Գլխավոր տեղեկություն
Համար
N 450-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.05.10/24(898) Հոդ.561
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2012 թվականի N 450-Ն

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2012 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2012 թվականի ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 23

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

ապրիլի 5-ի N 450-Ն որոշման

 

2 0 1 2  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Սույն ծրագիրը, հանդիսանալով Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2011 թվականի ծրագրի շարունակականության ապահովումը, մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով որդեգրված քաղաքականությունն ու սահմանված ռազմավարական գերակայությունները, և ուղղված է Երևանի ու մարզերի միջև անհամամասնությունների կրճատմանը, գործարար միջավայրի բարելավմանը, Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը։ Տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից կարևորվում է Հայաստանի Հանրապետության մարզային քաղաքների տնտեսական զարգացման տեմպերի արագացումը և ներդրումային ակտիվության խրախուսումը, մարզերում հանրային ծառայությունների տեղայնացման աստիճանի և ֆինանսների, ապրանքների ու ծառայությունների հասանելիության աճը, համայնքային ենթակառուցվածքների գնահատումը, դրանց կարգաբերումն ու զարգացումը։ Այդ նպատակով, դեռևս 2005 թվականին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Հայ օգնության հիմնադրամի և «Շիրակ թեքնոլոջիս» ընկերության համատեղ ջանքերով Շիրակի մարզում առաջատար տեղեկատվական տեխնոլոգիաների (այսուհետ` ՏՏ) ոլորտի մասնագետներ պատրաստելու համար հիմնվել էր Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնը (ԳՏՏԿ)` տվյալ շրջանում ներգրավելով ՏՏ-ի և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկություններ, զարգացնելով օժանդակ ենթակառուցվածքներ, անցկացնելով հետազոտություններ սպառողների համար, ստեղծելով նոր աշխատատեղեր ՏՏ-ի մասնագետների համար և ձևավորելով ներդրումային բարենպաստ դաշտ տվյալ մարզում:

2. Ավելի ուշ` 2008 թվականին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանդես եկավ Գյումրին տեխնոքաղաքի վերակառուցելու հավակնոտ ծրագրով՝ տարածքային զարգացման, փոքր և միջին բիզնեսի խթանման ու աշխատատեղերի ստեղծման առավել ընդգրկուն ռազմավարության շրջանակում: Արդյունքում սկսվեց Գյումրու տեխնոպարկի ստեղծման ծրագրի իրականացում, որը հանդիսանում է Գյումրու տեխնոքաղաքի հիմնական բաղադրիչներից մեկը:

3. Տեխնոպարկի ստեղծումով հնարավորություն կընձեռվի արտադրական գործընթացներում ընդգրկելու Գյումրի քաղաքի և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի բարձր որակավորում ունեցող մասնագետներին` փոքր կազմակերպությունների ստեղծման ճանապարհով` նախանշելով դրանց գերակայությունները և զարգացնելով մրցունակ ուղղությունները։ Տեխնոպարկի առաջնային մոդելը մշակվել է ԱՄՆ-ի ՄԶԳ-ի կողմից` Իռլանդիայից հրավիրված փորձագետ Քեվին Թոմփստոունի աջակցությամբ:

4. Տեխնոպարկի ստեղծման հիմնական խնդիրներից է փոքր կազմակերպության զարգացման բազմակողմանի աջակցությունը։ Տեխնոպարկի կազմակերպական կառուցվածքում բիզնես-ինկուբատորի ներառմամբ տեխնոպարկը կիրականացնի փոքր կազմակերպությունների աջակցման ֆունկցիաներ, կխթանի մրցունակ արտադրանքի դուրսբերում ներքին ու արտաքին շուկաներ։

5. Ծրագիրը ներառում է մի քանի հիմնական բաղադրիչ, որոնց իրագործումը 2-3 տարվա ընթացքում կբերի Գյումրիում՝ ժամանակակից ենթակառուցվածքներով օժտված, բարձրորակ գրասենյակային տարածքի ստեղծմանը և մի շարք տեխնոլոգիական ընկերությունների ձևավորմանը, Գյումրի քաղաքի կրթական համակարգի արդիականացմանը և բարձրակարգ մասնագետների զանգվածի ստեղծմանը:

6. Համաշխարհային բանկի դրամաշնորհային ծրագրի շրջանակում մշակվել են Գյումրի քաղաքում տեխնոպարկի կառուցման հատակագծերը: Ավարտվել են տեխնոպարկի ինտերիերի ձևավորման և դիզայն-նախագծերի պատրաստման աշխատանքները, որոնց հիմնական սկզբունքները ներառվել են շինարարական նախագծերում: Մշակվել է նաև Գյումրու տեխնոքաղաքի եռաչափ համակարգչային մոդելը:

7. Մշակվել է նաև Գյումրու ինկուբատորի բիզնես-պլանը, որն առաջարկում է կենտրոնի գործունեության և զարգացման մի քանի սցենարներ` ըստ ռազմավարական առաջնահերթությունների:

8. Տեխնոպարկը սերտորեն կաշխատի ՏՏ-ի ոլորտի արտասահմանյան կազմակերպությունների և տեղական մասնավոր ընկերությունների հետ՝ սկսնակ կազմակերպություններ ու գիտահետազոտական լաբորատորիաներ հիմնելու նպատակով։ Գյումրու տեխնոպարկի գլխավոր օպերատոր՝ «Արդյունաբերության զարգացման (այսուհետ` ԳՏԶ) հիմնադրամի» գործունեության ժամանակավոր գրասենյակի տարածքում արդեն իսկ գործում են հիմնադրամի օժանդակությամբ ստեղծված մի քանի ընկերություններ, ճարտարագիտական լաբորատորիաներ, ինչպես նաև Դ-Լինք (D-liոk) անդրսահմանային ընկերության հետ համատեղ ստեղծված հետազոտական լաբորատորիան:

(8-րդ կետը փոփ. 08.11.12 N 1405-Ն)

9. Նկատի ունենալով Գյումրու առանձնահատկությունները՝ անհրաժեշտ է լայնածավալ աշխատանքներ նախաձեռնել տեխնոպարկի բովանդակային մասն ապահովելու համար: Այդ նպատակով, սկսած 2010 թվականից, միջոցներ են նախատեսվել նորարարական բիզնես գաղափարներին օժանդակելու և տեխնոլոգիական նոր ընկերություններ հիմնելու համար: Հատուկ աջակցություն է տրամադրվում Գյումրի քաղաքում տեխնոլոգիական ձեռնարկատիրության զարգացմանը, մասնավորապես, իրականացնելով տեխնոլոգիական ընկերությունների «ինկուբացիա»: Ծառայությունները ներառում են համապատասխան մրցույթների անցկացումը, տեխնոլոգիական գաղափարների վերածումը բիզնես կաղապարների (մոդելների), վերջիններիս իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրումը, համապատասխան որակավորում ունեցող աշխատակազմի վարձման և (կամ) որակավորման բարձրացման աշխատանքների օժանդակումը և այլն: Նշված ծառայությունների շրջանակներում կարևորագույն ուղղություն է նաև Գյումրիում միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հաստատման և գործունեության խթանումը: Աշխատանքների արդյունքում արդեն իսկ ստեղծվել և արդյունավետ գործունեություն են ծավալում մի քանի ճարտարագիտական ընկերություններ:

10. Գյումրու տեխնոպարկի հաջող գործունեությունը կխթանի նաև ստեղծված կազմակերպություններին տարբեր ծառայություններ մատուցող ՓՄՁ-ների ստեղծումը և ընդլայնումը: Միաժամանակ կտրուկ կաճի պահանջարկը համապատասխան մասնագիտությունների նկատմամբ:

11. Հաշվի առնելով մարզի կրթական և մշակութային առանձնահատկություններն ու նպատակ ունենալով մասսայական զբաղվածություն ապահովել մարզում` Գյումրու տեխնոպարկի հայեցակարգը ենթադրում է նաև ոսկեգործության, դիզայնի և նորաձևության կենտրոնի ստեղծում և դրանց շրջանակներում եռաչափ մոդելավորման առաջատար փորձի կիրառում, որը կհանգեցնի տեղի գիտաարտադրական ներուժի օպտիմալ զարգացման, տեղական արտադրության աճի և մրցունակ արտադրանքի դուրսբերմանը ներքին ու արտաքին շուկաներ:

12. Այսպիսով, Գյումրու տեխնոպարկը կնպաստի ոչ միայն ՏՏ-ի ոլորտի զարգացմանը, այլև քաղաքի ընդհանուր առաջընթացին, զբաղվածության խթանմանը, և ներդրումային գրավչության բարելավմանը:

13. Գյումրու տեխնոպարկի զարգացումը, որպես հսկայածավալ և հավակնոտ ծրագիր, ենթադրում է ակտիվ համագործակցություն միջազգային կառույցների ու գլոբալ ընկերությունների հետ` փոխառելով համաշխարհային առաջատար փորձը և ապահովելով տեղական հզոր գիտաարտադրական ներուժի զարգացումն ու ինտեգրումը համաշխարհային ՏՏ-ի գործընթացներին:

14. 2011 թվականին նշված ծրագրի շրջանակում կատարվել են հետևյալ աշխատանքները`

1) 2011 թվականի ընթացքում ճարտարագիտական կրթական և հետազոտական (մեխանիկայի և էլեկտրոնիկայի) լաբորատորիայում ուսուցում են անցել 203 ուսանողներ և աշակերտներ: Լաբորատորիաներում դասավանդելու նպատակով ընտրվել են համապատասխան մասնագիտություն և որակավորում ունեցող երեք գյումրեցի երիտասարդներ, որոնք վերապատրաստում են անցել «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունում.

2) 2011 թվականի սեպտեմբերի 22-ին հայտարարվել էր ճարտարագիտության (բարձր տեխնոլոգիաներ) և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին վերաբերող բիզնես գաղափարների երկրորդ մրցույթը: Գաղափարները Գյումրիում իրականացնելու նախապայմանով մրցույթի մասնակցության հայտ էին ներկայացրել ներկայացուցիչներ ինչպես Գյումրիից, այնպես էլ Երևանից.

3) մրցույթի նախապատրաստման փուլում կազմակերպվել էին երկու սեմինարներ, որոնց հրավիրվել են բոլոր շահագրգիռ անձինք և կազմակերպությունները: Սեմինարների ընթացքում մանրամասն ներկայացվել են մրցույթի ընթացակարգերը, գնահատման չափանիշները, մրցույթի նպատակները և ակնկալվող արդյունքները, պատասխաններ են տրվել ներկայացված հարցերին: Ձևավորվել է մրցութային հանձնաժողով.

4) մրցույթին դիմած 13 գաղափարներից ընտրվել է կարճ ցուցակ` կազմված 9 գաղափարներից, որոնց վերաբերյալ կազմակերպվել է շնորհանդես և քննարկում, ինչի արդյունքում հաղթող են ճանաչվել 3 գաղափարներ`

 ա. «Հիբրիդային արևային ջեռուցման համակարգ»,

 բ. «Թվային և կոշտ նախատիպերի նախագծում և արտադրություն»,

 գ. «Ոսկերչական և գեղազարդային իրերի գեղարվեստական նախագծում, մոդելավորում և մոմից մոդելների պատրաստում ու թողարկում».

5) ԳՏԶ-ի հիմնադրամի կողմից տարվել են բանակցություններ «Դ-Լինկ» տարածաշրջանային հետազոտական կենտրոնի ներկայացուցիչների հետ՝ տեխնոպարկում տարածաշրջանային հետազոտական կենտրոնի հիմնման նպատակով: Բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում կատարվել են հետազոտություններ և անհրաժեշտ մարդկային ռեսուրսների ներգրավում: Կատարվելիք աշխատանքներում ներգրավելու նպատակով համապատասխան մասնագետների հետ անց են կացվել հարցազրույցներ, որի արդյունքում ապրիլ ամսին բացվել և ներկայումս Գյումրիում գործում է «Դ-Լինկ» տարածաշրջանային հետազոտական կենտրոնը: Կենտրոնն ակտիվ գործունեությունն սկսեց 2011 թվականի մայիս ամսին և առաջին ամիսների ընթացքում ցուցաբերած արդյունքների շնորհիվ «Դ-Լինկ» ընկերության ղեկավարությունը որոշում կայացրեց Գյումրու կենտրոնի հետազոտողների քանակը 5 տարվա ընթացքում հասցնել մինչև 80-ի: Այս նպատակով ներկայումս ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրենը ԳՏԶ-ի հիմնադրամի հետ համատեղ ուսումնասիրություններ է իրականացնում` հետագա կենտրոնի տեղը որոշելու և ճարտարապետական նախագիծը նախապատրաստելու ուղղությամբ: Ներկայումս ԳՏԶ-ի հիմնադրամը Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ «Դ-Լինկ» ընկերության համար կազմակերպել է 7 ուսանողների վերապատրաստում՝ համաձայն ընկերության հետ համաձայնեցված ուսումնական ծրագրերի.

6) «Անշարժ գույքի կառավարում և շինարարական աշխատանքների վերահսկողություն» ծրագրի իրականացման շրջանակում` «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի մասնագետների հետ համատեղ կատարվել է «Գյումրու տեխնոլոգիական կենտրոն» աշխատանքային նախագծի փորձաքննություն: Փորձաքննության արդյունքում բացահայտված թերությունների վերաբերյալ կազմվել է համապատասխան եզրակացություն, որից հետո պատվիրատուի պահանջով կատարողի կողմից իրականացվել են համապատասխան փոփոխություններ և վերջնական տեսքի են բերվել նախագծային փաստաթղթերը: Նախագիծը ներկայացված է 13 գրքով` համալիր կազմով: Ներկայումս մշակվում և ուսումնասիրության է ենթարկվում կապալառուի ընտրության մրցութային փաթեթը.

7) բիզնես գաղափարների և ծրագրերի մրցույթի արդյունքում ստեղծված նոր ընկերությունների, ինչպես նաև ստեղծված մուլտիմեդիայի լաբորատորիայի համար վարձակալվել են համապատասխան տարածքներ.

8) ԳՏԶ-ի հիմնադրամի մասնակցությամբ ստեղծված 2 ընկերություններից մեկը` «Սեյսմոտեք» ընկերությունը, նախագծել և պատրաստել է սեյսմիկ տվիչը՝ լոգերի համակարգով: Սարքը ներկայումս գտնվում է փորձարկումների փուլում: Արտոնագրի դիմելու համար նախապատրաստվում է փաստաթղթերի փաթեթը: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, հաջող փորձարկումներն անցնելուց հետո, կքննարկի սարքերի որոշ խմբաքանակի ձեռքբերման հարցերը: Տարվում են աշխատանքներ միջազգային շուկա (Ղազախստան, Ուզբեկստան, Վրաստան, Իրան, Սիրիա) դուրս գալու ուղղությամբ.

9) ստեղծված երկրորդ` «Տեխնոպոլ» ընկերությունն ավարտել է երկու լաբորատոր սարքերի նախագծումը և ներկայումս պատրաստում է փորձանմուշները, որոնք փորձարկումներ կանցնեն «Ինտեգրատոր» ընկերությունում: Սարքավորումները ներառվել են «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության կատալոգներում.

10) ԳՏԶ-ի հիմնադրամի մասնագիտական օժանդակությամբ ստեղծվել են «Գիգաբիթ» ԱՁ և «էներգո էֆեկտիվ տեխնոլոգիա» (էէՖ) ՍՊԸ սկսնակ ընկերությունները: «Գիգաբիթ» ընկերությունն իրականացնում է ավտոմատ համակարգերի նախագծման և ներդրման, ինչպես նաև ծրագրային ապահովման աշխատանքներ, իսկ «էէՖ» ՍՊԸ-ն կատարում է բարձր էֆեկտիվության հիդրոէլեկտրակայանների նախագծման, կառուցման և մոնտաժային աշխատանքներ.

11) մշակվել և ներկայացվել է Մուլտիմեդիայի լաբորատորիայի ստեղծման նպատակով բովանդակային ու տեխնիկական բաղադրիչների նկարագրությունը: Արդյունքում ստեղծված լաբորատորիայում հնարավոր կլինի տեղի և արտերկրից հրավիրված մասնագետների միջոցով դասավանդել ստատիկ և դինամիկ մուլտիմեդիա: 2012 թվականից սկսած նախատեսվում է ուսուցանել տարեկան շուրջ 40 ուսանող: Մշակվել են համապատասխան փաստաթղթերը և հայտարարվել է մրցույթ` համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Մուլտիմեդիայի և ցանցային տեխնոլոգիաների լաբորատորիաների ստեղծման նպատակով սարքավորումների և գույքի ձեռքբերման համար.

12) տեխնոպարկի բնականոն գործունեությունն ապահովելու համար Գյումրու կենտրոնում վարձակալվել է 430 քառ. մետր տարածք: Ներկայումս այդ տարածքում գործում են ԳՏԶ-ի հիմնադրամի գրասենյակը, «Դ-Լինկ» տարածաշրջանային հետազոտական կենտրոնը, «Սեյսմիկ Թեքնոլոգիս» և «Տեխնոպոլ» փակ բաժնետիրական ընկերությունները և կրթական ու հետազոտական ճարտարագիտական լաբորատորիաները.

13) ԳՏԶ-ի հիմնադրամը մասնակցել է Համաշխարհային բանկի կողմից նախապատրաստած Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի շենքի վերակառուցման մրցութային փաթեթի նախապատրաստմանը.

14) 2011 թվականի ընթացքում ԳՏԶ-ի հիմնադրամը կազմակերպել և մասնակցել է մի շարք միջոցառումների` ներառյալ «Ճարտարագիտության (բարձր տեխնոլոգիաների) և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին վերաբերող բիզնես գաղափարի ընտրության հրապարակային մրցույթ», «Գիտական արդյունք-գաղափարից մինչև բիզնես» և «Մայքրոսոֆթ» ընկերության մասնակցությամբ՝ «Ինովացիա, գաղափարից մինչև արտադրանք» սեմինարները, Գյումրու բիզնես համայնքի, տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատու անձանց, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի հետ կազմակերպված Գյումրու ազատ տնտեսական գոտու վերաբերյալ հանդիպում-քննարկումները, «ԴիջիԹեք» և «Շիրակ-էքսպո» ցուցահանդեսները, «ԱրմԹեք» համաժողովը:

 

II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

15. Տեխնոպարկի գործունեության իրականացման 2012 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման համար հիմք են հանդիսացել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 380-Ա որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգին հավանություն տալու մասին» N 23 արձանագրային որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1463-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2010 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 632-Ն որոշումը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2011 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 1015-Ն որոշումը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշումը:

16. Առաջարկվող ծրագիրը համահունչ է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշմամբ հաստատված` Կայուն զարգացման ծրագրի պահանջներին։ Մասնավորապես, դա վերաբերում է Կայուն զարգացման ծրագրի նպատակներին և ռազմավարական գերակայություններին, որով նախատեսված են հետևյալ միջոցառումները`

1) նոր, գիտելիքների վրա հիմնված տնտեսության հիմքերի ստեղծումն ու զարգացումը.

2) Կայուն զարգացման ծրագրի շրջանակներում ակտիվ տարածքային քաղաքականության մշակումը և իրականացումը, որը նպատակաուղղված կլինի տարածքային զարգացման անհամաչափությունների մեղմացմանը և հետ մնացող տարածքների տնտեսական զարգացման արագացմանը.

3) տնտեսական զարգացման ներկայիս խոր անհամաչափությունների հետագա աճի զսպումը՝ ետ ընկնող տարածքների արագացված զարգացումն ապահովող նպատակային տարածքային քաղաքականության մշակման և իրականացման միջոցով.

4) երկրի մրցունակության աճին ուղղված քաղաքականությունը, որի հիմնական հատկանիշներն են՝ արտադրողականության աճի ապահովման խրախուսումը, միավոր աշխատանքի արժեքի մրցունակ մակարդակների ապահովումը` նոր, բարձր ավելացված արժեք ձևավորող աշխատատեղերի ստեղծման միջոցով։

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

17. Ծրագրի հիմնական նպատակն է թափ հաղորդել Գյումրին տեխնոքաղաքի վերակառուցելու հավակնոտ ծրագրին` պահպանելով նրա ավանդական մշակութային նկարագիրը, այն դարձնել ժամանակակից գիտելիքային և նորամուծական ենթակառուցվածքներ ունեցող ու բարենպաստ գործարար միջավայրով կենտրոնի, որտեղ ներկայացված կլինեն` բարձր տեխնոլոգիաներ կիրառող կազմակերպությունները, խոշոր կրթօջախներն ու գիտահետազոտական կենտրոնները։ Գյումրի քաղաքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը մտադիր է խթանել զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության, նորաձևության, տեքստիլ արդյունաբերության, արվեստների, ոսկեգործության, արհեստագործության ճյուղերի զարգացումը: Հաշվի առնելով Գյումրիում ՏՏ-ի ոլորտում ձեռներեցության ներկա անբավարար մակարդակը՝ տեխնոպարկը սերտորեն կաշխատի ՏՏ-ի ոլորտի արտասահմանյան կազմակերպությունների և տեղական մասնավոր ընկերությունների հետ՝ սկսնակ կազմակերպություններ ու գիտահետազոտական լաբորատորիաներ հիմնելու նպատակով։ Միաժամանակ ծրագիրն ունի հետևյալ ենթանպատակները՝

1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի և հանրապետության գիտաարտադրական ներուժի զարգացում արտադրական և գիտական սուբյեկտների մտավոր, տեղեկատվական, նյութատեխնիկական ու ֆինանսական ռեսուրսների ինտեգրման և ակտիվացման միջոցով.

2) ներդրումային միջոցների ներգրավում (այդ թվում՝ օտարերկրյա)` առաջադեմ տեխնոլոգիաների ձեռքբերմանն աջակցելու նպատակով.

3) հասցեական աջակցության տրամադրում գիտատար արտադրանք նախաձեռնողներին և արտադրողներին.

4) գիտատեխնիկական, մտավոր և կադրային ներուժի պահպանման ու զարգացման պայմանների ձևավորում, երիտասարդ կադրերի պատրաստում.

5) գիտական մշակումների առևտրականացում.

6) գիտակրթական, գործարար և պետական հատվածների փոխշահավետ համագործակցության զարգացում։

18. Ծրագրի իրականացումը նախատեսում է հետևյալ արդյունքները`

1) Հայաստանի տարածքային համաչափ զարգացման նպատակով մարզային քաղաքների տնտեսական զարգացման տեմպերի արագացում և ներդրումային ակտիվության խրախուսում, մարզերում հանրային ծառայությունների տեղայնացման աստիճանի և ֆինանսների, ապրանքների ու ծառայությունների հասանելիության աճ, համայնքային ենթակառուցվածքների գնահատում, դրանց կարգաբերում ու զարգացում.

2) ժամանակակից ենթակառուցվածքներով օժտված մի շարք տեխնոլոգիական ընկերությունների ձևավորում, Գյումրի քաղաքի կրթական համակարգի արդիականացում և բարձրակարգ մասնագետների զանգվածի ստեղծում.

3) Գյումրիում միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հաստատում և գործունեության խթանում.

4) ուսումնամեթոդական նյութերի նախապատրաստում և դասընթացների անցկացում, տեսական և գործնական պարապմունքների կազմակերպում.

5) պետական և միջազգային կառույցներին, դոնոր կազմակերպություններին, սփյուռքի կազմակերպություններին, անհատներին ու հովանավորներին ներկայացնելու համար ծրագրի համաֆինանսավորման առաջարկների մշակում և զարգացում, ներդրումային կառույցների, բանկերի և ներդրողների հետ նոր հարաբերությունների հաստատում, ներդրողներ ներգրավելու համար անհրաժեշտ տեղեկատվական փաթեթների` ներառյալ շնորհանդեսների, զեկույցների, բրոշյուրների և այլ անհրաժեշտ նյութերի մշակում ու ներկայացում, տնտեսության ճյուղերի հետ կապն ապահովելու նպատակով 4-6 պայմանագրերի կնքումը, տեխնոլոգիական ընկերությունների ներգրավման նպատակով 3 պայմանագրերի կնքում, առնվազն 20,0 մլն դրամի չափով այլ աղբյուրներից լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում.

6) նորարարությունների ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցությանն ուղղված ծրագրերի իրագործում, որն իրենից ներկայացնում է ճարտարագիտության և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների մինչև չորս բիզնես ծրագրերի ընտրություն մրցութային եղանակով, և պետության մասնակցությամբ նոր ընկերությունների հիմնման ճանապարհով այդ ծրագրերի ֆինանսավորում.

7) ձեռներեցության և գործարար կառավարման դասընթացների նախապատրաստում և իրականացում, մինչև 20 շրջանավարտների ուսուցում:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

19. Ծրագիրն իրականացվում է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությամբ` որպես պետական աջակցություն տեխնոպարկում ներգրավված և դրա գործունեության արդյունքում ձևավորվող կազմակերպություններին։

 

V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

20. Տեխնոպարկի գործունեության իրականացման համար նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝

1) տեխնոպարկի գործունեության կառավարում (Արդյունաբերության զարգացման հիմնադրամ)`

ա. միջոցառումը նախատեսում է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի կառավարման նպատակով ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների, որոնք, ուսումնասիրելով միջազգային հարուստ և հաջողված տեխնոպարկերի գործունեության փորձը, այն կօգտագործեն Գյումրու զարգացման ենթակառույցների նախագծման և իրագործման նպատակով, ապահովել հիմնադրամի աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպում և ռեսուրսների օպտիմալ օգտագործում, ինչպես նաև ուղղորդել անձնակազմին և հաստատել ծրագրերով ֆինանսավորվող և հիմնադրամի հիմնական բյուջեով ֆինանսավորվող աշխատակազմի հստակ տարանջատում: Նաև նախատեսվում է տնօրենի և փորձագետների մասնակցությունը պետական ու միջազգային ներդրողների հետ հանդիպումներում` ծրագրի ֆինանսավորման այլ աղբյուրներ հայթայթելու և ապահովելու, ինչպես նաև հիմնադրամի նախագծերը, հիմնադրամի ներքո գործող ընկերությունները ներկայացնելու և դրանց կողմից մշակվող արդյունքներն առևտրայնացնելու համար,

բ. միջոցառման շրջանակում նաև նախատեսվում է պատրաստել, ներկայացնել ամենամսյա, եռամսյակային ֆինանսական և տեքստային զեկույցներ` նշված աշխատանքների կատարման արդյունքների վերաբերյալ,

գ. այս միջոցառումը նախատեսում է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի, որը հանդիսանում է նաև տեխնոպարկի կառավարման գրասենյակը, գործունեության համար անհրաժեշտ աշխատանքային թիմի աշխատավարձեր և գրասենյակի պահպանման ծախսեր.

2) անշարժ գույքի կառավարում` միջոցառման շրջանակում նախատեսվում է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Գյումրու մանկավարժական շենքի` ըստ նախագծային փաստաթղթերի շինարարական աշխատանքների վերահսկողության նպատակով վարձել շինարարության գծով պատասխանատու, որը կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան 4 անգամ ներկայացնում է հաշվետվություն, որտեղ նկարագրվելու են կատարվող շինարարական աշխատանքների փուլերը, դրանց համապատասխանությունը սահմանված ժամանակացույցին, որակական չափանիշներին և այլն: Նաև միջոցառման շրջանակում նախատեսվել են հիմնադրամի ժամանակավոր գրասենյակի վարձակալության համար վճարները.

 3) կրթական ծրագրեր` միջոցառման շրջանակում նախատեսվում է իրականացնել հետևյալ ենթածրագրերը`

ա. «Կրթական ծրագրերի համակարգող»` ենթածրագրի շրջանակում նախատեսվում է վարձել կրթական ծրագրերի համակարգող, որը կազմում և ներկայացնում է ուսումնամեթոդական նյութերը, ապահովում է դասընթացների անցկացումը, տեսական և գործնական պարապմունքների կազմակերպումը, իրականացնում է գիտելիքների ստուգում,

բ. «Ձեռներեցության և գործարար կառավարման դասընթացների իրականացում»` միջոցառման շրջանակում Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպվելու են պիլոտային ձեռներեցության և գործարար կառավարման հմտությունների զարգացման դասընթացներ: Դասընթացների ծրագրերի և նյութերի մշակումն ապահովելու է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը: Այն նախատեսված է կազմակերպել տարվա կտրվածքով մինչև 6 ամիս տևողությամբ, որը բաղկացած է լինելու մի շարք մոդուլներից: Դասընթացների ավարտից հետո մասնակիցները թեստային առաջադրանքներ են կատարելու, որի արդյունքում դրական արդյունքներ ստացած մասնակիցներին տրամադրվելու են համապատասխան վկայականներ: Ծրագրի արդյունքում հնարավոր կլինի համալրել Գյումրու աշխատաշուկան որակավորված մասնագետներով. նախատեսվում է ապահովել մինչև 20 շրջանավարտների ուսուցումը: Ծրագրի շահառուները հանդիսանում են Գյումրու տարածաշրջանի գործարար միջավայրը և համապատասխան մասնագիտություն ունեցող շրջանավարտները,

գ. «Մեխանիկայի և էլեկտրոնիկայի լաբորատորիաներ»` այս ենթածրագիրը նպատակաուղղված է լինելու լաբորատորիաների աշխատանքն ապահովող անձնակազմի վարձատրությանը: Մասնավորապես, այն կներառի 3 լաբորանտ/ճարտարագետ, որոնք կապահովեն կրթական դասընթացների անցկացումը: Մեխանիկայի և էլեկտրոնիկայի լաբորատորիաների, Մուլտիմեդիայի լաբորատորիայի դասախոսները կազմելու և ներկայացնելու են ուսումնամեթոդական նյութերը, ապահովելու են դասընթացների անցկացումը, տեսական և գործնական պարապմունքների կազմակերպումը, իրականացնելու են գիտելիքների ստուգում,

դ. «Եռաչափ մոդելավորման լաբորատորիա»` Գյումրու տեխնոպարկի հայեցակարգը ենթադրում էր նաև ոսկեգործության, դիզայնի և նորաձևության կենտրոնի ստեղծում ու դրանց շրջանակներում եռաչափ մոդելավորման առաջատար փորձի կիրառում, որը կհանգեցնի տեղի գիտաարտադրական ներուժի օպտիմալ զարգացման, տեղական արտադրության աճի և մրցունակ արտադրանքի դուրսբերմանը ներքին ու արտաքին շուկաներ: Այդ նպատակով ստեղծվել է Եռաչափ մոդելավորման լաբորատորիան, և նշված ենթածրագրի շրջանակում նախատեսվում է ապահովել այդ լաբորատորիայի բնականոն աշխատանքը, լաբորատորիայի հենքի վրա իրականացնել ծրագրեր և դասընթացներ: Նաև նշված ենթածրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծված լաբորատորիայում կազմակերպել Rհiոօ դասընթացները, որի համար վարձվելու է համապատասխան մասնագետ: 2012 թվականի ընթացքում դասընթացների շրջանակում ակնկալվում է շուրջ 20 մասնագետի վերապատրաստում.

4) բիզնես զարգացում` միջոցառման շրջանակում նախատեսվում է վարձել փորձագետներ հետևյալ երեք ուղղություններով` կապեր տնտեսության ճյուղերի հետ, տեխնոլոգիական ընկերությունների ներգրավում Գյումրիում և ծրագրեր պետական ու միջազգային կառույցների հետ: Վարձված փորձագետները պետք է մշակեն և զարգացնեն պետական ու միջազգային կառույցներին, դոնոր կազմակերպություններին, սփյուռքի կազմակերպություններին, անհատներին ու հովանավորներին ներկայացնելու համար ծրագրի համաֆինանսավորման առաջարկներ, հարաբերություններ հաստատեն ներդրումային կառույցների, բանկերի և ներդրողների հետ, ստեղծեն ներդրողներ ներգրավելու համար անհրաժեշտ տեղեկատվական փաթեթներ` շնորհանդեսներ, զեկույցներ, բրոշյուրներ և այլ անհրաժեշտ նյութեր, նախաձեռնեն հիմնադրամի ֆինանսական աջակցության համար այլ աղբյուրների որոնում: Մասնավորապես`

ա. փորձագետ՝ կապեր տնտեսության ճյուղերի հետ` ապահովելու է շուկայի դիտարկումը և վերլուծությունն առկա ներուժի և խնդիրների բացահայտման համար, տնտեսավարող սուբյեկտների հետ բանակցությունների իրականացումը համապատասխան ճյուղերում բացահայտված խնդիրների լուծման նպատակով թիմերի ձևավորման համար: Ակնկալվում է 2012 թվականի ընթացքում 4-6 պայմանագրերի կնքում,

բ. փորձագետ՝ տեխնոլոգիական ընկերությունների ներգրավում Գյումրիում՝ ապահովելու է կազմակերպությունների ներգրավում ծրագրում` անկախ նրանց գտնվելու վայրից: Ներգրավված կազմակերպությունները հանդես են գալու Գյումրու տեխնոպարկի կազմի ներքո, ինչն ապահովելու է տեխնոպարկի գործունեության ընդլայնում և նոր աշխատատեղերի ստեղծում (օրինակ` «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ-ի հայաստանյան ներկայացուցչություն): Ակնկալվում է 2012 թվականի համար 3 պայմանագրերի կնքում,

գ. փորձագետ՝ ծրագրեր պետական և միջազգային կառույցների հետ` ապահովելու է դրամաշնորհային ծրագրերի մշակում և համապատասխան ատյաններում դրանց ներկայացում: Ծրագրերը նպաստելու են Գյումրու տեխնոպարկի նպատակների իրականացմանը և տարածաշրջանի զարգացմանը: Աշխատանքների արդյունքում ակնկալվում է այլ աղբյուրներից լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում 2012 թվականի ընթացքում առնվազն 20.0 մլն դրամի չափով.

5) նորարարությունների ու ժամանակակից տեխնոլոգիաների աջակցությանն ուղղված ծրագրերի իրականացում` նորարարությունների ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցությանն ուղղված ծրագրերի շարունակական աշխատանքների համար 2012 թվականին նախատեսվում է «Պետության մասնակցությամբ նոր ընկերությունների հիմնման ճանապարհով մրցութային եղանակով ընտրված ճարտարագիտության և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների բիզնես գաղափարների և (կամ) ծրագրերի ֆինանսավորումը», ինչպես նաև տվյալ միջոցառման կազմակերպչական աշխատանքների կատարում`

ա. Գյումրիում նորարարական գործարարությունը խթանելու նպատակով ԳՏԶ-ի հիմնադրամը կհայտարարի մրցույթ, որի արդյունքում կընտրվեն մինչև 4 նորարարական գաղափարներ և (կամ) ծրագրեր: Հաղթողների հետ համատեղ կստեղծվեն ընկերություններ, որոնց համար կհատկացվեն ներդրումային միջոցներ՝ յուրաքանչյուրին առավելագույնը 14000 հազ. դրամ գումարի շրջանակում ֆինանսական միջոցներ կանոնադրական կապիտալը համալրելու նպատակով: Միաժամանակ հարկ է նշել, որ հատկացվելիք ֆինանսական միջոցների մեծությունը կարող է տատանվել` ելնելով ներկայացված գաղափարների և (կամ) ծրագրերի ծախսերի նախահաշիվներից,

բ. միջոցառման շրջանակում բիզնես զարգացումների գծով խորհրդականը պատասխանատու է բիզնես գաղափարների մրցութային փաթեթի պատրաստման և մինչև 01.10.2012 թ. համապատասխան հայտարարության տրամադրման համար, մասնակից կազմակերպությունների և անհատների համար խորհրդատվական աշխատանքների իրականացման համար, մրցութային արդյունքների ամփոփման և մինչև 4 հիմնված ընկերությունների տարեկան գործունեության ծրագրերի մշակման համար, ստեղծված ընկերությունների գործունեության պարբերաբար դիտարկման և հաստատված ծրագրերի հետ համադրման համար` ներկայացնելով եռամսյակային հաշվետվություններ: Ընթացիկ տարում նախատեսվում է 7 ընկերությունների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում:

(20-րդ կետը փոփ. 08.11.12 N 1405-Ն)

 

VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

21. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով որպես ծրագրի իրականացման կողմնորոշիչ չափաքանակ է սահմանվել 163000.0 հազ. դրամ։

22. Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2012 թվականի ծրագիրը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։

(հավելվածը փոփ. 08.11.12 N 1405-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

ապրիլի 5-ի N 450-Ն որոշման

 

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր Ի   Ց Ա Ն Կ

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ

NN
ը/կ

Միջոցառումը

Կատարողը

Կատարման ժամկետը

Կատարման արդյունքները

1

2

3

4

5

1.

Տեխնոպարկի գործունեության կառավարում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Արդյունաբերության զարգացման հիմնադրամ» (համաձայնությամբ)

2012 թ. ընթացքում

Արդյունաբերության զարգացման հիմնադրամի 2012 թվականի միջոցառումների արդյունավետ կազմակերպում, կանոնադրական գործառույթների իրականացում

2.

Անշարժ գույքի կառավարում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Արդյունաբերության զարգացման հիմնադրամ»

(համաձայնությամբ)

2012 թ. ընթացքում

Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Գյումրու մանկավարժական շենքի` ըստ նախագծային փաստաթղթերի շինարարական աշխատանքների վերահսկողություն, դրանց ընթացքի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում

3.

Կրթական ծրագրեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Արդյունաբերության զարգացման հիմնադրամ» (համաձայնությամբ)

2012 թ. ընթացքում

Ուսումնամեթոդական նյութերի նախապատրաստում, դասընթացների անցկացում, տեսական և գործնական պարապմունքների կազմակերպում, Եռաչափ մոդելավորման լաբորատորիայում շուրջ 20 մասնագետի վերապատրաստում: Ձեռներեցության և գործարար կառավարման դասընթացների նախապատրաստում և իրականացում, մինչև 20 շրջանավարտների ուսուցում

4.

Բիզնես զարգացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Արդյունաբերության զարգացման հիմնադրամ» (համաձայնությամբ)

2012 թ. ընթացքում

Պետական և միջազգային կառույցներին, դոնոր կազմակերպություններին, սփյուռքի կազմակերպություններին, անհատներին ու հովանավորներին ներկայացնելու համար ծրագրի համաֆինանսավորման առաջարկների մշակում և զարգացում, ներդրումային կառույցների, բանկերի և ներդրողների հետ նոր հարաբերությունների հաստատում, ներդրողներ ներգրավելու համար անհրաժեշտ տեղեկատվական փաթեթների` ներառյալ շնորհանդեսների, զեկույցների, բրոշյուրների և այլ անհրաժեշտ նյութերի մշակում և ներկայացում, տնտեսության ճյուղերի հետ կապն ապահովելու նպատակով 4-6 պայմանագրերի կնքում, տեխնոլոգիական ընկերությունների ներգրավման նպատակով 3 պայմանագրերի կնքում, առնվազն 20,0 մլն դրամի չափով այլ աղբյուրներից լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում

5.

Նորարարությունների ու ժամանակակից տեխնոլոգիաների աջակցությանն ուղղված ծրագրերի իրականացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Արդյունաբերության զարգացման հիմնադրամ» (համաձայնությամբ)

2012 թ. ընթացքում

Պետության մասնակցությամբ նոր ընկերությունների հիմնման ճանապարհով մրցութային եղանակով ընտրված ճարտարագիտության և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների բիզնես գաղափարների և (կամ) ծրագրերի ֆինանսավորում` մինչև 4

(հավելվածը փոփ. 08.11.12 N 1405-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան