ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 նոյեմբերի 2012 թվականի N 1371-Ն
ՄԱԳՆԻՍԱԿԱՆ, ՕՊՏԻԿԱԿԱՆ, ԹՎԱՅԻՆ, ԼԱԶԵՐԱՅԻՆ ԵՎ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ՏԻՊԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԻՉՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔ (ՀԱՎԱՍՏԱԳԻՐ) ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների (այսուհետ՝ կրիչներ) արտադրության կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք (հավաստագիր) տալու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 6 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականինոյեմբերի 1-ի N 1371-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԱԳՆԻՍԱԿԱՆ, ՕՊՏԻԿԱԿԱՆ, ԹՎԱՅԻՆ, ԼԱԶԵՐԱՅԻՆ ԵՎ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ՏԻՊԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԻՉՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՄԱՆ ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔ (ՀԱՎԱՍՏԱԳԻՐ) ՏԱԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են հսկիչ դրոշմապիտակներ ստանալու համար մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների (այսուհետ՝ կրիչ) արտադրման կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք (այսուհետ՝ տեղեկանք) տալու հետ կապված հարաբերությունները:
2. Տեղեկանքը տրվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության (այսուհետ՝ գործակալություն) կողմից՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կրիչներ արտադրող կամ Հայաստանի Հանրապետության տարածք կրիչներ ներմուծող ֆիզիկական անձի կամ կազմակերպության (այսուհետ՝ սուբյեկտ) դիմումի (այսուհետ՝ դիմում) հիման վրա:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում կրիչներ արտադրելու համար կրիչներ արտադրող սուբյեկտը դիմումին կից ներկայացնում է տվյալ կրիչի վրա գրառման ենթակա յուրաքանչյուր հեղինակային և (կամ) հարակից իրավունքների օբյեկտի (այսուհետ` օբյեկտ) իրավատիրոջ հետ կնքված և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 40-րդ հոդվածին համապատասխան ձևակերպված հեղինակային պայմանագրի կամ, համապատասխան դեպքերում, օրենքի 63-64-րդ հոդվածներին համապատասխան ձևակերպված լիցենզային պայմանագրի պատճենը, կամ տվյալ օբյեկտի նկատմամբ արտադրողի գույքային իրավունքները հաստատող փաստաթղթի (պայմանագիր, իրավահաջորդությունը հաստատող փաստաթուղթ, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ և այլն) պատճենը:
4. Այն դեպքում, երբ կրիչների արտադրությունը պայմանավորված է արդեն ամրագրված հնչյունագրի, տեսալսողական ստեղծագործության կամ հեղինակային կամ հարակից իրավունքի այլ օբյեկտի կրիչի վերարտադրությամբ, կրիչներ արտադրող սուբյեկտը դիմումին կից ներկայացնում է համապատասխան հնչյունագրի, տեսալսողական ստեղծագործության կամ հարակից իրավունքի օբյեկտի իրավատիրոջ հետ կնքած պայմանագրի պատճենը, որտեղ նշված են հարակից իրավունքի օբյեկտի օգտագործման եղանակն ու ծավալը, ժամկետը և տարածքը:
5. Հայաստանի Հանրապետության տարածք կրիչներ ներմուծելու համար կրիչներ ներմուծող սուբյեկտը դիմումին կից ներկայացնում է տվյալ կրիչներն արտադրողի հետ կնքված պայմանագրի պատճենը, որի մեջ նշված է նաև, որ արտադրողի կողմից պահպանված են այդ կրիչների վրա գրառված յուրաքանչյուր օբյեկտի իրավատիրոջ իրավունքները, կամ դիմումին կից ներկայացվում է հեղինակային պայմանագրի կամ լիցենզային պայմանագրի պատճենը կամ հեղինակային իրավունքին վերաբերող համապատասխան քաղվածք պայմանագրից:
6. Այն դեպքում, երբ կրիչների վրա գրառվող կամ գրառված օբյեկտի նկատմամբ հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքի՝ օրենքով սահմանված պահպանության ժամկետն ավարտվել է, դիմումը ներկայացվում է առանց սույն կարգի 3-5-րդ կետերով նախատեսված պայմանագրերի: Այս դեպքում դիմումի մեջ պետք է նշվեն օբյեկտի անվանումը և հեղինակը:
7. Ստացված դիմումը գործակալությունը քննարկում է այն ստանալու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում`
1) եթե դիմումի քննարկման արդյունքում պարզվում է, որ ներկայացված պայմանագրերը կամ համապատասխան դեպքերում՝ դրանցից քաղվածքները հավաստում են դիմումատուի իրավունքները, կամ եթե պարզվում է, որ դիմում ներկայացվել է սույն կարգի 6-րդ կետի համաձայն և այն իսկապես վերաբերում է այլևս չպահպանվող իրավունքի օբյեկտներին, ապա գործակալությունը ձևակերպում և մեկ աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին է հանձնում կրիչների արտադրման կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք.
2) եթե դիմումի քննարկման արդյունքում պարզվում է, որ ներկայացված պայմանագրերը չեն հաստատում դիմումատուի իրավունքները կամ եթե պարզվում է, որ այն ներկայացվել է սույն կարգի 6-րդ կետի համաձայն, սակայն դիմումն իրականում վերաբերում է դեռևս պահպանվող իրավունքի օբյեկտներին, ապա գործակալությունը որոշում է ընդունում կրիչների արտադրման կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանքի տրամադրումը մերժելու մասին և մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր ծանուցում է դիմումատուին:
8. Սույն կարգի համաձայն դիմումներին կից ներկայացված պայմանագրերի իսկությունը և դրանցում տեղ գտած տվյալները գործակալությունը չի ստուգում և դրանց հավաստիության համար պատասխանատվություն կրում է դիմումատուն:
9. Սույն կարգով նախատեսված դիմումների օրինակելի ձևերը, ինչպես նաև տեղեկանքի և դրա տրամադրումը մերժելու մասին որոշման ձևերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.06.2016, N 594-Ն | 23.06.2016, N 1371-Ն | |
25.04.2013, N 716-Ն | 20.07.2013, N 1371-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|