ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՍԱՄՎԵԼ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի վճիռ Նախագահող դատավոր Էդ. Նահապետյան
02 հոկտեմբերի 2012 թվական |
Վարչական գործ N ՎԴ5/0132/05/11
քաղաք Երևան |
Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանը
հետևյալ կազմով (այսուհետև` Վերաքննիչ դատարան)`
նախագահող դատավոր Աշոտ Աբովյան,
դատավոր Արթուր Առաքելյան,
դատավոր Գալուստ Ղարիբյան,
մասնակցությամբ`
բողոք բերող անձ, գործով հայցվոր Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարության, ի դեմս ներկայացուցիչ Շուշանիկ Ղուկասյանի,
ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետև` Նախարարություն) հայցի, ընդդեմ անհատ ձեռնարկատեր Սամվել Հովսեփյանի` դեղատնային գործունեության իրականացման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու պահանջի վերաբերյալ, N ՎԴ5/0132/05/11 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2012 թվականի մայիսի 3-ի վճռի դեմ Նախարարության վերաքննիչ բողոքի դռնբաց դատաքննությամբ`
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Դատավարական գործընթացի մասին
2011 թվականի ապրիլի 30-ին (փոստային առաքումը` ապրիլի 27-ին) Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (այսուհետև` Վարչական դատարան) ստացվել է Նախարարության հայցադիմումն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Սամվել Հովսեփյանի (այսուհետև նաև` Պատասխանող)` լիցենզիան ուժը կորցրած ճանաչելով դեղատնային գործողության իրականացման թիվ Ա-XX-000668 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու պահանջի վերաբերյալ։
Վարչական դատարանի (նախագահող դատավոր Էդ. Նահապետյան) 2011 թվականի մայիսի 18-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։ Հուլիսի 1-ին ստացվել է Սամվել Հովսեփյանի պատասխանը հայցադիմումին։ Վարչական դատարանի հուլիսի 14-ի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության, իսկ 2012 թվականի մայիսի 3-ի վճռով (այսուհետև` Վճիռ) վճռվել է`
1. «ՀՀ Առողջապահության նախարարության հայցն ընդդեմ ԱՁ Սամվել Հովսեփյանի` «Դեղատնային գործունեության իրականացման լիցենզիան դադարեցնելու պահանջի մասին» մերժել։
Պետական տուրքի հարցը համարել լուծված։»։
Վճռի դեմ Նախարարությունը հունիսի 1-ի փոստային առաքմամբ բերել է վերաքննիչ բողոք (այսուհետև` բողոք)։ Գործը Վերաքննիչ դատարանում ստացվել և դատական կազմին է հանձնվել 2012 թվականի հունիսի 13-ին։ Վերաքննիչ դատարանի հունիսի 15-ի որոշմամբ բողոքը վերադարձվել է` դրա ներկայացմանն առնչվող թերության կապակցությամբ։ Հունիսի 25-ին այն կրկին ներկայացվել է։ Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ բողոքն ընդունվել է վարույթ և դատաքննության նշանակվել սեպտեմբերի 11-ին։ Այդ օրվա դատական նիստին ներկայացել և մասնակցել է միայն Նախարարության ներկայացուցիչը։ Այդ նիստում բողոքով դատաքննությունն ավարտվել և հայտարարվել է բողոքն ըստ էության լուծող որոշման հրապարակման օրը` հոկտեմբերի 2, ժամը և վայրը։
2. Բողոքի հիմքերի, հիմնավորումների և պահանջի նկարագրությունը
Բողոքով ներկայացվել են հետևյալ հիմքերն ու հիմնավորումները։
Պատասխանողը դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու համար 2010 թվականի օգոստոսի 11-ին Նախարարություն է ներկայացրել հայտ և 2010 թվականի սեպտեմբերի 6-ին ստացել է դեղատնային գործունեության թիվ Ա-XX-000668 լիցենզիան։
ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության կողմից Նախարարությանը ներկայացված (գրություն 26.01.2011թ. N ՀՆՎ-81) տվյալների համաձայն, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության աշխատանքային խմբի կողմից 2010 թվականի նոյեմբերին Նախարարությունում իրականացվող ուսումնասիրության շրջանակներում ստուգվել են նախկինում լիցենզավորման համար ներկայացված հայտեր, այդ թվում` Պատասխանողի կողմից լիցենզավորման համար ներկայացված հայտը և կից փաստաթղթերը, ինչի արդյունքում կասկածներ են առաջացել` կապված հայտին կից ներկայացված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենում առկա տվյալների իսկության հետ։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև նույն օրենքի 15-րդ հոդվածով (վարչական մարմինների փոխադարձ օգնության պարտականությունը)` Նախարարությունը հարցում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն (այսուհետև` Կառավարություն) առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Գյումրի տարածքային ստորաբաժանում (այսուհետև` Կադաստրի ստորաբաժանում)` ներկայացված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի իսկությունը պարզելու նպատակով։
Հարցմանն ի պատասխան, Նախարարությունը 2011 թվականի ապրիլի 13-ին ստացել է Կադաստրի ստորաբաժանման թիվ Կգ-823 գրությունը, համաձայն որի՝ «... Սամվել Հովսեփյանին պատկանող Գյումրու Շիրակացի փող., շենք 87 թիվ 30 առևտրի սրահի 2633354 վկայականի պատճենի և կադաստրային գործում առկա սեփականության իրավունքի թիվ 2633354 վկայականի համեմատությունից պարզվեց, որ «Շենքի հատակագիծ» բաժնում կա շենքի ներքին չափերի և մակերեսների անհամապատասխանություն` Ձեզ ներկայացված հատակագծում թիվ 1 տարածքի մակերեսը հաստատագրված է 23,79 քմ, թիվ 2 տարածքի մակերեսը` 1,45 քմ, թիվ 1-ի 32,95 քմ-ի և թիվ 2-ի 2,17 քմ-ի փոխարեն»։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պատասխանողի կողմից Նախարարություն են ներկայացվել կադաստրային գործում առկա տվյալներին չհամապատասխանող կեղծ և խեղաթյուրված տվյալներ (նրա կողմից ներկայացված հայտին կից տեղեկանքում սանհանգույցի մակերեսը նշվել է 2,17 քմ, որն իրականում կազմել է 1,45 քմ, առևտրի սրահ (սպասասրահ, գրասենյակ) հանգստի սենյակ` 32,95 քմ, որն իրականում կազմել է 23,79 քմ, մինչդեռ առևտրի սրահի/սպասասրահի նվազագույն թույլատրելի չափը պետք է լինի 18 քմ, իսկ գրասենյակի/հանգստի սենյակինը` 8 քմ, հետևաբար, ընդհանուր մակերեսի նվազագույն թույլատրելի չափը պետք է լիներ` 18 քմ+8քմ=26 քմ, մինչդեռ, կադաստրային գործում առկա տվյալների համաձայն, այն կազմել է 23,79 քմ, ընդ որում, նույն կեղծ և խեղաթյուրված տեղեկությունները ներկայացվել են անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի պատճենում)` Նախարարությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան` դեղատնային գործունեության իրականացման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու պահանջով։
Վարչական դատարանի 2012 թվականի մայիսի 3-ի վճռով Նախարարության հայցը մերժվել է։ Դատարանի կողմից թույլ տրված նյութական իրավունքի նորմերի խախտումները կայացել են հետևյալում։
1) Դատարանի կողմից չի կիրառվել Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ հաստատված` ՀՀ-ում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգի (այսուհետև` Լիցենզավորման կարգ) 7-րդ կետի 4-րդ ենթակետը, 24-րդ կետի 3-րդ ենթակետը։ Մասնավորապես, 7-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն, հայտատուն դեղատնային գործունեության լիցենզավորման համար, օրենքի համաձայն, ներկայացնում է լիցենզավորվող գործունեության տեսակի տարածքի համապատասխան իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը։
Լիցենզավորման կարգի համաձայն, դեղատնային կրպակի սանհանգույցի նվազագույն չափին (2 քմ) համապատասխան սանհանգույցի, գրասենյակ/հանգստի սենյակի (8 քմ), առևտրի սրահ/սպասասրահի (18 քմ) առկայությունը հանդիսանում է լիցենզիա ստանալու համար պարտադիր պայման, որի համապատասխանությունն ստուգվում է տվյալ տարածքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենի և դեղատնային կրպակի տարածքների և տեխնիկատեխնոլոգիական տարածքների հագեցվածության մասին տեղեկանքում ներկայացված տվյալների հիման վրա։
Պատասխանողի կողմից լիցենզիա ստանալու համար Նախարարություն է ներկայացվել թիվ 2633354 սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը, որտեղ թիվ 1 սենյակը նշված է 32,95 քմ, իսկ թիվ 2 սենյակը` 2,17 քմ, մինչդեռ, Կադաստրի ստորաբաժանման 13.04.2011 թվականին ստացված թիվ Կգ-823 գրության համաձայն, արխիվային օրինակում թիվ 1 սենյակը նշված է 23,79 քմ, իսկ թիվ 2 սենյակը` 1,45 քմ։
Այսինքն` Պատասխանողի կողմից Նախարարություն ներկայացված տվյալները չեն համապատասխանում կադաստրային գործում առկա տվյալներին։
Փաստորեն, Պատասխանողը 2010 թվականի օգոստոսի 11-ին լիցենզիա ստանալու համար Նախարարություն է ներկայացրել լիցենզիա ստանալու համար էական նշանակություն ունեցող կեղծ և խեղաթյուրված տեղեկատվություն։
Մասնավորապես, թիվ 2633354 սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենում թիվ 2 սենյակի մակերեսն ինքնակամ փոխվել է և 1,45 քմ փոխարեն նշվել է 2,17 քմ, իսկ թիվ 2 տարածքինը` 23,79 քմ փոխարեն նշվել է 32,59 քմ, ինչն էլ հիմք է հանդիսացել համապատասխան տարածքները (թիվ 1, 2 տարածք) Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանող գնահատելու համար։
Արդյունքում, հայտատուի կողմից Նախարարություն ներկայացված լիցենզիա ստանալու համար էական նշանակություն ունեցող կեղծ և խեղաթյուրված տեղեկությունների հիման վրա վերջինիս տրվել է համապատասխան լիցենզիա։
Նշվածի հիման վրա գտնում են, որ դատարանի կողմից չի կիրառվել Լիցենզավորման կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը և 7-րդ կետի 4-րդ ենթակետը, ինչի արդյունքում չի արձանագրվել այդ մասով ՀՀ օրենսդրության պահանջների խախտում։ Եթե դատարանի կողմից կիրառվեր նշված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը և 7-րդ կետի 4-րդ ենթակետը, ապա հաստատված կհամարվեր այն, որ Պատասխանողը լիցենզավորման համար ներկայացրել է կեղծ և խեղաթյուրված տեղեկություններ, ինչը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, հիմք է հանդիսանում լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար։
2) Դատարանի կողմից չի կիրառվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն, լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում։
Այսինքն` «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի վերը նշված հոդվածը լիցենզիայի գործողությունը դադարեցնելու հիմք է դիտարկում լիցենզիա ստանալու ժամանակ ներկայացված փաստաթղթերում կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելը։
Պատասխանողը լիցենզիա ստանալու հայտը Նախարարություն է ներկայացրել 2010 թվականի օգոստոսի 11-ին, որին կից փաստաթղթերում (2633354 սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը, դեղատնային կրպակի տարածքների և տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության մասին տեղեկանք) սանհանգույցը ներկայացվել է 2,17 քմ, թիվ 1 տարածքը` 32,95 քմ, մինչդեռ Նախարարության կողմից 13.04.2011 թվականին ստացված Կադաստրի ստորաբաժանման գրության համաձայն 2633354 սեփականության իրավունքի գրանցման վկայականի ուսումնասիրությունից պարզվել է, որ գոյություն ունեն անհամապատասխանություններ` մասնավորապես, սանհանգույցը 1,45 քմ է, իսկ թիվ 1 տարածքի մակերեսը` 23,79 քմ։
Այսինքն` հայտատուն լիցենզիա ստանալու համար 2010 թվականի օգոստոսի 11-ին Նախարարություն է ներկայացրել կեղծ և խեղաթյուրված տվյալներ, քանի որ հայտն ստանալու պահին դեղատնային կրպակի սանհանգույցն իրականում եղել է 1,45 քմ, իսկ թիվ 1 տարածքը` առևտրի սրահ/սպասասրահ` 23,79 քմ, իսկ «Պ.Ա.Գ. ԷՍԹԵՅԹ» ՍՊԸ-ի կողմից համապատասխան չափագրումը կատարվել է 2011 թվականի հունիսի 21-ին, որի արդյունքում տրված թիվ 144-Ա հաշվետվության համաձայն, սանհանգույցը` լվացարանով, 2,05 քմ է, առևտրի սրահ/սպասասրահը` 18,14 քմ, հանգստի սենյակ/գրասենյակը` 8,06 քմ։
Փաստորեն, հայտատուի կողմից հայտ ներկայացնելիս սանհանգույցը ներկայացվել է 2,17 քմ, իրականում հայտ ներկայացնելու պահին եղել է` 1,45 քմ, իսկ 2011 թվականին վերը նշված ընկերության կատարած չափագրման համաձայն` 2,05 քմ, իսկ թիվ 1 տարածքը հայտ ներկայացնելու պահին իրականում եղել է 23,79 քմ, մինչդեռ հայտատուի կողմից ներկայացվել է 32,95 քմ, իսկ չափագրման արդյունքում` 26,2 քմ։
Մինչդեռ ինչպես վերը նշվեց, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով կարևորվում է լիցենզիա ստանալու պահին ներկայացված փաստաթղթերում կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ հայտնաբերելու հանգամանքը` չկարևորելով հետագայում օրենքի պահանջներին լիցենզավորման կարգով սահմանված պայմանները համապատասխանեցնելու կամ չհամապատասխանեցնելու հանգամանքը։
Մինչդեռ դատարանը վճռի պատճառաբանական մասում նշել է, որ դեղատնային կրպակի տարածքների չափերը վեճի լուծման պահին նախատեսվածից էլ ավելին են։
Փաստորեն դատարանը չի կիրառել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, որը լիցենզիայի գործողությունը դադարեցնելու հիմք է դիտարկում լիցենզիա ստանալու պահին ներկայացված փաստաթղթերում կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ հայտնաբերելու հանգամանքը` չկարևորելով հետագայում օրենքի պահանջներին, լիցենզավորման կարգով սահմանված պայմաններին համապատասխանեցնելը։
3) Դատարանը կիրառել է նյութական իրավունքի այն նորմերը, որոնք չպետք է կիրառեր։
Դատարանը կիրառել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր։
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ֆիզիկական անձանց որակավորումն ստուգում են համապատասխան լիցենզավորող մարմնի կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովները, եթե օրենքով կամ լիցենզավորման կարգերով այլ բան նախատեսված չէ։
Որակավորման հանձնաժողովների կազմավորման կարգերը և կանոնադրությունները հաստատում են լիցենզավորող մարմինները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։
Նախ վերը նշված օրենքի 14-րդ հոդվածը վերաբերում է որակավորման կարգերին, որոնք վերաբերում են ֆիզիկական անձանց և որոնց արդյունքում համապատասխան անձանց տրվում են որակավորման վկայականներ։
Նախարարության` օրենսդրությամբ սահմանված իրավասությունների մեջ չի մտնում ֆիզիկական անձանց որակավորման ստուգում իրականացնելու լիազորությունը, իսկ դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման ժամանակ նման ընթացակարգ ընդհանրապես նախատեսված չէ, մինչդեռ Վարչական դատարանը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը կիրառելով, հանգել է այն եզրակացության, որ հայցվորի պարտականությունն է եղել պատասխանողի կողմից ներկայացված փաստաթղթերի իսկությունը ճշտելը և ոչ թե իրավունքը (մինչդեռ ՀՀ առողջապահության նախարարությունը ոչ միայն դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման ժամանակ և, ընդհանրապես, իր լիազորություններն իրականացնելիս ֆիզիկական անձանց որակավորումն իրականացնելու իրավասություն չունի)։
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակների համար, որոնց իրականացումը պահանջում է մասնագիտական գիտելիքներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել մասնագիտական որակավորման պահանջներ։
Մինչդեռ, Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ հաստատված` ՀՀ-ում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգով ֆիզիկական անձանց չեն առաջադրվում մասնագիտական որակավորման պահանջներ։ Բացի այդ, հայցադիմումը ներկայացնելու համար հիմք է հանդիսացել հայտատուի կողմից լիցենզիա ստանալու համար կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն ներկայացնելու հանգամանքը, իսկ ֆիզիկական անձանց որակավորմանն առաջադրվող պահանջների հետ ներկայացված հայցադիմումը ոչ մի առնչություն չունի։
4) Դատարանը սխալ է մեկնաբանել Լիցենզավորման կարգի 11-րդ կետը, որի համաձայն, դեղատնային գործունեության լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանությունը կարող է ուսումնասիրվել տեղում, և ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմվում է եզրակացություն։
Այդ նորմի տառացի մեկնաբանությունից բխում է, որ դեղատնային գործունեության լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանությունը տեղում ուսումնասիրելը հանդիսանում է հայեցողական լիազորություն և ոչ թե իրավասու մարմնի պարտականություն, մինչդեռ Վարչական դատարանը վճռի պատճառաբանական մասում համապատասխան իրավանորմերի վերլուծությունից հանգել է այն եզրակացության, որ հայցվորի պարտականությունն է եղել պատասխանողի կողմից ներկայացված փաստաթղթերի իսկությունը ճշտելը և ոչ թե իրավունքը։
Եթե դատարանը ճիշտ մեկնաբաներ Լիցենզավորման կարգի 11-րդ կետը, կհանգեր այն եզրակացության, որ Նախարարությունը պարտականություն չի կրում պատասխանողի կողմից ներկայացված փաստաթղթերի իսկությունը ճշտելը, այն նախատեսված է որպես հայեցողական լիազորություն։
5) Դատարանը սխալ է մեկնաբանել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն, օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման դիմում կարող է ներկայացվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում` կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից` 15 օրվա ժամկետում։
Համապատասխան հոդվածի վերլուծությունից դատարանը եզրակացրել է, որ Նախարարության կողմից խախտվել է լիցենզիայի գործողության դադարեցման դիմում ներկայացնելու օրենքով սահմանված 15-օրյա ժամկետը։
Ընդ որում, դատարանը վճռի պատճառաբանական մասում որևէ ձևով չի պատճառաբանել ՀՀ առողջապահության նախարարության կողմից դիմում ներկայացնելու 15-օրյա ժամկետը խախտելու հանգամանքը։
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի տառացի մեկնաբանությունից բխում է, որ լիցենզիայի գործողության դադարեցման դիմում կարող է ներկայացվել կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից` 15-օրյա ժամկետում։
Պատասխանողի կողմից ներկայացված կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերվել է 13.04.2011 թվականին, երբ Նախարարությունն ստացել է Կադաստրի ստորաբաժանման վերոհիշյալ գրությունը։
Նախքան վերը նշված գրությունն ստանալը ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության աշխատանքային խմբի կողմից Նախարարությանը ներկայացված գրությամբ միայն կասկածներ են առաջացել տարբեր հայտատուների, այդ թվում` Պատասխանողի կողմից ներկայացված հայտին կից ներկայացված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենում առկա տվյալների իսկության վերաբերյալ, ինչից ելնելով և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով, Նախարարության կողմից հարցում է ուղարկվել Կադաստրի ստորաբաժանում, որի կողմից ստացված գրությամբ (Նախարարության կողմից ստացվել է 13.04.2011 թվականին) հայտնաբերվել է հայտատուի կողմից կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն ներկայացնելու փաստը։
Այսինքն` Նախարարության կողմից պահպանվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված 15-օրյա ժամկետը։
Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումները կայացել են հետևյալում.
1) Դատարանը խախտել է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետև` ՎԴ օրենսգիրք) 24-րդ հոդվածի 1-ին մասը։
Մասնավորապես, ՎԴ օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Բողոքարկվող վճռում դատարանը գնահատման առարկա չի դարձրել Կադաստրի ստորաբաժանման թիվ Կգ-823 գրությունը, որի համաձայն՝ Սամվել Հովսեփյանին պատկանող Գյումրու Շիրակացի փող., շենք 87 թիվ 30 առևտրի սրահի 2633354 վկայականի պատճենի և կադաստրային գործում առկա սեփականության իրավունքի թիվ 2633354 վկայականի համեմատությունից պարզվեց, որ «Շենքի հատակագիծ» բաժնում կա շենքի ներքին չափերի և մակերեսների անհամապատասխանություն` ներկայացված հատակագծում թիվ 1 տարածքի մակերեսը նշված է 23,79 քմ, թիվ 2 տարածքի մակերեսը` 1.45 քմ, թիվ 1-ի 32.95 քմ-ի և թիվ 2-ի 2.17 քմ-ի փոխարեն։
Դատավարական նշված նորմի խախտումը հանգեցրել է նրան, որ չգնահատելով այն հիմնական ապացույցներից մեկը, որով հայցվոր կողմը հիմնավորում է լիցենզավորման ժամանակ Պատասխանողի կողմից կեղծ և խեղաթյուրված տեղեկություններ ներկայացված լինելու փաստը, դատարանը չի արձանագրել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքերը` լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար։
2) Դատարանը խախտել է ՎԴ օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն, գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։
Գտնում են, որ «Պ.Ա.Գ. ԷՍԹԵՅԹ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հաշվետվությունը չպետք է դատարանի կողմից գնահատվեր որպես թույլատրելի ապացույց, մինչդեռ դատարանը Վճռի կայացման համար հիմք է ընդունել «Պ.Ա.Գ. ԷՍԹԵՅԹ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հաշվետվությունը` առանց անդրադառնալու համապատասխան ապացույցի թույլատրելի կամ ոչ թույլատրելի լինելու հանգամանքին։
Դատարանը, վճռի պատճառաբանական մասում գնահատելով վերը նշված հաշվետվությունը, հանգել է այն եզրակացության, որ գործի քննության պահին դեղատնային կրպակի տարածքները համապատասխանել են լիցենզավորման կարգով սահմանված պարտադիր պահանջներին և պայմաններին։
Լիցենզավորման կարգի 7-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ հայտատուն դեղատնային գործունեության լիցենզավորման համար օրենքի համաձայն ներկայացնում է լիցենզավորվող գործունեության տեսակի տարածքի համապատասխան իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը։
Սակայն դատարանը, առանց անդրադառնալու Կադաստրի ստորաբաժանման կողմից ներկայացված թիվ Կգ-823 գրությանը և կից ներկայացված շենքի հատակագծի պատճենին (լիցենզավորվող գործունեության տեսակի տարածքի համապատասխան իրավունքի պետական գրանցման փաստը հավաստվում է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականով) մերժել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացված հայցադիմումը` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Պ.Ա.Գ. ԷՍԹԵՅԹ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հաշվետվության համաձայն՝ դեղատնային կրպակի տարածքի չափերը բավարարել են լիցենզավորման կարգով սահմանված պահանջներին։
Բողոքաբերը պահանջել է ամբողջությամբ բեկանել և փոփոխել Վճիռը` կայացնելով նոր դատական ակտ։
3. Գործին մասնակից անձանց պատասխանը բողոքին, դիրքորոշումը և հիմնավորումները
Բողոքաբերից բացի, գործին մասնակից է նաև Պատասխանողը, սակայն նա բողոքի պատասխան չի ներկայացրել և ինքը կամ իր որևէ ներկայացուցիչ բողոքով դատաքննությանը չեն ներկայացել։
4. Բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, Վերաքննիչ դատարանի վերլուծությունը և եզրահանգումները
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ ՎԴ օրենսգրքի 11712 -րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար»։ Այդ տեսանկյունից ուսումնասիրելով գործի նյութերը, բողոքով ներկայացված հիմք-հիմնավորումները, Վարչական դատարանի` Վճռում շարադրված վերլուծությունն ու ստացված եզրահանգումները` Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ բողոքով ներկայացված պահանջը ենթակա է բավարարման հետևյալ հիմնավորմամբ։
Գործով հաստատված է, որ Պատասխանողը դեղատնային կրպակի միջոցով դեղատնային գործունեության իրականացման համար լիցենզիա ստանալու մասին հայտ է ներկայացրել Նախարարություն։ Հայտը ներկայացվել է 2010 թվականի օգոստոսի 11-ին, և 2010 թվականի սեպտեմբերի 6-ին տրվել է դեղատնային կրպակի դեղատնային գործունեության թիվ Ա-XX-000668 լիցենզիան։
Կառավարության 24.09.2001 թվականի N 895 որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը սահմանում է լիցենզիայի տվյալ տեսակի կապակցությամբ Նախարարության լիազորությունը։ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված է, որ լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում այդ օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին։ Նույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում։ Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն, այդ հիմքով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով` լիցենզավորող մարմնի դիմումի համաձայն։
Գործով չի վիճարկվում, որ լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացված են եղել կեղծված տեղեկություններ, այն է` սեփականության իրավունքի գրանցման վկայականի լուսապատճենում կեղծված են եղել կրպակի սենյակների մակերեսները։ Նույն տեղեկությունները ներկայացվել են հայտին կից տեղեկանքում, որում սանհանգույցի մակերեսը նշվել է 2,17 քմ, որն ըստ վկայականի կազմել է 1,45 քմ, առևտրի սրահի (սպասասրահ) և գրասենյակի (հանգստի սենյակ) մակերեսների հանրագումարը` 32,95 քմ, որն ըստ վկայականի կազմել է 23,79 քմ։
Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգի» 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում դեղատների և դեղատնային կրպակների տարածքների հետևյալ թույլատրելի նվազագույն չափերն են` դեղատնային կրպակի դեպքում`
● առևտրի սրահ, սպասասրահ` 18 քմ,
● գրասենյակ, հանգստի սենյակ` 8 քմ,
● սանհանգույց` լվացարանով` 2 քմ։
Գործի քննության ընթացքում Պատասխանող կողմը, առարկելով հայցին, ներկայացրել է տվյալ հասցեի սենյակների ներքին դասավորվածության և փաստացի մակերեսների մասին մասնագիտական եզրակացություն, տրված «Պ.Ա.Գ. ԷՍԹԵՅԹ» ՍՊԸ-ի կողմից։ Համաձայն դրա, 2011 թվականի հունիսի 20-ից 21-ի դրությամբ տվյալ հասցեի տարածքը, ըստ օգտագործման նպատակային նշանակության, բաղկացած է հետևյալ սենյակներից`
● առևտրի սրահ` 18,14 քմ,
● հանգստի սենյակ` 5,26 քմ,
● սանհանգույց` 1,45 քմ,
● գրասենյակ` 2,80 քմ,
● լվացարան` 0,6 քմ։
Եզրակացության ամփոփման մեջ նշված է, որ տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 28,25 քմ, որից` առևտրի սրահ` 18,14 քմ, գրասենյակ, հանգստի սենյակ (թիվ 2 և 4 սենյակներ)` 8,06 քմ, սանհանգույց և լվացարան (թիվ 3 և 5 սենյակներ)` 2,05 քմ։
Տվյալ դեպքում հատկանշական է, որ լիցենզիան տրվել է 2010 թվականի սեպտեմբերի 6-ին, իսկ տվյալ եզրակացությունում տարածքի չափերն ու սենյակների տեղակայումը նկարագրված է 2011 թվականի հունիսի 20-ից 21-ի դրությամբ։ Վերաքննիչ դատարանը, սակայն, հաշվի առնելով, որ Պատասխանող կողմի փաստարկների հիմքում ընկած է այդ եզրակացությունը, հարկ է համարում դրան անդրադառնալ։ Քննարկվող խնդրի առումով արժանահիշատակ է եզրակացությունում նշված սենյակների տեղակայումը միմյանց նկատմամբ։ Այսպես, սանհանգույցի դուռը բացվում է դեպի առևտրի սրահ, իսկ լվացարանը գտնվում է մեկ այլ տեղում` այնպես, որ սանհանգույցից լվացարան հասնելու համար սանհանգույցից պետք է անցնել առևտրի սրահ, այդտեղից` հանգստի սենյակ, և նոր միայն հասնել լվացարանին։ Մինչդեռ լիցենզավորման կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի վերոհիշյալ պահանջների մեջ նշված է` «սանհանգույց` լվացարանով` 2 քմ», այստեղ կարևոր նշանակություն է ձեռք բերում այդ պահանջի մեկնաբանությունը։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները, և իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը։ Այս կանոնով ղեկավարվելով և մեկնաբանելով լիցենզավորման կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի նշված պահանջը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ, ըստ այդ պահանջի, սանհանգույցն ու լվացարանը պետք է լինեն համատեղված` մեկ սենյակում, կամ հարակից լինեն միմյանց` մեկից մյուսն անցնելու անմիջական հնարավորությամբ։ Հետևաբար, դեղատնային կրպակի առկա տարածքն իր չափերով, սենյակների տեղակայման հաշվառմամբ, չի բավարարում լիցենզավորման կարգի պահանջներին։ Իսկ լիցենզիա ստանալու մասին հայտին կից Պատասխանողի ստորագրությամբ ներկայացված տեղեկանքում սանհանգույցը նկարագրված է եղել որպես 2,17 քմ մակերես ունեցող մեկ ամբողջություն, որը հագեցած է զուգարակոնքով և լվացարանով։ Նույն կերպ այն ցույց է տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականի լուսապատճենում։ Մեկնաբանության վերոհիշյալ նույն կանոնի կիրառմամբ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ տարածքի` նշված առումով լիցենզավորման կարգի պահանջներին չբավարարելը գնահատման է ենթակա որպես այդ պահանջներին էականորեն չբավարարելու փաստ։ Հետևաբար, լիցենզիան տրվել է ներկայացված կեղծ տվյալների հիման վրա, ինչը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, հիմք է լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար։
Այսպիսով, գործով ներկայացված ապացույցների համակցության ու կողմերի դիրքորոշումների գնահատման արդյունքում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ, ինչպես լիցենզավորման, այնպես էլ սույն գործի քննության, այդ թվում` Վճռի վերանայման սույն գործընթացի ժամանակահատվածում խնդրո առարկա դեղատնային կրպակի տվյալ տարածքը չի բավարարել և չի բավարարում հիշյալ կարգով սահմանված նվազագույն պահանջներին։ Ընդ որում, օրենսդրությամբ սահմանված չէ այնպիսի պահանջ, որից կհետևեր, թե հայտը ներկայացնելուց հետո լիցենզավորող մարմինը պարտադիր պետք է ուսումնասիրություն կատարեր գործունեության իրականացման վայրում և պարզեր բնականում դրա համապատասխանությունը լիցենզավորման կարգի պահանջներին։ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ չի խախտված նաև խախտումը հայտնաբերելուց հետո դատարան դիմելու համար «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված 15-օրյա ժամկետը։
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բերված վերլուծությունը հանգեցնում է բողոքի պահանջի, ինչպես նաև հայցի բավարարմանը։ Հետևաբար, Վճիռը հիմնավորված չէ, ենթակա է բեկանման և փոփոխման` բավարարելով ներկայացված հայցը։ Ուստի բացակայում է բողոքի մնացած հիմք-հիմնավորումներին անդրադառնալու անհրաժեշտությունը, և Վերաքննիչ դատարանն այլևս դրանց չի անդրադառնում։ Այսպիսով, տվյալ դեպքում կիրառման է ենթակա Վերաքննիչ դատարանի` ՎԴ օրենսգրքի 11713 -րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված լիազորությունը` Վճիռը բեկանելու և նոր դատական ակտ կայացնելու մասին։
Անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին և հիմք ընդունելով ՎԴ օրենսգրքի 11714 -րդ հոդվածը` հարկ է արձանագրել, որ Նախարարության կողմը վճարել է 4.000 դրամ հայցադիմումի և 10.000 դրամ բողոքի համար պետական տուրքեր։ Հիմք ընդունելով ՎԴ օրենսգրքի 59-րդ հոդվածը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանց հանրագումարը` 14.000 դրամ, հօգուտ Նախարարության, գանձման է ենթակա Պատասխանողից, որպես կատարված դատական ծախսերի փոխհատուցման գումար։ Այդպիսով, դատական ծախսերի բաշխման հարցը համարվում է լուծված։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՎԴ օրենսգրքի 59-րդ, 11713 -րդ, 11714 -րդ, 11716 -րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը`
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության վերաքննիչ բողոքը բավարարել` N ՎԴ5/0132/05/11 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2012 թվականի մայիսի 3-ի վճիռը բեկանել և փոփոխել`
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հայցը բավարարել` 2010 թվականի սեպտեմբերի 6-ին անհատ ձեռնարկատեր Սամվել Հովսեփյանին տրված դեղատնային գործունեության իրականացման թիվ Ա-XX-000668 լիցենզիայի գործողությունը դադարեցնել` ճանաչելով դրա ուժը կորցրած։
2. Անհատ ձեռնարկատեր Սամվել Հովսեփյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, գանձել 14.000 (տասնչորս հազար) դրամ, որպես հայցադիմումի և վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքերի փոխհատուցման հանրագումար։
Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և մինչ այդ կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան։
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ Ա. ԱԲՈՎՅԱՆ |
ԴԱՏԱՎՈՐ Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ |
ԴԱՏԱՎՈՐ Գ. ՂԱՐԻԲՅԱՆ |
ԳՐԱՌՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(սույն գրառումն ուժի մեջ է դատավորի ստորագրությամբ և կնիքով վավերացված լինելու դեպքում)
N ՎԴ5/0132/05/11 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի սույն որոշումն օրենքով սահմանված կարգով մտել է օրինական ուժի մեջ։
—————————————————
(տարեթիվը, ամիսը, օրը)