Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1056
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.11.28/58(932).1 Հոդ.1224
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
13.11.2012
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
13.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2012

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

13 նոյեմբերի 2012 թ. 

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 305-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ`

դիմող Կ. Մեժլումյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ս. Համբարձումյանի և նույն բաժնի առաջատար մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Կարեն Մեժլումյանի դիմումի հիման վրա` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացի Կ. Մեժլումյանի` 01.08.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունվել է 1985 թվականի դեկտեմբերի 6-ին և ուժի մեջ է մտել 1986 թվականի հունիսի 1-ից։

Օրենսգրքի` «Տուգանք նշանակելու մասին որոշումը կատարելու ժամկետներն ու կարգը» վերտառությամբ 305-րդ հոդվածը սահմանում է.

«Խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:

Եթե սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում, անձը դիմում է ոստիկանություն տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով, ապա վճարումը համարվում է տարաժամկետված դիմումի մեջ նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 6 ամիս:

Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու օրվանից, իսկ տուգանքը տարաժամկետելու դիմումում սահմանված ժամկետում կամ տուգանքը նշանակելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու դեպքում բողոքն առանց բավարարման թողնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը եռապատկվում է:

Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու օրվանից, իսկ տուգանքը տարաժամկետելու դիմումում սահմանված ժամկետում կամ տուգանքը նշանակելու վերաբերյալ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում բողոքն առանց բավարարման թողնելուց հետո` 60 օրվա ընթացքում, տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը հնգապատկվում է, որը ենթակա է դատական կարգով բռնագանձման: Տուգանքի գումարի բռնագանձման համար վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է 60-օրյա ժամկետը լրանալուց հետո` 120 օրվա ընթացքում, դիմել դատարան:

Եթե մանր խուլիգանություն կատարած տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձինք ինքնուրույն վաստակ չունեն, տուգանքը գանձվում է ծնողներից կամ նրանց փոխարինող անձանցից:

Վարչական իրավախախտում կատարելու համար նշանակված տուգանքը խախտողի կողմից մուծվում է կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին:

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված տուգանքը խախտողը մուծում է կենտրոնական գանձապետարան, բացառությամբ իրավախախտման կատարման տեղում գանձվող տուգանքի:

Սույն օրենսգրքի 43.1-րդ, 48-րդ, 54-րդ, 56-58-րդ, 158 (բացառությամբ երկրորդ, երրորդ, տասներկուերորդ, տասնիններորդ և քսանմեկերորդ մասերի), 162, 169.16 հոդվածներով նախատեսված դեպքերում համայնքների վարչական սահմաններում թույլ տված իրավախախտումների համար նշանակված տուգանքը մուտքագրվում է համայնքային բյուջե, համայնքի վարչական սահմանից դուրս` Երևան քաղաքում, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց թույլ տված իրավախախտումների համար նշանակված տուգանքը մուտքագրվում է պետական բյուջե»:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածում կատարվել են մի շարք փոփոխություններ` 10.03.90, 11.12.02 ՀՕ-495-Ն, 16.12.05 ՀՕ-26-Ն, 21.02.07 ՀՕ-73-Ն, 27.02.07 ՀՕ-134-Ն, 06.12.07 ՀՕ-296-Ն, 02.12.08 ՀՕ-221-Ն, 18.05.10 ՀՕ-65-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն օրենքներ:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. դիմողը ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից նշանակված տուգանքը սահմանված ժամկետում չի վճարել, ինչի արդյունքում դրա չափը սկզբում` եռապատկվել, այնուհետև հնգապատկվել է, և ՀՀ ճանապարհային ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` արդեն իսկ հնգապատկված տուգանքը բռնագանձելու պահանջով:

Դիմողը, իր հերթին, ներկայացրել է հակընդդեմ հայց` վիճարկելով ՀՀ ճանապարհային ոստիկանության գործողությունները (անգործությունը) այն առումով, որ վերջինս տուգանքի չափը եռապատկելիս և հնգապատկելիս վարչական վարույթ չի հարուցել, հետևաբար` իրեն մասնակից չեն դարձրել և չեն պարզել տուգանքը սահմանված ժամկետում չմուծելու մեջ իր մեղավորության աստիճանը:

ՀՀ վարչական դատարանն իր` 15.04.2011թ. թիվ ՎԴ4/0230/05/10 վճռով բավարարել է ՀՀ ճանապարհային ոստիկանության հայցը, իսկ հակընդդեմ հայցը` մերժել այն պատճառաբանությամբ, որ «… տուգանքի գումարը չվճարելու դեպքում այդ գումարը օրենքի ուժով է եռապատկվում կամ հնգապատկվում, որի համար վարչական վարույթ հարուցելու և տուգանքի գումարը համապատասխան չափով ավելացնելու օրենսդրական պահանջ չկա»:

Դիմողի բերած վերաքննիչ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն իր` 03.11.2011թ. թիվ ՎԴ4/0230/05/10 որոշմամբ մերժել է այն պատճառաբանությամբ, որ «... Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 305-րդ հոդվածով սահմանված վարչական տուգանքի սկզբնական չափի բազմապատկումը չպետք է առանձին վարչական վարույթի և դրա արդյունքում ընդունվելիք վարչական ակտի առարկա դառնա: Ընդհակառակը, նշված բազմապատկումը սահմանված է որպես հետևանք` պայմանավորված նշանակված վարչական տուգանքը չվճարելու որոշակի ժամանակամիջոցի լրանալով, առանց որևէ այլ պայմանի կամ վերապահման: ... օրենսդիրը նշված բազմապատկումը սահմանել է որպես նշված ժամանակամիջոցի լրանալու արդյունքում ինքնաբերաբար (ավտոմատիկ) կերպով տեղի ունեցող իրադարձություն: ... Այսինքն` տուգանքի չափի բազմապատկման փաստը վարչական վարույթի առարկա չի կարող դառնալ, քանի որ բազմապատկումը տեղի է ունենում օրենքի ուժով և այդ կապակցությամբ վարչական ակտ ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է: ... Փաստորեն, ... տուգանքի չափի բազմապատկումը օրենքի ուժով տեղի ունեցող իրադարձություն է` անկախ վարչական մարմնի հայեցողությունից, իսկ վերջինս միայն լիազորված է ապահովելու վարչական ակտի կատարումը` օրենքով սահմանված չափով տուգանքը գանձելու առումով: Այսինքն` Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը չի բազմապատկել տուգանքի գումարը, այլ դա տեղի է ունեցել որպես օրենքով սահմանված ժամկետում դրա սկզբնական չափը չվճարելու հետևանք»:

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի` վերը նշված իրավական դիրքորոշումները, իր` 25.01.2012թ. թիվ ՎԴ4/0230/05/10 որոշմամբ վերադարձրել է դիմողի վճռաբեկ բողոքը:

 

3. Դիմողը ՀՀ սահմանադրական դատարանում վիճարկում է խնդրո առարկա դրույթները` իրավակիրառական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության տեսանկյունից, և գտնում է, որ նման մեկնաբանությունը խախտում է իր` ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային ակտերով երաշխավորված` պետական մարմինների ու դատարանի առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, քանի որ անձը գույքային պատասխանատվության ձևով տուգանքի է ենթարկվում «ինքնաբերաբար (ավտոմատիկ) կերպով» տեղի ունեցող իրադարձության արդյունքում, առանց պարզելու նրա մեղքի առկայությունը կամ բացակայությունը կամ վճարումն անհաղթահարելի դարձնող այլ հանգամանքները, օրինակ` անձի զորակոչված լինելը, անձի անկողնային հիվանդ կամ անգործունակ դառնալը:

Ըստ դիմողի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի վիճարկվող դրույթները` իրավակիրառական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, հակասում են ՀՀ Սահմանադրության 3, 18 և 19-րդ հոդվածների պահանջներին:

 

4. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրության 3, 18 և 19-րդ հոդվածների պահանջներին:

Անդրադառնալով դիմողի փաստարկներին, համաձայն որոնց` տուգանքի չափը եռապատկվելու և հնգապատկվելու մասին օրենսգրքի վիճարկվող դրույթները պետք է կիրառվեն ոչ թե ինքնաբերաբար, այլ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է վարչական վարույթի շրջանակներում ընդունվի վարչական ակտ, և տուգանքի գումարը բազմապատկվելիս պետք է հաշվի առնվեն տուգանքը սահմանված ժամկետում չվճարելու մեջ անձի մեղավորությունը կամ վճարումն անհաղթահարելի դարձնող հանգամանքները, պատասխանող կողմը գտնում է, որ դիմողի բարձրացրած հիմնախնդրի լուծումն առկա է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 300-րդ հոդվածում և 305-րդ հոդվածի 2-րդ մասում, որոնցով նախատեսված է համապատասխանաբար` տուգանք նշանակելու մասին որոշման կատարման հետաձգման և նշանակված տուգանքի վճարումը տարաժամկետելու ինստիտուտներ: Պատասխանողի կարծիքով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի վերը նշված դրույթները բավարար են տուգանքի չվճարման անբարենպաստ հետևանքներից խուսափելու համար:

Նշանակված տուգանքի գումարի վճարումն անհաղթահարելի դարձնող հնարավոր հանգամանքների առնչությամբ պատասխանողը, հղում կատարելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 19, 247 և 301-րդ հոդվածներին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածին, գտնում է, որ անձի անմեղսունակության և մահվան դեպքերում օրենսդիրը բացառում է վարչական վարույթի հարուցումը կամ հարուցված վարույթի շարունակումը: Պատասխանողն արձանագրում է նաև, որ օրենքով սահմանված ժամկետում չվճարված վարչական տուգանքի բազմապատկումը տեղի է ունենում մեկ վարչական վարույթի շրջանակներում:

Անդրադառնալով այն հնարավոր դեպքերին, երբ վարչական տույժ նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձին հանձնելու պահին անձը չի գտնվում իր կողմից նշված հաշվառման (գտնվելու) կամ բնակության վայրում, կամ մինչև որոշման հանձնումը փոխում է մշտական բնակության վայրը, պատասխանողն արձանագրում է, որ օրենսգրքի 283-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով նման դեպքերում որոշումները համարվում են հանձնված:

 

5. Հաշվի առնելով դիմողի փաստարկները` սահմանադրական դատարանը հարկ է համարում սույն գործի քննության շրջանակներում բացահայտել հետևյալ հանգամանքները.

ա/ արդյոք նշանակված տուգանքն օրենքով սահմանված ժամկետում չվճարելը տվյալ դեպքում հանդիսանում է ինքնուրույն վարչական իրավախախտում,

բ/ արդյոք նշանակված տուգանքի եռապատկումը կամ հնգապատկումը գործող օրենսդրության շրջանակներում դիտվում է որպես նոր պատժատեսակ:

Միաժամանակ, սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև սույն գործի քննության շրջանակներում բացահայտել օրենսգրքի` խնդրո առարկա հոդվածով սահմանված իրավակարգավորման իրավաչափությունը:

 

6. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում, մասնավորապես, պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ուսումնասիրությունից բխում է, որ օրենսգիրքը չի նախատեսում այնպիսի իրավախախտում, ինչպիսին նշանակված տուգանքն օրենքով սահմանված ժամկետներում չվճարելն է: Հիմք ընդունելով նշված հանգամանքը` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նշանակված տուգանքն օրենքով սահմանված ժամկետներում չվճարելը չի հանդիսանում վարչական իրավախախտում, հետևաբար, օրենսգրքի վիճարկվող դրույթներով սահմանված` տուգանքի չափի եռապատկման և հնգապատկման դեպքում բացառվում է վարչական վարույթի հարուցումը` դրանից բխող բոլոր հետևանքներով: Տուգանքի չափի եռապատկումը և հնգապատկումը չի հանդիսանում վարչական տույժի տեսակ և վարչական պատասխանատվության միջոց, այլ կոչված է կանխարգելելու օրենքով սահմանված կարգով նշանակված վարչական տույժերը սահմանված ժամկետում չվճարելու հնարավոր դեպքերը և ուղղված է կանխելու նոր իրավախախտումների կատարումը, բարձրացնելու իրավախախտում կատարած անձանց կարգապահությունը` պետության առջև ունեցած պարտավորությունների բարեխիղճ կատարման գործում:

Սահմանադրական դատարանը սույն գործի քննության շրջանակներում հարկ է համարում նաև վկայակոչել իր` 20.12.2011թ. ՍԴՈ-1007 որոշման 6-րդ կետի 10-րդ պարբերության մեջ արտահայտած հետևյալ իրավական դիրքորոշումը. «Սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում նաև դիմողի դիրքորոշումը՝ կապված օրենքի վիճարկվող դրույթի իրավական անորոշության հետ, քանի որ, նախ՝ օրենքը հստակ սահմանել է տուգանքի գումարը երեսնօրյա ժամկետում չմուծելու դեպքում նշված գումարի կրկնապատկման կարգը, երկրորդ՝ նշված կարգը սահմանված է օրենքով, որպես համապատասխան վիճակը վրա հասնելու դեպքում ինքնաբերաբար, իրավունքի ուժով գործող կանոն և դրա համար լրացուցիչ չի պահանջվում համապատասխան վարչական ակտի ընդունում»:

Վերահաստատելով ՍԴՈ-1007 որոշման մեջ արտահայտված` վերը նշված իրավական դիրքորոշումները, սահմանադրական դատարանը գտնում է, որ դրանք կիրառելի են նաև սույն գործով:

Հիմք ընդունելով վերոգրյալը` սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում դիմողի այն պնդումները, համաձայն որոնց` տուգանքի չափի եռապատկման և հնգապատկման յուրաքանչյուր դեպքը պետք է դիտել որպես նոր պատժամիջոց, և յուրաքանչյուր դեպքում պետք է վարչական վարույթի շրջանակներում ընդունվի վարչական ակտ` որոշում: Այլ խնդիր է, թե որքանով են երաշխավորված անձի իրավունքներն այն հնարավոր իրավիճակներում, երբ առկա է նշանակված տուգանքն օրենքով սահմանված ժամկետներում վճարելու օբյեկտիվ անհնարինություն: Տվյալ դեպքում բարձրացված հիմնախնդիրը կարող է աղերսներ ունենալ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի, Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով նախատեսված` դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և արդար դատաքննության իրավունքների հետ:

Սահմանադրական դատարանը չի բացառում այնպիսի իրավիճակները, երբ անձը, որի նկատմամբ նշանակված է վարչական տույժ` տուգանք, տարբեր օբյեկտիվ պատճառներով, ներառյալ` անհաղթահարելի ուժի առկայությունը, չկարողանա օրենքով սահմանված ժամկետներում վճարել տուգանքը: Այս դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի վիճարկվող նորմերի ուժով, այսինքն` իրավունքի ուժով, նշանակված տուգանքի չափն ինքնաբերաբար բազմապատկվում է, որպիսի պայմաններում անձին չի տրվում հնարավորություն ապացուցելու իր պարտավորությունների չկատարման պատճառների` իր կամքից անկախ լինելը:

Մասնավորապես, ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` բոլոր այն դեպքերում, երբ վճարման կարգադրություն արձակելու հայցադիմումը մերժվում է, լսվելու հնարավորություն է տրվում վարչական դատարան դիմողին (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդված): Ինչ վերաբերում է տվյալ վարչական գործով պատասխանողին, ապա նշված վարույթի շրջանակներում պատասխանողը հնարավորություն ունի ներկայացնելու հակընդդեմ հայց միայն վարչական ակտը, տվյալ դեպքում` տուգանք նշանակելու մասին որոշումը (այլ ոչ թե տուգանքի չափի եռապատկումը կամ հնգապատկումը) վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե պատասխանողը վարչական ակտը համարում է ապօրինի: Որևէ այլ պարագայում և որևէ այլ կերպ պատասխանողը վճարման կարգադրություն արձակելու մասին հայցադիմումի քննության վարույթի շրջանակներում տուգանքը ժամանակին չվճարելու օբյեկտիվ պատճառների մասին նույնիսկ հակընդդեմ հայցի միջոցով հիմնավորումներ ներկայացնելու և այդ հարցով լսվելու իրավական հնարավորություն չունի:

Ելնելով ստանձնված միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարման, ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով նախատեսված` դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և արդար դատաքննության իրավունքների երաշխավորման անհրաժեշտությունից, սահմանադրական դատարանն իրավական պետությանն անհարիր է համարում վերը նշված իրավիճակը և գտնում, որ դրա պատճառն իրավական բացն է: Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատարաններում օրենսգրքի վիճարկվող նորմերով նախատեսված տուգանքի հնգապատիկի չափը բռնագանձելու մասին հայցի քննության ժամանակ անձը պետք է հնարավորություն ունենա ներկայացնելու, իսկ դատարանն էլ պետք է քննարկման առարկա դարձնի և գնահատի նրա ներկայացրած հիմնավորումներն այն մասին, թե արդյոք առկա են եղել արտակարգ և անհաղթահարելի հանգամանքներ, որոնք խոչընդոտել են անձին ժամանակին կատարելու իր պարտավորությունները պետության առջև, կամ արդյոք անձը ձեռնարկել է իրենից կախված բոլոր միջոցները պարտավորությունը կատարելու համար և այդպիսի հանգամանքների առկայությունը հաստատելու պարագայում հարգելի համարի բաց թողնված ժամկետները: Ընդ որում, նման իրավակարգավորում նախատեսված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ:

 

7. Սահմանադրական դատարանը հարկ է համարում խնդրո առարկա իրավակարգավորումը դիտարկել նաև ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի երկրորդ պարբերության համատեքստում, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ անձի դրամական միջոցները հանդիսանում են անձի սեփականությունը: Այս կապակցությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 31-րդ հոդվածի երկրորդ պարբերությամբ ամրագրված` անձին սեփականությունից բացառապես դատական կարգով զրկելու վերաբերյալ դրույթի իրացումը ենթադրում է համապատասխան դատավարական երաշխիքների առկայություն, որը հավասարապես տարածվում է նաև օրենսգրքի վիճարկվող նորմերի կիրառման նկատմամբ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսգրքի վիճարկվող նորմերի ուժով տուգանքի հնգապատիկի չափը դատական կարգով բռնագանձելը չպետք է լինի ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի երկրորդ պարբերության ձևական իրականացման գործիք: Սեփականությունից զրկելու հետ կապված հարցը դատական կարգով քննելու սահմանադրական պահանջը նպատակ ունի ապահովելու գործի հանգամանքների համակողմանի քննությունը, երաշխավորելու կողմերի` դատարանի կողմից լսվելու իրավունքը, տվյալ պարագայում` տուգանքը ժամանակին չվճարելու մեջ անձի մեղավորության բացակայությունը կամ առկայությունը հիմնավորող ապացույցների ուսումնասիրությունն ու գնահատումը:

Միաժամանակ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերալ ՀՀ օրենսգրքի խնդիրը չէ սահմանելու համապատասխան ընթացակարգեր, քանի որ օրենսգիրքը կոչված է պահպանելու նյութաիրավական հարաբերությունները` քաղաքացիների իրավունքներ, բնակչության առողջություն, սեփականություն և այլն, իսկ վարչական իրավունքի շրջանակներում առաջացող հարաբերությունները կարգավորող, տվյալ դեպքում` պահպանող նյութաիրավական նորմերի իրացման ընթացակարգերը սահմանվում են ընթացակարգային օրենքներով, այն է` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով:

Վերոշարադրյալի հիման վրա սահմանադրական դատարանը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի վիճարկվող դրույթները սահմանադրականության խնդիր չեն առաջացնում, իսկ դիմողի կողմից բարձրացված հիմնախնդիրը` կապված նշանակված տուգանքը պարտավոր անձից անկախ պատճառներով օրենքով սահմանված ժամկետներում չվճարելու հետ, պայմանավորված է ոչ թե Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի վիճարկվող դրույթների սահմանադրականությամբ, այլ` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում համապատասխան իրավակարգավորման բացակայության հետ, որի քննությունը դուրս է ՀՀ սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակից:

 

8. Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև պատասխանող կողմի բացատրություններում տեղ գտած առանձին փաստարկների, քանի որ պատասխանող կողմը, չբացառելով նշանակված տուգանքն օրենքով սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում անձի մեղավորության բացահայտման, ներառյալ` նշված տուգանքը չվճարելու պատճառները հաշվի առնելու անհրաժեշտությունը, գտնում է, որ, ինչպես արդեն արձանագրվել է, դիմողի բարձրացրած հիմնախնդրի լուծումն առկա է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 2-րդ մասում, որով նախատեսված է նշանակված տուգանքի վճարումը տարաժամկետելու ինստիտուտ: Պատասխանողի կարծիքով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթները բավարար են տուգանքի չվճարման անբարենպաստ հետևանքներից խուսափելու համար:

Պատասխանողի` վերը նշված բացատրությունների առնչությամբ սահմանադրական դատարանը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումն ամբողջությամբ չի կարող լուծել դիմողի կողմից բարձրացված` վերը նշված հիմնախնդիրը, քանի որ, նախ` նշանակված տուգանքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ դիմում ներկայացնելու համար սահմանված է 10-օրյա ժամկետ, մինչդեռ հնարավոր են իրավիճակներ, երբ տուգանքի վճարումն անհնարին դարձնող պատճառները վրա հասնեն մինչև վճարման համար նախատեսված 30-օրյա ժամկետի ավարտը` ցանկացած այլ պահի: Ավելին, նման օբյեկտիվ պատճառներ կարող են ի հայտ գալ տուգանքի եռապատկումից հետո` մինչև հնգապատկումը: Երկրորդ` դիտարկվող իրավակարգավորմամբ օրենսդիրը տուգանքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ որոշում կայացնելիս հայեցողական իրավասություն է վերապահել վարչական մարմնին, տվյալ դեպքում` ՀՀ ճանապարհային ոստիկանությանն այն դեպքում, երբ օրենսդրությամբ նախատեսված չէ հիմքերի այն նվազագույն շրջանակը, որոնց պարագայում ՀՀ ճանապարհային ոստիկանությունը պետք է կամ կարող է տարաժամկետել տուգանքի վճարումը: Այս հիմնախնդրի լուծումը վերապահված է օրենսդիր մարմնին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան

 

13 նոյեմբերի 2012 թ.

ՍԴՈ-1056

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան