Գլխավոր տեղեկություն
Համար
N 1594-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.01.2013-23.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.26/64(938) Հոդ.1376
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2012 թվականի N 1594-Ն

 

ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՓԱՍՏԱՑԻ ԱՅԼ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի այլ կորուստների չափերը սահմանելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 21

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1594-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՓԱՍՏԱՑԻ ԱՅԼ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 21-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի այլ կորուստների չափերի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի դրույթները չեն վերաբերվում օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բնական կորուստներին, օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում առաջացած կորուստներին (այդ թվում՝ ստանդարտների, տեխնիկական պայմանների, տեխնիկական շահագործման և պահպանման կանոնների պահանջների խախտման հետևանքով առաջացած կորուստներին) և օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պատահական կորուստներին:

3. Սույն կարգի դրույթները չեն վերաբերվում նաև օրենսդրությամբ կամ հարկ վճարողի կողմից հաստատված նորմաների սահմաններում նյութական ծախսերին վերագրվող տեխնոլոգիական կորուստներին, խոտանից կորուստներին և թափոններին (այսուհետ՝ նյութածախսի կորուստներ)` բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետի: Ընդ որում, այն դեպքերում, երբ օրենսդրությամբ կամ հարկ վճարողի կողմից՝

1) հաստատված չեն նյութածախսի կորուստների նորմաները, ապա նյութածախսի փաստացի կորուստները վերագրվում են փաստացի այլ կորուստներին.

2) հաստատված են նյութածախսի կորուստների նորմաները, ապա այդ նորմաներից ավելի կրած փաստացի կորուստները չեն վերագրվում փաստացի այլ կորուստներին և համախառն եկամտից նվազեցման ենթակա չեն:

4. Փաստացի այլ կորուստները չեն վերաբերվում ոչ նյութական արժեքներին, անշարժ գույքին և ոչ ընթացիկ ակտիվներին, ինչպես նաև ակտիվների արժեզրկմանը կամ վերագնահատմանը:

5. Փաստացի այլ կորուստներն առաջանում են նաև՝

1) սննդամթերքի, դեղերի (դեղանյութերի) և օրգանական ծագում ունեցող այլ հումքի (նյութերի), ապրանքների (արտադրանքի) պիտանիության (օգտագործման) ժամկետը անցնելու դեպքում.

2) ժամանակի ընթացքում մաշվածության և (կամ) քայքայման արդյունքում օրգանական ծագում չունեցող նյութական այլ արժեքների (հումքի (նյութերի), ապրանքների (արտադրանքի) սպառման հատկանիշների անկման կամ կորստի դեպքում:

6. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում և 5-րդ կետում նշված փաստացի այլ կորուստների չափով, բայց ոչ ավելի, քան համախառն եկամտի 1 տոկոսը (տարեկան):

7. Նյութածախսի կորուստները համախառն եկամտից նվազեցվում են, եթե`

1) սկզբնական, հաշվառման փաստաթղթերով և (կամ) սահմանված կարգով իրականացված գույքագրման արդյունքներով հիմնավորվում է, որ փաստաթղթերով հաշվառված նյութական արժեքների մնացորդները գերազանցում են փաստացի դրանց մնացորդները, և այդ նյութածախսի կորուստները պայմանավորված են տեխնոլոգիական պրոցեսներով: Սույն ենթակետում նշված նյութածախսի կորուստները`

ա. վերաբերվում են տեխնոլոգիական կորուստներին և նյութական արժեքների կոնկրետ տեսակների (հումք, նյութեր, կիսապատրաստուկներ, պատրաստի արտադրանք, ապրանքներ և այլն) համար որոշվում են առանձին-առանձին,

բ. հիմնավորվում են հարկ վճարողի և (կամ) այլ կազմակերպությունների (անհատ ձեռնարկատերերի), և (կամ) պետական մարմինների կողմից կազմված տեխնոլոգիական պրոցեսը բնութագրող փաստաթղթով և փաստացի կորստի չափն արձանագրող ակտով կամ արձանագրությամբ.

2) խոտանի, թափոնների առաջացումը պայմանավորված են տեխնոլոգիական պրոցեսներով և փաստաթղթավորվում են հարկ վճարողի և (կամ) այլ կազմակերպությունների (անհատ ձեռնարկատերերի), և (կամ) պետական մարմինների կողմից կազմված նյութական արժեքների թերությունները բնութագրող ակտով կամ արձանագրությամբ, որի հիման վրա կատարվում է այդ նյութական արժեքների դուրսգրումը:

8. Սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքերում փաստացի այլ կորուստները համախառն եկամտից նվազեցվում են, եթե նյութական արժեքները փաստացի ոչնչացվել են (հարկ վճարողի կամ այլ կազմակերպությունների կողմից) կամ որպես երկրորդական հումք (մակուլատուրա, մետաղի ջարդոն և այլն) հանձնվել են այլ կազմակերպություններին (անհատ ձեռնարկատերերին, պետական մարմիններին):

9. Սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքերում փաստացի այլ կորուստները փաստաթղթավորվում են`

1) հարկ վճարողի և (կամ) այլ կազմակերպությունների (անհատ ձեռնարկատերերի), և (կամ) պետական մարմինների կողմից կազմված նյութական արժեքների թերությունները բնութագրող ակտով կամ արձանագրությամբ, որի հիման վրա կատարվում է այդ նյութական արժեքների դուրսգրումը, և`

2) դուրսգրման ենթակա և (կամ) դուրս գրված նյութական արժեքների`

ա. ոչնչացման մասին հարկ վճարողի կողմից կազմված ակտի կամ արձանագրությամբ, եթե նյութական արժեքների ոչնչացումը կատարվել է հարկ վճարողի կողմից ինքնուրույն, կամ`

բ. ոչնչացման մասին հարկ վճարողի և այլ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կամ պետական մարմնի կողմից կազմված ակտի կամ արձանագրությամբ, եթե նյութական արժեքների ոչնչացումը կատարվել է այլ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կամ պետական մարմնի մասնակցությամբ, կամ`

գ. հանձնման-ընդունման ակտով կամ հաշիվ-ապրանքագրով, եթե նյութական արժեքները հանձնվել են այլ կազմակերպությանը (անհատ ձեռնարկատիրոջը) կամ պետական մարմնին:

10. Սույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքերում նյութական արժեքների ոչնչացման փաստաթղթերում նշվում են`

1) նյութական արժեքների ոչնչացման օրը, ամիսը և տարեթիվը.

2) նյութական արժեքների ոչնչացման վայրը.

3) նյութական արժեքների ոչնչացման ձևը.

4) ոչնչացված նյութական արժեքների անվանումը.

5) ոչնչացված նյութական արժեքների քանակը.

6) ոչնչացված նյութական արժեքների արժեքը.

7) նյութական արժեքների ոչնչացմանը մասնակցող անձանց անունը, ազգանունը և ստորագրությունը:

11. Սույն կարգի 7-րդ և 9-րդ կետերում նշված դեպքերում փաստաթղթերը (ակտ կամ արձանագրություն, հանձնման-ընդունման ակտ կամ հաշիվ-ապրանքագիր) ստորագրվում են հարկ վճարողի, այլ կազմակերպությունների (անհատ ձեռնարկատերերի) կամ պետական մարմինների ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի (իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` այդ անհատ ձեռնարկատերի) և (կամ) նրա կողմից լիազորված (գրավոր կամ ի պաշտոնե) անձի (անձերի) կողմից:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան