Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԽ-23-Ո-28
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.21/62(936) Հոդ.1337
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.11.2012
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԽ-23-Ո-28

2012 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ ԱԽ անդամներ`

 

Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի,

Ռ. Բարսեղյանի, Կ. Բաղդասարյանի,

Մ. Մարտիրոսյանի, Գ. Խանդանյանի,

Ա. Խաչատրյանի, Ա. Թումանյանի,
Մ. Մակյանի,
Հ. Փանոսյանի,
Ս. Օհանյանի

 

մասնակցությամբ դատավոր`

Ա. Խաչատրյանի

 

քարտուղարությամբ`

Շ. Վարդանյանի

 

2012 թվականի նոյեմբերի 23-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Խաչատրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նաև` Կարգապահական հանձնաժողով) 24.08.2012թ. թիվ N-Կ-2-5/2012թ. որոշմամբ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Ա. Խաչատրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 22.08.2012թ. թիվ Ե-5592 գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

Ըստ եզրակացության`

«Դատարանի 17.05.2012թ. դատավճռով Տիգրան Աստվածատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտվել է ազատազրկման 4/չորս/ տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան 5 /հինգ/ տարի ժամկետով:

Տիգրան Աստվածատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրությունը չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 20.07.2012թ. որոշմամբ Դատարանի 17.05.2012թ. դատավճիռը բեկանվել, և գործն ուղարկվել է նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

Ըստ դատավճռի` Տիգրան Աստվածատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ մեղադրվել և դատական քննության արագացված կարգի կիրառմամբ դատապարտվել է այն բանի համար, որ 2011թ. սեպտեմբեր ամսից աշխատելով Երևան քաղաքի Վ. Փափազյան 17 հասցեում գտնվող «Կլեոպատրա» ՍՊԸ-ում, որպես վաճառքի գծով մենեջեր` նույն թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում վաճառքից առաջացած և իրեն վստահված գումարից յուրացման միջոցով հափշտակել է ընդհանուր 3 870 000 ՀՀ դրամ` նշված ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով: Հանցանքը կատարելու ժամանակ է համարվում հանրության համար վտանգավոր գործողությունը (անգործությունը) իրականացնելու ժամանակը` անկախ հետևանքները վրա հասնելու պահից:

ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` յուրացնելը կամ վատնելը հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունն է, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

25.05.2011թ. ուժի մեջ է մտել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ԱԺ 23.05.2011թ. ընդունված թիվ ՀՕ-143-Ն օրենքը, որի 18-րդ հոդվածի համաձայն` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիան շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3753 հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժը:

Վերոգրյալից հետևում է, որ Տիգրան Աստվածատրյանն իրեն վերագրվող հանցավոր արարքը կատարել է 2011թ. հոկտեմբեր ամսին, այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիայում վերը նշված փոփոխությունները կատարելուց հետո, ուստի նա ենթակա էր քրեական պատասխանատվության այդ սանկցիայի շրջանակներում: Մինչդեռ Դատարանը, առանց որևէ հիմնավորման, Տիգրան Աստվածատրյանի նկատմամբ պատիժ է նշանակել գործող ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիայով (5-8 տարի) նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ:

Այսպիսով, Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Դատարանը, Տիգրան Աստվածատրյանի նկատմամբ նշանակելով գործող ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիայով (5-8 տարի) նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ, թույլ է տվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, որի արդյունքում անհիմն կերպով բարելավվել է ամբաստանյալի վիճակը:

Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է նյութական կամ դատավարական օրենքի նորմի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ է տրվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում»:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավոր Ա. Խաչատրյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Թիվ ԵԱՔԴ/0034/01/12 քրեական գործով դատավճռի եզրափակիչ մասում նշված է. «Ամբաստանյալ Տիգրան Ալֆրեդի Աստվածատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրան դատապարտել ազատազրկման 4 /չորս/ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգքրի 70-րդ հոդվածի կարգով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 5 /հինգ/ տարի ժամկետով»: Դատարանը տպագրական վրիպակի արդյունքում է հինգի փոխարեն նշել չորս, ինչը և հետագայում սխալմամբ հրապարակվել է: Ակնհայտ է, որ Դատարանի կողմից չի կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը, որի պարագայում նոր միայն հնարավոր կլիներ ամբաստանյալի նկատմամբ նշանակել ՀՀ քրեական օրենսրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ: Դատարանի կողմից նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և հետևաբար թույլ տրված վրիպակը որևէ անբարենպաստ հետևանք չի առաջացրել կողմերից ոչ մեկի համար: Բացի այդ, նախագահողս քրեական գործը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ուղարկելուց հետո նկատել եմ այդ վրիպակը և հաշվի առնելով նաև դատական պրակտիկան` կարող էի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի համաձայն` լուծել դատավճռի ի կատար ածման ընթացքում ծագած կասկածները և անհստակությունները:

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիայով նախատեսված լրացուցիչ պատիժ չնշանակելը չպատճառաբանելուն, ապա ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելիս կարող են նշանակվել լրացուցիչ պատիժներ, բացի գույքի բռնագրավումից», իսկ դատավճռի պատճառաբանական մասում պատճառաբանվել է, թե ամբաստանյալ Տիգրան Աստվածատրյանն իր կատարած հանցանքի համար ենթակա է պատժի ……. ամբաստանյալի ուղղվելն հնարավոր է պատիժը պայմանականորեն չկիրառելու …. պայմաններում: Դատավճիռ կայացնելիս Դատարանը ղեկավարվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով, որով էլ լրացուցիչ պատժի` գույքի բռնագրավման նշանակելու արգելքը հստակ սահմանված է: Այդ իսկ պատճառով էլ Դատարանը պատճառաբանել է ազատազրկման ձևով նշանակվող պատիժը պայմանականորեն չկիրառելը և առերևույթ չի անդրադարձել Տիգրան Աստվածատրյանի նկատմամբ լրացուցիչ պատիժ չնշանակելուն:

Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ թույլ տրված վրիպակը չհամարել նյութական իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում և կարճել իմ նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1) Տիգրան Աստվածատրյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011թ. սեպտեմբեր ամսից աշխատելով Երևան քաղաքի Վ. Փափազյան 17 հասցեում գտնվող «Կլեոպատրա» ՍՊԸ-ում որպես վաճառքի գծով մենեջեր` նույն թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում վաճառքից առաջացած և իրեն վստահված գումարից յուրացման միջոցով հափշտակել է ընդհանուր 3 870 000 ՀՀ դրամ` նշված ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

2) Դատարանի կողմից 17.05.2012թ. թիվ ԵԱՔԴ/0034/01/12 քրեական գործով կայացվել է դատավճիռ, որով Տիգրան Աստվածատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտվել է ազատազրկման 4 /չորս/ տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան 5 /հինգ/ տարի ժամկետով:

3) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 20.07.2012թ. որոշմամբ Դատարանի 17.05.2012թ. դատավճիռը բեկանվել, և գործն ուղարկվել է նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով Դատարանի դատավոր Ա. Խաչատրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով:

ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով: Հանցանքը կատարելու ժամանակ է համարվում հանրության համար վտանգավոր գործողությունը (անգործությունը) իրականացնելու ժամանակը` անկախ հետևանքները վրա հասնելու պահից:

ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելու դեպքում կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով, կամ չկիրառել որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժ: Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը:

Վերը նշված օրենսդրական դրույթների վերլուծության արդյունքում Խորհուրդն արձանագրում է, որ հանցանք կատարած անձը ենթակա է քրեական պատասխանատվության հանցավոր արարքը կատարելու ժամանակ գործող քրեական օրենքի համապատասխան հոդվածի սանկցիայի շրջանակներում, ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածում նշված բացառիկ հանգամանքների բացակայության պարագայում հանցանք կատարած անձի նկատմամբ չի կարող նշանակվել համապատասխան սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Տիգրան Աստվածատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ մեղադրվել և դատական քննության արագացված կարգի կիրառմամբ դատապարտվել է այն բանի համար, որ 2011թ. սեպտեմբեր ամսից աշխատելով Երևան քաղաքի Վ. Փափազյան 17 հասցեում գտնվող «Կլեոպատրա» ՍՊԸ-ում որպես վաճառքի գծով մենեջեր` նույն թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում վաճառքից առաջացած և իրեն վստահված գումարից յուրացման միջոցով հափշտակել է ընդհանուր 3 870 000 ՀՀ դրամ` նշված ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Դատարանի 17.05.2012թ. դատավճռով Տիգրան Աստվածատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտվել է ազատազրկման 4 /չորս/ տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` յուրացնելը կամ վատնելը հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունն է, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

25.05.2011թ. ուժի մեջ է մտել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ԱԺ 23.05.2011թ. ընդունված թիվ ՀՕ-143-Ն օրենքը, որի 18-րդ հոդվածի համաձայն` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիան շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդն արձանագրում է, որ Տիգրան Աստվածատրյանի կողմից հանցավոր արարքը կատարելու ժամանակ` 2011թ. հոկտեմբեր ամսին, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիան պատիժ է նախատեսել ազատազրկում հինգից ութ տարի ժամկետով, որի շրջանակներում էլ նա ենթակա էր պատժի: Մինչդեռ Դատարանը, առանց որևէ հիմնավորման, Տիգրան Աստվածատրյանի նկատմամբ նշանակել է նշված հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ:

Վերոգրյալի հիման վրա Խորհուրդը գտնում է, որ Դատարանը, Տիգրան Աստվածատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները սխալ է կիրառել, որի արդյունքում խախտել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածով սահմանված օրինականության սկզբունքը:

ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է գործը քննելիս և լուծելիս ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն:

«Դատավորի վարքագծի կանոնների» 1-ին կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է դրսևորել վարքագծի բարձր չափանիշներ` ապահովելով դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը: Արդարադատություն իրականացնելիս և ոչ դատական գործունեության ընթացքում դատավորը պարտավոր է ղեկավարվել ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ դատական օրենսգրքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն վարքագծի կանոններով:

«Դատավորի վարքագծի կանոնների» 2-րդ կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է իր վարքագծով ամրապնդել կողմերի, իրավաբանական հանրության և հասարակության հավատը դատավարության, դատավորի և դատարանի անկախության, անկողմնակալության և արդարության հանդեպ: Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլև լինի տեսանելի, համոզիչ և ընկալվի որպես արդարության հաստատում:

«Դատավորի վարքագծի կանոնների» 6-րդ կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է միջոցներ ձեռնարկել իր գիտելիքների հարստացման, հմտության և անձնական հատկանիշների շարունակական կատարելագործման ուղղությամբ` այդ նպատակներին հասնելու համար օգտագործելով դատավորների վերահսկողության ներքո գտնվող վերապատրաստման բոլոր հնարավորությունները:

Վերոգրյալից հետևում է, որ դատավոր Ա. Խաչատրյանը ամբաստանյալ Տիգրան Աստվածատրյանի նկատմամբ պատիժ նշանակելու հարցը քննարկելիս չի դրսևորել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն` չապահովելով ՀՀ քրեական օրենսգրքի դրույթների պատշաճ իմացություն:

Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ արդարադատություն իրականացնելիս Դատարանի դատավոր Ա. Խաչատրյանը, ամբաստանյալի նկատմամբ նշանակելով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ, թույլ է տվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանին հայտարարել նախազգուշացում:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Վ. Աբելյան

Ռ. Բարսեղյան

Կ. Բաղդասարյան

Ա. Թումանյան

Ա. Խաչատրյան

Գ. Խանդանյան

Գ. Բադիրյան

Մ. Մարտիրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան