշինյանին: Պայմանագրի 2.1 կետի համաձայն` Արմեն Տիշինյանը Հմայակ Խաչատրյանից կանխիկ ստացել է 2.000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած 6.000 ԱՄՆ դոլարը գնորդը պարտավորվել է վճարել 3 ամիսը լրանալուց անմիջապես հետո: 04.04.2011 թվականին կնքված տարաժամկետ առուվաճառքի պայմանագրով ստանձնած պարտավորությունն Արմեն Տիշինյանի կողմից պատշաճ չկատարելու`ավտոմեքենայի վաճառքի գումարն ուշացնելու հետևանքով 01.08.2011 թվականից ավտոմեքենան գտնվում է Հմայակ Խաչատրյանի մոտ:

Վերոնշյալից հետևում է, որ Հմայակ Խաչատրյանը 04.04.2011 թվականին կնքված տարաժամկետ առուվաճառքի պայմանագրի որևէ խախտում չի կատարել, այլ օգտվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 504-րդ հոդվածով նախատեսված հնարավորությունից, ի ապահովումն ապրանքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման՝ ավտոմեքենան պահել է իր մոտ:

Հետևաբար, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ պայմանագրի կողմի պահանջով այն կարող է լուծվել միայն մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով նման հիմքը բացակայում է, Վճռաբեկ դատարանն արձանագրում է որ Արմեն Տիշինյանի հայցն անհիմն է:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` կողմը կարող է պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին պահանջը դատարան ներկայացնել միայն պայմանագրի փոփոխման կամ լուծման առաջարկի վերաբերյալ մյուս կողմի մերժումն ստանալուց կամ այդ առաջարկում նշված ժամկետում պատասխանը չստանալուց հետո, իսկ դրա բացակայության դեպքում` երեսնօրյա ժամկետում:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Ընդ որում, օրենսդիրը սույն դրույթով հնարավորություն է ընձեռել կողմին պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին պահանջ ներկայացնել դատարան միայն հետևյալ դեպքերից հետո`

- պայմանագրի փոփոխման կամ լուծման առաջարկի վերաբերյալ մյուս կողմի մերժումն ստանալուց, կամ

- այդ առաջարկում նշված ժամկետում պատասխանը չստանալուց հետո, կամ

- ժամկետի բացակայության դեպքում` առաջարկը ստանալուց հետո երեսնօրյա ժամկետում:

Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 470-րդ հոդվածների 1-ին կետերը, 468-րդ հոդվածի 2-րդ կետը, Հմայակ Խաչատրյանի վերաքննիչ բողոքի` պայմանագիրը լուծելու և գումարը բռնագանձելու մասերը մերժելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ «04.04.2011թ. Արմեն Տիշինյանի և Հմայակ Խաչատրյանի միջև կնքվել է ավտոմեքենայի տարաժամկետ առուվաճառքի պայմանագիր: Պայմանագրի 1.1-րդ կետի համաձայն` ավտոմեքենան վաճառվել է 8.000 ԱՄՆ դոլարով, որից Արմեն Տիշինյանը վճարել է 2.000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած 6.000 ՀՀ դրամը պարտավորվել է վճարել 3 ամիսը լրանալուց անմիջապես հետո: Գործի նյութերից հետևում է, որ Արմեն Տիշինյանը 6.000 ԱՄՆ դոլար գումարի վճարման` պայմանագրով ստանձնած պարտավորությունը չի կատարել, որի հետևանքով էլ Հմայակ Խաչատրյանը 01.08.2011թ-ին գումարն ուշացնելու պատճառաբանությամբ Արմեն Տիշինյանից հետ է վերցրել մեքենան: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թեև Արմեն Տիշինյանը 6.000 ԱՄՆ դոլար գումարի վճարման` ավտոմեքենայի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրով ստանձնած պարտավորությունը չի կատարել, այդուհանդերձ Հմայակ Խաչատրյանը փաստացի վերադարձրել է մեքենան, որը մինչև օրս գտնվում է նրա տիրապետության ներքո: Հետևում է, որ բողոքաբերի փաստարկները վերաքննիչ բողոքի սույն մասով հիմնավոր չեն և ենթակա են մերժման»։

Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` 04.04.2011 թվականի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրի 3.4-րդ կետի համաձայն` պայմանագրի բոլոր լրացումները և փոփոխությունները, ինչպես նաև լուծումը կատարվում է կողմերի համաձայնությամբ` նոտարական վավերացմամբ, իսկ 3.5-րդ կետի համաձայն` պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է ՀՀ համապատասխան դատարանի քննությանը:

Տվյալ պարագայում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի փաստերի համաձայն` առկա է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանագիրը փոփոխելու կամ լուծելու կարգը չպահպանելու դեպքը, այսինքն` Արմեն Տիշինյանը պայմանագիրը լուծելու սույն հայցային պահանջը ներկայացրել է դատարան պայմանագրի լուծման վերաբերյալ Հմայակ Խաչատրյանին առաջարկ չկատարելու պայմաններում:

Բացի այդ, 04.04.2011 թվականի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրով արդեն իսկ կողմերը նախատեսել են պայմանագրի բոլոր լրացումների և փոփոխությունների, լուծման կատարում կողմերի համաձայնությամբ` նոտարական վավերացմամբ, ինչպես նաև պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերի լուծում բանակցությունների միջոցով, և միայն համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծման հանձնումը դատարանի քննությանը:

Ավելին, 04.04.2011 թվականի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրով ստանձնած պարտավորություններն Արմեն Տիշինյանի կողմից պատշաճ չկատարելու` ավտոմեքենայի արժեքի մնացած մասը չվճարելու, պայմանագրի առարկա ավտոմեքենան ավտովթարի ենթարկելու հետևանքով արժեքն ընկնելու պայմաններում Արմեն Տիշինյանը թույլ է տվել պայմանագրի էական խախտում, որը հանգեցրել է պատասխանող Հմայակ Խաչատրյանի համար այնպիսի վնասի, որն զգալիորեն զրկել է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս, ինչի ուժով պատասխանող Հմայակ Խաչատրյանի մոտ կարող էր ծագել պայմանագիրը փոփոխելու կամ լուծելու պահանջ:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված` յուրաքանչյուր ապացույց գործում առկա բոլոր ապացույցների համակցության մեջ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ գնահատելու պահանջը, կատարել է սխալ եզրահանգում 04.04.2011 թվականի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրի պայմանների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին կետի, 468-րդ հոդվածի 2-րդ կետի վերաբերյալ, անտեսել է այն հանգամանքը, որ Արմեն Տիշինյանի կողմից ստանձնած պարտավորությունները պատշաճ չկատարելու, պայմանագրի առարկա ավտոմեքենան ավտովթարի ենթարկելու հետևանքով արժեքը նվազելու պայմաններում ավտոմեքենան պատասխանող Հմայակ Խաչատրյանի մոտ գտնվելը հիմք չէ արձանագրելու, որ հայցվոր Արմեն Տիշինյանի կողմից մինչդատական կարգով պայմանագրի լուծման մասին հայց հարուցելը պահպանվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանագրի լուծման ընթացակարգը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես Դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից սխալ է մեկնաբանվել պայմանագրի լուծման կարգը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը որպես դատական ծախս խելամիտ է համարում Հմայակ Խաչատրյանի կողմից դատական ներկայացուցչության համար վճարած 200.000 ՀՀ դրամը` հաշվի առնելով հայցագնի չափը, երեք դատական ատյաններում դատական նիստերին ներկայացուցչության ապահովումը, ինչպես նաև Հմայակ Խաչատրյանի իրավունքների պաշտպանությանն ուղղված դատավարական գործողությունների ծավալը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

 Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

 

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

 1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.04.2012 թվականի որոշումը և այն փոփոխել. Արմեն Տիշինյանի հայցը մերժել։

 2. Արմեն Տիշինյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 60 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար սահմանված և չվճարված պետական տուրք, 13.400 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի չվճարված մաս։

Արմեն Տիշինյանից հօգուտ Հմայակ Խաչատրյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրք և 25.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք, ինչպես նաև 200.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

 

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան