Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 292-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.01.18/4(944) Հոդ.333.2
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.11.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 դեկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012460

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

6 նոյեմբերի 2012 թ.

 թիվ 292-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ 73-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովագրական ընկերությունների չաշխատող ակտիվների գծով եկամուտների հաշվառումը համապատասխանեցնել Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտներին, կարգավորել արտահաշվեկշռային հաշիվներից ակտիվների դուրսգրման կարգը,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 25-ի ««Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը» կանոնակարգ 3/09-ը հաստատելու մասին» թիվ 73-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը» կանոնակարգ 3/09-ի (Կանոնակարգ 3/09) փոփոխությունները և լրացումները` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովագրական ընկերությունները արտահաշվեկշռից դուրս են գրում այն բոլոր ակտիվները և արժեթղթերը, որոնք համապատասխանաբար, բավարարում են սույն որոշմամբ հաստատված Հավելվածի 7-րդ կետով շարադրված 47-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով և Հավելվածի 12-րդ ենթակետով շարադրված 86-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված դուրսգրման հիմքերին, նույնիսկ եթե դուրսգրման հիմքերն առաջացել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. նոյեմբերի 8

Երևան

 

Հավելված

Հաստատված է

 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի նոյեմբերի 6-ի

թիվ 292-Ն որոշմամբ

Հաստատված է

 

ՀՀ ֆինանսների նախարարի

2012 թվականի դեկտեմբերի 7-ի

թիվ 1073-Ն հրամանով

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

------------------------ Արթուր Ջավադյան

8 նոյեմբերի 2012 թ.

ՀՀ ֆինանսների նախարար

------------------------- Վաչե Գաբրիելյան

7 դեկտեմբերի 2012 թ.

«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ»
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/09-Ի ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 

1. Կանոնակարգ 3/09-ը լրացնել 6.3 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«6.3 Կանոնակարգի իմաստով ակտիվի համախառն հաշվեկշռային արժեք է համարվում տվյալ ակտիվի գծով հաշվեկշռում գրանցված գումարը` ներառյալ նրանց գծով հաշվեգրած տոկոսները, տույժերը և տուգանքները, առանց նվազեցնելու տվյալ ակտիվի գծով ձևավորած հնարավոր կորուստների պահուստները:»:

2. Կանոնակարգ 3/09-ի 24-րդ կետը վերջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Եթե ակտիվի գծով վճարման ենթակա գումարից (հիմնական գումար, տոկոս և (կամ) տույժ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարվել միայն 1000 Հայաստանի Հանրապետությանը դրամը կամ դրան համարժեք արտարժույթը չգերազանցող գումար, ապա նշված չափով չվճարումը հիմք չի հանդիսանում ակտիվը չաշխատող համարելու և (կամ) ակտիվի դասը խստացնելու համար:»:

3. Կանոնակարգ 3/09-ի 31-րդ կետը լրացնել նոր նախադասություններով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հնարավոր կորուստների պահուստների դրույքաչափերը կիրառվում են ակտիվների համախառն հաշվեկշռային արժեքների նկատմամբ: Ընդ որում, արտարժույթով արտահայտված ակտիվի համախառն հաշվեկշռային արժեքի (այդ թվում` Հայաստանի Հանրապետության դրամով ստացման ենթակա տոկոսների, տույժերի և այլ գումարների) նկատմամբ կիրառվում է արտարժույթով արտահայտված ակտիվի համար սույն կարգով սահմանված միևնույն պահուստավորման դրույքաչափը:»:

4. Կանոնակարգ 3/09-ի 37-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, արտահաշվեկշռում ակտիվները շարունակվում են արտացոլվել այն արժեքով, որով կարտացոլվեին հաշվեկշռում հաշվառվելու դեպքում` առանց թղթակցելու համապարփակ եկամտի հաշիվների հետ:»։

5. Կանոնակարգ 3/09-ի 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«44. Արտահաշվեկշռային հաշիվներում հաշվառվող ակտիվների դիմաց վճարումը (փոխհատուցում) ստանալիս՝

1) հաշվեկշռում վերականգնվում է դուրս գրված ակտիվը կամ դրա մի մասը ակտիվի կամ դրա մի մասի` դուրսգրման պահի համախառն հաշվեկշռային արժեքի չափով թղթակցելով տվյալ ակտիվի հնարավոր կորուստների հատուկ պահուստի հաշվի հետ, իսկ ակտիվի գծով արտահաշվեկշռում արտացոլված գումարի և դուրսգրման պահի համախառն հաշվեկշռային արժեքի տարբերության չափով թղթակցելով տոկոսների և/կամ տույժերի և տուգանքների տեսքով ստացվող եկամուտների արտացոլման համար նախատեսված համապատասխան հաշիվների հետ: Միևնույն ժամանակ, եթե արտարժութային ակտիվի կամ դրա մի մասի գծով դուրսգրման և վերականգնման պահերին առկա է վերագնահատումից տարբերություն, ապա վերջինս ուղղվում է արտարժույթի փոխարժեքային տարբերություններից ծախսերի կամ եկամուտների հաշիվներին,

2) վերականգնված ակտիվը կամ դրա մի մասը մարվում է` թղթակցելով դրամական միջոցների կամ համապատասխան այլ ակտիվի հաշվի հետ, իսկ պահուստը ճշգրտվում է` թղթակցելով վերականգնումից եկամուտների համապատասխան հաշիվների հետ:»:

6. Կանոնակարգ 3/09-ի 45-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

7. Կանոնակարգ 3/09-ի 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«47. Արտահաշվեկշռում հաշվառվող ակտիվները (կամ դրանց մի մասը) դուրս են գրվում արտահաշվեկշռային հաշիվներից.

1) Ընկերության կողմից ակտիվը (կամ դրա մի մասը) զիջելու (կամ ներելու) դեպքում,

2) ակտիվի (կամ դրանց մի մասի) նկատմամբ պահանջի իրավունքի` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վաղեմության ժամկետը լրանալու դեպքում,

3) փոխառուի (պարտապանի)` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լուծարվելու դեպքում,

4) ֆիզիկական անձ փոխառուների (պարտապանների) մահանալու դեպքում, եթե ժառանգության կարգով անձի պարտավորությունները չեն փոխանցվում այլ անձանց,

5) ֆիզիկական անձ փոխառուների (պարտապանների)` օրենքով սահմանված կարգով սնանկ ճանաչվելու դեպքում այն պարտավորությունների մասով, որոնցով ֆիզիկական անձի սնանկության գործն ավարտվել է պարտավորությունների կատարումից ազատելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով:»:

8. Կանոնակարգ 3/09-ի 48-րդ կետում «և տոկոսների (կամ դրանց մի մասի)» բառերը փոխարինել «(կամ դրա մի մասի)» բառերով:

9. Կանոնակարգ 3/09-ը լրացնել 51.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«51.1. Սույն կարգի 49-րդ և 51-րդ կետերի համաձայն՝ շահութահարկի հաշվարկման նպատակով ապահովագրական ընկերության հաշվետու ժամանակաշրջանի հարկվող եկամուտն ավելանում է արտահաշվեկշռում հաշվառվող ակտիվի այն գումարի չափով, որով ակտիվը (ներառյալ՝ տոկոսները, տույժերը և տուգանքները) դուրս է գրվել հաշվեկշռից:»:

10. Կանոնակարգ 3/09-ի 63-րդ կետում «չափերով» բառը փոխարինել «դրույքաչափերը կիրառելով արժեթղթերի համախառն հաշվեկշռային արժեքների նկատմամբ» բառերով:

11. Կանոնակարգ 3/09-ի 78-րդ կետը «չափով» բառից հետո լրացնել «և շարունակում են հաշվառվել արտահաշվեկշռային համապատասխան հաշիվներում: Ընդ որում, արտահաշվեկշռում արժեթղթերը շարունակվում են արտացոլվել այն արժեքով, որով կարտացոլվեին հաշվեկշռում հաշվառվելու դեպքում` առանց թղթակցելու համապարփակ եկամտի հաշիվների հետ:» բառերով:

12. Կանոնակարգ 3/09-ի 84-րդ կետի 1-ին ենթակետում «թղթակցելով համապատասխան պահուստի հաշվի հետ» բառերը փոխարինել «արժեթղթի կամ դրա մի մասի` դուրսգրման պահի համախառն հաշվեկշռային արժեքի չափով թղթակցելով տվյալ արժեթղթի հնարավոր կորուստների պահուստի հաշվի հետ, իսկ արժեթղթի գծով արտահաշվեկշռում արտացոլված գումարի և դուրսգրման պահի համախառն հաշվեկշռային արժեքի տարբերության չափով թղթակցելով տոկոսների և/կամ տույժերի և տուգանքների գծով եկամուտների արտացոլման համար նախատեսված համապատասխան հաշիվների հետ: Միևնույն ժամանակ, եթե արտարժութային արժեթղթի կամ դրա մի մասի գծով դուրսգրման և վերականգնման պահերին առկա է վերագնահատումից տարբերություն, ապա վերջինս ուղղվում է արտարժույթի փոխարժեքային տարբերություններից ծախսերի կամ եկամուտների հաշիվներին» բառերով:

13. Կանոնակարգ 3/09-ի 86-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«86. Արտահաշվեկշռում հաշվառվող արժեթղթերը (կամ դրանց մի մասը) դուրս են գրվում արտահաշվեկշռային հաշիվներից.

1) Ապահովագրական ընկերության կողմից արժեթուղթը (կամ դրա մի մասը) զիջելու (կամ ներելու) դեպքում,

2) արժեթղթերի (կամ դրանց մի մասի) նկատմամբ պահանջի իրավունքի` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վաղեմության ժամկետը լրանալու դեպքում,

3) փոխառուի (պարտապանի)` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լուծարվելու դեպքում,

4) ֆիզիկական անձ փոխառուների (պարտապանների) մահանալու դեպքում, եթե ժառանգության կարգով անձի պարտավորությունները չեն փոխանցվում այլ անձանց,

5) ֆիզիկական անձ փոխառուների (պարտապանների)` օրենքով սահմանված կարգով սնանկ ճանաչվելու դեպքում այն պարտավորությունների մասով, որոնցով ֆիզիկական անձի սնանկության գործն ավարտվել է պարտավորությունների կատարումից ազատելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով:»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան