Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.10.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2012.12.28/16(47) Հոդ.1311.19
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
19.10.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ3/0332/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ3/0332/02/11
2012 թ.

Նախագահող դատավոր՝   Ն. Բարսեղյան

Դատավորներ՝ Գ. Մատինյան
  Ա. Մկրտչյան

 

  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի հոկտեմբերի 19-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Զուլալ Ջրեր» արտադրական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ) հիմնադիր Կարմեն Բախշյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի ընդդեմ Կոոպերատիվի հիմադիր Կարմեն Բախշյանի` վերջինիցս 2.563.940 ՀՀ դրամ բռնագանձելու և բռնագանձումը նրան պատկանող գույքի վրա տարածելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանը պահանջել է Կոոպերատիվի հիմնադիր Կարմեն Բախշյանից բռնագանձել 2.563.940 ՀՀ դրամ, որից 500.000 ՀՀ դրամը` որպես դատական ծախս, 748.940 ՀՀ դրամը` որպես «Հայգազարդ» ՓԲԸ-ի նկատմամբ ունեցած պարտք, 890.000 ՀՀ դրամը՝ որպես նախկին կառավարչի աշխատավարձ, իսկ 425.000 ՀՀ դրամը` որպես կառավարչի աշխատավարձ և վարչական ծախսեր` բռնագանձումը տարածելով վերջինիս պատկանող գույքի վրա:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 15.03.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.06.2012 թվականի որոշմամբ Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 15.03.2012 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոոպերատիվի հիմնադիր Կարմեն Բախշյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ և 48-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իրավաբանական անձի լուծարումը նոր պարտավորություններ չի կարող առաջացնել պարտապանի` տվյալ դեպքում Կոոպերատիվի հիմնադիր Կարմեն Բախշյանի նկատմամբ, ինչպես նաև հաշվի չի առել այն հանգամանքը, որ Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի կողմից պահանջվող գումարը հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացվել: Բացի այդ, 19.09.2011 թվականին տեղի է ունեցել Կոոպերատիվի պարտատերերի ժողով` մասնակցությամբ սնանկության գործերով նոր կառավարիչ Անդրանիկ Ելինյանի, ՀՀ ԿԱ ՊԵԿ Եղեգնաձորի ՏՀՏ-ի լիազոր ներկայացուցչի և Պետրոս Եղիազարյանի, որտեղ որոշվել է լրացուցիչ հայցադիմումով դիմել դատարան` պահանջելով նախորդ հայցադիմումով «անտեսված» պահանջների դիմաց Կոոպերատիվի նկատմամբ ևս 2.563.940 ՀՀ դրամի բռնագանձում: Տվյալ դեպքում Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչը չի հիմնավորել, թե արդյոք իրավաբանական ուժ ունի պարտատերերի վերը նշված ժողովի արձանագրությունը:

Ինչ վերաբերում է 748.940 ՀՀ դրամ «Հայգազարդ» ՓԲԸ-ի նկատմամբ ունեցած պարտքի պահանջին, ապա Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով ներկայացվել է այլ փաստաթուղթ, որում 2004 թվականի կտրվածքով «Հայգազարդ» ընկերության նկատմամբ պարտքը կազմում է գրեթե 20 անգամ պակաս գումար: Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչը վերաբերելի այլ ապացույց չի ներկայացրել, ուստի Դատարանն այդ մասով հայցն իրավացիորեն մերժել էր:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.06.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 15.03.2012 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ տնտեսական դատարանի 04.10.2004 թվականի թիվ ՏՍ6-289 որոշման համաձայն` Կոոպերատիվը լուծարվել է, հանձնարարվել է իրավասու մարմնին օրենքով սահմանված կարգով կատարելու համապատասխան գրառում իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում (հատոր 1, գ.թ. 50-51):

2) ՀՀ տնտեսական դատարանի 02.11.2004 թվականի թիվ ՏՍ6-289` պարտապանի նկատմամբ ներկայացված պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման համաձայն` հաստատվել է Կոոպերատիվի նկատմամբ դատարան ներկայացված պահանջների վերջնական ցուցակը, ըստ որի` պարտատեր ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչության բավարարված պահանջը կազմում է 1.253.100 ՀՀ դրամ (հատոր 1, գ.թ. 11):

3) ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 14.04.2010 թվականի թիվ ԱՎԴ 3/0081/02/10 վճռով վճռվել է Կարմեն Բախշյանից հօգուտ Կոոպերատիվի բռնագանձել 1.253.100 ՀՀ դրամ` որպես ՀՀ տնտեսական դատարանի 02.11.2004 թվականի թիվ ՏԱ-289 որոշմամբ ՀՀ ԿԱ ՀՊԾ Եղեգնաձորի ՏՀՏ-ի բավարարված պահանջի գումար (հատոր 1, գ.թ. 10-12):

4) Կոոպերատիվի կնիքի և շտամպի հանձնման-ընդունման մասին 18.08.2004 թվականի թիվ 1 ակտի համաձայն` կոոպերատիվի անվճարունակ ճանաչվելու կապակցությամբ Կոոպերատիվն ի դեմս Պետրոս Եղիազարյանի հանձնել է, իսկ Կոոպերատիվի անվճարունակության գործով կառավարիչ Գագիկ Թումանյանն ընդունել է Կոոպերատիվի անվամբ կնիքը և շտամպը: Կոոպերատիվի փաստաթղթերի հանձնման-ընդունման մասին 18.08.2004 թվականի թիվ 2 ակտի համաձայն, կոոպերատիվի անվճարունակ ճանաչվելու կապակցությամբ Կոոպերատիվը ի դեմս Պետրոս Եղիազարյանի հանձնել է, իսկ Կոոպերատիվի անվճարունակության գործով կառավարիչ Գագիկ Թումանյանն ընդունել է Կոոպերատիվի անվամբ թվով 12 փաստաթղթեր (գ.թ. 48-49):

5) «Հայգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի 29.11.2004 թվականի թիվ 01-04/1534 գրության համաձայն` Կոոպերատիվի էլեկտրաէներգիայի գծով պարտքը «Հայաստանի էլ. Ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ կազմել է 40.500 դրամ։ ՀՀ կառավարության 22.08.2002 թվականի թիվ 1318-Ա որոշման համաձայն` «Հայաստանի էլ. Ցանցեր» ՓԲԸ-ի և «Հայգազարդ» ՓԲԸ-ի միջև 16.09.2002 թվականին կնքված պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագրով էլ. ցանցի դեբիտորական պահանջները, այդ թվում Կոոպերատիվի նշված պարտքը փոխանցվել են «Հայգազարդ» ՓԲԸ-ին (հատոր 1, գ.թ. 47):

6) Սնանկ ճանաչված Կոոպերատիվի պարտատերերի ժողովի 19.09.2011 թվականի արձանագրության համաձայն՝ քննարկվել են Կոոպերատիվի փայատեր անդամից գանձել առաջացած այն պարտավորությունները, որոնք չեն ընդգրկվել 14.04.2009 թվականի թիվ ԱՎԴ 3/0081/02/10 վճռում (հատոր 1, գ.թ. 13):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` կոոպերատիվի անդամները պարտավոր են տարեկան հաշվեկշռի հաստատումից հետո՝ երկու ամսվա ընթացքում, լրացուցիչ վճարների միջոցով փակել առաջացած վնասները: Այս պարտականությունը չկատարելու դեպքում կոոպերատիվը, պարտատերերի պահանջով, կարող է լուծարվել դատական կարգով: Կոոպերատիվի անդամները նրա պարտավորությունների համար համապարտ սուբսիդիար պատասխանատվություն են կրում կոոպերատիվի յուրաքանչյուր անդամի լրացուցիչ վճարի չմուծված մասի սահմաններում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ իրավաբանական անձը լուծարվում է նաև սնանկության հետևանքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են նաև նույն օրենսգրքով նշված այլ հիմքերից:

Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտել է իր իրավական դիրքորոշումը վերոնշյալ իրավական խնդրի հետ կապված: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ սահմանված ժամկետում (տարեկան հաշվեկշռի հաստատումից հետո` երկու ամսվա ընթացքում) լրացուցիչ վճարների միջոցով առաջացած վնասները փակելու օրենքով սահմանված իրենց պարտավորությունը չկատարելը չի ազատում կոոպերատիվի անդամներին կոոպերատիվի պարտավորությունների համար օրենքով սահմանված պատասխանատվությունից: Այն պայմաններում, երբ սահմանված ժամկետում (տարեկան հաշվեկշռի հաստատումից հետո` երկու ամսվա ընթացքում) լրացուցիչ վճարների միջոցով առաջացած վնասները փակելու օրենքով սահմանված իրենց պարտավորությունը չկատարելու հետևանքով անհնար է որոշել կոոպերատիվի յուրաքանչյուր անդամի լրացուցիչ վճարի չմուծված մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետով ամրագրված` լրացուցիչ վճարների միջոցով առաջացած վնասները փակելու Կոոպերատիվի անդամների պարտականությունը ներառում է մինչև Կոոպերատիվի անվճարունակ ճանաչվելը գոյացած բոլոր պարտավորությունները: Հակառակ պարագայում կարող է խախտվել Կոոպերատիվի պարտատերերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածով և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքը (տես «Լոտոս» արտադրական կոոպերատիվի անվճարունակության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանն ընդդեմ Կոոպերատիվի անդամներ Էդուարդ Ասատրյանի, Սվետլանա Խալաթյանի և Ռիմա Աղասարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ 3-1555(ՏԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի որոշումը):

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետի տրամաբանությունից բխում է, որ կոոպերատիվի անդամների` առաջացած վնասները լրացուցիչ վճարների միջոցով փակելու պարտավորությունը պետք է կապված լինի կոոպերատիվի գործունեության հետ, քանի որ այն վնասները, որոնք կոոպերատիվի անդամը պետք է փակի, որոշվում են տարեկան հաշվեկշռի հաստատումից հետո, որը չի վերաբերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածով նախատեսված լուծարման հաշվեկշռին: Նշված տրամաբանությամբ պետք է մեկնաբանվի նաև նշված հոդվածի դրույթն այն մասին, որ կոոպերատիվի անդամները նրա պարտավորությունների համար համապարտ սուբսիդիար պատասխանատվություն են կրում կոոպերատիվի յուրաքանչյուր անդամի լրացուցիչ վճարի չմուծված մասի սահմաններում: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կոոպերատիվի անդամների լրացուցիչ պատասխանատվությունը սահմանափակվում է կոոպերատիվի գործունեության ընթացքում առաջացած վնասներով, իսկ կոոպերատիվի լուծարման` այդ թվում սնանկության եղանակով լուծարման հետ կապված ծախսերը չեն ներառվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված լրացուցիչ պատասխանատվության շրջանակներում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը։

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է կողմերի միջև ապացուցման դատավարական բեռի բաշխման հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը՝ ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից։ Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե´ս ըստ հայցի Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի ընդդեմ Սեդա Սարգսյանի՝ գրավադրված գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, և հակընդդեմ հայցի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.02.2009 թվականի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 որոշումը):

 

Սույն գործի փաստերի համաձայն` Կոոպերատիվը ՀՀ տնտեսական դատարանի 19.07.2004 թվականի վճռով իր պարտավորությունները չկատարելու համար ճանաչվել է սնանկ, իսկ հետագայում 04.10.2004 թվականի որոշմամբ լուծարվել է, ինչը վկայում է այն մասին, որ Կոոպերատիվի հիմնադիր անդամը չի կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետով ամրագրված` լրացուցիչ վճարների միջոցով առաջացած վնասները փակելու իր պարտականությունը: Այդ պայմաններում Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչ Գագիկ Թումանյանը հայց է ներկայացրել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որի 14.04.2010 թվականի թիվ ԱՎԴ 3/0081/02/10 վճռով վճռվել է Կարմեն Բախշյանից հօգուտ Կոոպերատիվի բռնագանձել 1.253.100 ՀՀ դրամ` որպես ՀՀ տնտեսական դատարանի 02.11.2004 թվականի թիվ ՏՍ6-289 որոշմամբ ՀՀ ԿԱ ՀՊԾ Եղեգնաձորի ՏՀՏ-ի բավարարված պահանջի գումար և վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Սնանկ ճանաչված Կոոպերատիվի պարտատերերի ժողովի 19.09.2011 թվականի արձանագրության համաձայն՝ քննարկվել են Կոոպերատիվի փայատեր անդամից գանձել առաջացած այն պարտավորությունները, որոնք չեն ընդգրկվել 14.04.2009 թվականի թիվ ԱՎԴ 3/0081/02/10 վճռում:

Դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ հաստատված է, որ բռնագանձման ենթակա գումարների վերաբերյալ պահանջը հաստատող պատշաճ ապացույցներ հայցվորի կողմից դատարան չեն ներկայացվել:

Վերաքննիչ դատարանը վճիռը բեկանելիս և գործը նոր քննության ուղարկելիս պատճառաբանել է, որ «Ընդհանուր իրավասության դատարանը վիճարկվող վճռով չի անդրադարձել որպես պետական տուրք օրենքով սահմանված և ամրագրված գումարի բռնագանձմանը: Ընդհանուր իրավասության դատարանը չի անդրադարձել նաև 14.04.2010թ. թիվ ԱՎԴ 3/0081/02/10 վճռում չընդգրկված մնացած պահանջների մասով բողոքաբերի ներկայացված փաստարկներին և հիմնավորումներին: Այն է` կայացված դատական ակտով չի պարզվել, թե երբ և ինչ հանգամանքներում են գոյացել Ա. Ելինյանի կողմից ներկայացված լրացուցիչ պահանջների գումարները, արդյոք ներկայացված պահանջները, մասնավորապես «Հայգազարդ» ԲԲ ընկերության նկատմամբ ունեցած պարտքը, ինչպես նաև նախկին կառավարչի համար սահմանված վարձատրությունն ընդգրկված չի եղել պահանջների ցուցակում, և եթե այո, ապա ինչն է հիմք հանդիսացել հայցապահանջի մերժման համար»:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված փաստական հանգամանքների առկայությամբ չեն հիմնավորվում պարտապանի` տվյալ դեպքում Կոոպերատիվի հիմնադիր Կարմեն Բախշյանի նկատմամբ Ա. Ելինյանի կողմից ներկայացված լրացուցիչ պահանջների գումարները, քանի որ Կոոպերատիվը ՀՀ տնտեսական դատարանի 19.07.2004 թվականի վճռով իր պարտավորությունները չկատարելու համար ճանաչվել է սնանկ, 04.10.2004 թվականի որոշմամբ լուծարվել է և Կոոպերատիվին պատկանող գույքը, փաստաթղթերը, կնիքը և շտամպը, հանձնման-ընդունման մասին 18.08.2004 թվականի թիվ 1 և թիվ 2 ակտերով հանձնվել են սնանկության գործով կառավարչին, իրացվել է գույքը, Կոոպերատիվը գործունեություն չի իրականացրել, իսկ տվյալ պարագայում դատարանի կողմից իրավաբանական անձի լուծարումից հետո առաջացած պարտքերը և պարտավորությունները չեն կարող դիտվել որպես Կոոպերատիվի գործունեության հետ կապված ծախսեր:

Ինչ վերաբերում է 748.940 ՀՀ դրամը որպես «Հայգազարդ» ՓԲԸ-ի նկատմամբ ունեցած պարտք գանձելու պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանն իրավացիորեն պատճառաբանել է, որ դրանք հիմնավորող պատշաճ ապացույցներ Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի կողմից չեն ներկայացվել, հետևաբար դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը` Անդրանիկ Ելինյանը: Անդրադառնալով «Հայգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի 29.11.2004 թվականի թիվ 01-04/1534 գրությանը, որի համաձայն` Կոոպերատիվի էլեկտրաէներգիայի գծով պարտքը «Հայաստանի էլ. Ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ կազմել է 40.500 դրամ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ նշված գրությամբ չի հիմնավորվում, որ դրանում նշված պարտքն առաջացել է մինչև Կոոպերատիվի լուծարման գործընթացը, այսինքն` վերջինիս գործունեության ընթացքում:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցապահանջը վերոնշյալ մասով անհիմն է նաև այն պատճառաբանությամբ, որ այդ պահանջն օրենքով սահմանված կարգով չի ներկայացվել սնանկության վարույթում, և այն չի ընդգրկվել պարտատերերի պահանջների ցուցակում, որպիսի օրենսդրական պահանջն էլ բխում էր սնանկության վարույթի ընթացքում գործող «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքի 42-րդ և 46-րդ հոդվածներից: Մասնավորապես նշված օրենքի 42-րդ հոդվածի համաձայն` կառավարիչը սույն օրենքով սահմանված կարգով իր կողմից վարվող գրանցամատյանում հաշվառում և հաշվարկում է պարտապանի նկատմամբ ներկայացված բոլոր պահանջների չափերը և առաջնահերթությունը: Նույն օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո՝ մեկամսյա ժամկետում:

Հիմք ընդունելով վերոնշյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 500.000 ՀՀ դրամը` որպես դատական ծախսի, 890.000 ՀՀ դրամը՝ որպես նախկին կառավարչի աշխատավարձի, իսկ 425.000 ՀՀ դրամը` որպես կառավարչի աշխատավարձի և վարչական ծախսերի գումարները չեն կարող համարվել կոոպերատիվի գործունեության հետ կապված պարտավորություններ, հետևաբար դրանց համար Կոոպերատիվի հիմնադիր Կարմեն Բախշյանը պարտավոր չէ կրել լրացուցիչ պատասխանատվություն:

 

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 08.06.2012 թվականի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 15.03.2012 թվականի վճռին:

2. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի իա.1) կետի հիմքով դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան
 

Գ. Հակոբյան

 

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան