ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3051/02/11 2012 թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3051/02/11 |
|
Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան | |
Դատավորներ` Ս. Միքայելյան |
|
Դ. Խաչատրյան |
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2012 թվականի դեկտեմբերի 25–ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Մեծ Հիմք» Ա/Կ-ի (այսուհետ` Կոոպերատիվ) ներկայացուցիչ Ռոմեն Ահարոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.07.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կոոպերատիվի ընդդեմ «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Համալսարան), երրորդ անձինք «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն), «Սալմագ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` «ՀՊՄՀ-ԲԸԱՇՁԲ-8/11» ծածկագրով բաց ընթացակարգի հանձնաժողովի 18.11.2011 թվականի արձանագրությունը և 22.11.2011 թվականի պայմանագիր կնքելու որոշումը 2-րդ չափաբաժնի մասով անվավեր ճանաչելու և Կոոպերատիվի հայտը 2-րդ չափաբաժնի մասով որակավորման չափանիշներին բավարարող համարելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Կոոպերատիվը պահանջել է անվավեր ճանաչել «ՀՊՄՀ-ԲԸԱՇՁԲ-8/11» ծածկագրով բաց ընթացակարգի հանձնաժողովի 18.11.2011 թվականի արձանագրությունը և 22.11.2011 թվականի պայմանագիր կնքելու որոշումը 2-րդ չափաբաժնի մասով և Կոոպերատիվի հայտը 2-րդ չափաբաժնի մասով համարել որակավորման չափանիշներին բավարարող:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր՝ Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 10.05.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.07.2012 թվականի որոշմամբ Կոոպերատիվի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.05.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոոպերատիվի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Համալսարանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 220-221-րդ հոդվածների և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը 13.04.2012 թվականին սույն քաղաքացիական գործի քննությունը հայտարարել է ավարտված և նշանակել է վճռի հրապարակման օր` 27.04.2012 թվականը:
27.04.2012 թվականին դատական նիստը հայտարարվել է բացված, սակայն վճռի հրապարակման փոխարեն Դատարանը հրապարակել է գործի քննությունը վերսկսելու մասին որոշում և միայն պատասխանողի ներկայացուցչի մասնակցությամբ ավարտել է դատաքննությունը և վճռի հրապարակման օր հայտարարել 10.05.2012 թվականը` ժամը 11:00-ին:
Դատարանը, վերսկսելով գործի քննությունը, այդ որոշումը հրապարակել է 27.04.2012 թվականին, սակայն գործի քննությունը վերսկսելու մասին չի ծանուցել հայցվորին և նրա ներկայացուցչին, որպիսի պայմաններում էլ հայցվորի, ինչպես նաև երրորդ անձանց բացակայությամբ իրականացրել է դատաքննություն և ավարտել գործի քննությունը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ կողմերը պատշաճ չեն տեղեկացվել գործի քննությունը վերսկսելու մասին և գործի քննությանը մասնակից չդառնալու հետևանքով Կոոպերատիվի ներկայացուցիչը զրկված է եղել լրացուցիչ հետազոտված ապացույցների վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից: Փաստորեն` Կոոպերատիվը զրկվել է իր դատավարական իրավունքներից օգտվելու և դատավարական պարտականությունները կատարելու հնարավորությունից, որի արդյունքում խախտվել է հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.07.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վճռաբեկ բողոքի պատճառաբանություններն անհիմն են, վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, քանի որ վճռաբեկ բողոքը կազմվել է` հենվելով բացառապես այն հանգամանքի վրա, որ Դատարանը գործի քննությունը վերսկսել է, սակայն այդ մասին կողմերին չի ծանուցել: Մինչդեռ, Դատարանը գործի քննությունը վերսկսել է դատական ակտի հրապարակման փոխարեն, իսկ դատական ակտի հրապարակման օրվա վերաբերյալ Կոոպերատիվը պատշաճ ձևով ծանուցված է եղել, սակայն չի ներկայացել: Տվյալ դեպքում Դատարանը գործի քննությունը վերսկսել է մինչ այդ քննարկված հանգամանքների վերաբերյալ պատասխանողի կողմից հնչեցված դիրքորոշումը հստակեցնելու նպատակով:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 13.04.2012 թվականի դատական նիստում Դատարանը թիվ ԵԿԴ/3051/02/11 քաղաքացիական գործի քննությունը հայտարարել է ավարտված և վճռի հրապարակման օր է հայտարարել 27.04.2012 թվականը (հատոր 1, գ.թ. 180-194):
2) 27.04.2012 թվականին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով Դատարանը, վճիռ կայացնելիս անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, վերսկսել է գործի քննությունը, նույն օրն ավարտել է դատական նիստը և հայտարարել է վճռի հրապարակման օր` 10.05.2012 թվականի ժամը 11:00-ն (հատոր 1, գ.թ. 180-194):
3) 27.04.2012 թվականին վերսկսված գործի քննության մասին Կոոպերատիվը չի տեղեկացվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:
Նույն օրենսգրքի 28-րդ հոդվածով սահմանվում է գործին մասնակցող անձանց իրավունքները և պարտականությունները, որի 1-ին կետի 3-րդ ենթակետը սահմանում է գործին մասնակցող անձանց ապացույցներ ներկայացնելու և դրանց հետազոտմանը մասնակցելու, իսկ 5-րդ ենթակետը` գործին մասնակցող անձանց` գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ իրենց փաստարկները ներկայացնելու իրավունքը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի համաձայն` գործի քննությունը տեղի է ունենում դատական նիստում, որի մասին պարտադիր կարգով տեղեկացվում են գործին մասնակցող անձինք և դատավարության այլ մասնակիցները:
Նույն օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:
Վերը նշված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով: Իսկ քաղաքացիական դատավարությունում գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ ներկայացնելու և դրանց հետազոտմանը մասնակցելու, ինչպես նաև գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ իրենց փաստարկները ներկայացնելու իրավունքը մրցակցության սկզբունքի կարևորագույն տարրերից են: Հետևաբար, դատարանի կողմից պատշաճ ձևով չտեղեկացված գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ գործը քննելը հանդիսանում է մրցակցության և իրավահավասարության սկզբունքների անմիջական խախտում և վճռի բեկանման անվերապահ հիմք է:
Վճռաբեկ դատարանը իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի իրավական վերլուծությանը: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն ներկայացնելու իր գործը այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տես`Անկերլ ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, Գյումրու քաղաքապետի հայցն ընդդեմ «Չապ» ՍՊԸ-ի` սեփականատիրոջ իրավունքների խախտումները վերացնելու պահանջի մասին և «Չապ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի` հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի թիվ ՇԴ/0351/02/08 որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` թեև Դատարանը 13.04.2012 թվականին գործի քննությունը հայտարարել է ավատրված և վճռի հրապարակման օր է նշանակել 27.04.2012 թվականը, սակայն նշված օրը Դատարանը որոշում է կայացրել գործի քննությունը վերսկսելու մասին, նույն օրն ավարտել է գործի քննությունը և վճռի հրապարակման օր է հայտարարել 10.05.2012 թվականը` ժամը 11:00-ն: Սույն գործում չկա որևէ ապացույց Դատարանի կողմից 27.04.2012 թվականին վերսկսված գործի քննության վերաբերյալ Կոոպերատիվին պատշաճ ծանուցելու վերաբերյալ:
Հաշվի առնելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոոպերատիվը զրկված է եղել վերսկսված քաղաքացիական գործի քննությանը մասնակցելու հնարավորությունից, որի արդյունքում խախտվել են ինչպես կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքները, այդ թվում` Կոոպերատիվի` քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված` ապացույցների հետազոտմանը մասնակցելու և քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ իր փաստարկները ներկայացնելու իրավունքները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.07.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|