«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 դեկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60012430
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
14 նոյեմբերի 2012 թ. |
N 451-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը՝ «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները» լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-րդ և 12.2-րդ գլուխներով.
«Գ Լ ՈՒ Խ 12.1
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
12.1.1 Սպառողը մատակարարին կարող է դիմում (բողոք, հարցադրում) ներկայացնել գրավոր, բանավոր (այդ թվում` հեռախոսազանգի միջոցով) և էլեկտրոնային փոստի միջոցով, եթե սույն կանոններով առանձին դեպքերի համար այլ բան սահմանված չէ:
12.1.2 Սպառողի բանավոր դիմումին մատակարարի կողմից տրվում է բանավոր պատասխան, գրավոր դիմումին` գրավոր պատասխան, իսկ էլեկտրոնային փոստով ստացված դիմումին` էլեկտրոնային փոստի միջոցով:
12.1.3 Մատակարարը սպառողի դիմումին պարտավոր է պատասխանել այն ստանալու պահից 15 օրվա ընթացքում, եթե սույն կանոններով առանձին դեպքերի համար այլ ժամկետ սահմանված չէ:
12.1.4 Մատակարարը պարտավոր է սպառիչ պատասխան տալ սպառողի դիմումին` հանգամանորեն ներկայացնելով սպառողի դիմումի առնչությամբ գործող իրավական դաշտը, նրա իրավունքներն ու պարտականությունները և այն բոլոր հանգամանքները, որոնք անհրաժեշտ կլինեն սպառողին ամբողջական պատկերացում կազմելու ներկայացված դիմումի վերաբերյալ:
Գ Լ ՈՒ Խ 12.2
ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԵՐԸ ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
12.2.1 Մատակարարը պարտավոր է սպառողին վճարել տույժ` ծախսված բնական գազի միջին ամսական արժեքի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2000 դրամը, այն դեպքերում, երբ խախտել է`
ա) սպառողի գազամատակարարման ընդհատումների վերաբերյալ սույն կանոնների 2.8-րդ կետով սահմանված պահանջները,
բ) սպառողի պահանջով գազամատակարարման դադարեցման և վերականգնման սույն կանոնների 3.11-րդ կետով սահմանված ժամկետները,
գ) առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի արտահերթ ստուգաչափման սույն կանոնների 4.7-րդ կետով սահմանված ժամկետները,
դ) առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի արտահերթ ստուգաչափման սույն կանոնների 4.8-րդ կետով սահմանված կարգը,
ե) բնական գազի վերահաշվարկի վերաբերյալ սույն կանոնների 4.10-րդ կետով սահմանված ժամկետները,
զ) սպառողի գազամատակարարումը դադարեցնելուց հետո այն վերականգնելու սույն կանոնների 6.6-րդ և 8.6-րդ կետերով սահմանված ժամկետները,
է) սպառողի բողոքին պատասխանելու սույն կանոնների 12.1.3-րդ կետով սահմանված ժամկետը:
12.2.2 Սպառողի կողմից ծախսված բնական գազի միջին ամսական արժեքն ընդունվում է տվյալ տարում սպառողի ծախսած բնական գազի արժեքի և տվյալ տարում ծախս ունեցած ամիսների քանակի քանորդին հավասար:
12.2.3 Հաշվարկված տույժը մատակարարը հաշվի է առնում սպառողին ընթացիկ ամսում ծախսած բնական գազի համար ներկայացվելիք վճարման հաշվում: Հաշվարկված տույժը վճարման հաշվում նշվում է առանձին տողով և նվազեցվում է ծախսված բնական գազի արժեքից:
12.2.4 Մատակարարը սույն կանոնների 12.2.1-րդ կետում նշված խախտումների համար տույժի չի ենթարկվում, եթե դա ֆորս մաժորի հետևանք է:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|