Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.10.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.12/60(934).1 Հոդ.1311.24
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
19.10.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1155/02/11

2012 թ.   

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1155/02/11

Նախագահող դատավոր՝  Ս. Միքայելյան

Դատավորներ`                Ն. Տավարացյան

                    Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի հոկտեմբերի 19-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արամ Ասատրյանի ներկայացուցիչ Մոնիկա Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.06.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արամ Ասատրյանի ընդդեմ Ռիմա Գրիգորյանի, երրորդ անձ «Վ.Ի.Ա.» ՍՊԸ-ի` 8.500.000 ՀՀ դրամ բռնագանձելու և բռնագանձումը գրավի առարկա հանդիսացող ավտոմեքենայի վրա տարածելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արամ Ասատրյանը պահանջել է Ռիմա Գրիգորյանից բռնագանձել 8.500.000 ՀՀ դրամ և բռնագանձումը տարածել առաջնահերթ օրենքի ուժով ծագած գրավի առարկա հանդիսացող «Ֆոլկսվագեն Տուարեգ-32» մակնիշի, նույնացման համարը` WVGZGZZC750051633, գույնը` սպիտակ, ավտոմեքենայի վրա, ինչպես նաև Ռիմա Գրիգորյանից բռնագանձել 250.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծառայության վճար:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր` Ա. Դանիելյան) (այսուհետ՝ Դատարան) 06.04.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, վճռվել է Ռիմա Գրիգորյանից բռնագանձել 8.500.000 ՀՀ դրամ`որպես պարտքի գումար, ինչպես նաև 250.000 ՀՀ դրամ`որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, իսկ հայցը մնացած` բռնագանձումն առաջնահերթ օրենքի ուժով ծագած գրավի առարկա հանդիսացող «Ֆոլկսվագեն Տուարեգ-32» մակնիշի, նույնացման համարը` WVGZGZZC750051633, գույնը` սպիտակ, ավտոմեքենայի վրա տարածելու պահանջի մասով մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.06.2012 թվականի որոշմամբ Արամ Ասատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.04.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Արամ Ասատրյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է 255.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար չվճարված պետական տուրք:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արամ Ասատրյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ Դատարանը բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելը չի համարել հայցագին ունեցող գույքային պահանջ և Արամ Ասատրյանից չի բռնագանձել նշված գույքի արժեքի երկու տոկոսը, նույն հարցի վերաբերյալ դրսևորելով հակառակ մոտեցում` համարել է, որ բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու վերաբերյալ պահանջից ենթակա է գանձման պետական տուրք` նույն գումարի երեք տոկոսի չափով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 14.06.2012 թվականի որոշումը` Արամ Ասատրյանից 255.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք գանձելու մասով, բեկանել և այն փոփոխել` պետական տուրքի հարցը համարել լուծված:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Դատարանի 06.04.2012 թվականի վճռով վճռվել է Ռիմա Գրիգորյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 170.000 ՀՀ դրամ` որպես բավարարված հայցապահանջի մասով պետական տուրքի գումար (հատոր 1-ին, գ.թ.146-149):

2) Վերաքննիչ դատարանի 14.06.2012 թվականի որոշմամբ որոշվել է Արամ Ասատրյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 255.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված պետական տուրքի գումար (հատոր 2-րդ, գ.թ. 34-35):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է դատարան տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար գանձվում է պետական տուրք՝ գույքային պահանջի գործերով վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով, իսկ նույն կետի «բ» ենթակետի համաձայն՝ ոչ գույքային բնույթի պահանջի գործերով գանձվում է պետական տուրք բազային տուրքի տասնապատիկի չափով:

Սույն գործով Դատարանը, հայցադիմումը մասնակիորեն բավարարելով և վճռելով Ռիմա Գրիգորյանից բռնագանձել 8.500.000 ՀՀ դրամ`որպես պարտքի գումար, ինչպես նաև 250.000 ՀՀ դրամ`որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, իսկ հայցը մնացած մասով մերժելով, հաշվի է առել այն հանգամանքը, որ Արամ Ասատրյանը հայցադիմում ներկայացնելիս վճարել է 4.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը, իսկ հայցի հիմքն ու առարկան փոփոխելուց հետո հայցագինը կազմել է 8.500.000 ՀՀ դրամ, գտել է, որ հայցապահանջը մասնակի բավարարելու պայմաններում Ռիմա Գրիգորյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման 170.000 ՀՀ դրամ` որպես բավարարված հայցապահանջի մասով պետական տուրքի գումար:

Վերաքննիչ դատարանը, Արամ Ասատրյանի վերաքննիչ բողոքը մերժելով, պատճառաբանել է, որ բողոք բերող անձը չի հիմնավորել այն հանգամանքը, որ կողմերի միջև կնքված պայմանագիրն ապառիկ առուվաճառքի պայմանագիր է, և որոշել է Արամ Ասատրյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 255.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված պետական տուրքի գումար:

Փաստորեն, տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, որոշելով Արամ Ասատրյանից որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախատեսված չվճարված պետական տուրք բռնագանձել 255.000 ՀՀ դրամ, բռնագանձումն առաջնահերթ օրենքի ուժով ծագած գրավի առարկա հանդիսացող ավտոմեքենայի վրա տարածելու հայցապահանջը համարել է գույքային պահանջ:

Վերը նշվածից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Արամ Ասատրյանի կողմից մեկ հայցադիմումով ներկայացվել է երկու պահանջ` 8.500.000 ՀՀ դրամ`որպես պարտքի գումար, բռնագանձելու գույքային պահանջ և բռնագանձումն առաջնահերթ օրենքի ուժով ծագած գրավի առարկա հանդիսացող «Ֆոլկսվագեն Տուարեգ-32» մակնիշի ավտոմեքենայի վրա տարածելու ոչ գույքային պահանջ:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի վերլուծությունից պարզ է դառնում, որ օրենսդիրը, ելնելով հայցապահանջների գույքային կամ ոչ գույքային բնույթից, տարբերակում է վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում գանձվող պետական տուրքի երկու եղանակ` պարզ` ոչ գույքային բնույթի հայցապահանջների համար` բազային տուրքի տասնապատիկի չափով, և համեմատական`գույքային պահանջի գործերով վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արամ Ասատրյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի վճռի` բռնագանձումն ավտոմեքենայի վրա տարածելու մասով հայցը մերժելու մասի վերաբերյալ, այսինքն` վճիռը բողոքարկել է ոչ գույքային բնույթի պահանջը մերժելու մասով, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառելի է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «բ» ենթակետի դրույթները, այն է` Արամ Ասատրյանից ՀՀ պետական բյուջեի օգտին ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ գումար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.06.2012 թվականի որոշման՝ Արամ Ասատրյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի 255.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված պետական տուրքի գումար բռնագանձելու մասը, և այդ մասով այն փոփոխել` Արամ Ասատրյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված պետական տուրքի գումար:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան