Գլխավոր տեղեկություն
Համար
N 778
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2013-01.07.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.12.15/30(128)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.11.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.11.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.08.2018

040.0778.27.11.00

 

 «Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 նոյեմբերի 2000 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 2000 թվականի N 778

քաղ. Երևան


«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3, 4, 30, 32, 33, 34, 36, 37, 39 և 40 հոդվածներով սահմանված սոցիալական ապահովության իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 05.05.11 N 669-Ն)

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգը (կցվում է):

բ) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (կցվում է):

Օրենքով սահմանված սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար համապատասխան պետական մարմինների սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումների կողմից տրվում է տեղեկանք (ձևը կցվում է)` արտոնությունների կոնկրետ տեսակների նշումով.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 05.05.11 N 669-Ն)

դ) զինծառայողների և քաղաքացիական ծառայողների կողմից բնակելի տարածությունների վարձակալության համար դրամական փոխհատուցման վճարման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 12.05.05 N 701-Ն, 05.05.11 N 669-Ն, լրաց. 30.08.12 N 1138-Ն, փոփ20.12.12 N 1627-Ն) 

1.1. Զինծառայողի ամսական դրամական բավարարման մեջ հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պաշտոնական դրույքաչափը (վարձատրության ամսական չափը), զինվորական կոչման դրույքաչափը և սույն որոշման 1.2-րդ կետում նշված` զինծառայողի ստաժի համար այդ դրույքաչափերից հաշվարկվող հավելումը:

(1.1-ին կետը լրաց. 17.11.11 N 1624-Ն)

1.2. Զինծառայողի զինվորական ստաժի համար, ըստ զինվորական ծառայության տարիների, հաշվարկվում է հավելում նրա պաշտոնային դրույքաչափի (վարձատրության ամսական չափի) և զինվորական կոչման դրույքաչափի գումարի հետևյալ տոկոսաչափերով`

1) 2-5 տարվա համար` 5 տոկոս.

2) 5-10 տարվա համար` 10 տոկոս.

3) 10-15 տարվա համար` 15 տոկոս.

4) 15-20 տարվա համար` 20 տոկոս.

5) 20-25 տարվա համար` 25 տոկոս.

6) 25 և ավելի տարվա համար` 30 տոկոս:

(1.2-րդ կետը լրաց. 17.11.11 N 1624-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 05.05.11 N 669-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 05.05.11 N 669-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 05.05.11 N 669-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 05.05.11 N 669-Ն)

 6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանն`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով` մինչև 2001 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն զինծառայողների ամսական դրամական բավարարման, ինչպես նաև պարենային և հանդերձանքի ապահովության կամ դրա փոխարեն իրենց ցանկությամբ դրամական փոխհատուցում ստանալու կարգի ու պայմանների վերաբերյալ.

բ) մինչև 2001 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն այն պաշտոնների ցանկի վերաբերյալ, որոնք կարող են զբաղեցնել պետական կառավարման մարմիններ, հիմնարկներ, կազմակերպություններ և ուսումնական հաստատություններ աշխատանքի գործուղված զինծառայողները:

(6-րդ կետը փոփ. 09.03.01 N 178, 02.02.06 N 69-Ն)

6.1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` մինչև 2001 թվականի մարտի 20-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 6-րդ կետի «բ» ենթակետում նշված ցանկի վերաբերյալ:

(6.1-ին կետը լրաց. 09.03.01 N 178)

7. Առողջության, տարիքի, ժամկետը լրանալու, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակվելու, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում զինծառայողներին տրվող դրամական օգնության հաշվարկման համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ամսական նվազագույն պաշտոնային դրույքաչափը (վարձատրության ամսական չափը), զինվորական կոչման նվազագույն դրույքաչափը և սույն որոշման 1.2-րդ կետով սահմանված՝ զինծառայողի զինվորական ծառայության ստաժի համար հաշվարկվող հավելումը:

Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմին զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու դեպքում տրվող դրամական օգնության չափը սահմանվում է տասը հազար դրամ, իսկ նշված կազմից երկկողմանի ծնողազուրկ (որբ) զինծառայողներին` երկու հարյուր հազար դրամ:

(7-րդ կետը փոփ., լրաց.  28.08.08 N 969-Ն, փոփ. 05.05.11 N 669-Ն, փոփ., լրաց. 19.07.12 N 902-Ն, փոփ. 20.12.12 N 1627-Ն) 

7.1. Սույն որոշման 7-րդ կետում նախատեսված դրամական օգնության հաշվարկային դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի կառավարման կենտրոնական մարմնի ղեկավար պաշտոն զբաղեցնող զինծառայողների համար կազմում են`

1) ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ` 93,000 դրամ.

2) ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ` 77,500 դրամ.

3) ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ` 64,579 դրամ.

4) ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ` 53,813 դրամ:

(7.1-ին կետը լրաց. 20.12.12 N 1627-Ն) 

7.2. Առողջության, տարիքի, ժամկետը լրանալու, հաստիքների կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակվելու, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում քրեակատարողական ծառայողներին տրվող դրամական օգնության հաշվարկման հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քրեակատարողական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը և սույն որոշման NN 2 և 3 հավելվածներով սահմանված գործակիցները, ինչպես նաև սույն որոշման 1.2-րդ կետով սահմանված` զինծառայողի զինվորական ծառայության ստաժի համար հաշվարկվող հավելումը:

(7.2-րդ կետը լրաց. 20.12.12 N 1627-Ն) 

8. Ժամկետային զինծառայողներին տարեկան 10 օր տևողությամբ լրացուցիչ արձակուրդ տրվում է ծառայության հետևյալ տեսակների և պայմանների դեպքում`

ա) սահմանված կարգով հայտարարված արտակարգ իրավիճակների պայմաններում ծառայություն.

բ) մարտական գործողություններին մասնակցություն, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանքի կատարում.

գ) բարձր լեռնային շրջաններում (ծովի մակերևույթից 2000 մետր և ավելի բարձրություն) ծառայություն.

դ) հրթիռային վառելիքին առնչվող ծառայություն.

ե) թունավոր նյութերի, իոնացնող և ռադիացիոն ճառագայթման աղբյուրներին առնչվող ծառայություն.

զ) թռիչքային (օդաչուական) անձնակազմում ծառայություն.

է) գաղտնալսումներ.

ը) ՀԱԷԿ-ի պահպանության ծառայություն.

թ) կալանքի տակ գտնվող անձանց տուբերկուլյոզային դիսպանսերներում պահպանության ծառայություն.

ժ) ֆրեզագրեգատներին և օդամղիչներին առնչվող ծառայություն.

ժա) վթարային վերականգնողական ծառայություն.

ժբ) ջրասուզակների ծառայություն (տարեկան առնվազն 265 ժամ ջրի տակ անցկացրած).

ժգ) ազդանյութերի (ռեագենտներ) լուծազատմանն առնչվող ծառայություն.

ժդ) տեխնածին կամ բնական աղետների հետևանքների` ռադիոակտիվ, քիմիական, անասունների համաճարակների և կենսաբանական ախտահարման օջախների վերացմանն առնչվող ծառայություն.

ժե) ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի «Ա» ստորաբաժանումում ծառայություն:

Ծառայության նշված տեսակների տարեկան նորմաները սահմանվում են համապատասխան նախարարության կամ գերատեսչության ղեկավարի կողմից:

(8-րդ կետը խմբ.12.06.01 N 523, լրաց. 02.03.06 N 232)

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 12.06.01 N 523)

10. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական հաստատություններում զինծառայողների հետազոտման և բուժման ծախսերի փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական հաստատություններում զինծառայողների հետազոտման և բուժման՝ ծախսերի հետագա փոխհատուցմամբ, կարգը հաստատելու մասին» N 517 որոշմամբ հաստատված կարգով:

11. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` մինչև 2001 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն զինծառայողների առողջարանային բուժումը կազմակերպելու կարգի ու պայմանների վերաբերյալ:

(11-րդ կետը փոփ. 09.03.01 N 178, 02.02.06 N 69-Ն)

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 30.08.12 N 1138-Ն)

13. Ծառայողական բնակելի տարածությունների բացակայության դեպքում բնակարաններ ձեռք բերելու համար զինծառայողներին վճարվում է դրամական  փոխհատուցում՝ յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակներում, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 26-ի «Զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքները բնակարաններով ապահովելու համար Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցները բաշխելու մասին» N 714 որոշմամբ սահմանված կարգով:

131. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին, որպես սոցիալական աջակցություն, կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն`

ա) 5-10 հազ. դրամի չափով` պետական կառավարման լիազոր մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից,

բ) 30-100 հազ. դրամի չափով` պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ:

Միանվագ դրամական օգնություն տրամադրելու պայմանները սահմանվում են պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Դրամական օգնության չափը որոշելիս` հաշվի են առնվում դիմումատուի սոցիալական պայմանները, ինչպես նաև դրամական օգնություն տրամադրելու նպատակը (նպատակները):

Միանվագ դրամական օգնությունը տարվա ընթացքում կարող է վճարվել մեկ անգամ:

(131-րդ  կետը լրաց. 14.06.07 N 817-Ն, փոփ. 05.05.11 N 669-Ն)

14. Ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով զինծառայողներին այլ բնակավայրեր գործուղելու հետ կապված ծախսերը  փոխհատուցվում են  տվյալ պահին գործող գործուղման ծախսերի նորմաներով:

15. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մինչև 2001 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիների, զոհված (մահացած) զինծառայողների երեխաների` պետական ուսումնական հաստատություններ ընդունելության կարգի վերաբերյալ.

բ) պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների` պետական ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում մրցույթից դուրս ընդունելության համար ըստ մասնագիտությունների հատկացվող տեղերի վերաբերյալ:

(15-րդ կետը փոփ. 09.03.01 N 178)

16. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության կողմից ներկայացված ցուցակների հիման վրա միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարներ է հատկացնում՝

ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, ինչպես նաև մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքում՝ ինը հարյուր տասը հազար դրամի չափով,

բ) ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքում՝ չորս հարյուր հիսունհինգ հազար դրամի չափով:

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կողմից ներկայացված ցուցակների հիման վրա միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարներ է հատկացնում՝

ա) առաջին խմբի հաշմանդամներին՝ սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի չափով.

բ) երկրորդ խմբի հաշմանդամներին՝ սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի 80 տոկոսի չափով.

գ) երրորդ խմբի հաշմանդամներին՝ սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի 60 տոկոսի չափով։

Միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարը չի վճարվում, եթե զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամ դառնալը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:

(16-րդ կետը փոփ. 02.02.06 N 69-Ն, 05.05.11 N 669-Ն, 19.07.12 N 902-Ն)

17. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հատկացված միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարները վճարվում են ըստ բնակության վայրի՝ տեղական գանձապետական բաժանմունքների միջոցով:

18. Զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորությունը, գերեզմանների բարեկարգումը, տապանաքարերի պատրաստումն ու տեղադրումը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի «Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման մասին» N 341 որոշմամբ սահմանված կարգով:

181. Զինծառայողը և նրա ընտանիքի անդամները («Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13‑րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով նախատեսված անձինք) արձակուրդը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող, ինչպես նաև կնքված պայմանագրերին համապատասխան այլ հանգստյան տներում անցկացնելու դեպքում օգտվում են հանգստյան տան ուղեգրի գնի փոխհատուցման իրավունքից: Ուղեգրի գինը փոխհատուցվում է`

ա) զինծառայողին` հանգստյան տան ուղեգիր ձեռք բերելու համար կատարված փաստացի ծախսերի չափով,

բ) զինծառայողի ընտանիքի անդամներին` հանգստյան տան ուղեգիր ձեռք բերելու համար կատարված փաստացի ծախսերի 50 տոկոսի չափով:

Ուղեգրի գնի փոխհատուցում ստանալու նպատակով զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամը պետական կառավարման լիազոր մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում է ներկայացնում դիմում` կցելով ուղեգրի պատճենը և հանգստյան տան տնօրինության կողմից տրված տեղեկանքը` հանգստյան տանը գտնվելու ժամանակահատվածի մասին:

Սույն կետում նշված ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` համապատասխան պետական կառավարման մարմնին այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

(181-րդ կետը լրաց. 14.06.07 N 817-Ն, փոփ. 05.05.11 N 669-Ն)

19. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում նախատեսել համապատասխան միջոցներ՝ զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության համար օրենքով սահմանված ծախսերի իրականացման համար:

20. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 26-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների նշանակման կարգի և նրանց սոցիալական ապահովության ու արտոնությունների մասին» N 277 որոշումը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 14-ի N 319, 1995 թվականի փետրվարի 11-ի N 71, 1995 թվականի հունիսի 6-ի N 312, 1997 թվականի ապրիլի 1-ի N 62 որոշումների խմբագրությամբ), 1994 թվականի փետրվարի 28-ի «Հաշմանդամ դարձած զինծառայողների պարտադիր պետական ապահովագրության գումարների չափի մասին» N 95 որոշումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման N 3 հավելվածի 2-րդ կետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

 


Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
        նոյեմբերի 27-ի N 778 որոշմամբ
 

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու

 

1. Մարտական գործողությունների մասնակից են համարվում 1990-1994 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության մարտերին՝ ոչ պակաս, քան 3 ամիս ընդհանուր տևողությամբ, մասնակցած անձինք, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ վիրավորվելու հետևանքով հաշմանդամ դարձած անձինք՝ անկախ մարտական գործողություններին մասնակցելու ժամկետից, ովքեր՝

ա) ծառայել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ այլ զորքերում,

բ) կանչվել են եռամսյա վարժական հավաքների,

գ) գտնվել են սահմանված կարգով գրանցված կամավորական ջոկատների կազմում,

դ) ընդգրկվել են ռազմական կամ մարդատար օդանավերի (ուղղաթիռների) անձնակազմերում և իրականացրել ռազմական գործողությունների գոտու սպասարկումը,

ե) հատուկ կամ մարտական առաջադրանքներով գործուղվել են ռազմական գործողությունների գոտի,

զ) գործուղվել կամ մասնակցել են ռազմական գործողությունների գոտում հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներին:

2. Մարտական գործողություններին՝ 3 ամսվանից պակաս տևողությամբ, մասնակցած, մարտական գործողությունների ժամանակ վիրավորված, ինչպես նաև մարտական գործողություններին օժանդակած անձինք մարտական գործողությունների մասնակից կարող են համարվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության կողմից ստեղծված հանձնաժողովի որոշմամբ:

(2-րդ կետը փոփ. 02.02.06 N 69-Ն)

3. Մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կողմից տրված տեղեկանքները:

4. Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս մարտական գործողությունների մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ կարող է տրվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն:

5. Մարտական գործողությունների մասնակիցներին՝ նրանց  կարգավիճակը հավաստող վկայական, ինչպես նաև իրավունքների ու արտոնությունների մասին տեղեկանք տրվում է սույն կարգի 2-րդ կետում նշված հանձնաժողովի կողմից` 15-օրյա ժամկետում:

Մարտական գործողությունների մասնակիցների վկայականները պատվիրվում, պատրաստվում և պահվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում, իսկ դրանց բաշխումը կատարվում է նշված հանձնաժողովի որոշումների հիման վրա:

 

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
նոյեմբերի 27-ի N 778 որոշմամբ 

 

Ց Ա Ն Կ

 

Զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ԵՎ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության իրավունքներից ԵՎ երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի
(վերնագիրը փոփ. 05.05.11 N 669-Ն)

 

1. (1-ին կետն ուժը կորցրել է 05.05.11 N 669-Ն)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 05.05.11 N 669-Ն)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 05.05.11 N 669-Ն)

4. Օրենքով սահմանված երաշխիքներից և արտոնություններից օգտվելու համար՝

ա) ռազմագերիների և անհայտ կորածների ընտանիքների անդամները դիմումի հետ միասին ներկայացնում են գերվածի կամ անհայտ կորածի՝

զորամասի հրամանատարության կողմից տրված տեղեկանքը անհայտ կորելու հանգամանքների մասին,

անձը հաստատող փաստաթղթերի պատճենները,

տեղեկանք բնակավայրից,

լուսանկար (ցանկացած չափսի),

ամուսնության վկայականի պատճենը,

երեխաների ծննդյան վկայականների պատճենները.

բ) հաշմանդամ ճանաչված զինծառայողները (նրանց հավասարեցված անձինք) դիմումի հետ միասին ներկայացնում են՝

համապատասխան նախարարության կամ վարչության ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի որոշման (տեղեկանքի) պատճենը,

հաշմանդամության խմբի մասին ԲՍՓՀ-ի որոշման պատճենը.

գ) զոհված (մահացած) զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց ընտանիքների անդամները դիմումի հետ միասին ներկայացնում են զոհվածի (մահացածի)՝

զորամասի հրամանատարության կողմից տրված տեղեկանքը զոհվելու (մահանալու) հանգամանքների, տեղի և ժամանակի մասին,

մահվան վկայականի պատճենը,

տեղեկանք մահվան մասին,

ծննդյան վկայականի պատճենը,

լուսանկար (ցանկացած չափսի),

ամուսնության վկայականի պատճենը,

երեխաների ծննդյան վկայականների պատճենները։

5. Զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները սոցիալական ապահովության իրավունքներից ու երաշխիքներից օգտվելու համար ներկայացնում են՝

ա) զինվորական գրքույկը կամ անձնագիրը,

բ) երկարամյա ծառայության կենսաթոշակի վկայականը,

գ) հաշմանդամության կենսաթոշակի վկայականը,

դ) սոցիալական կենսաթոշակի վկայականը,

ե) տեղեկանք իրավունքներից և երաշխիքներից օգտվելու մասին՝ տրված համապատասխան նախարարության կամ վարչության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումների կողմից,

զ) տեղեկանք տրված զորամասի հրամանատարության կողմից (ըստ անհրաժեշտության),

է) տեղեկանք տրված զինկոմիսարիատի կողմից (ըստ անհրաժեշտության):

 

Ձև

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

օրենքով սահմանված սոցիալական ապահովության իրավունքներից և երաշիքներից օգտվելու մասին

 

Տրվում է ________________________________________________________________________
(կարգավիճակը, անունը, ազգանունը, հայրանունը)

 
այն մասին, որ նա օգտվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների 

սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի

__________________________________________
      (հոդվածի (հոդվածների) համարը (համարները)

 

հոդվածով (հոդվածներով) սահմանված հետևյալ իրավունքներից և երաշխիքներից՝
 

1. ______________________________________________________________

 

2. ______________________________________________________________

 

3. _______________________________________________________________

 

Տրվում է ներկայացնելու

_______________________________________

(հասցեատիրոջ անվանումը)

 

Կ.Տ.

 

Ստորաբաժանման ղեկավար
______________________________
(պաշտոնը)

_____________________________
(անունը, ազգանունը (լրիվ)

 

_____ ________________________ 200 թ.

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
նոյեմբերի 27-ի N 778 որոշմամբ 

      

Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ
 նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության
ստաժում հաշվառվող, այդ թվում՝ արտոնյալ պայմաններով,
ծառայողական կամ այլ բնույթի գործունեության տեսակների
ցանկը, հաշվառման կարգն ու պայմանները

 

1. Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են`

ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համակարգերի շարքային և հրամանատարական անձնակազմերում զբաղեցրած պաշտոններով ծառայությունը, ինչպես նաև նրանց` ուսումնական հաստատություններում ուսման ժամանակաշրջանը` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից,

բ) զինվորական ծառայությունը նախկին ԽՍՀՄ զինված ուժերում, ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգերում, ինչպես նաև նրանց` ուսումնական հաստատություններում ուսման ժամանակաշրջանը` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից,

գ) անօրինական դատապարտված կամ անօրինական քրեական հետապնդման ենթարկված այն զինծառայողների կալանքի տակ, ազատազրկման վայրում և աքսորում գտնվելու ժամանակաշրջանը, որոնց նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ կամ ընդունվել քրեական գործը կարճելու մասին որոշում` հանցագործության դեպքի, հանցակազմի բացակայության կամ հանցագործության կատարման մեջ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով:

դ) մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ծառայության անցած Հայաuտանի Հանրապետության դատախազության նախկին աշխատողների` Հայաuտանի Հանրապետության քրեական դատավարության oրենuգրքի 6-րդ հոդվածի 23-րդ, 25-րդ և 26-րդ կետերով նախատեuված պաշտոնատար անձանց պաշտոններում աշխատանքի ամբողջ ժամանակաշրջանը:

(1-ին կետը փոփ. 12.05.05 N 701-Ն, 02.02.06 N 69-Ն, լրաց. 11.06.09 N 641-Ն)

2. Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստացած զինծառայողների զինվորական ծառայության ստաժում արտոնյալ պայմաններով հաշվառվում են զինծառայության և այլ բնույթի գործունեության հետևյալ տեսակները`

մեկ ամսվա ծառայությունը 3 ամիս հաշվվելու պայմանով

 ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զինծառայությունը` հատուկ մարտական առաջադրանք կատարելու դեպքում,

բ) մարտական գործողություններ կամ հատուկ առաջադրանք կատարելիս վիրավորված, կոնտուզիա, հաշմանդամություն կամ հիվանդություն ստացած զինծառայողների անընդհատ բուժման ժամանակաշրջանը,

գ) զինծառայությունն Աֆղանստանում և այլ երկրների տարածքներում, որտեղ տեղի են ունեցել մարտական գործողություններ (բացի այն զինծառայողներից, որոնք արձակվել են զինծառայությունից կամ գործուղվել այդ պետություններից զինծառայողի կոչումը վարկաբեկող արարքների կապակցությամբ), ինչպես նաև այդ երկրներում վիրավորվելու, կոնտուզիա, հաշմանդամություն կամ հիվանդություն ստանալու կապակցությամբ բուժհիմնարկներում անընդհատ բուժման ժամանակաշրջանը,

դ) 1986 թվականի ապրիլից մինչև 1987 թվականի դեկտեմբերի 31-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին զինծառայողների մասնակցության ժամանակաշրջանը,

ե) անօրինական քրեական հետապնդման ենթարկված և անօրինական դատապարտված ու հետագայում արդարացված զինծառայողների` կալանքի տակ, ազատազրկման վայրերում և աքսորում գտնվելու ժամանակաշրջանը,

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում.

մեկ ամսվա ծառայությունը 2 ամիս հաշվվելու պայմանով`

ա) զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումների օդաչուների ծառայությունը` թռիչքների տարեկան նորմերի կատարման դեպքում (նորմերը հաստատվում են համապատասխան մարմինների կողմից),

բ) գերության ժամանակաշրջանը, եթե զինծառայողը կամավոր չի գերվել և գերության ընթացքում հանցագործություն չի կատարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ,

գ) 1961 թվականի հունվարի 1-ից մինչև 1982 թվականի դեկտեմբերի 31-ը զինվորական մասնագետների (բացի օդաչուներից) այն երկրներ գործուղման ժամանակաշրջանը, որոնց բանակները մարտական գործողություններ են կատարել կամ ռազմական օգնություն են ցույց տվել այլ երկրների (անկախ այդ մարտական գործողություններին նշված զինծառայողների մասնակցությունից),

դ) բարձր լեռնային վայրերում` 1976 թվականի հունվարի 1-ից սկսած` ծովի մակերևույթից 2500 մետր և ավելի, իսկ 1997 թվականի օգոստոսի 11-ից` 2000 մետր և ավելի բարձրության, զինծառայությունը,

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում.

մեկ ամսվա ծառայությունը 1,5 ամիս հաշվվելու պայմանով`

ա) պարաշյուտիստների ծառայությունը` համապատասխան մարմինների կողմից թռիչքների տարեկան նորմերի կատարման դեպքում, և սակրավորների ծառայությունը,

բ) հատուկ ստորաբաժանումներում զինծառայող կանանց ծառայությունը` համապատասխան մարմինների կողմից սահմանված պաշտոնների ցանկի համաձայն,

գ) զինծառայությունը արտակարգ դրություն հայտարարված տարածքներում,

դ) զինծառայությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում` 1992 թվականի փետրվարի 1-ից մինչև 1994 թվականի մայիսի 1-ը,

ե) լեռնային վայրերում` 1973 թվականի ապրիլի 1-ից սկսած` ծովի մակերևույթից 1500 մետր և ավելի, իսկ 1998 թվականի նոյեմբերի 30-ից` 1700-2000 մետր բարձրության, զինծառայությունը,

զ) 1988 թվականի հունվարի 1-ից մինչև 1990 թվականի դեկտեմբերի 1-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին զինծառայողների մասնակցության ժամանակաշրջանը,

է) Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ղեկավարների կողմից որոշված այն ժամանակաշրջանը, որի ընթացքում զինծառայողները մասնակցել են զանգվածային անկարգությունների հետ կապված արտակարգ պայմաններում հասարակական կարգի պահպանմանը և պետական ապահովության ապահովմանը,

է1) զինծառայությունն ազգային անվտանգության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի «Ա» ստորաբաժանումում,

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

մեկ ամսվա այլ բնույթի գործունեությունը` մեկ ամիս զինվորական ծառայություն հաշվելու պայմանով`

ա) մինչև զինվորական ծառայության անցնելը նախկին ԽՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի և քաղաքացիական ավիացիայի համակարգերում օդաչուական և ինժեներատեխնիկական անձնակազմի աշխատանքային ստաժը,

բ) Հայաստանի Հանրապետության զինված ուժեր զորակոչված, սպայական կոչում ստացած և սպայական պաշտոնում ոչ պակաս 5 տարի ծառայություն անցած սպաների` Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում և ասպիրանտուրայում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով սովորելու ժամանակաշրջանը.

մեկ տարվա այլ բնույթի գործունեությունը` 6 ամիս զինվորական ծառայություն հաշվելու պայմանով`

ա) մինչև զինվորական ծառայության անցնելը պահեստից զորակոչված սպայական անձնակազմի` բարձրագույն ուսումնական հաստատություններում մինչև 5 տարի առկա ուսուցման ժամանակաշրջանը,

բ) Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով սովորած, Հայաստանի Հանրապետության զինված ուժեր զորակոչված, սպայական կոչում ստացած ու սպայական պաշտոնում ոչ պակաս 5 տարի ծառայություն անցած զինծառայողների ուսման ժամանակաշրջանը:

(2-րդ կետը փոփ. 28.06.01 N 571, 12.05.05 N 701-Ն, լրաց. 02.03.06 N 232)

 

Ծանոթագրություն:

Զինծառայողների զինվորական ծառայության ստաժի համար սահմանված հավելումների հաշվարկման և առողջության, տարիքի, ժամկետը լրանալու, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակվելու, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում զինծառայողներին տրվող դրամական օգնության համար զինծառայության ստաժում հաշվառվում է սույն կարգի 1-ին կետի «ա», «բ», «դ» և «ե» ենթակետերով սահմանված զինծառայությունը, ինչպես նաև մեկ ամսվա ծառայությունը 2 ամիս հաշվելու պայմանով զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումների օդաչուների ծառայությունը` թռիչքների տարեկան նորմերի կատարման դեպքում:
(ծանոթագրությունը փոփ. 28.06.01 N 571)

 

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2000 թվականի

նոյեմբերի 27-ի N 778 որոշման

(համարակալումը փոփ. 20.12.12 N 1627-Ն)

 

Կ Ա Ր Գ

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` համապատասխան մարմիններ) համակարգերի զինծառայողների և քաղաքացիական ծառայողների կողմից վարձակալված բնակելի տարածությունների դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է համապատասխան մարմինների համակարգերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց (ներառյալ կադրերի տրամադրության տակ գտնվող զինծառայողները և քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք) ու նրանց ընտանիքների անդամների վրա:

3. Սույն կարգի համաձայն համապատասխան մարմինների համակարգերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց (այսուհետ` շահառու) ընտանիքի անդամ են համարվում՝

1) ամուսինը և 18 տարին չլրացած երեխաները.

2) համատեղ բնակվող` անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև համատեղ բնակվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը:

4. Սույն կարգի համաձայն վարձակալված բնակելի տարածությունների դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունք ունեն այն շահառուները, ովքեր ծառայության անցկացման վայրում չեն ապահովվել ծառայողական բնակելի տարածությունով և ծառայության անցկացման վայրի վարչական տարածքի ու շահառուի մշտական բնակության հաշվառման կամ սեփականության իրավունքով բնակելի տարածության գտնվելու վայրի վարչական տարածքի հեռավորությունը կազմում է 30 և ավելի կիլոմետր: Սույն կետի համաձայն Հայաստանի Հանրապետության վարչական տարածքների միջև հեռավորությունների մասին տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` համապատասխան մարմնի հարցման հիման վրա:

5. Շահառուն չի օգտվում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքից`

1) ծառայության անցկացման վայրի վարչական տարածքում մշտական բնակության հաշվառում կամ սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու և տվյալ վայրում ծառայության ընթացքում մշտական բնակության հաշվառման վայրը փոխելու կամ բնակելի տարածության սեփականության իրավունքն օտարելու դեպքում.

2) շահառուի ընտանիքի անդամի կողմից շահառուի ծառայության անցկացման վայրի վարչական տարածքից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ միանձնյա սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու դեպքում:

6. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարվում է յուրաքանչյուր ամիս` բնակելի տարածության վարձակալության պայմանագրում նշված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան`

1) Երևան քաղաքում` մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 45000 դրամ, 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 67500 դրամ.

2) այլ քաղաքներում` մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 24000 դրամ, 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 36000 դրամ.

3) այլ բնակավայրերում` մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 15000 դրամ, 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 22500 դրամ:

7. Սույն կարգի համաձայն շահառու անձանց բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու գործընթացն ապահովելու նպատակով համապատասխան մարմնում ստեղծվում է կենտրոնական բնակարանային հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով), որի անհատական կազմը և աշխատակարգը հաստատում է համապատասխան մարմնի ղեկավարը: Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան երկու ամիսը մեկ անգամ: Նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Յուրաքանչյուր նիստ արձանագրվում է: Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և նիստին ներկա հանձնաժողովի անդամները:

8. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու նպատակով շահառուն իր ծառայության վայրի զորամասի հրամանատարի (կադրերի տրամադրության տակ գտնվելու կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված լինելու դեպքում` կադրային մարմնի ղեկավարի) միջնորդագրով հանձնաժողով է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում.

2) տվյալ զորամասում ծառայության նշանակվելու (կադրերի տրամադրության տակ թողնվելու կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցվելու) հրամանի պատճենը և ծառայության մեջ գտնվելու մասին տեղեկանք՝ զորամասից (կադրային մարմնից).

3) տեղեկանք՝ զորամասից (կադրային մարմնից) շահառուի ընտանիքի կազմի մասին` նշելով վարձակալված բնակելի տարածությունում նրա հետ բնակվող անձանց անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան թիվը, ազգակցական կապը, ուսման վայրը (համաձայն N 1 ձևի): Եթե զինծառայողն ամուսնացած չէ, ապա տեղեկանքով հաստատվում է միայն վարձակալությամբ բնակվելու հանգամանքը` նշելով վարձակալված բնակելի տարածության հասցեն.

4) վարձակալված բնակելի տարածությունում շահառուի հետ բնակվող անձանց ուսման վայրից տեղեկանք.

5) վարձակալված բնակելի տարածությունում շահառուի հետ բնակվող անձանց հաշմանդամությունը կամ անգործունակությունը (եթե այդպիսիք առկա են) հաստատող փաստաթղթի պատճենը.

6) շահառուի և վարձակալված բնակելի տարածությունում նրա հետ բնակվող չափահաս անձանց անձնագրերի պատճենները` հաշվառման էջով, ամուսնության վկայականի և անչափահաս անձանց ծննդյան վկայականների պատճենները` հաստատված զորամասի հրամանատարի (կադրային մարմնի ղեկավարի) կողմից.

7) տեղեկանք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ցանկացած սպասարկման գրասենյակից` ծառայության անցկացման վայրի վարչական տարածքում շահառուի և նրա հետ բնակվող չափահաս անձանց սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու մասին.

8) տեղեկանք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումից` շահառուի կողմից բնակելի տարածության վարձակալության և վարձավճարի չափի մասին (համաձայն N 2 ձևի):

9. Սույն կարգի 8-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերով նախատեսված տեղեկանքները հիմք են ընդունվում ոչ ավելի, քան երկու ամիս վաղեմության ժամկետ ունենալու դեպքում:

10. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու դիմումը մերժվում է, եթե շահառուի բնակարանային պայմանները չեն բավարարում սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերի պահանջները: Սույն կարգի 8-րդ կետում նախատեսված փաստաթղթերը թերի ներկայացվելու դեպքում շահառուին գրավոր առաջարկվում է 15-օրյա ժամկետում լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվելու դեպքում դիմումը մերժվում է:

11. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարվում է սույն կարգով սահմանված պահանջները բավարարող շահառուի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողով մուտք լինելու ամսվա 1-ից սկսած:

12. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման չափը կարող է փոփոխվել շահառուի դիմումի հիման վրա կամ հանձնաժողովի նախաձեռնությամբ` շահառուի ընտանիքի անդամների թվի ավելանալու կամ նվազելու դեպքում` հաշվի առնելով սույն կարգի 3-րդ և 6-րդ կետերի պահանջները:

13. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստացող և օրենքով սահմանված կարգով կադրերի տրամադրության տակ թողնված կամ կադրերի ռեզերվում գրանցված շահառուին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարվում է կադրերի տրամադրության տակ թողնելու կամ կադրերի ռեզերվում գրանցելու՝ օրենքով սահմանված ամբողջ ժամկետի ընթացքում՝ բացառությամբ շահառուի կողմից օտարերկրյա պետություն ուսման կամ ծառայության գործուղվելիս, եթե շահառուն չունի ընտանիք կամ շահառուի հետ օտարերկրյա պետություն է մեկնում նաև նրա ընտանիքը, որի դեպքում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը դադարեցվում է:

14. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքը շարունակելու համար շահառուն պարտավոր է յուրաքանչյուր տարվա մինչև փետրվարի 15-ը իր ծառայության վայրի զորամաս (կադրային մարմին) ներկայացնել սույն կարգի 8-րդ կետի 8-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքը: Նշված ժամկետի ընթացքում տեղեկանք չներկայացվելու դեպքում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը դադարեցվում է, և տվյալ տարվա հունվար ամսվա ընթացքում վճարված փոխհատուցման գումարը ենթակա է վերադարձման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

 

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Տրվում է զինծառայող/քաղծառայող ———————————- այն մասին, որ նա ընտանիքի —— անձով վարձակալության իրավունքով բնակվում է —————- քաղաքի (համայնքի) ——————————————————————————— հասցեում:

Նշված հասցեում նրա հետ համատեղ բնակվում են՝

 

Ազգանունը, անունը,
հայրանունը

Ազգակցական
կապը

Ծննդյան
թիվը

Ուսման
վայրը

       
       

 

Զորամասի հրամանատար (կադրային մարմնի ղեկավար) ________________

____________________________________

 (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.  

 

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Տրվում է ——————————————այն մասին, որ ներկայացված անշարժ

                (զինծառայողը/քաղծառայողը)

գույքի վարձակալության պայմանագրի համաձայն վարձակալական հիմունքներով

բնակվում է ———————————————- հասցեում` —————————

(քաղաքը (համայնքը)

(պայմանագրի

———————————————————————- -ից:

      կնքման օրը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)

 

Վարձավճարի չափը կազմում է ————————- դրամ:

 

Տրվում է ներկայացնելու ———————————————————————-:

(համապատասխան մարմնի անվանումը)

_____________________________________________________________

(ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի

տարածքային ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը, անունը, ազգանունը)

_____________________________________________________________

(տեղեկանքի համարը, տալու օրը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)

 

Կ.Տ.

(հավելվածը լրաց. 30.08.12 N 1138-Ն, փոփ. 20.12.12 N 1627-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2000 թվականի

նոյեմբերի 27-ի N 778 որոշման

 

Քրեակատարողական ծառայության պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցներ 

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ

Գործակիցներ

1. Բարձրագույն խմբի պաշտոններ

քրեակատարողական վարչության պետ

4.38

քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ, քրեակատարողական վարչության պետի տեղակալ

4.00

2. Գլխավոր խմբի պաշտոններ

քրեակատարողական հիմնարկի պետ, քրեակատարողական վարչության բաժնի պետ, քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ

3.78

քրեակատարողական վարչության բաժնի պետի տեղակալ

3.30

քրեակատարողական վարչության բաժանմունքի պետ

3.10

3. Առաջատար խմբի պաշտոններ

քրեակատարողական վարչության գլխավոր մասնագետ

2.81

քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ, քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ

2.41

քրեակատարողական հիմնարկի բաժանմունքի պետ,

2.31

քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետ, քրեակատարողական հիմնարկի խմբի ղեկավար

2.21

քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ

2.01

4. Միջին խմբի պաշտոններ

քրեակատարողական վարչության առաջատար մասնագետ, քրեակատարողական վարչության առաջին կարգի մասնագետ

2.01

քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ

1.91

քրեակատարողական հիմնարկի առաջին կարգի մասնագետ

1.81

5. Կրտսեր խմբի պաշտոններ

քրեակատարողական վարչության երկրորդ կարգի մասնագետ

1.34

քրեակատարողական վարչության երրորդ կարգի մասնագետ

1.25

քրեակատարողական հիմնարկի երկրորդ կարգի մասնագետ

1.16

քրեակատարողական հիմնարկի երրորդ կարգի մասնագետ

1.08

քրեակատարողական հիմնարկի կրտսեր մասնագետ

1.00

 

(հավելվածը լրաց. 20.12.12 N 1627-Ն)

 

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2000 թվականի

նոյեմբերի 27-ի N 778 որոշման

 

Քրեակատարողական ծառայության կոչումների հաշվարկման գործակիցներ

 

Ծառայության կոչումը

Գործակիցներ

Արդարադատության գեներալ-լեյտենանտ

2.6

Արդարադատության գեներալ-մայոր

2.2

Արդարադատության գնդապետ

1.8

Արդարադատության փոխգնդապետ

1.7

Արդարադատության մայոր

1.4

Արդարադատության կապիտան

1.3

Արդարադատության ավագ լեյտենանտ

1.2

Արդարադատության լեյտենանտ

1.1

Արդարադատության ավագ ենթասպա

0.8

Արդարադատության ենթասպա

0.7

Արդարադատության ավագ

0.6

Արդարադատության ավագ սերժանտ

0.5

Արդարադատության սերժանտ

0.4

Արդարադատության կրտսեր սերժանտ

0.3

(հավելվածը լրաց. 20.12.12 N 1627-Ն)