Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԽ-4-Ո-10
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (31.01.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.02.27/11(951).1 Հոդ.132.12
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
31.01.2013
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԽ-4-Ո-10

 2013 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆԱԻՐԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի
   

մասնակցությամբ` ԱԽ անդամներ

Վ. Աբելյանի, Կ. Բաղդասարյանի,

Ռ. Բարսեղյանի, Մ. Մակյանի,

Մ. Մարտիրոսյանի, Գ. Խանդանյանի,

Ա. Խաչատրյանի, Ա. Թումանյանի,

Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի

 

մասնակցությամբ` դատավոր

Ն. Հովսեփյանի

 

քարտուղարությամբ`

Շ. Վարդանյանի

 

2013 թվականի հունվարի 31-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ն. Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նաև` Կարգապահական հանձնաժողով) 25.12.2012թ. թիվ N-Կ-2-13/2012թ. որոշմամբ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Ն. Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի նախագահի 2012 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 73/12-Է գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

Ըստ եզրակացության`

«Դատարանի վարույթում է գտնվել թիվ ԵՇԴ/1426/02/10 քաղաքացիական գործն ըստ հայցի Ս. Մաթևոսյանի և Գ.Գևորգյանի ընդդեմ Սվետլանա Մաթևոսյանի` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:

Հայցադիմումը Դատարան է ներկայացվել 08.12.2010թ., որը նույն օրը ընդունվել է վարույթ, և դատական նիստ է նշանակվել 09.02.2011թ.:

Սույն քաղաքացիական գործի քննությունը տևել է 2 տարի: Հրավիրվել են թվով 43 դատական նիստեր, որոնցից 5-ը չի կայացել` այլ գործով քննությունը շարունակելու պատճառով, թվով 7 դատական նիստեր հետաձգվել են`ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Էրեբունու ՏՍ-ի չափագրման արդյունքների և հատակագծի վերաբերյալ Դատարանում տեղեկատվություն չստանալու պատճառով, թվով 3 դատական նիստեր հետաձգվել են կողմերի միջև հաշտության եզրեր գտնելու նպատակով, մի շարք այլ դատական նիստեր հետաձգվել են հայցվորների հիվանդության, պատասխանողի ներկայացուցչի արձակուրդում գտնվելու և այլ պատճառներով:

Սույն քաղաքացիական գործով 20.12.2012թ. կայացվել է վճիռ, որով հայցը բավարարվել է:

Թիվ ԵՇԴ/0045/02/09 քաղաքացիական գործով, ըստ հայցի Ռաֆիկ Սարգսյանի ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Էրեբունու տարածքային ստորաբաժանման, Մհեր և Գագիկ Ասլանյանների, Մելանյա Մկրտչյանի, Ռազմիկ Մաթևոսյանի, Ռուբիկ Նազարյանի` ընդհանուր օգտագործման տնամերձ հողամասն առանձնացնելու և ապօրինի զբաղեցրած սենյակից վտարելու, Ռաֆիկ Սարգսյանի ընդդեմ Ռազմիկ Մաթևոսյանի, երրորդ անձ Երևան քաղաքի Շենգավիթի թաղապետարանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Էրեբունու տարածքային ստորաբաժանման` Ռազմիկ Մաթևոսյանի անվամբ տրված սեփականության իրավունքի 17.01.1994թ. վկայագիրն անվավեր ճանաչելու ու Ռազմիկ Մաթևոսյանի ընդդեմ Ռաֆիկ Սարգսյանի, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ սեփականության իրավունքի գրանցման վկայականը և առուծախի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, հայցադիմումը Դատարան է ներկայացվել 12.01.2009թ., որը նույն օրը մակագրվել է դատավոր Գագիկ Պողոսյանին և ընդունվել է դատարանի վարույթ` 14.01.2009թ.: Դատավոր Գագիկ Պողոսյանի 19.02.2009թ. որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է, և 06.05.2009թ. այն մակագրվել է դատավոր Ն.Հովսեփյանին, և Դատարանի նույն օրվա որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ: Դատարանի 08.05.2009թ. որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է, և դատական նիստ է նշանակվել 18.06.2009թ.:

Սույն քաղաքացիական գործի քննությունը տևել է 40 ամիս (3 տարի 4 ամիս), և 18.09.2012թ.-ից այն գտնվում է կասեցված վիճակում: Այս ընթացքում քաղաքացիական գործի վարույթը մոտ 8 ամիս գտնվել է կասեցված վիճակում, իսկ գործի քննության ընթացքում նշանակվել են 33 դատական նիստեր:

Դատարանը, օգտվելով օրենսդրությամբ իրեն վերապահված իրավունքից, 2 անգամ (30.04.2010թ.-ին և 14.11.2011թ.-ին) փորձաքննություն նշանակելու հետ մեկտեղ գործի վարույթը չի կասեցրել և նշանակել է դատական նիստեր, սակայն համապատասխանաբար 5 (02.06.2010թ., 02.08.2010թ., 09.09.2010թ., 14.10.2010թ., 17.11.2010թ.) և 4 (12.03.2012թ., 03.05.2012թ., 03.07.2012թ., 18.09.2012թ.) անգամ դատական նիստեր նշանակելուց հետո նոր միայն կայացրել է քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին որոշում: Հատկանշական է, որ վերոնշյալ դատական նիստերը յուրաքանչյուր անգամ հետաձգվել են բացառապես փորձագետի եզրակացությունը չստանալու համար:

Նմանատիպ ժամկետներով թիվ ԵՇԴ/0139/02/11 քաղաքացիական գործը Դատարանի կողմից վարույթ է ընդունվել 08.02.2011թ., և 05.04.2011թ. նշանակվել է դատական նիստ:

Սույն քաղաքացիական գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվել են շինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն նշանակելու, այլ քաղաքացիական գործերով դատական նիստերը շարունակվելու, դատավորի արձակուրդի մեջ գտնվելու, փորձագետի եզրակացությունը չստանալու և այլ պատճառաբանություններով:

26.09.2012թ. կայացված վճռով հայցը բավարարվել է:

Թիվ ԵՇԴ/0713/02/10 քաղաքացիական գործով, ըստ հայցի Էդուարդ Հովհաննիսյանի և մյուսների ընդդեմ Ռոզա Հարությունյանի և մյուսների` վտարման պահանջի մասին, հայցադիմումը Դատարան է ներկայացվել 17.06.2010թ., որը նույն օրը մակագրվել է դատավոր Ն.Հովսեփյանին և 17.06.2010թ. ընդունվել է Դատարանի վարույթ: Դատական նիստը նշանակվել է 20.07.2010թ.:

11.11.2010թ. ներկայացվել է հակընդդեմ հայց:

Սույն քաղաքացիական գործի քննությունը տևել է մոտ 27 ամիս (2 տարի 3 ամիս)` 17.06.2010թ.-ից մինչև վճռի հրապարակման օրը` 10.09.2012թ.: Գործի քննության ընթացքում նշանակվել են 38 դատական նիստեր, որոնցից թվով 8 դատական նիստեր հետաձգվել են կողմերի միջնորդության հիման վրա` հաշտություն կնքելու համար, 6 դատական նիստեր հետաձգվել են` դատավորի արձակուրդում գտնվելու (2), դատավորի հիվանդության (1) և այլ գործի քննությունը շարունակելու (3) պատճառներով: Թվով 4 դատական նիստեր հետաձգվել են պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալու պատճառով:

10.09.2012թ. կայացված վճռով հայցը բավարարվել է, իսկ ներկայացված հակընդդեմ հայցը` մերժվել:

Ներկայումս սույն քաղաքացիական գործը գտնվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում` քննության փուլում:

ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ «Դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է (...) քննությունն իրականացնել ողջամիտ ժամկետներում՝ խուսափելով անհարկի ձգձգումներից (...)»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի համաձայն` գործը դատարանում պետք է քննվի, և վճիռ կայացվի ողջամիտ ժամկետում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1496 -րդ հոդվածի համաձայն՝ գործը դատաքննության նախապատրաստումը պետք է իրականացվի ողջամիտ ժամկետում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի համաձայն` դատարանն իրավունք ունի հետաձգել գործի քննությունը, եթե`

1) այն չի կարող քննվել տվյալ նիստում, մասնավորապես` գործին մասնակցող անձանցից որևէ մեկի, վկաների, փորձագետների, թարգմանիչների բացակայության պատճառով.

2) դա թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ.

3) պատասխանողն ամբողջովին ընդունել է գույքի բռնագանձման վերաբերյալ հայցը և պարտավորությունը կատարելու համար միջնորդել է դատարանին` որոշակի ժամկետ տրամադրելու խնդրանքով: Այդ դեպքում, ելնելով գործի հանգամանքներից, դատավորը ողջամիտ ժամկետով հետաձգում է գործի քննությունը:

««Դատավորի վարքագծի կանոնները» սահմանելու մասին» ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 23.04.2011թ. թիվ 01-Ն որոշման (այսուհետ` «Վարքագծի կանոններ») 9-րդ կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է բարեխղճորեն կատարել իր մասնագիտական պարտականությունները և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործերի և նյութերի ողջամիտ ժամկետում քննության համար, որպեսզի կասկածներ չառաջացնի արդարադատության արդյունավետության նկատմամբ:

«Գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանման մասին» ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2006 թվականի հունիսի 13-ի թիվ 98 որոշման համաձայն՝ գործի քննությունը պետք է իրականացվի հնարավորին սեղմ ժամկետում:

Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքն ամրագրող դրույթը նպատակ ունի շահագրգիռ անձին պաշտպանել երկարատև անորոշ վիճակից և ապահովել արդարադատության իրականացումն առանց ձգձգումների, ինչը կարող է վտանգել գործի քննության արդյունավետությունն ու դատարանի նկատմամբ վստահությունը: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն իր DH (97) հանձնարարականում ընդգծել է, որ «արդարադատության իրականացման չափազանց ձգձգումը լուրջ վտանգ է ներկայացնում իրավունքի գերակայության համար»:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը քաղաքացիական գործերով ողջամտության ժամկետի հաշվարկման սկզբնակետ է համարում քաղաքացիական գործով վարույթ հարուցելու պահը: Վարույթի տևողության ողջամտությունը Դատարանի կողմից յուրաքանչյուր դեպքում գնահատվում է ըստ կոնկրետ հանգամանքների, մասնավորապես դատաքննության ողջամտությունը գնահատելիս Դատարանը հաշվի է առնում հետևյալ հանգամանքները` տվյալ դատական գործի բարդությունը, ինչպես դիմողի, այնպես էլ համապատասխան մարմինների վարքագիծը, որն ազդել է դատաքննության տևողության վրա, դիմողի համար այն արժեքի կարևորությունը, որին առնչվում է դատաքննությունը:

Մինչդեռ Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ մատնանշված քաղաքացիական գործերով Դատարանի կողմից թույլ են տրվել օրենքներով և Վարքագծի կանոններով սահմանված գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման պահանջների էական խախտումներ:

Այսպիսով, Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Դատարանի կողմից թույլ են տրվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, վարքագծի կանոնների կոպիտ խախտում, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:

Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ և´ վարքագծի կանոնների կոպիտ կամ պարբերաբար խախտումը, և´ նյութական կամ դատավարական օրենքի նորմի խախտումները չեն կարող թույլ տրվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա արդյունավետ և ողջամիտ ժամկետներում չի կազմակերպել իր աշխատանքը, չի ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, որի հետևանքով թույլ է տրվել վարքագծի կանոնների կոպիտ խախտում, չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները և թույլ են տրվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումներ»:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավոր Ն. Հովսեփյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Թիվ ԵՇԴ/1462/02/10 քաղաքացիական գործն ըստ հայցի Սլավիկ Մաթևոսյանի, Գոհար Գևորգյանի ընդդեմ Սվետլանա Մաթևոսյանի` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ 08.12.2010թ., և նույն օրը հայցվորի միջնորդությամբ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-98 հոդվածների համաձայն` որոշում է կայացվել կիրառել հայցի ապահովման միջոց:

Դատական նիստը նշանակվել է 09.02.2011թ., որի ընթացքում պարզվել է, որ պատասխանողը բնակվում է ԱՄՆ-ում, և դատական նիստը հետաձգվել է 03.03.2011թ.` պատասխանողի կողմից համապատասխան լիազորագիր ներկայացնելու համար: Դատարանի 03.03.2011թ. որոշմամբ հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Էրեբունու ՏՍ-ին Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 74 հասցեում կատարել չափագրում և Դատարան ուղարկել հիշյալ հասցեում գտնվող անշարժ գույքի հատակագիծը: ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Էրեբունու ՏՍ-ից 02.05.2011թ. ստացվել է մերժման պատասխան փորձաքննության կատարման և տեխնիկական-մասնագիտական եզրակացություն տրամադրելու գործառույթ իրականացնելու իրավասություն չունենալու պատճառաբանությամբ: Դատարանը 15.06.2011թ. գրությամբ պարզաբանել է, որ հանձնարարվել է կատարել չափագրում և ոչ թե տեխնիկական-մասնագիտական եզրակացություն տալ և խնդրել է միջոցներ ձեռնարկել Դատարանի որոշումը կատարելու համար: ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Էրեբունու ՏՍ-ն 20.07.2011թ. պատասխանել է, որ Երևանի Ղարիբջանյան թիվ 74 հասցեում չափագրում չի կատարվել կողմերի միջև վեճի առկայության պատճառով: Հայցվորի դիմումի հիման վրա տրվել է կատարողական թերթ` որոշման հարկադիր կատարումն ապահովելու համար:

Սույն գործով դատական նիստերի հետաձգումները պայմանավորված են եղել կողմերի ներկայացուցիչների փոփոխության, լրացուցիչ հայցադիմում, առարկություն ներկայացնելու, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ից արխիվային նյութեր պահանջելու, հայցվոր Սլավիկ Մաթևոսյանի վատառողջ լինելու /ենթարկվել է սրտի վիրահատության/, կողմերի միջնորդությամբ վերջիններին ժամկետ տրամադրելու միջոցով հաշտեցնելու հետ: Դատական ակտը հրապարակվել է 20.12.2012թ.:

Թիվ ԵՇԴ/0045/02/09 6 հատորից բաղկացած կասեցված քաղաքացիական գործը 06.05.2009թ. մակագրվել է ինձ և նույն օրն էլ ընդունվել է վարույթ: 08.05.2009թ. գործի վարույթը վերսկսվել է: Դատարանի 06.08.2009թ., 30.04.2010թ. և 14.11.2011թ. որոշումներով նշանակվել են փորձաքննություններ: 29.12.2009 թվականին ներկայացվել է հակընդդեմ հայց: Դատարանի 26.02.2010թ. որոշմամբ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ից պահանջվել են արխիվային նյութեր: 17.11.2010թ. քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև փորձաքննության եզրակացության ստացումը: 10.08.2011թ. քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է: Ռաֆիկ Սարգսյանի և նրա ներկայացուցչի միջնորդությամբ 14.11.2011թ. նշանակված լրացուցիչ դատաշինարարատեխնիկական փորձաքննությունից հետո 18.09.2012թ. քաղաքացիական գործի վարույթը կրկին կասեցվել է մինչև փորձաքննության եզրակացություն ստանալը, սակայն առ այսօր այն չի ստացվել, և ներկայումս քաղաքացիական գործը գտնվում է կասեցված վիճակում:

Սույն գործով դատական նիստերի հետաձգումները պայմանավորված են եղել Դատարանի կողմից նշանակված փորձաքննության եզրակացությունների ստացման ժամկետներով:

Թիվ ԵՇԴ/0139/02/11 քաղաքացիական գործը Դատարանի կողմից վարույթ է ընդունվել 08.02.2011թ. և նշանակվել է դատական նիստ 05.04.2011թ.: Հայցվորի միջնորդությամբ 26.07.2011թ. նշանակվել է շինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն: Փորձագետի եզրակացությունը ստացվել է 26.03.2012թ.:

Դատական նիստերը հետաձգվել են հայցվորի ներկայացուցիչների փոփոխվելու, պատասխանողի ներկայացուցչի կողմից վճարում կատարելու համար ժամկետ տրամադրելու, մասնակի վճարումներ կատարելու, հաշտություն կնքելու համար: Սույն գործով վճիռը հրապարակվել է 26.09.2012թ.:

Թիվ ԵՇԴ/0713/02/10 քաղաքացիական գործն ըստ հայցի Էդուարդ, Սամվել, Պետրոս Հովհաննիսյանների, Մարգարիտա Կրոլիկովսկայի ընդդեմ Ռոզա, Քնքուշ, Վահե, Գոռ Հարությունյանների վտարման պահանջի մասին վարույթ է ընդունվել 17.06.2010թ., և դատական նիստը նշանակվել է 20.07.2010թ.: 11.11.2010թ. Ռոզա Հարությունյանը հակընդդեմ հայց է ներկայացրել ընդդեմ Էդուարդ, Սամվել, Պետրոս Հովհաննիսյանների, Մարգարիտա Կրոլիկովկայի առուվաճառքի նախնական պայմանագիրը առուվաճառքի պայմանագիր ճանաչելու և Ռոզա Հարությունյանին սեփականատեր ճանաչելու պահանջի մասին:

Դատական նիստերի ընթացքում պարզվել է, որ հայցվորները գտնվում են արտերկրում, փոխվել են կողմերի ներկայացուցիչները, դատական նիստերը ինչպես հայցվոր, այնպես էլ պատասխանող կողմի միջնորդությամբ հետաձգվել են հաշտություն կնքելու, հայցվորների կողմից լիազորագրեր ուղարկելու, լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու խնդրանքով: Սույն գործով վճիռը հրապարակվել է 10.09.2012թ.»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1) Թիվ ԵՇԴ/1426/02/10 քաղաքացիական գործի քննությունը տևել է 2 տարի: Հրավիրվել են թվով 43 դատական նիստեր:

2) Թիվ ԵՇԴ/0045/02/09 քաղաքացիական գործի քննությունը տևել է 40 ամիս (3 տարի 4 ամիս), և 18.09.2012թ.-ից այն գտնվում է կասեցված վիճակում: Գործի քննության ընթացքում նշանակվել են 33 դատական նիստեր:

Դատարանը, օգտվելով օրենսդրությամբ իրեն վերապահված իրավունքից, 2 անգամ (30.04.2010թ.-ին և 14.11.2011թ.-ին) փորձաքննություն նշանակելու հետ մեկտեղ գործի վարույթը չի կասեցրել և նշանակել է դատական նիստեր, սակայն համապատասխանաբար 5 (02.06.2010թ., 02.08.2010թ., 09.09.2010թ., 14.10.2010թ., 17.11.2010թ.) և 4 (12.03.2012թ., 03.05.2012թ., 03.07.2012թ., 18.09.2012թ.) անգամ դատական նիստեր նշանակելուց հետո նոր միայն կայացրել է քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին որոշում: Հատկանշական է, որ վերոնշյալ դատական նիստերը յուրաքանչյուր անգամ հետաձգվել են բացառապես փորձագետի եզրակացությունը չստանալու համար:

3) Թիվ ԵՇԴ/0139/02/11 քաղաքացիական գործը Դատարանի կողմից վարույթ է ընդունվել 08.02.2011թ., և 05.04.2011թ. նշանակվել է դատական նիստ: 26.09.2012թ. կայացված վճռով հայցը բավարարվել է:

Սույն քաղաքացիական գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվել են շինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն նշանակելու, այլ քաղաքացիական գործերով դատական նիստերը շարունակվելու, դատավորի արձակուրդի մեջ գտնվելու, փորձագետի եզրակացությունը չստանալու և այլ պատճառաբանություններով:

4) Թիվ ԵՇԴ/0713/02/10 քաղաքացիական գործի քննությունը տևել է մոտ 27 ամիս (2 տարի 3 ամիս): Գործի քննության ընթացքում նշանակվել են 38 դատական նիստեր:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով Դատարանի դատավոր Ն. Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

 «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող զրկվել հավասարության պայմաններում և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ իրավասու, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքից:

ՀՀ դատական օրենսգրքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործի դատաքննության նախապատրաստությունը և բուն դատաքննությունը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետներում:

ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ «Դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է (...) քննությունն իրականացնել ողջամիտ ժամկետներում՝ խուսափելով անհարկի ձգձգումներից (...)»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի համաձայն` գործը դատարանում պետք է քննվի, և վճիռ կայացվի ողջամիտ ժամկետում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1496 -րդ հոդվածի համաձայն՝ գործը դատաքննության նախապատրաստումը պետք է իրականացվի ողջամիտ ժամկետում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի համաձայն` դատարանն իրավունք ունի հետաձգել գործի քննությունը, եթե`

1) այն չի կարող քննվել տվյալ նիստում, մասնավորապես` գործին մասնակցող անձանցից որևէ մեկի, վկաների, փորձագետների, թարգմանիչների բացակայության պատճառով.

2) դա թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ.

3) պատասխանողն ամբողջովին ընդունել է գույքի բռնագանձման վերաբերյալ հայցը և պարտավորությունը կատարելու համար միջնորդել է դատարանին` որոշակի ժամկետ տրամադրելու խնդրանքով: Այդ դեպքում, ելնելով գործի հանգամանքներից, դատավորը ողջամիտ ժամկետով հետաձգում է գործի քննությունը:

««Դատավորի վարքագծի կանոնները» սահմանելու մասին» ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 23.04.2011թ. թիվ 01-Ն որոշման (այսուհետ` «Վարքագծի կանոններ») 9-րդ կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է բարեխղճորեն կատարել իր մասնագիտական պարտականությունները և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործերի և նյութերի ողջամիտ ժամկետում քննության համար, որպեսզի կասկածներ չառաջացնի արդարադատության արդյունավետության նկատմամբ:

«Գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանման մասին» ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2006 թվականի հունիսի 13-ի թիվ 98 որոշման համաձայն՝ գործի քննությունը պետք է իրականացվի հնարավորին սեղմ ժամկետում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Էյչն ընդդեմ Ֆրանսիայի գործով վճռում նշել է, որ «...Դատարանն անտեղյակ չէ այն դժվարությունների մասին, որոնք առաջանում են տարբեր գործոնների արդյունքում և երբեմն կարող են ազգային դատարանների կողմից գործերի հետաձգման պատճառ հանդիսանալ: Այդուհանդերձ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը պահանջում է գործերը քննել ողջամիտ ժամկետում, որպեսզի ապահովվի արդարադատության իրականացումն առանց ձգձգումների, ինչը կարող է խափանել արդարադատության արդյունավետությունն ու վստահությունը վերջինիս նկատմամբ» (տե՛ս Էյչն (H.) ընդդեմ Ֆրանսիայի, 1989թ. հոկտեմբերի 24, գանգատ թիվ 10073/82, կետ 58):

ՀՀ վճռաբեկ դատարանը գործը ողջամիտ ժամկետում քննելու վերաբերյալ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից (տե'ս, օրինակ` Սեդա Սոնյանն ընդդեմ Իդա Էբզիմյանի թիվ 3-1778(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի, Սամսոն Շահվերդյանն ընդդեմ Զոյա Գրիգորյանի և մյուսների թիվ 3-1345(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումները):

Այսպիսով, Խորհուրդն արձանագրում է, որ վերոնշյալ սահմանադրական, օրենսդրական և կոնվենցիոն դրույթների, ինչպես նաև համապատասխան իրավական դիրքորոշումների վերլուծությունից հետևում է, որ դատարանը բոլոր դեպքերում գործը պետք է քննի և լուծի հնարավորինս սեղմ ժամկետներում` խուսափելով գործի անհարկի ձգձգումներից:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԵՇԴ/1426/02/10 քաղաքացիական գործի քննությունը տևել է 2 տարի: Հրավիրվել են թվով 43 դատական նիստեր:

Թիվ ԵՇԴ/0045/02/09 քաղաքացիական գործի քննությունը տևել է 40 ամիս (3 տարի 4 ամիս), և 18.09.2012թ.-ից այն գտնվում է կասեցված վիճակում: Գործի քննության ընթացքում նշանակվել են 33 դատական նիստեր:

Դատարանը, օգտվելով օրենսդրությամբ իրեն վերապահված իրավունքից, 2 անգամ (30.04.2010թ.-ին և 14.11.2011թ.-ին) փորձաքննություն նշանակելու հետ մեկտեղ գործի վարույթը չի կասեցրել և նշանակել է դատական նիստեր, սակայն համապատասխանաբար 5 (02.06.2010թ., 02.08.2010թ., 09.09.2010թ., 14.10.2010թ., 17.11.2010թ.) և 4 (12.03.2012թ., 03.05.2012թ., 03.07.2012թ., 18.09.2012թ.) անգամ դատական նիստեր նշանակելուց հետո նոր միայն կայացրել է քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին որոշում: Հատկանշական է, որ վերոնշյալ դատական նիստերը յուրաքանչյուր անգամ հետաձգվել են բացառապես փորձագետի եզրակացությունը չստանալու համար:

Թիվ ԵՇԴ/0139/02/11 քաղաքացիական գործը Դատարանի կողմից վարույթ է ընդունվել 08.02.2011թ., և 05.04.2011թ. նշանակվել է դատական նիստ: 26.09.2012թ. կայացված վճռով հայցը բավարարվել է:

Սույն քաղաքացիական գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվել են շինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն նշանակելու, այլ քաղաքացիական գործերով դատական նիստերը շարունակվելու, դատավորի արձակուրդի մեջ գտնվելու, փորձագետի եզրակացությունը չստանալու և այլ պատճառաբանություններով:

Թիվ ԵՇԴ/0713/02/10 քաղաքացիական գործի քննությունը տևել է մոտ 27 ամիս (2 տարի 3 ամիս): Գործի քննության ընթացքում նշանակվել են 38 դատական նիստեր:

Եվրոպական դատարանը, անդրադառնալով դատաքննության տևողության ողջամտությանը, նշել է` «դատաքննության տևողության ողջամտությունը պետք է գնահատվի` հաշվի առնելով գործի հետևյալ հանգամանքները` տվյալ դատական գործի բարդությունը, դիմողի և համապատասխան մարմինների վարքագիծը, ինչպես նաև դիմողի համար այն արժեքի կարևորությունը, որին առնչվում է դատաքննությունը» (տե՛ս Հումենն ընդդեմ Լեհաստանի, 1999թ. հոկտեմբերի 15, գանգատ թիվ 26614/95, կետ 60): «Կոնվենցիայի անդամ պետությունների խնդիրն է այնպես կազմակերպել իրենց իրավական համակարգը, որ իրենց դատարաններն ապահովեն յուրաքանչյուրի` քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին վերաբերող վեճերով ողջամիտ ժամկետում վերջնական որոշում ստանալու իրավունքը» (տե՛ս Ջի. Էյչն (G.H.) ընդդեմ Ավստրիայի, 2000թ. հոկտեմբերի 3, գանգատ թիվ 31266/96, կետ 20):

Միաժամանակ հարկ է ընդգծել, որ 1997 թվականի հուլիսի 11-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ընդունած DH (97) 336 հռչակագրում ամրագրվել է, որ «արդարադատության իրականացման չափազանց ձգձգումը լուրջ վտանգ է ներկայացնում մասնավորապես իրավունքի գերակայության համար»:

Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտնում է, որ Դատարանի կողմից օրենքով սահմանված կարգով չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ` մատնանշված քաղաքացիական գործերի քննությունները անհարկի ձգձգումներից զերծ պահելու և ողջամիտ ժամկետում քննելու կապակցությամբ, որի արդյունքում խախտվել է օրենսդրությամբ և Վարքագծի կանոններով սահմանված գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման պահանջը:

Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ Դատարանը, չպահպանելով գործերի քննության ողջամիտ ժամկետները, թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ դատական օրենսգրքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի ակնհայտ և կոպիտ, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության դատավորի վարքագծի կանոններ»-ի 9-րդ կանոնի պահանջների կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ն. Հովսեփյանին հայտարարել նախազգուշացում:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Վ. Աբելյան

Ռ. Բարսեղյան

Կ. Բաղդասարյան

Ա. Թումանյան

Ա. Խաչատրյան

Գ. Խանդանյան
Մ. Մարտիրոսյան