Գլխավոր տեղեկություն
Համար
N 1517-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.12.2012-31.10.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.12/60(934).1 Հոդ.1311.3
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2012 թվականի N 1517-Ն

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ, ԿՈՒՏԱԿՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնապահպանական ծրագրերի արդյունքները բնութագրող տեղեկատվության հավաքագրման, կուտակման, պահպանման և հետագա օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 5

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 29-ի N 1517-Ն որոշման

  

Կ Ա Ր Գ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ, ԿՈՒՏԱԿՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բյուջետային ֆինանսավորման հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի արդյունքները բնութագրող տեղեկատվության հավաքագրման, կուտակման, պահպանման և հետագա օգտագործման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Բյուջետային ֆինանսավորման հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի արդյունքները բնութագրող տեղեկատվությունը (այսուհետ` բնապահպանական ծրագրերի տեղեկատվական ֆոնդ) ստեղծվում և պահպանվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունում (այսուհետ` նախարարություն)՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նախարարությանը հատկացվող պահպանման ծախսերի հաշվին:

3. Բնապահպանական ծրագրերի իրականացման արդյունքում կազմված (մշակված)՝ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերը պահպանվում, օգտագործվում են, և տեղեկատվությունը տրամադրվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն:

 

 II. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ, ԿՈՒՏԱԿՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

4. Բնապահպանական ծրագրերի տեղեկատվական ֆոնդը (տեղեկատվական բանկը) ստեղծվում, համալրվում և թարմացվում է նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` պետական նշանակություն ունեցող բնապահպանական ծրագրերի իրականացման արդյունքում ստեղծված նյութերի (ավարտական հաշվետվությունների) և տվյալների հիման վրա:

5. Պետական պատվերի շրջանակներում, ինչպես նաև պետական կառավարչական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրված հատկացումներով իրականացված բնապահպանական ծրագրերի ավարտական հաշվետվություններից մեկական օրինակ անվճար, մեկամսյա ժամկետում՝ թղթային և էլեկտրոնային կրիչներով տրամադրվում է նախարարությանը:

6. Բնապահպանական ծրագրերի տեղեկատվական ֆոնդի նյութերն ու տվյալները պահվում են նախարարությունում՝ անժամկետ, էլեկտրոնային և (կամ) թղթային կրիչներով՝ նախարարության աշխատակազմում:

7. Բնապահպանական ծրագրերի տեղեկատվական ֆոնդում ընդգրկված նյութերի և տվյալների ցանկը նախարարությունը տեղադրում է իր պաշտոնական կայքում:

 

III. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

8. Բնապահպանական ծրագրերի տեղեկատվական ֆոնդում առկա տեղեկատվությունը տրամադրում է նախարարությունը:

9. Բնապահպանական ծրագրերի տեղեկատվական ֆոնդի տեղեկատվությունը կարող է տրամադրվել տեղեկանքների, հաշվետվությունների, ժամանակացույցների և այլ նյութերի տեսքով:

10. Իրավաբանական և ֆիզիկական անձինք նշված տեղեկատվությունն ստանալու նպատակով դիմում են նախարարություն: Տեղեկատվությունը տրամադրվում է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

11. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին սույն կարգի 9-րդ կետում նշված տեղեկատվության պաշտոնական տրամադրումն իրականացվում է անվճար` դրանց կողմից ներկայացված հարցման դեպքում:

12. Բնապահպանական ծրագրերի տեղեկատվական ֆոնդի թղթային բնօրինակները տրամադրման ենթակա չեն: Ցանկության դեպքում տեղեկատվությունը կարող է տրամադրվել էկեկտրոնային փոստի և (կամ) էլեկտրոնային կրիչի միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.10.2019, N 1442-Ն 31.10.2019, N 1517-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան