Գլխավոր տեղեկություն
Համար
N 1330-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.11.07/54(928) Հոդ.1160
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2012 թվականի N 1330-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈԳԵՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ, ԱԼԿՈՀՈԼԻՑ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻՑ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների հոգեֆիզիոլոգիական հետազոտություն, ալկոհոլից, թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից կախվածությունն ստուգելու նպատակով թեստավորում անցնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 29

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1330-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈԳԵՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ, ԱԼԿՈՀՈԼԻՑ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻՑ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ՝ ոստիկանություն) ծառայության անցնող քաղաքացիների և ոստիկանության ծառայողների հոգեֆիզիոլոգիական հետազոտություն, ալկոհոլից, թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից կախվածությունն ստուգելու նպատակով ոստիկանության բժշկական վարչությունում թեստավորման (այսուհետ` հետազոտություն) կազմակերպման և անցկացման գործընթացը, ինչպես նաև հոգեֆիզիոլոգիական հետազոտություն իրականացնելու, ալկոհոլից, թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից կախվածությունն ստուգելու իրավասություն ունեցող այլ մասնագիտացված հաստատություններում հետազոտություն անցնելու դեպքերը:

2. Ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիները, այդ թվում՝ ոստիկանության ուսումնական հաստատության դիմորդները, ինչպես նաև ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության անցնող քաղաքացիները հետազոտությունն անցնում են ռազմաբժշկական փորձաքննությունների ընթացքում:

3. Ոստիկանությունում ծառայողներն ալկոհոլից, թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից կախվածության ստուգման նպատակով թեստավորում անցնում են՝

1) ռազմաբժշկական փորձաքննության ընթացքում.

2) յուրաքանչյուր տարի` ոստիկանության բժշական վարչության կողմից սահմանված ժամանակացույցին համապատասխան ամենամյա կանխարգելիչ բժշկական քննության ընթացքում.

3) ըստ անհրաժեշտության` ծառայողական քննության ընթացքում:

4. Ոստիկանությունում ծառայողները հոգեֆիզիոլոգիական հետազոտություն անցնում են՝

1) ոստիկանության բժշական վարչության կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն, ամենամյա կանխարգելիչ բժշկական քննության ընթացքում` ոստիկանության ծառայողի մոտ անբավարար կամ անկայուն (անհամազոր) հոգեֆիզիոլոգիական վիճակ հայտնաբերելու դեպքում` բժշկական ցուցումի հիման վրա.

2) ոստիկանության ծառայողի մոտ անբավարար կամ անկայուն (անհամազոր) հոգեֆիզիոլոգիական վիճակի հայտնաբերման դեպքում նրա անմիջական ղեկավարի կողմից վերադասության կարգով ոստիկանության պետին կամ նրա տեղակալներին ներկայացված զեկուցագրի հիման վրա.

3) ըստ անհրաժեշտության` ծառայողական քննության ընթացքում:

5. Հետազոտությունն իրականացնելու ընթացքում (այդ թվում՝ հատուկ տեխնիկական միջոցների օգտագործման միջոցով) համապատասխան մասնագետների կողմից հաշվառվում ու մշակվում են հետազոտվողի հոգեֆիզիոլոգիական կամ այլ տվյալները:

6. Ոստիկանության ծառայողը և ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացին իրավունք ունեն ծանոթանալու հետազոտության արդյունքներին, ներկայացնելու հետազոտությանն առնչվող նյութեր: Ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացին ունի նաև հետազոտությունն ընդհատելու իրավունք: Ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացու կողմից հետազոտության ընդհատման դեպքում դադարեցվում է տվյալ անձի` ոստիկանությունում ծառայության անցնելու մասին դիմումի հետագա քննարկումը:

7. Հետազոտության ընթացքում իրավախախտումների մասին տեղեկություններ ստանալու կամ ալկոհոլից, թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից կախվածություն կամ անբավարար կամ անկայուն (անհամազոր) հոգեֆիզիոլոգիական վիճակ ունեցող անձանց հայտնաբերելու կամ ոստիկանության ծառայողի կողմից հետազոտությունից հրաժարվելու դեպքում ոստիկանության բժշկական վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից վերադասության կարգով զեկուցագիր է ներկայացվում ոստիկանության պետին կամ նրա տեղակալներին: Սույն կետով նախատեսված տեղեկատվությունը եռօրյա ժամկետում ոստիկանության բժշկական վարչության կողմից փոստային եղանակով ուղարկվում է նաև համապատասխան հետազոտությունն անցած անձին` ըստ հաշվառման հասցեի կամ տվյալ անձի էլեկտրոնային փոստի հասցեի առկայության դեպքում` էլեկտրոնային փոստի միջոցով, եթե ապահովվում է տվյալ տեղեկատվությունն էլեկտրոնային փոստով ստանալու մասին էլեկտրոնային հավաստման ստացումը:

8. Վերադասության կարգով ներկայացված զեկուցագրի հիման վրա ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին ոստիկանության պետի կամ նրա տեղակալների կողմից տրվում են հանձնարարականներ անձի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ հարուցելու կամ ոստիկանության ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու կամ իրականացվող ծառայողական քննության ընթացքում ստացված տեղեկություններն ամփոփելու վերաբերյալ: Անբավարար կամ անկայուն (անհամազոր) հոգեֆիզիոլոգիական վիճակ ունեցող անձանց հայտնաբերելու վերաբերյալ ոստիկանության պետի կամ նրա տեղակալների կողմից հանձնարարական է տրվում ոստիկանության համապատասխան կադրային ստորաբաժանմանը բժշկական եզրակացության համաձայն տվյալ անձի` ոստիկանությունում հետագա ծառայությունը շարունակելու վերաբերյալ հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշելու համար:

9. Հետազոտվողը հետազոտության արդյունքներին ծանոթանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում իրավունք ունի հետազոտության արդյունքները բողոքարկելու ոստիկանության պետին կամ նրա տեղակալներին: Ոստիկանությունում ծառայողները հետազոտության արդյունքները բողոքարկում են վերադասության կարգով:

10. Ոստիկանությունում ծառայության անցնող անձի կողմից հետազոտության արդյունքների բողոքարկման դեպքում ոստիկանության պետը կամ նրա տեղակալը հանձնարարում են ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը հետազոտություն նշանակել այլ մասնագիտացված հաստատությունում:

11. Ոստիկանության ծառայողի կողմից հետազոտության արդյունքների բողոքարկման դեպքում ոստիկանության պետը կամ նրա տեղակալը հանձնարարում է ծառայողական քննություն իրականացնող ստորաբաժանմանը (իսկ ծառայողական քննություն նշանակված չլինելու դեպքում՝ ոստիկանության բժշկական վարչությանը) հետազոտություն նշանակել այլ մասնագիտացված հաստատությունում:

12. Սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերում նշված հանձնարարականներն ստանալուց հետո ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը 2 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան հետազոտություն է նշանակում մասնագիտացված կազմակերպությունում:

13. Եթե ոստիկանության բժշկական վարչության և այլ մասնագիտացված հաստատությունում կատարված հետազոտության արդյունքները համընկնում են, ապա հետազոտության արդյունքները համարվում են վերջնական:

14. Ոստիկանության բժշկական վարչության և այլ մասնագիտացված հաստատությունում կատարված հետազոտության արդյունքների անհամապատասխանության դեպքում հետազոտությունը նշանակած ստորաբաժանման կողմից կրկնակի հետազոտություն է նշանակվում մեկ այլ մասնագիտացված հաստատությունում:

15. Սույն կարգի 14-րդ կետով նախատեսված դեպքում հետազոտությունը նշանակած ստորաբաժանումը կրկնակի հետազոտություն իրականացնող հաստատությանը տրամադրում է ոստիկանության բժշկական վարչության և այլ մասնագիտացված հաստատությունում կատարված նախնական հետազոտությունների արդյունքները:

16. Սույն կարգի 14-րդ կետով նախատեսված դեպքում իրականացված կրկնակի հետազոտության արդյունքները համարվում են վերջնական:

17. Սույն կարգի շրջանակներում իրականացվող հետազոտության արդյունքներն անձն իրավունք ունի բողոքարկելու դատական կարգով:

18. Հետազոտության արդյունքում ստացվող տեղեկատվությունը համարվում է խորհրդապահական և այն մշակվում, պահպանվում, փոխանցվում և օգտագործվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան