Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1068
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.01.31/7(947) Հոդ.60
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
22.01.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

22 հունվարի 2013 թ. 

 

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԱՐՏԱՔԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ (ՎԵՐԱՑՄԱՆ) ԺԱՄԱՆԱԿ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԵՎ ԱՅԼ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով.
Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված` «Արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների առաջացման և կարգավորման (վերացման) ժամանակ օգնության ցուցաբերման հարցում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ և այլ գերատեսչությունների փոխգործակցության կազմակերպման կանոնակարգի հաստատման մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի` 28.11.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով քննության առարկա արձանագրությունն ու գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Արձանագրությունն ստորագրվել է 2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում` արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների առաջացման և կարգավորման (վերացման) ժամանակ օգնության ցուցաբերման հարցում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ և այլ գերատեսչությունների փոխգործակցության կազմակերպման հիմունքները և փոխգործակցության մեխանիզմը սահմանող Կանոնակարգի հաստատման նպատակով:

2. 2012 թվականի նոյեմբերի 7-ի դրությամբ խնդրո առարկա արձանագրությունն ուժի մեջ է Բելառուսի Հանրապետությունում (որն արձանագրությանը միացել է վերապահումով), Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում:

3. Արձանագրության բաղկացուցիչ և անբաժանելի մաս է կազմում հավելվածը, որով սահմանված է Կանոնակարգը:

4. Արձանագրությամբ և Կանոնակարգով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

 նախապես սահմանել կազմավորումներ խմբավորման կազմում ներառելու համար` ճգնաժամային իրավիճակի կարգավորմանն առնչվող խնդիրներն իրականացնելու նպատակով,

 կազմավորել համապատասխան խմբավորումներ և ապահովել դրանք սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, նյութական և տեխնիկական միջոցներով,

 անցկացնել անձնակազմի բարոյահոգեբանական նախապատրաստման ապահովմանն ուղղված աշխատանքներ ճգնաժամային իրավիճակների վերացման ժամանակ,

 ապահովել համատեղ միջոցառումների իրականացումն ու իրադրության կանխատեսման գործողությունների համակարգումը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործընթացում,

 որոնել և ոչնչացնել ահաբեկչական խմբավորումներին և անօրինական զինված կազմավորումներին,

 կանխարգելել սահմանամերձ պետությունների քաղաքացիների չարտոնված զանգվածային ներթափանցումը, իրականացնել հատուկ սահմանապահ գործողություններ, համալիր օպերատիվ-որոնողական և կանխարգելիչ միջոցառումներ,

 կանխել պետական սահմանով պայթուցիկ նյութերի, սպառազինության, պայթուցիկ սարքերի, զենքի և զինամթերքի ապօրինի տեղափոխումը,

 մասնակցել ճգնաժամային իրավիճակի կարգավորման կարգը սահմանող փաստաթղթերի համատեղ մշակման գործընթացին, ծրագրերի մշակմանն ուղղված համատեղ պարապմունքներին և վարժանքներին, ինչպես նաև փոխանակվել համապատասխան տեղեկատվությամբ և փորձով,

 որպես ընդունող կողմ ստեղծել անհրաժեշտ պայմաններ անձնակազմի, տեխնիկայի, զենք-զինամթերքի, հատուկ միջոցների և ապահովման նյութերի, խմբավորման ընդունման և տեղաբաշխման, ինչպես նաև օդանավակայանի անհատույց տրամադրման, բազավորման կետերով, երկաթգծի ուղիներով, փոխադրամիջոցներով, փոստային և այլ կապի միջոցներով, սննդով, էլեկտրականությամբ, ջրով ապահովման համար, ինչպես նաև իրականացնել ծավալուն կոմունալ-կենցաղային և բժշկական սպասարկում,

 ապահովել կազմավորումների և նրանց բեռների անարգել տեղաշարժը դեպի նշանակման վայրեր,

 գրավոր ծանուցել իր պետական սահմանի հատման տեղի, ժամանակի ու կարգի մասին և ստեղծել անհրաժեշտ պայմաններ իր տարածքով նախանշված վայր շարժվող կամ տարանցվող համապատասխան կազմավորումների անարգել և անհատույց տեղաշարժի համար, ինչպես նաև ապահովել դրանց տեղավորումը և ենթակառուցվածքներից օգտվելը,

 իրականացվող միջոցառումների արդյունավետությունն ու օպերատիվությունը բարձրացնելու նպատակով ապահովել պետական սահմանի հատման ժամանակ ընթացակարգերի արագացված իրագործումը,

 կազմավորման սպառազինությունը և ռազմական տեխնիկան, նյութատեխնիկական ապահովման միջոցներն ազատել մաքսային վճարներից և այլ հարկումներից, ինչպես նաև խմբավորման ղեկավարության նույնականացման միջոցներով ապահովված ծառայողական փաստաթղթերը չենթարկել զննման,

 որպես ընդունող կողմ խմբավորման անձնակազմին վճարել փոխհատուցում, ինչպես նաև հատուցել անձնակազմի ընտանիքների անդամների ծախսերը` կապված վիրավորվելու, հաշմանդամության կամ մահվան հետ` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով և չափերով:

5. Արձանագրությամբ սահմանված են նաև կողմերի միջև խորհրդակցությունների անցկացման կարգը, միավորված շտաբի կազմավորման և գործունեության կարգը, համատեղ միջոցառումների ավարտման և վիճելի հարցերի լուծման կարգը:

6. Արձանագրությամբ սահմանված են նաև դրան միանալու, այն ուժի մեջ մտնելու, դրանից դուրս գալու կարգն ու պայմանները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին ու 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված` «Արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների առաջացման և կարգավորման (վերացման) ժամանակ օգնության ցուցաբերման հարցում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ և այլ գերատեսչությունների փոխգործակցության կազմակերպման կանոնակարգի հաստատման մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

 Գ. Հարությունյան

 

22 հունվարի 2013 թ.

 ՍԴՈ-1068

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան