«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 դեկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012445
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
27 նոյեմբերի 2012 թ. |
թիվ 331-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 129-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋԻՑ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի ԹԻՎ 125-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով վերացնել կարգավորվող շուկայում թույլատրված արժեթղթերով կարգավորվող շուկայից դուրս գործարքներ իրականացնելու հետ կապված որոշ սահմանափակումներ, որը չի հանգեցնի ներդրողների շահերի վտանգմանը և հաշվի առնելով այն, որ մասնավոր գործարքների կողմերը նախապես հայտնի են,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 129-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 72-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Սահմանել, որ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 129-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի իմաստով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 129-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջից բացառություն կազմող մասնավոր գործարքներ են համարվում`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կնքվող գործարքները,
2) թողարկողի կողմից իր թողարկած արժեթղթերի հետգնման կամ ձեռքբերման գործարքները,
3) արժեթղթերը հանձնելու առաջարկի շրջանակներում բաժնային արժեթղթերով կատարվող գործարքները:
2. Սահմանել, որ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթուղթը թույլատրվում է վաճառել տվյալ շուկայից դուրս, եթե տվյալ գործարքը համապատասխանում է սույն որոշման պահանջներին:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 16-ի ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 129-րդ հոդվածի 3-րդ մասից բացառություն կազմող մասնավոր գործարքի մասին» թիվ 125-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. դեկտեմբերի 3 Երևան |