Գլխավոր տեղեկություն
Համար
N 1241-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.10.2012-12.08.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.17/50(924) Հոդ.1105
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 սեպտեմբերի 2012 թվականի N 1241-Ն

 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի գնահատման և հաստատման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 9

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

սեպտեմբերի 20-ի N 1241-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

I. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են նախքան գնումների գործընթացն սկսելը Պետություն-մասնավոր գործընկերության (այսուհետ` ՊՄԳ) ծրագրերի (այսուհետ` ծրագրային առաջարկ) և գնումների գործընթացի իրականացմամբ մասնավոր գործընկերոջ ընտրությունից հետո ՊՄԳ ծրագրի (այսուհետ` վերջնական ծրագիր) գնահատման և հաստատման կարգն ու չափանիշները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են`

1) ՊՄԳ` հանրային կողմի և մասնավոր գործընկերոջ միջև համագործակցություն, որն ուղղված է ենթակառուցվածքների ֆինանսավորմանը, կառուցմանը, վերանորոգմանը, կառավարմանը, պահպանմանը, շահագործումից դուրսբերմանը, դրանց միջոցով երկարաժամկետ ծառայությունների մատուցմանը (ՊՄԳ-ն պետք է ներառի նշված գործողություններից առնվազն երկուսը) թափանցիկության, մրցակցության, համագործակցության երկարատևության սկզբունքների հիման վրա.

2) ՊՄԳ ծրագիր՝ ՊՄԳ-ի իրականացմանն ուղղված գործողությունների ամբողջություն.

3) մասնավոր գործընկեր՝ օտարերկրյա կամ Հայաստանի Հանրապետության մեկ կամ մի քանի իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որոնք մասնակցում են ՊՄԳ ծրագրերին.

4) ՊՄԳ լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված հանրապետական գործադիր մարմին.

5) հանրային կողմ՝ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններ:

 

II. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

1. Ծրագրային առաջարկ ներկայացնելը

1) հանրային կողմը սույն կարգի II գլխի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված «ծրագրային առաջարկը և հարակից փաստաթղթերը» (այսուհետ` ծրագրային առաջարկի հայտ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն և կրկնօրինակը՝ ՊՄԳ լիազոր մարմին (այսուհետ` լիազոր մարմին).

2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը ծրագրային առաջարկի հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պետք է սույն կարգի II գլխով սահմանված ծրագրային առաջարկը, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, եզրակացություն ստանալու նպատակով ուղարկի ֆինանսների ոլորտում պետական լիազոր մարմին, ՊՄԳ լիազոր մարմին, համապատասխան ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին (այսուհետ՝ մարմին).

3) մարմինները ծրագրային առաջարկի հայտը Հայաստանի Հանրապետության կառավարությունից ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում, իրենց իրավասությունների շրջանակներում, վերջինիս վերաբերյալ եզրակացությունը ներկայացնում են լիազոր մարմին.

4) մարմինները կարող են պահանջել ծրագրային առաջարկին վերաբերող՝ օրենքով չարգելվող և սույն կարգով սահմանված իրենց պարտավորությունների կատարման նպատակով անհրաժեշտ, լրացուցիչ այլ փաստաթղթեր և պարզաբանումներ (այսուհետ` լրացուցիչ տեղեկատվության պահանջ): Մարմինները պետք է լիազոր մարմին լրացուցիչ տեղեկատվության պահանջ ներկայացնեն ծրագրային առաջարկն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում.

5) ՊՄԳ լիազոր մարմինը գնահատում է լրացուցիչ տեղեկատվության պահանջը և անհրաժեշտության դեպքում այն ներկայացնում հանրային կողմին: Լրացուցիչ տեղեկատվության պահանջ ներկայացնելու անհրաժեշտությունը հիմնավորված չլինելու դեպքում լիազոր մարմինն այն վերադարձնում է լրացուցիչ տեղեկատվության պահանջ ներկայացրած մարմնին.

6) հանրային կողմը 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին է տրամադրում պահանջվող տեղեկատվությունը.

7) մարմինները լիազոր մարմնից լրացուցիչ տեղեկատվությունն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ծրագրային առաջարկի հայտի վերաբերյալ, իրենց իրավասությունների շրջանակներում, եզրակացությունը ներկայացնում են լիազոր մարմին.

8) մարմինները իրենց եզրակացությունները (դրական կամ բացասական) պետք է ներկայացնեն սույն կարգով թույլատրված ժամանակահատվածում, այն պատճառաբանումների հետ միասին, որոնք հանգեցրել են եզրակացությանը: Այն դեպքերում, երբ մարմինը տրված ժամանակահատվածում չի ներկայացնում եզրակացություն, համարվում է, որ վերջինս ծրագրային առաջարկի հայտի վերաբերյալ առարկություններ չունի.

9) լիազոր մարմինը մարմիններից եզրակացությունն ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է այն և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնում ծրագրային առաջարկը հաստատելու կամ մերժելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որը ներառում է եզրակացությունների ամփոփումը, մարմինների եզրակացությունները՝ իրենց մասնագիտական առաջարկությունների հետ միասին, լիազոր մարմնի եզրակացությունը, ծրագրային առաջարկի արված լրամշակումները: Եթե լիազոր մարմինը ներկայացնում է ամբողջական ծրագրային առաջարկը մերժելու վերաբերյալ առաջարկություն, ապա այն պետք է նաև ներառի մերժման վերաբերյալ առաջարկության հիմքերը: Լիազոր մարմինը ծրագրային առաջարկի մերժման մասին որոշման նախագիծը պետք է ներկայացնի այն դեպքում, եթե ծրագրային առաջարկը չի բավարարում սույն կարգի II գլխի 3-րդ կետով սահմանված չափանիշներից որևէ մեկը.

10) Հայաստանի Հանրապետության կառավարությունը քննարկում է սույն կարգի II գլխի 1-ին կետի 9-րդ ենթակետով սահմանված ծրագրային առաջարկի մերժման կամ հաստատման մասին որոշման նախագիծը և այն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է այն.

11) եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է ծրագրային առաջարկը, ապա հանրային կողմն իրականացնում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մասնավոր գործընկերոջ ընտրություն.

12) եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը մերժում է ծրագրային առաջարկը, ապա այն կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

2. Ծրագրային առաջարկի հաստատման նպատակով հանրային կողմի կողմից ներկայացվող փաստաթղթերի բովանդակությունը և ցանկը

1) ծրագրային առաջարկը ներառում է հետևյալը՝

ա. հանրային կողմի անհատականացման տվյալները,

բ. ծրագրային առաջարկի համառոտ բնութագիրը,

գ. առաջարկվող ՊՄԳ մոդելի նկարագրությունը, որի հիման վրա պետք է իրականացվի առաջարկվող ծրագիրը,

դ. ՊՄԳ պայմանագրի նախագիծը,

ե. մասնավոր գործընկերոջ ընտրության՝ առաջարկվող ընթացակարգի և ժամանակացույցի համառոտ բնութագիրը,

զ. ծրագրային առաջարկի իրագործելիության ուսումնասիրությունը, ներառյալ համեմատությունը ՊՄԳ մոդելի պլանավորած արժեքի և նախագծի իրականացման բոլոր ծախսերի՝ դասական (բյուջետային) ֆինանսավորման մոդելով` պայմանագրով առաջարկվող ժամկետի ընթացքում,

է. ռիսկերի մատրիցան, որն ամփոփում է հանրային կողմի և մասնավոր գործընկերոջ միջև ռիսկի կամ բաշխված ռիսկերի բաշխումը,

ը. շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ որոշումը, եթե նախագծի խնդրի և նպատակի տեսանկյունից կա օրինական պարտավորություն՝ վերջինիս վերաբերյալ որոշում ընդունելու համար.

2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված տեղեկության հետ միասին հանրային կողմը պետք է ներկայացնի նաև հետևյալ փաստաթղթերը`

ա. որոշման կամ որևէ այլ իրավական ակտի պատճենը, որը հաստատում է, որ առաջարկվող ծրագրի իրականացումը հանրային կողմի իրավասությունների շրջանակներում է,

բ. հիմնավորումն այն մասին, որ ծրագրային առաջարկը համապատասխանում է հանրային կողմի կողմից մինչև այդ ընդունված ռազմավարական և (կամ) զարգացման փաստաթղթերին,

գ. տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում գործող նմանատիպ ՊՄԳ ծրագրերի և պայմանագրերի մասին ու դրա վրա հիմնված բոլոր հաշվարկները.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությունը եզրակացություն տվող մարմիններին պետք է տրամադրի հանրային կողմի կողմից ներկայացված հետևյալ տեղեկատվությունը՝

ա. հանրային կողմի անհատականացման տվյալները,

բ. ծրագրային առաջարկի համառոտ բնութագիրը,

գ. առաջարկվող ՊՄԳ մոդելի նկարագրությունը, որի հիման վրա պետք է իրականացվի առաջարկվող ծրագիրը,

դ. մասնավոր գործընկերոջ ընտրության՝ առաջարկվող ընթացակարգի և ժամանակացույցի համառոտագիրը,

ե. ռիսկերի մատրիցան, որն ամփոփում է հանրային կողմի և մասնավոր գործընկերոջ միջև ռիսկի կամ բաշխված ռիսկերի բաշխումը,

զ. շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ որոշումը, եթե նախագծի խնդրի և նպատակի տեսանկյունից կա օրինական պարտավորություն՝ վերջինիս վերաբերյալ որոշում ընդունելու համար:

3. Ծրագրային առաջարկի գնահատման չափանիշները

1) ծրագրային առաջարկի գնահատման չափանիշներն են`

ա. հանրային հետաքրքրության առկայությունը կամ հանրային ծառայության ապահովման անհրաժեշտությունը,

բ. առաջարկվող ծրագիրն իրականացնելու՝ հանրային կողմի օրինական իրավասությունը,

գ. ծրագրային առաջարկի և տվյալ ոլորտային առկա զարգացման ծրագրերին ու ռազմավարություններին համապատասխանությունը,

դ. ծրագրային առաջարկի համապատասխանությունը բյուջետային կանխատեսումներին, ֆիսկալ ռիսկերին ու սահմանափակումներին,

ե. ծրագրային առաջարկի ֆինանսական և ֆիսկալ կայունությունը,

զ. ծրագրային առաջարկի՝ ՊՄԳ պետական քաղաքականությանը համապատասխանությունը,

է. պարտավորությունների և ռիսկերի բաշխումը պետության և մասնավոր գործընկերների միջև, փողի արժեք` հաշվարկված առաջարկվող ծրագրի իրականացման և «պայմանական (բյուջետային) ծրագրի իրականացման համեմատությամբ,

ը. ՊՄԳ պայմանագրի նախագծի համապատասխանությունը ՊՄԳ պայմանագրերի օրինակելի ձևերով սահմանված բովանդակությանը ներկայացվող պարտադիր պահանջներին,

թ. առաջարկվող պայմանագրային ժամկետը, որը չի կարող լինել ավելի կարճ, քան 5 տարին և ավելի երկար, քան 30 տարին.

2) մարմինները, ծրագրային առաջարկի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելիս, պետք է հաշվի առնեն հետևյալ չափանիշները՝ համապատասխան մարմնի իրավասությունների շրջանակներում՝

ա. հանրային հետաքրքրության առկայություն կամ հանրային ծառայության ապահովման անհրաժեշտություն,

բ. ծրագրային առաջարկի և տվյալ ոլորտային առկա զարգացման ծրագրերին ու ռազմավարություններին համապատասխանություն,

գ. ծրագրային առաջարկի համապատասխանություն բյուջետային կանխատեսումներին, ֆիսկալ ռիսկերին ու սահմանափակումներին,

դ. ծրագրային առաջարկի՝ ՊՄԳ պետական քաղաքականությանը համապատասխանություն տվյալ ոլորտում:

 

III. ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

1. Վերջնական ծրագիրը հաստատման ներկայացնելը

1) հանրային կողմը մասնավոր գործընկերոջ ընտրության գործընթացի ավարտից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի III գլխի 2-րդ կետով սահմանված «վերջնական ծրագիրը և հարակից փաստաթղթերը» (այսուհետ` վերջնական ծրագրի հաստատման հայտ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն և կրկնօրինակը՝ լիազոր մարմին.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջնական ծրագրի հաստատման հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, եզրակացություն ստանալու նպատակով այն ուղարկում է մարմիններ.

3) մարմինները վերջնական ծրագրի հաստատման հայտն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին են ներկայացնում իրենց եզրակացությունները: Եթե մարմինը սահմանված ժամկետում եզրակացությունը չի ներկայացնում, համարվում է, որ վերջինս վերջնական ծրագրի հաստատման հայտի վերաբերյալ դիտողություններ չունի.

4) մարմինների կողմից եզրակացության ստացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինն ամոփոփում է այն և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնում վերջնական ծրագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` վերջնական նախագիծ), որը ներառում է եզրակացությունների ամփոփումը, մարմինների եզրակացությունները՝ իրենց մասնագիտական առաջարկությունների հետ միասին.

5) Հայաստանի Հանրապետության կառավարությունը քննարկում է ներկայացված վերջնական նախագիծը և հաստատում կամ մերժում է՝ այն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջնական նախագիծը մերժում է, եթե վերջնական ծրագիրը չի բավարարում սույն կարգի III գլխի 3-րդ կետով սահմանված չափանիշներից որևէ մեկը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջնական նախագիծը կարող է մերժել նաև այլ դեպքում.

7) այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մերժում է վերջնական նախագիծը, այն կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

2. Վերջնական ծրագրի հաստատման նպատակով հանրային կողմի կողմից ներկայացվող փաստաթղթերի բովանդակությունը և ցանկը

1) վերջնական ծրագրի հաստատման հայտը ներառում է հետևյալը՝

ա. վերջնական ծրագրի համառոտ բնութագիրը և սկզբնական ծրագրային առաջարկի նկատմամբ կատարված փոփոխությունների համեմատական տեղեկանքը,

բ. ՊՄԳ պայմանագրի նախագծի լրամշակված տարբերակը` նշելով փոփոխությունները ծրագրային առաջարկի հետ ներկայացված ՊՄԳ պայմանագրի նախագծի համեմատ,

գ. ամփոփ համեմատական տեղեկանք ծրագրային առաջարկի և վերջնական ծրագրի տարբերությունների մասին՝ ներառյալ ՊՄԳ կառուցվածքի փոփոխությունները,

դ. պետական և մասնավոր գործընկերների միջև ռիսկերի ու պարտականությունների բաշխման փոփոխությունները,

ե. մասնավոր գործընկերոջ ընտրության համար իրականացված ընթացակարգի համառոտ բնութագիրը:

3. Վերջնական ծրագրի գնահատման չափանիշները

1) վերջնական ծրագրի գնահատման և հաստատման չափանիշներն են`

ա. հանրային հետաքրքրության առկայությունը կամ հանրային ծառայության ապահովման անհրաժեշտությունը,

բ. ՊՄԳ ծրագիրն իրականացնելու՝ հանրային կողմի օրինական իրավասությունը,

գ. ՊՄԳ ծրագրի և տվյալ ոլորտային առկա զարգացման ծրագրերին ու ռազմավարություններին համապատասխանությունը,

դ. ՊՄԳ ծրագրի համապատասխանությունը բյուջետային կանխատեսումներին, ֆիսկալ ռիսկերին ու սահմանափակումներին,

ե. ՊՄԳ ծրագրի ֆինանսական և ֆիսկալ կայունությունը,

զ. ՊՄԳ ծրագրի՝ ՊՄԳ պետական քաղաքականությանը համապատասխանությունը,

է. պարտավորությունների և ռիսկերի բաշխումը պետության և մասնավոր գործընկերների միջև,

ը. փողի արժեքը` հաշվարկված առաջարկվող ծրագրի իրականացման և «պայմանական (բյուջետային) ծրագրի իրականացման համեմատությամբ»,

թ. ՊՄԳ պայմանագրի նախագծի համապատասխանությունը ՊՄԳ պայմանագրերի բովանդակության մասին կարգի դրույթներին,

ժ. առաջարկվող պայմանագրային ժամկետը, որը չի կարող լինել ավելի կարճ, քան 5 տարին և ավելի երկար, քան 30 տարին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.07.2022, N 1183-Ն 12.08.2022, N 1241-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան