Գլխավոր տեղեկություն
Համար
N 1475-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.05/59(933) Հոդ.1267
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 նոյեմբերի 2012 թվականի N 1475-Ն

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կրթության որակավորումների շնորհման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 27

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 22-ի N 1475-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում կրթության որակավորումների շնորհման ընդհանուր պայմանների հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների կամ հիմնական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շրջանավարտների վրա (այսուհետ՝ հայցորդ)՝ անկախ ուսուցման ձևից:

3. Կրթության որակավորումները շնորհվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակը հաստատելու մասին» N 332-Ն որոշմամբ հաստատված որակավորումների ազգային շրջանակով (այսուհետ՝ ՈԱՇ) ու մասնագիտական կրթության մասնագիտությունների և դրանց համապատասխան որակավորումների ցանկով նախատեսված որակավորումներին ու դրանց բնութագրիչների պահանջներին համապատասխան:

4. Կրթության որակավորում շնորհում է ուսումնական կամ հիմնական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անունից` որակավորման տվյալ աստիճանը հայցողի ամփոփիչ ատեստավորման արդյունքների վերաբերյալ որակավորման հանձնաժողովի որոշման հիման վրա:

 5. Որակավորում շնորհելու իրավասություն ունեցող հաստատություններն են (այսուհետ՝ հաստատություն)`

1) լիցենզավորված հանրակրթական ուսումնական հաստատությունները՝ ՈԱՇ-ի 1-ին, 2-րդ և 4-րդ աստիճանների որակավորումներ.

2) լիցենզավորված նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունները՝ ՈԱՇ-ի 3-րդ և 4-րդ աստիճանների որակավորումներ.

3) միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները՝ ՈԱՇ-ի 3-րդ, 4-րդ աստիճանների և հավատարմագրված մասնագիտությունների գծով ՈԱՇ-ի 5-րդ աստիճանի որակավորումներ.

4) բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունները՝ հավատարմագրված մասնագիտությունների գծով ՈԱՇ-ի 6-րդ, 7-րդ և 8-րդ աստիճանների որակավորումներ.

5) բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունները՝ հավատարմագրված մասնագիտությունների գծով ՈԱՇ-ի 6-րդ, 7-րդ և 8-րդ աստիճանների որակավորումներ:

6. Որակավորման 1-ին, 2-րդ և 4-րդ աստիճան կարող է հայցել յուրաքանչյուր ոք`

1) ով անցել է համապատասխանաբար տարրական, հիմնական, միջնակարգ կրթության ծրագիրը` լրիվ ծավալով.

2) ում տարիքը գերազանցում է համապատասխան կրթական ծրագրի համար սահմանված նորմատիվային տարիքը:

7. Որակավորման 3-րդ, 5-8-րդ աստիճան կարող է հայցել յուրաքանչյուր ոք, ով լիցենզավորված ուսումնական հաստատությունում կամ հաստատություններում անցել է համապատասխան աստիճանի կրթական ծրագիրը` լրիվ ծավալով:

 

II. ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Ամփոփիչ ատեստավորման նպատակն է գնահատել հայցորդի գիտելիքների, հմտությունների և կարողությունների համապատասխանությունը որակավորման տվյալ աստիճանի բնութագրիչներին:

9. Ամփոփիչ ատեստավորումն անցկացվում է հետևյալ ձևերով`

1) որակավորման 1-ին աստիճանում` գիտելիքների ստուգում.

2) 2-րդ և 4-րդ աստիճաններում` պետական ավարտական քննություններ՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված առարկաներից.

3) 3-րդ, 5-8-րդ աստիճաններում` քննություններ և ավարտական աշխատանքի (դիպլոմային աշխատանք կամ նախագիծ, մագիստրոսական թեզ, թեկնածուական թեզ) պաշտպանություն:

10. Ամփոփիչ ատեստավորման քննությունների հարցաշարերը, բացառությամբ որակավորման 2-րդ և 4-րդ աստիճանների, մշակում է ուսումնական հաստատությունը` պետական կրթական չափորոշիչների հիման վրա, և հաստատում է որակավորման հանձնաժողովի նախագահը: Որակավորման 2-րդ և 4-րդ աստիճանների ամփոփիչ ատեստավորման հարցաշարերն ու քննական տոմսերը մշակում և ուսումնական հաստատություններին է տրամադրում «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

11. Ավարտական աշխատանքների թեմաները հաստատում է իրավասու հաստատության համապատասխան ստորաբաժանումը (ամբիոն, ֆակուլտետ): Որակավորման 8-րդ աստիճանի համար թեզի թեման սահմանված կարգով համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության հետ:

12. Ամփոփիչ ատեստավորման թույլատրվում են`

1) հաստատության տվյալ ուսումնական տարվա այն շրջանավարտները, ովքեր ավարտել են հիմնական կրթական ծրագրով ուսուցման լրիվ դասընթացը.

2) հաստատության նախորդ տարիների շրջանավարտները, ովքեր նախկինում չեն անցել ամփոփիչ ատեստավորումը.

3) լիցենզավորված, սակայն չհավատարմագրված այլ ուսումնական հաստատությունում տվյալ կրթական ծրագրի լրիվ դասընթացն ավարտած շրջանավարտները (դրսեկություն):

13. Ամփոփիչ ատեստավորման թույլատրված հայցորդների ցանկերը հաստատվում են հաստատության ղեկավարի հրամանով:

14. Ամփոփիչ ատեստավորումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հաստատած կարգով:

 

III. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

15. Որակավորման հանձնաժողովը կազմավորում է հաստատությունը` հանրակրթական ուսումնական հաստատություններում` ըստ կրթական աստիճանների, մասնագիտական ուսումնական հաստատություններում` ըստ մասնագիտությունների խմբերի:

16. Որակավորման հանձնաժողովի կազմավորման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:

17. Մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների որակավորման պետական հանձնաժողովի նախագահին` հաստատության ղեկավարի առաջարկությամբ, նշանակում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը:

18. Որակավորման հանձնաժողովի գործառույթներն են`

 1) հայցորդի պատրաստվածության մակարդակի և որակավորման բնութագրիչների պահանջներին դրա համապատասխանության ստուգումը.

2) ամփոփիչ ատեստավորման արդյունքներով հայցորդին համապատասխան որակավորում շնորհելու (կամ չշնորհելու) և նրան համապատասխան ավարտական փաստաթուղթ տալու (կամ չտալու) մասին որոշման ընդունումը:

19. Ամփոփիչ ատեստավորման` ավարտական քննության (քննությունների) և ավարտական աշխատանքի պաշտպանության դրական («Բավարար», «Լավ» կամ «Գերազանց») արդյունքների հիման վրա որակավորման հանձնաժողովն ընդունում է որոշում շրջանավարտին համապատասխան որակավորում շնորհելու, իսկ պետական ավարտական քննության (քննությունների) կամ ավարտական աշխատանքի պաշտպանության բացասական («Անբավարար») արդյունքի դեպքում` հայցորդին որակավորման շնորհումը մերժելու մասին: Որակավորում չստացած շրջանավարտին ավարտական փաստաթուղթ չի տրվում:

20. Ավարտական աշխատանքը չպաշտպանած կամ ամփոփիչ քննությունները չհանձնած կամ «Անբավարար» գնահատական ստացած հայցորդին թույլատրվում է վերահանձնել (կրկնել) ավարտական աշխատանքի պաշտպանությունը կամ ամփոփիչ քննությունները` հաջորդ ուսումնական տարվա ավարտին կամ հետագա տարիներին: Ավարտական աշխատանքի վերահանձնման դեպքում հայցորդը կցվում է համապատասխան ամբիոնին և ստանում ավարտական աշխատանքի նոր թեմա: Ամփոփիչ քննությունները վերահանձնվում են միայն այն առարկաներից, որոնց քննությանը հայցորդը չի ներկայացել կամ ստացել է «Անբավարար» գնահատական:

21. Որակավորման հանձնաժողովի որոշման հիման վրա ուսումնական հաստատությունը որակավորում ստացած հայցորդին տալիս է ավարտական փաստաթուղթ` սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան