Գլխավոր տեղեկություն
Համար
N 1451-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2013-23.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.11.28/58(932) Հոդ.1253
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2012 թվականի N 1451-Ն

 

ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ՍՏԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ (ՍՏԱՑՎԱԾ) ԵԿԱՄՈՒՏԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1420-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացման ենթակա (ստացված) եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի «Բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու կարգը հաստատելու մասին» N 1420-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 21

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 15-ի N 1451-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ՍՏԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ (ՍՏԱՑՎԱԾ) ԵԿԱՄՈՒՏԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացման ենթակա (ստացված) եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների (այդ թվում` հարկային գործակալների), ինչպես նաև այլ անձանց կողմից ֆիզիկական անձանց բնամթերային (ոչ դրամական) ձևով հաշվարկված (վճարված) եկամուտների վրա:

3. Բնամթերային (ոչ դրամական) ձևով եկամուտները կարող են լինել`

1) գույքի (բացառությամբ դրամական միջոցների) տեսքով.

2) աշխատանքի, ծառայության տեսքով.

3) մտավոր սեփականության արդյունքի տեսքով:

4. Բնամթերային եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության դրամով, ազատ (շուկայական) գներով`

1) կազմակերպություններից, անհատ ձեռնարկատերերից և նոտարներից (այդ թվում` հարկային գործակալներից) ստանալու դեպքում`

ա. կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից եկամտի հաշվարկման (վճարման) ամսում այլ անձանց` դրանց իրացման միջին գներով (այդ թվում` օրենքով սահմանված դեպքերում` անուղղակի հարկերը),

բ. այդպիսի գների բացակայության դեպքում` կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից հաշվարկմանը (վճարմանը) նախորդող ամսում այլ անձանց` դրանց իրացման միջին գներով (այդ թվում` օրենքով սահմանված դեպքերում` անուղղակի հարկերը),

գ. այդպիսի գների բացակայության դեպքում` կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մոտ դրանց ինքնարժեքի (սկզբնական (ձեռքբերման) արժեքի) և դրա նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում անուղղակի հարկերի հանրագումարով.

2) այլ աղբյուրներից ստանալու դեպքում`

ա. այդպիսի կամ նույնանման գործարքների (բնամթերքի` ապրանքների, ծառայությունների, այլ ակտիվների) համար եկամտի ստացման ամսվան վերաբերող՝ հրապարակված վիճակագրական գներով (սակագներով),

բ. դրանց բացակայության դեպքում` այդպիսի կամ նույնանման գործարքների համար եկամտի ստացմանը նախորդող ամսվան վերաբերող՝ հրապարակված վիճակագրական միջին գներով (սակագներով),

գ. դրանց բացակայության դեպքում` այդպիսի կամ նույնանման գործարքների համար եկամտի ստացմանը նախորդող 12 ամսվան վերաբերող՝ հրապարակված վիճակագրական միջին գներով (սակագներով), իսկ դրանց բացակայության դեպքում` այդ 12 ամսվան նախորդող հաջորդական առաջին ամսվան վերաբերող՝ հրապարակված միջին գներով (սակագներով),

դ. վիճակագրական միջին գնի բացակայության դեպքում բնամթերային եկամուտը համախառն եկամտում հաշվի է առնվում եկամտի ստացման տարում այն ձեռք բերելու հնարավոր գնով:

5. Սույն կարգի առումով բնամթերային եկամտի ստացման հնարավոր գին է համարվում այն գինը, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար, կամ այն գինը, որով՝ գույքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն վաճառելու պարտավորություն չունեցող վաճառողը համաձայն է վաճառել այդ գույքը, իսկ գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններն ունեցող և այն ձեռք բերելու պարտավորություն չունեցող գնորդը համաձայն է այդ գույքը ձեռք բերել:

6. Սույն կարգի 5-րդ կետի իմաստով կիրառելի են, մասնավորապես, առուվաճառքով զբաղվող սուբյեկտների (բրոքերներ, մասնագիտացված խանութներ, բորսաներ, մասնագիտացված տոնավաճառներ, շուկաներ և այլն) գները (սակագները), գնացուցակային (կատալոգային) գները, այդ թվում՝ նաև համապատասխան դեպքերում «Ինտերնետ» համաշխարհային համակարգչային ցանցի միջոցով ստացված տվյալները, ինչպես նաև նույնանման գույքի՝ աճուրդային կարգով իրացման ձևավորված նախադեպային տվյալները:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան