ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2010 թվականի N 1341-Ն
ԳԼԽԱՎՈՐ ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N 1463-Ն որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի N 1163-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ և 13-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արդյունաբերության զարգացման հիմնադրամը ճանաչել Գյումրու տեխնոպարկի ծրագրի իրականացման հետ կապված աշխատանքների և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան տարվա` Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացմանը պետական աջակցության ծրագրի միջոցառումների կատարման և Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցության ծրագրի գլխավոր օպերատոր:
(1-ին կետը փոփ., լրաց. 08.11.12 N 1405-Ն)
2. Սահմանել, որ գլխավոր օպերատորի`
1) նպատակը Գյումրի քաղաքում տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրերի մշակումը, իրականացումը և համակարգումն է.
2) խնդիրը Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգին հավանություն տալու մասին» N 23 արձանագրային որոշման իրականացման ապահովումն է.
3) գործառույթներն են սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված խնդրի իրականացման համար անհրաժեշտ`
ա. ծրագրերի մշակումը և համակարգումը,
բ. ենթակառուցվածքների ստեղծումը,
գ. մարդկային ներուժի զարգացումը,
դ. Արդյունաբերության զարգացման հիմնադրամի կանոնադրությունից բխող և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N 1463-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի իրականացմանը նպաստող այլ գործառույթների իրականացումը.
4) լիազորությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N 1463-Ն որոշմամբ հաստատված ցանկի միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ծրագրերի համակարգումն է:
(2-րդ կետը փոփ. 08.11.12 N 1405-Ն)
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացմանը պետական աջակցության տարեկան ծրագիրն իրականացնելու նպատակով Արդյունաբերության զարգացման հիմնադրամի հետ կնքել դրամաշնորհային պայմանագիր:
(3-րդ կետը փոփ. 08.11.12 N 1405-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.01.2014, N 13-Ն | 23.01.2014, N 1341-Ն | |
08.11.2012, N 1405-Ն | 16.11.2012, N 1341-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|