Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1061
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.26/64(938) Հոդ.1357
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
14.12.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2012

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

14 դեկտեմբերի 2012 թ.

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ (22.12.2010Թ. ՀՕ-243-Ն) 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ, 29-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ, 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ, 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներ` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներ Ա. Վարդևանյանի, Հ. Աբգարյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ս. Համբարձումյանի, նույն բաժնի առաջատար մասնագետ Հ. Սարդարյանի,

գործով սահմանադրական դատարանի նիստին հրավիրված՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Ս. Սաիյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22.12.2010թ. ՀՕ-243-Ն) 14-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության, 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 28.08.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, ՀՀ կառավարության ներկայացուցչի պարզաբանումները, հետազոտելով «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին և ուժի մեջ է մտել 2011 թվականի հունվարի 1-ից:

Հիշյալ օրենքի՝ դիմողի կողմից վիճարկվող իրավակարգավորումները նախատեսող 14-րդ, 29-րդ, 36-րդ և 38-րդ հոդվածների հետևյալ դրույթներում սահմանվում են.

- «Մասնակի կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը» վերտառությամբ 14-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունում՝

«Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվարկվում».

- «Աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածները» վերտառությամբ 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում՝

«6) ուսումնական հաստատություններում, բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների, առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը՝ վեց տարուց ոչ ավելի».

- «Չվճարված կենսաթոշակի գումարը վճարելը» վերտառությամբ 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում՝

«Եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել».

- «Կենսաթոշակը վերահաշվարկելը» վերտառությամբ 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում՝

«1) փոխվել է հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ տվյալ ամսվա 1-ից.

2) տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո առնվազն վեց ամիս աշխատած լինելու մասին տեղեկանք՝ դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից»:

Օրենքի 36-րդ և 38-րդ հոդվածների վերոհիշյալ դրույթները գործող խմբագրությամբ նախատեսվել են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2012 թվականի մարտի 19-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով (ՀՕ-100-Ն):

 

2. Դիմողը, հիմք ընդունելով անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձության անթույլատրելիության վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված սկզբունքը, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի 15.01.2008թ. ՍԴՈ-723 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մարմինների կողմից վեճի առարկա նորմերի կիրառմանը հետադարձության ուժ է հաղորդվել, ինչը հանգեցրել է մարդկանց իրավունքների խախտման:

Ըստ դիմողի /բառացի մեջբերում/` «Վերոնշյալ դրույթների վերլուծությունից բխում է, որ սույն դրույթները անձի իրավական վիճակը վատթարացնող բնույթ են հետևաբար հետադարձ ուժ չունեն, սակայն գրանցվել են դեպքեր, երբ դրանց կիրառման բնագավառում ձևավորված իրավակիրառ պրակտիկայում այդ դրույթներին տրվել է հետադարձ ուժ»:

Ինքնին չվիճարկելով առկա իրավակարգավորման իրավաչափությունը և սահմանադրականությունը` դիմողը գտնում է, որ գործադիր իշխանության մարմինների պրակտիկան` այդ դրույթների կիրառման առումով, այնպիսին է, որ հանգեցրել է կենսաթոշակառուների իրավական վիճակի վատթարացման: Ուստի, ըստ դիմողի, վեճի առարկա նորմերի սահմանադրականության խնդիրը պայմանավորված է կիրառման փուլում դրանց հաղորդված բովանդակությամբ, քանի որ դրանք կիրառվել են հետադարձ ուժով, տարածվել են «... օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում ծագած իրավահարաբերությունների վրա», ինչն իրավաչափ չէ, չի բխում ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված դրույթի պահանջից: Դատաքննության ընթացքում իր բացատրությունները ներկայացնելիս դիմող կողմի ներկայացուցիչը շեշտեց, որ «... Վերոնշյալ դրույթների բնույթի Սահմանադրության համապատասխանության հարցը մեր կողմից չի բարձրացվում, քանի որ դրանք հանդիսանում են պետության կողմից որդեգրած կենսաթոշակային քաղաքականության արդյունք: Սակայն վերոնշյալ գործող և նախկինում նախատեսված դրույթների համեմատական վերլուծությունից բխում է, որ գործող դրույթները անձի իրավական վիճակը վատթարացնող բնույթ ունեն, ուստի հետադարձ ուժ չեն կարող ունենալ», ինչը, ըստ դիմողի, պրակտիկայում չի երաշխավորվել:

 Որպես վեճի առարկա նորմերի հետադարձ ուժով կիրառման փաստարկ դիմողը վկայակոչում է այն հանգամանքը, որ, օրինակ, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ գործող օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ, ինչպես նաև 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված վեճի առարկա դրույթները 2002թ. ընդունված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՕ-591-Ն ՀՀ օրենքով նախատեսված չեն եղել:

 «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածը մինչև 2012թ. մարտի 19-ի ՀՕ-100-Ն օրենքով փոփոխությունները, ինչպես փաստում է դիմողը, նախատեսում էր չվճարված կենսաթոշակի գումարի վճարում՝ դիմելու ամսվան նախորդող երեք տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել, մինչդեռ փոփոխությունների արդյունքում այդ ժամանակահատվածը սահմանվել է մեկ տարի, որով, ըստ դիմողի, խախտվում է անձի՝ նախկին օրենսդրությամբ սահմանված երեք տարվա համար վճարվող կենսաթոշակի իրավունքը և չի երաշխավորվում նրա լեգիտիմ ակնկալիքները:

Գործող օրենքի` կենսաթոշակի վերահաշվարկմանը վերաբերող 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում նախատեսված իրավակարգավորումը վկայակոչելով` դիմողը գտնում է, որ արտոնյալ պայմաններով աշխատանքային ստաժի հաշվարկման կարգ նախատեսված չլինելը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի 15.01.2008թ. ՍԴՈ-723 որոշման պահանջներին, ինչպես նաև անձին զրկում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ նախկին օրենքով սահմանված՝ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի վերահաշվարկի իրավունքից:

Իր փաստարկները հիմնավորելու համար դիմող կողմը սահմանադրական դատարան է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունից ստացված գրությունների պատճեններ:

 

3. Պատասխանող կողմը գտնում է, որ «Անձի իրավական վիճակի վատթարացման կամ խստացման ձևերն օրենքում չեն արտահայտվում: Դրանք ճանաչվում են որպես այդպիսին դատական պրակտիկայում, մասնավորապես՝ իրավակիրառական պրակտիկայում և պահանջում են սահմանադրական՝ Սահմանադրության տառին և ոգուն համապատասխան մեկնաբանություն»: Հաշվի առնելով վերոգրյալը` պատասխանող կողմը կարծում է, որ վիճարկվող նորմերն ինքնին սահմանադրականության խնդիր չեն առաջացնում:

Ժխտելով վիճարկվող նորմերը հետադարձությամբ կիրառելու փաստը, շեշտելով, որ առկա չէ նման դատական պրակտիկա, պատասխանող կողմը գտնում է, որ այդպիսի կիրառման բացառմանն է կոչված «Պետական կենսաթոշակների մասին» 2010թ. ընդունված ՀՀ օրենքի «Անցումային դրույթների» 55-րդ հոդվածը: Որպես լրացուցիչ փաստարկ պատասխանող կողմը վկայակոչում է նաև «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշումը:

Անդրադառնալով վեճի առարկա առանձին դրույթների վերաբերյալ դիմողի փաստարկներին` պատասխանողը գտնում է, որ, մասնավորապես` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ գործող օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ, ինչպես նաև 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված վեճի առարկա դրույթները ոչ թե առաջին անգամ ամրագրվել են սույն օրենքում, այլ նախատեսվել են «Պետական կենսաթոշակների մասին» 2002թ. ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2008թ. դեկտեմբերի 26-ի ՀՕ-35-Ն ՀՀ օրենքով: Ուստի գործող օրենքի այդ դրույթներում հետադարձության խնդիր չէր կարող առաջանալ:

Այսուհանդերձ, պատասխանող կողմը գտնում է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում 2012թ. մարտին ՀՕ-100-Ն ՀՀ օրենքով կատարված փոփոխությունն այնքանով, որքանով անցումային դրույթներում նորմեր չի նախատեսում այն անձանց կենսաթոշակային իրավունքների ապահովման ուղղությամբ, ովքեր ՀՀ-ից մեկնել և վերադարձել են՝ պահպանելով ՀՀ օրենսդրության պահանջները, պրակտիկայում կարող է խնդիրներ առաջացնել այդ անձանց իրավունքների պաշտպանության առումով:

 

4. ՀՀ կառավարության ներկայացուցիչը, պատասխանելով սահմանադրական դատարանի հարցերին և ներկայացնելով կենսաթոշակային հարաբերությունների` սույն գործով վիճարկվող կարգավորումների և դրանց պրակտիկայի վերաբերյալ ՀՀ կառավարության տեսակետը, նշեց, որ վիճարկման առարկա նորմերի հետադարձ կիրառման մասին խոսք լինել չի կարող, քանի որ «Պետական կենսաթոշակների մասին» 2010թ. ընդունված ՀՀ օրենքի «Անցումային դրույթների» 55-րդ հոդվածի նորմերը նախատեսել են բավարար իրավակարգավորումներ անձանց իրավական վիճակի վատթարացումը բացառելու համար, հետևաբար, անձինք նաև համապատասխան դիմումների հիման վրա իրացրել են իրենց նախկին իրավունքները: Միաժամանակ, ՀՀ կառավարության ներկայացուցիչը նշեց, որ 2012 թվականի մայիսի 5-ից (ՀՕ-100-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից) մինչև սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ստացվել է չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու 2490 դիմում, որոնք, որպես կանոն, ներկայացվել են տարբեր ժամանակներում Հայաստանի Հանրապետությունից բացակայած ՀՀ քաղաքացիների կողմից:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածում առկա իրավակարգավորման և չվճարված կենսաթոշակի վճարման ժամկետի սահմանափակման վերաբերյալ օրենսդրական փոփոխության առնչությամբ ՀՀ կառավարության ներկայացուցիչը նշեց, որ այն պայմանավորված է եղել կենսաթոշակառուների հաշվառման համակարգի բարելավման, կենսաթոշակների վճարման բնագավառներում առկա չարաշահումները վերացնելու, բյուջետային միջոցներն արդյունավետ ծախսելու, ինչպես նաև ՀՀ-ում մշտապես բնակվող կենսաթոշակառուների իրավունքների պաշտպանության երաշխիքներն ամրապնդելու անհրաժեշտությամբ:

 

5. Անդրադառնալով վեճի առարկա իրավադրույթների առնչությամբ կողմերի փաստարկներին` ՀՀ սահմանադրական դատարանը նախ արձանագրում է, որ դիմող կողմը գործնականում չվիճարկելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-243-Ն) 14-րդ, 29-րդ, 36-րդ և 38-րդ հոդվածների՝ իր կողմից մատնանշված դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը, ներկայացրած հիմնավորումներով ըստ էության վիճարկում է դրանց կիրառման իրավաչափությունը` ելնելով իրավակիրառական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանություններից և իր եզրահանգումներից:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման դեպքում վերոհիշյալ նորմերի իրավաչափ կիրառման և դրա հետ ուղղակիորեն առնչվող անձանց իրավունքների պաշտպանության հարցերը կարող էին օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում ստանալ ընդհանուր իրավասության կամ վարչական դատարանում: Բանն այն է, որ վարչական մարմինն իրավասու չէ ի պաշտոնե մեկնաբանել օրենքի նորմը և ձևավորել լեգիտիմ իրավակիրառական պրակտիկա, դա բացառապես դատական իշխանության իրավասության շրջանակներում է: Գործում առկա չէ որևէ օրինակ, որ օրենքի նորմի հետադարձությամբ կիրառումը պայմանավորվել է դատարանի կողմից տվյալ նորմին տրված մեկնաբանությամբ: Դիմողի բոլոր փաստարկները վերաբերում են վարչական մարմնի գործողության իրավաչափության խնդրին:

Միաժամանակ, պարզելով, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ և 29-րդ հոդվածներում նախատեսված վիճարկվող իրավակարգավորումները սահմանվել և գործողության մեջ են դրվել «Պետական կենսաթոշակների մասին» դեռևս նախկին ՀՀ օրենքի (ՀՕ-519-Ն) փոփոխությունների արդյունքում (26.12.2008թ. ՀՕ-35-Ն օրենք), և հետագայում իրենց արտացոլումն են գտել «Պետական կենսաթոշակների մասին» 2010թ. ընդունված ՀՀ օրենքում, սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի կողմից այդ նորմերի հետադարձ ուժով կիրառման հանգամանքի շեշտադրումը` դրանց սահմանադրականության խնդրի առաջադրման առումով, հիմնավոր չէ: Ինչ վերաբերում է չորս տարուց ավելի գործող իրավանորմի ոչ իրավաչափ կիրառմանը վարչական մարմնի կողմից, ապա դա, ինչպես նշվեց, կարող էր քննության առարկա դառնալ համապատասխան իրավասությամբ օժտված ընդհանուր իրավասության կամ վարչական դատարանում` բացահայտելու համար նաև կոնկրետ գործի փաստական հանգամանքները:

Ելնելով վերոգրյալից` սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ և 29-րդ հոդվածների վերոհիշյալ իրավակարգավորումների մասով գործի վարույթը կարճելու հիմքեր:

 

6. Ինչ վերաբերում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ գործող օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում նախատեսված իրավակարգավորումների վիճարկմանը, ապա սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի կողմից մատնանշված նախկին իրավակարգավորումը, որը նախատեսված է եղել նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի 2-րդ պարբերությունում, դուրս է այդ հոդվածի գործող խմբագրությամբ 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի իրավակարգավորման շրջանակներից, և գործող օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը` դիմողի կողմից բերվող փաստարկների տեսանկյունից, չեն փոփոխվել, ինքնին սահմանադրականության խնդիր չեն հարուցում` ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան կիրառելու տեսանկյունից:

 

7. Սույն գործով սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում առանձին անդրադառնալ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-243-Ն) 36-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված իրավակարգավորման սահմանադրականության գնահատմանն այնքանով, որքանով փոփոխությունը կատարվել է 2012թ. մարտի 19-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-100-Ն ՀՀ օրենքով և առնչվում է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված սկզբունքի երաշխավորմանը:

Կենսաթոշակային ապահովության հետ կապված հարաբերությունների օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի, 48-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի և 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներից: ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությունից է բխում Հայաստանի Հանրապետության, որպես սոցիալական պետության, պարտականությունը պետական բյուջեի միջոցների հաշվին օրենքով սահմանված դեպքերում և կարգով անձանց պետական կենսաթոշակով ապահովելը: Այդ հարաբերությունների կարգավորմանն է կոչված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, որը 22.12.2010թ. ընդունվելով ՀՀ Ազգային ժողովի կողմից (ՀՕ-243-Ն), ենթարկվել է մի շարք փոփոխությունների՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով (ՀՕ-100-Ն):

Մինչև կենսաթոշակների մասին վերոհիշյալ օրենքի ընդունումը, պետական կենսաթոշակային հարաբերությունները կարգավորվել են 2002թ. նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով (ՀՕ-519-Ն), որը 2002-2010թթ. բազմաթիվ փոփոխություններից ու լրացումներից հետո ուժը կորցրել է 01.01.2011թ. (բացառությամբ 9-րդ գլխի, որն ուժը կորցնելու է 01.01.2013թ.՝ կապված կենսաթոշակային ապահովագրության համակարգում անհատական (անձնավորված) հաշվառման նախկին կարգի ժամանակավոր պահպանման անհրաժեշտության հետ):

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-243-Ն) 36-րդ հոդվածի փոփոխությամբ նախատեսված իրավակարգավորման բովանդակությունը ենթադրում է փոխադարձ իրավունքների ու պարտականությունների միասնության հիմքով կարգավորվող կենսաթոշակային իրավահարաբերություններ, որի շրջանակներում է պետությունը երաշխավորում ապահովել անձին (ՀՀ քաղաքացուն, ՀՀ երկքաղաքացուն, քաղաքացիություն չունեցող անձին, օտարերկրյա քաղաքացուն) չվճարված կենսաթոշակի գումարի վճարումը՝ որոշակի իրավապայմանների առկայության (կենսաթոշակառուի կողմից օրենքով նախատեսված պարտականությունների կատարման) դեպքում: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ օրենքը սահմանազատում է «կենսաթոշակի իրավունք» և «կենսաթոշակ ստանալու իրավունք» հասկացությունները: Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի` «Սույն օրենքով սահմանված պայմանները բավարարելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին, օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, եթե սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ»: Ընդ որում, կենսաթոշակի իրավունքի իրավաճանաչման համար օրենքի նույն հոդվածը նախատեսում է, որ առկա պետք է լինեն հետևյալ պայմանները.

- անձը պետք է կենսաթոշակ ստանալու իրավունք ունենա,

- օրենսդրությամբ սահմանված կարգով դիմի իրավասու պետական մարմնին,

- Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունենա և բնակվի Հայաստանի Հանրապետությունում (օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը),

- կենսաթոշակ չստանա այն պետությունից, որի քաղաքացին է (ՀՀ-ում փախստականի կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացին),

- ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ՀՀ բնակության վայրի հասցեում հաշվառված լինի (ՀՀ երկքաղաքացին),

 - կամավոր սկզբունքով չիրացնի պետական բյուջեից ֆինանսավորվող մեկ այլ կենսաթոշակի իրավունք:

Միաժամանակ, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «Սույն օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ ստանալու իրավունք ունի, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի համապատասխան ստորաբաժանում ... և նրան նշանակվել է կենսաթոշակ...»: Ակնհայտ է, որ իրավունքի իրացումը ենթադրում է նաև պարտականությունների պատշաճ կատարում:

Վերոհիշյալ համապատասխան իրավապայմանների բավարարման դեպքում է պետությունը պարտավոր մեկ տարվա ժամկետային սահմանափակմամբ կենսաթոշակի իրավունք ունեցող անձին վճարել չվճարված կենսաթոշակի գումարը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է կենսաթոշակային հարաբերությունների բաղադրիչ տարր հանդիսացող վերոհիշյալ իրավակարգավորման ընդհանուր օրինաչափ անհրաժեշտությունը` ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված` անձի սոցիալական ապահովության իրավունքի իրացումը երաշխավորելու, ինչպես նաև այդ ապահովության ծավալի ու ձևի` օրենքով սահմանված ողջամիտ դրսևորման տեսանկյունից: Վերջինիս իրավակարգավորման բացառիկ իրավասությունը վերապահված է օրենսդիր մարմնին` ՀՀ Ազգային ժողովին, որը կոչված է իրականացնելու այդ բնագավառի օրենսդրական քաղաքականությունը` առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի, 48-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի և 83.5-րդ հոդվածի պահանջներով:

Սակայն ցանկացած իրավակարգավորում պետք է հետապնդի օրինաչափ նպատակ և նախատեսի այդ նպատակին հասնելու իրավաչափ երաշխիքներ: Այս տեսանկյունից «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-243-Ն) 36-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված իրավակարգավորման սահմանադրականության գնահատման խնդիրն ուղղակիորեն առնչվում է նաև չվճարված կենսաթոշակի գումարի վճարման ողջամիտ ժամկետի խնդրին, քանի որ ՀՕ-100-Ն օրենքով կատարված փոփոխության արդյունքում էապես փոխվել է չվճարված կենսաթոշակի գումարի վճարման ժամկետային պայմանը: Համաձայն դրա` կենսաթոշակի վճարումը վերսկսվում է դրա համար օրինական հիմքեր առաջանալու ամսվան նախորդող մեկ տարվա համար` նախկինում սահմանված երեք տարվա փոխարեն:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրինաստեղծ գործունեության խնդիրն է ապահովել Սահմանադրությամբ նախատեսված իրավունքների ու ազատությունների երաշխավորված և համալիր իրացումը` որպես իրավունքի գերակայության, իրավական պետության կայացման ու զարգացման անհրաժեշտ նախապայման: Մասնավորապես, իրավակարգավորման ձևերի ու միջոցների ընտրությունը, դրանցով անձանց իրավունքների գործադրման առավել արդյունավետ երաշխիքներ ստեղծելու օրինաչափ նպատակ հետապնդելը չեն կարող իրացվել ի հաշիվ սահմանադրաիրավական որևէ նորմի ու սկզբունքի անտեսման:

 Տվյալ դեպքում իրավունքի գերակայության սկզբունքից ելնելով, ինչպես նաև օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից անհրաժեշտ է իրավական ակտի փոփոխության կամ լրացման արդյունքում նոր իրավակարգավորումները ժամանակի մեջ և անձանց նկատմամբ գործողության մեջ դնելու հստակ կանոնների պահպանումը` նրանց իրավունքների իրացման իրավաչափ պայմանների երաշխավորման նպատակով: Դա առավել ևս կարևոր է այն դեպքերում, երբ խնդիրն առնչվում է հնարավոր փոփոխությունների արդյունքում անձի իրավունքների իրացման պայմանների խստացմանը:

Քննության առարկա գործի շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ նման փոփոխությունների գործադրումը պետք է զուգորդվի օրենքում այնպիսի իրավապայմանների սահմանմամբ, որոնք կերաշխավորեն, մասնավորապես, կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց կողմից կենսաթոշակի ստացման իրավունքի անարգել իրականացումը և չեն խաթարի նրանց լեգիտիմ ակնկալիքները: Տվյալ պարագայում խնդիրն առնչվում է ՀՀ Ազգային ժողովի կողմից 19.03.2012թ. ընդունված ՀՕ-100-Ն օրենքին: Բացի այն, որ այդ օրենքի ուժի մեջ մտնելու պայմանները (23-րդ հոդված) գլխավորապես տարածվել են ՀՀ երկքաղաքացիների նկատմամբ, չեն նախատեսվել նաև նոր իրավակարգավորումները գործադրելու ողջամիտ ժամկետներ` կապված անձանց հնարավոր գործողություններն այդ փոփոխություններով պայմանավորված պահանջներին համապատասխանեցնելու հետ: ՀՀ սահմանադրական դատարանը, հիմնվելով կենսաթոշակային հարաբերությունների իրավակարգավորումների սահմանադրականության վերաբերյալ իր նախորդ որոշմամբ (ՍԴՈ-1050) արտահայտած իրավական դիրքորոշումների վրա, հատկապես կարևորում է կենսաթոշակի իրավունք ունեցող այն անձանց չվճարված կենսաթոշակի գումարի վճարման կայուն երաշխիքների առկայությունը, որոնք օրինական հիմքերով բացակայում են Հայաստանի Հանրապետությունից: Վերջիններիս առնչությամբ սահմանադրական դատարանը գտնում է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-243-Ն) 36-րդ հոդվածում առաջարկված փոփոխությունները «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածներով, «ՀՀ-ում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» ՀՀ կառավարության 2005թ. թիվ 1231-Ն որոշման 10-րդ կետով սահմանված կարգով օտարերկրյա պետություններում ՀՀ հյուպատոսական հիմնարկներում հաշվառված անձանց նկատմամբ համաչափ կիրառելու ողջամիտ նվազագույն ժամկետը` որպես օրենքի անցումային դրույթներով այդ նորմի ուժի մեջ մտնելու ժամկետ, կարող էր լինել առնվազն վեց ամիսը: Տվյալ ժամանակահատվածում պետությունը կարող էր իրացնել նաև իր պոզիտիվ պարտականությունը` համապատասխան հյուպատոսական ծառայությունների միջոցով կամ այլ կերպ իրազեկելով օրենսդրությամբ սահմանված կարգով այլ երկրներում հաշվառման կանգնած ՀՀ օրինապաշտ քաղաքացիներին` իրենց իրավունքների իրացմանն առնչվող օրենսդրական փոփոխությունների մասին, որպեսզի վերջիններս ի վիճակի լինեին ձևավորել օրենսդրական փոփոխություններին համարժեք լեգիտիմ ակնկալիքներ: Այսինքն` իրավունքի իրացման պայմանների փոփոխությունները կարող են լինել սկզբունքորեն իրավաչափ, եթե հետապնդում են օրինաչափ նպատակներ և իրացվում են այդ նպատակին համաչափ միջոցներով ու ձևերով: Ի դեպ, սույն գործով պատասխանող կողմը նույնպես ընդունում է օրենքի` վեճի առարկա նորմի կիրառման համար անցումային որոշակի ժամանակահատվածի անհրաժեշտությունը` մարդկանց իրավունքների պաշտպանության և սահմանադրականության խնդիր չառաջացնելու տեսանկյունից:

 Սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում վերոհիշյալ օրենքով չի պահպանվել իրավակարգավորման համաչափության սկզբունքը նշված կատեգորիայի անձանց նկատմամբ` հաշվի չի առնվել նրանց լեգիտիմ ակնկալիքների իրացման հնարավորությունը:

 

8. Սահմանադրական դատարանն իր` ՍԴՈ-649, ՍԴՈ-723, ՍԴՈ-758, ՍԴՈ-881, ՍԴՈ-1000 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներով բազմիցս, այդ թվում՝ կենսաթոշակային հարաբերությունները կարգավորող նորմերի սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ գործերով, արձանագրել է անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքին և այլ իրավական ակտերին հետադարձ ուժ հաղորդելու անթույլատրելիությունը, կարևորելով, որ «... անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելման սկզբունքը` իրավական անվտանգության սկզբունքի հետ մեկտեղ, կոչված է ապահովելու լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքը», և որ անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելքը «... հանդիսանում է պետական իշխանության նկատմամբ վստահության և իրավական պետության սկզբունքների կարևոր բաղադրատարրերից մեկը: Այդ սկզբունքը միաժամանակ հանդես է գալիս որպես իրավական որոշակիության սկզբունքի ապահովման կարևոր երաշխիք: Օրենքի հետադարձ ուժի մերժման սկզբունքից բխում է այն արգելքը, համաձայն որի՝ անթույլատրելի է այն իրավունքների սահմանափակումը կամ վերացումը, որոնք ամրագրվել են նախկինում գործող նորմերի հիման վրա: Նման պարտավորություն է նաև ստանձնել Հայաստանի Հանրապետությունը մի շարք միջազգային պայմանագրերով»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հաստատված չափանիշների համաձայն` «... սոցիալական օրենսդրության, այդ թվում՝ կենսաթոշակների ոլորտում, պետություններն ունեն հայեցողության լայն շրջանակ, որը ելնելով սոցիալական արդարության և տնտեսական բարեկեցության շահերից, կարող է իրավաչափորեն հանգեցնել բնակչությանը վճարվող կենսաթոշակի գումարի կարգավորմանը, հարմարեցմանը և նույնիսկ նվազեցմանը: Այնուամենայնիվ, ցանկացած այսպիսի միջոց պետք է կիրառվի ոչ խտրական ձևով և համապատասխանի համաչափության պահանջներին: Այդ պատճառով, օրենսդրին տրված հայեցողության շրջանակը քաղաքականության ընտրության հարցում պետք է լինի լայն, և նրա կողմից «հանրային շահի» գնահատումը պետք է հարգվի, եթե այն ակնհայտորեն զուրկ չէ ողջամիտ հիմնավորումից» (Carson and Օthers v. The Սnited Kingdom [GC], cited above, p. 61; Andrejeva v. Latvia [GC], cited above, p. 83; as well as Moskal v. Poland, no. 10373/05, p. 61, 15 September 2009): Մեկ այլ գործով դատարանը կարևորել է, որ. «Չնայած 1-ին Արձանագրության 1-ին հոդվածը չի կարող սահմանափակել պետության ազատությունը սոցիալական ապահովության համակարգի շրջանակներում վճարվող գումարի չափի կամ տեսակի ընտրության հարցում, կարևոր է նաև ստուգել արդյոք դիմումատուի՝ սոցիալական ապահովության համակարգի շրջանակներում գումար ստանալու իրավունքը խախտվել է այնպես, որը հանգեցրել է նրա կենսաթոշակի իրավունքի էության աղավաղմանը» (Stec and Others v. The United Kingdom [GC], no 65731/01, p. 53, ECHR 2006-VI, Wieczorek v. Poland, no. 18176/05, p. 57, 8 December 2009):

Ըստ կենսաթոշակային հարաբերությունների իրավակարգավորման բնագավառում ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման` «... օրենսդիրն իրավասու է օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանելու կենսաթոշակի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման լիովին նոր համակարգ: Սակայն նման փոփոխությունները չեն կարող վերացնել այն կենսաթոշակները, այդ թվում՝ արտոնյալ կարգով նշանակվող, որոնք ստանալու իրավունքն անձը ձեռք է բերել նախկինում գործող օրենսդրության հիման վրա: Եթե օրենքն արդեն սահմանել է կենսաթոշակի տեսակները, կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը, կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու պայմանները, կենսաթոշակի չափը և վճարման պայմանները, պետության համար ծագում է պարտականություն երաշխավորելու կենսաթոշակի իրավունքի առնչությամբ լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքի և իրավական որոշակիության սկզբունքների իրացումը» (ՍԴՈ-723):

Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերոհիշյալ իրավական դիրքորոշումները (ելնելով նաև միջազգային իրավական փորձից) անվերապահորեն կիրառելի են նաև սույն գործով քննության առարկա իրավակարգավորման նկատմամբ, և իրավակիրառական պրակտիկան պետք է ընթանա այդ ուղղությամբ: Իսկ օրենսդիր մարմնի խնդիրն ու սահմանադրաիրավական պարտականությունն է օրինաստեղծ գործունեությունն իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նորմերի ու սկզբունքների, այդ թվում՝ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված իրավապայմանի համալիր հաշվառմամբ: Քննության առարկա օրենքի և ՀՀ օրենսդրական մի շարք այլ ակտերի իրավանորմերի պատշաճ կատարումը երաշխավորելու համար ՀՀ սահմանադրական դատարանը կարևորում է նաև բնակչության պետական ռեգիստրի վարման իրավակարգավորման հետագա բարելավման խնդիրը և ՀՀ օրենսդրական զարգացումների ներկա վիճակին դրա ներդաշնակելու անհրաժեշտությունը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22.12.2010թ. ՀՕ-243-Ն) 14-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության մասով գործի վարույթը կարճել:

2. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22.12.2010թ. ՀՕ-243-Ն) 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի մասով գործի վարույթը կարճել:

3. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22.12.2010թ. ՀՕ-243-Ն) 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում, և այն ընդունման պահից վեց ամսվա ընթացքում չէր կարող կիրառվել Հայաստանի Հանրապետությունից ժամանակավոր բացակայած` Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածներով, «ՀՀ-ում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» ՀՀ կառավարության 2005թ. թիվ 1231-Ն որոշման 10-րդ կետով սահմանված կարգով օտարերկրյա պետություններում հյուպատոսական հաշվառման են կանգնած եղել:

4. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22.12.2010թ. ՀՕ-243-Ն) 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

5. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

14 դեկտեմբերի 2012 թ.

ՍԴՈ-1061

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան