Գլխավոր տեղեկություն
Համար
N 1476-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.2012-21.08.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.12.27/31(444).1 Հոդ.1268
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 նոյեմբերի 2012 թվականի N 1476-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆԴԵՐՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 1526-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1526-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 27

Երևան 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 22-ի N 1476-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆԴԵՐՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ Հայաստանի Հանրապետության ընդերքի օգտագործման տրամադրման բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Գործակալությունն ստեղծվում ու վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու գործակալության` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Գործակալության նպատակներն ու խնդիրներն են`

1) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ապահովումը.

2) ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործմանը նպաստելը.

3) ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական ծրագրերի իրագործմանը նպաստելը:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումին կից ներկայացված փաստաթղթերի փաթեթին ներկայացվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների համապատասխանության, փաթեթների ամբողջականության ստուգում և դիմումի գրանցման մասին դիմումատուին ծանուցում.

2) նախարարությանը համաձայնեցման ներկայացված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրերի քննարկում և համաձայնեցման մասին առաջարկության ներկայացում նախարարին.

3) նախարարությանը համաձայնեցման ներկայացված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրերի, դրանց փոփոխությունների քննարկում և համաձայնեցման մասին առաջարկության ներկայացում նախարարին.

4) օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքային նախագծերի, դրանց փոփոխությունների քննարկում.

 5) ընդերքօգտագործման նախագծերի և ծրագրերի սահմանված կարգով ներկայացում օրենքով նախատեսված փորձաքննությունների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման.

6) Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40-րդ հոդվածի 7-րդ մասով և 51-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված մերժման հիմքերի առկայության դեպքում ընդերքօգտագործման իրավունքի դիմումի մերժման մասին առաջարկության ներկայացում նախարարին.

7) իրավասու մարմինների հետ ընդերքօգտագործման համար արգելված ընդերքի առանձին տեղամասերի ճշգրտում և առաջարկության ներկայացում նախարարին.

8) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության ժամկետի երկարաձգման դեպքում հեռանկարային տեղամասերը որոշելու համար երկրաբանական ուսումնասիրության ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման մասին հաշվետվությունների ընդունում և վերլուծությունների կատարում և առաջարկության ներկայացում նախարարին.

9) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման առաջարկության ներկայացում նախարարին.

10) ընդերքօգտագործման իրավունքում փոփոխության, ժամկետի երկարաձգման, ընդերքի տեղամասի ընդլայնման, իրավունքի փոխանցման վերաբերյալ համաձայնության, հրաժարման հավաստագրի տրամադրման մասին առաջարկության ներկայացում նախարարին.

11) ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանի վարում և տեղեկատվության տրամադրում.

12) օրենքով սահմանված հիմքերով և կարգով դիմումատուին գրավոր ծանուցում և ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման վերաբերյալ առաջարկության ներկայացում նախարարին.

13) ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման փուլում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառման մասին առաջարկության ներկայացում նախարարին.

14) տրամադրված ընդերքի տեղամասերը բնութագրող միասնական կոորդինատային համակարգի ներդրում, տրամադրված ընդերքի տեղամասերի հաշվառում, կոորդինատների ճշտում և փոփոխություններ կատարելու մասին առաջարկության ներկայացում նախարարին.

15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում:

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն։ Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Գործակալության պետը պատասխանատու է ընդերքօգտագործման ոլորտում գործակալությանը վերապահված գործառույթների շրջանակներում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

12. Գործակալության պետը`

1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.

3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

5) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

7) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

8) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

9) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

10) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմինների ստեղծման վերաբերյալ.

11) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

12) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Գործակալության պետի փոխարինումն իրականացվում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ:

16. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

17. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 22-ի N 1476-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆԴԵՐՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

 I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Ընդերքօգտագործման նախագծերի, ծրագրերի քննարկման, համաձայնեցման և լեռնահատկացումների բաժին

Ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման բաժին

Ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնական մատյանի վարման, հաշվառման, տեղեկատվության տրամադրման բաժին

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան