ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
6 նոյեմբերի 2012 թ. |
2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ» /ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ, ԲԱՎՐԱՅԻ ԵՎ ԳՈԳԱՎԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ/ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1 ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՐՁ)` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի օգոստոսի 7-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք» /Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում/ ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունների (2012 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրված` պայմանագրի փոփոխություն թիվ 1 նամակ-համաձայնագրում կատարված փոփոխություններով հանդերձ)` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 09.10.2012թ. ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով քննության առարկա պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության (այսուհետ` Վարկառու) և Եվրոպական ներդրումային բանկի (այսուհետ` Բանկ) միջև «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք» /Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում/ ֆինանսական պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ստորագրվել է Երևանում 2012թ. օգոստոսի 7-ին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից:
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ կողմերի միջև դեռևս 2008թ. փետրվարի 12-29-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետությունում Բանկի գործունեության կանոնակարգման /կառավարման/ վերաբերյալ Շրջանակային համաձայնագիրը, որը համաձայն սույն Պայմանագրի նախաբանի 7-րդ կետի` կշարունակի ուժի մեջ մնալ քննության առարկա Պայմանագրի գործողության ողջ ընթացքում: Նշված Շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ գործով ընդունվել է ՀՀ սահմանադրական դատարանի 12.09.2008թ. թիվ ՍԴՈ-759 որոշումը:
2. Համաձայն Պայմանագրի տեխնիկական նկարագրի /առդիր Ա/` դրա հիմնական նպատակն է Հայաստանի և Վրաստանի միջև երեք սահմանային անցակետերի /Բագրատաշեն, Բավրա և Գոգավան/ վերակառուցումը և արդիականացումը` ներառյալ Հայաստանում ելակետային ճանապարհների ու հարակից ենթակառուցվածքների բարելավումը, այդ թվում` Բագրատաշենում նոր կամրջի, ինչպես նաև Գոգավանի սահմանային անցակետ տանող 7.4 կմ գլխավոր ճանապարհի վերակառուցումը:
Համաձայն Պայմանագրի Ա առդիրի ժամանակացույցի` նախատեսվում է Ծրագիրն սկսել 2012թ. և ավարտին հասցնել 2015թ.:
Պայմանագիրը բաղկացած է նախաբանից /դեկլարատիվ դրույթներ/, 12 հոդվածներից և դրա անբաժանելի մասը կազմող 4 առդիրներից:
Պայմանագրում ամրագրված են վերջինիս ընդհանուր պայմանները /մեկնաբանություններ և սահմանումներ/, վարկի հատկացման կարգն ու պայմանները, Վարկառուի ֆինանսական և այլ բնույթի մի շարք պարտավորությունները, վարկի մարման կարգը և ժամկետները. Պայմանագրի կողմերի միջև ծագող վեճերի լուծման կարգը և պայմանները, ինչպես նաև եզրափակիչ ու այլ դրույթներ:
Սահմանված է, որ Պայմանագիրը գործողության մեջ է մտնում միմիայն Բանկի կողմից Պայմանագրի 1-ին հոդվածի 1.04Ա կետով պահանջվող փաստաթղթերն ստանալուց հետո:
Ծրագրի ընդհանուր արժեքը, ըստ Բանկի հաշվարկների, կազմում է մոտ 60.634.000 եվրո:
Համաձայն Պայմանագրի 1-ին հոդվածի` տրամադրվելիք վարկի ընդհանուր գումարը կազմելու է 30,316,000 եվրո: Բանկի կողմից նշված վարկը հատկացվելու է առավելագույնը 12 մասնաբաժնով /տրանշ/: Յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը նվազագույնը կազմելու է 1 միլիոն եվրո, եթե այն չի համարվում վարկի չօգտագործված մաս: Բանկի կողմից մասնաբաժինների հատկացումները, ինչպես նաև յուրաքանչյուր մասնաբաժնի տոկոսները, հետվճարումները և այլ գանձումները վճարվելու են Վարկառուի կողմից` եվրոյով:
Յուրաքանչյուր մասնաբաժնի վերջին մարման օրը համարվելու է հատկացման սահմանված ամսաթվից հետո 4 տարուց ոչ շուտ և 25 տարուց ոչ ուշ ընկած վճարման ամսաթիվը: Սահմանված է նաև վարկի մարման արտոնյալ ժամկետ /Պայմանագրի 4-րդ հոդվածի 4.01 կետ/: Վարկառուն յուրաքանչյուր մասնաբաժինը մարելու է մասերով` 2-րդ հոդվածի 2.03 կետում նշված մարման աղյուսակում նախատեսված ժամկետներին համապատասխան:
3. Ըստ Պայմանագրի` Վարկառուն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- երաշխավորում է Բանկին իրականացնել ու կատարել Պայմանագրից բխող իր բոլոր պարտավորությունները.
- ապահովում է տրամադրված վարկային միջոցների բացառապես Ծրագրի իրականացման նպատակով օգտագործումը.
- ապահովում է Ծրագրի իրականացումը տեխնիկական նկարագրին համապատասխան, որը ժամանակ առ ժամանակ կարող է փոփոխվել Բանկի հաստատմամբ.
- ինքնուրույնաբար ձեռք է բերում միջոցներ` առանց Բանկին դիմելու, Ծրագրի հավելյալ ծախսերը վճարելու համար, եթե Ծրագրի ընդհանուր արժեքը գերազանցում է Պայմանագրի նախաբանի 3-րդ դեկլարատիվ դրույթում նշված գումարի չափը.
- ապահովագրում է Ծրագրի մաս կազմող բոլոր աշխատանքները և սեփականությունը` առաջնակարգ ապահովագրական ընկերությունների միջոցով.
- ապահովում է Ծրագրին առնչվող ցանկացած տեղեկատվության տրամադրումը Բանկին.
- անհապաղ ծանուցում է Բանկին` Ծրագրի ցանկացած էական փոփոխության կամ այնպիսի իրավիճակի առաջացման մասին, որոնք կարող են էապես վտանգել Ծրագրի իրականացումը.
- ապահովում է, որպեսզի իրականացնող կողմերի հաշվապահական հաշվետվություններն ամբողջովին արտացոլեն Ծրագրի ֆինանսավորման, կատարման ու իրականացման հետ կապված անհրաժեշտ բոլոր տվյալները.
- սպասարկում և մարում է վարկը` Պայմանագրում սահմանված պայմաններին և ժամկետներին համապատասխան.
- վճարում է տույժեր վճարվելիք ցանկացած ժամկետանց գումարների դիմաց` Պայմանագրի 3-րդ հոդվածում սահմանված կարգով և պայմաններով.
- կրում է առաջացած վնասների, ծախսերի ու կորուստների հատուցման առնչությամբ առաջացող պարտավորությունները` ըստ Պայմանագրի 5-րդ հոդվածի 5.04 կետի.
- վճարում է Բանկին Ծրագրի գնահատման կապակցությամբ միանվագ կոմիսիոն վճար` 50.000 եվրոյի չափով /Պայմանագրի 1-ին հոդվածի 1.08 կետ/.
- համաֆինանսավորում է Ծրագիրը` Պայմանագրի 9-րդ հոդվածի 9.01 և 9.02 կետերին համապատասխան.
- վճարում է սույն Պայմանագրի իրականացման ընթացքում առաջացող բոլոր հարկերը, տուրքերը, վճարները և այլ ցանկացած բնույթի պարտադիր վճարները:
4. Հայաստանի Հանրապետության Նախագահի 08.10.2012թ. ՀՀ սահմանադրական դատարանին ուղղված դիմումին կից ներկայացված Պայմանագրի 11.02 /Իրավասությունը/ հոդվածում առկա է եղել հետևյալ իրավակարգավորումը.
«Ա. Բացառությամբ 11.02Բ հոդվածի` Անգլիայի դատարանները բացառիկ իրավասություն ունեն սույն Պայմանագրի վերաբերյալ բոլոր վեճերը լուծելու հարցում, այդ թվում՝ սույն Պայմանագրից բխող կամ դրա հետ կապված ոչ պայմանագրային պարտավորություններին առնչվող ցանկացած վեճ:
Անգլիայի դատարանները ամենանպատակահարմար և հարմար դատարաններն են սույն Պայմանագրի հետ կապված ցանկացած այդպիսի վեճ լուծելու համար:
Սույն Պայմանագրին առնչվող` սույն 11.02 հոդվածում որևէ վեճին արված հղումները վերաբերում են նաև ցանկացած վեճի` դրա առկայության, վավերության կամ դադարեցման մասով:
Բ. Սույն Պայմանագրին առնչվող ցանկացած վեճ կարող է, Բանկի բացառիկ հայեցողությամբ, լուծվել արբիտրաժի միջոցով՝ Միջազգային արբիտրաժի լոնդոնյան դատարանում (ՄԱԼԴ)՝ իր կանոնների համաձայն:
Արբիտրաժը կարգավորվում է Անգլիայի իրավունքով: Արբիտրաժային տրիբունալը կազմված է ՄԱԼԴ-ի կողմից նշանակված մեկ արբիտրից: Արբիտրաժի նստավայրը և վայրը Լոնդոնն է (Անգլիա), արբիտրաժային վարույթի լեզուն անգլերենն է: Վարկառուն սույնով հրաժարվում է 1996 թվականի Արբիտրաժի մասին ակտի ներքո իր իրավունքներից կամ այլ կերպ բողոքարկել որևէ արբիտրաժային վճիռ Անգլիայի դատարաններում: Արբիտրաժային տրիբունալը իրավասու չէ ձեռնարկել կամ ապահովել, և Վարկառուն համաձայնում է, որ այն չի ձգտի ստանալ որևէ դատական ատյանից պաշտպանության որևէ ժամանակավոր միջոց կամ հայցի ապահովման միջոց Բանկի դեմ՝ անկախ ՄԱԼԴ կանոնների որևէ դրույթի: Արբիտրաժային տրիբունալը իրավասու է քննարկել և վարույթ ընդունել ու որոշում կայացնել որևէ այլ վեճի վերաբերյալ, որը պատշաճ ձևով ներկայացվի իր քննարկմանը Բանկի կողմից (ուրիշ ոչ մի Կողմի կողմից)՝ այնքանով, որքանով այդպիսի վեճը ծագում է սույն Պայմանագրից, բայց պահպանելով վերը նշված՝ որևէ այլ կողմ կամ վեճ չպետք է ընդգրկվի կամ միացվի արբիտրաժային վարույթին:
Գ. Սույն 11.02 հոդվածը միմիայն հօգուտ Բանկի է: Սույն Պայմանագրում ոչինչ չպետք է ազդի Բանկի իրավունքի վրա՝ սկսելու դատական վարույթներ Վարկառուի դեմ՝ համապատասխան իրավազորության ներքո գտնվող օրենքով թույլատրված ցանկացած ձևով: Բանկի կողմից դատական վարույթների մեկնարկը մեկ կամ մի քանի իրավազորության ներքո չի խոչընդոտում Բանկին որևէ այլ իրավազորության ներքո վարույթ սկսելու` թե միաժամանակ, և թե այլ կերպ:
Վարկառուն սույնով հրաժարվում է իր անձեռնմխելիությունից և իրավունքներից` առարկելու այդպիսի դատարանների իրավազորության դեմ»:
Միաժամանակ Պայմանագրի 12.04 հոդվածը /Հարմար դատարան ընտրելը և որոշման կատարումը արտերկրում. հրաժարում անձեռնմխելիությունից/ շարադրված է եղել հետևյալ կերպ.
«Վարկառուն
ա) համաձայնում է չվիճարկել և միանշանակ հրաժարվում է որևէ առարկումից, որը այն կարող է ներկայումս կամ ապագայում ունենալ Անգլիայի դատարանների դեմ՝ ոչ հարմար դատարանի հիմքով կամ այլ կերպ՝ սույն Պայմանագրին առնչվող որևէ այլ դատական վարույթի մասով և
բ) համաձայնում է, որ Անգլիայի դատարանի կամ ՄԱԼԴ-ի որևէ վճիռ կամ որոշում սույն Պայմանագրի վերաբերյալ բեկման ենթակա չէ և պարտադիր է իր համար` առանց սահմանափակման կամ վերապահման, ենթակա է կատարման նրա դեմ ցանկացած այլ իրավազորության ներքո գտնվող դատարաններում:
Այնքանով, որքանով Վարկառուն կարող է, որևէ իրավազորության ներքո, պահանջել իր համար կամ իր ակտիվների համար անձեռնմխելիություն` որևէ հայցից, հարկադիր կատարումից, արգելանքից կամ այլ իրավական գործընթացից, Վարկառուն սույնով միանշանակորեն համաձայնում է չպահանջել կամ միանշանակորեն հրաժարվում է այդ իրավունքից` այդ իրավազորության օրենքներով թույլատրելի սահմաններում»:
ՀՀ սահմանադրական դատարանում գործի քննության նախապատրաստման ընթացքում վերը նշված դրույթների առնչությամբ սույն գործով ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցչի կողմից բանակցություններ են անցկացվել Բանկի հետ` վերը նշված դրույթների բովանդակության փոփոխության և դրանց` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական ներդրումային բանկի գործունեության կառավարման համար» շրջանակային համաձայնագրում ամրագրված իրավակարգավորումներին ներդաշնակեցման ուղղությամբ, ինչի արդյունքում 2012թ. նոյեմբերի 5-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև կնքվել և սույն գործով ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցչի կողմից ՀՀ սահմանադրական դատարան է ներկայացվել «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք» ֆինանսավորման պայմանագրի փոփոխություն թիվ 1» նամակ-համաձայնագիրը, որը հանդիսանում է Պայմանագրի անբաժանելի մասը և որով փոփոխության է ենթարկվել Պայմանագրի 11.02 հոդվածը /Իրավասությունը/` ստանալով հետևյալ խմբագրությունը.
«Սույն Պայմանագրին առնչվող բոլոր վեճերը պետք է ներկայացվեն Եվրոպական միության Արդարադատության դատարանի իրավասությանը /այսուհետ` Դատարան/, և կողմերը սույնով ենթարկվում են Դատարանի իրավասությանը:
Պայմանագրի կողմերը սույնով հրաժարվում են Դատարանի իրավասության նկատմամբ իրենց անձեռնմխելիությունից կամ դրա դեմ առարկելու իրավունքից: Համաձայն սույն Հոդվածի` Դատարանի որոշումը պետք է լինի վերջնական և պարտադիր յուրաքանչյուր կողմի համար` առանց սահմանափակումների ու վերապահումների»:
Միաժամանակ Նամակ-համաձայնագրով Պայմանագրի վերը նշված 12.04 հոդվածը /Հարմար դատարան ընտրելը և որոշման կատարումը արտերկրում. հրաժարում անձեռնմխելիությունից/ հանվել է Պայմանագրի տեքստից, իսկ դրան հաջորդող հոդվածները վերահամարակալվել են` առանց վերջիններիս բովանդակության փոփոխության:
Վերը նշված փոփոխությունների արդյունքում` քննության առարկա Պայմանագրում ամրագրված պարտավորությունները ներդաշնակեցվել են և համահունչ են դարձել 2008թ. փետրվարի 12-29-ին ստորագրված և ՀՀ Ազգային ժողովի կողմից 2008թ. հոկտեմբերի 1-ի Ն-099-4 որոշմամբ վավերացված` Հայաստանի Հանրապետությունում Բանկի գործունեության կանոնակարգման /կառավարման/ վերաբերյալ Շրջանակային համաձայնագրում ամրագրված իրավակարգավորումներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և նկատի ունենալով, որ Պայմանագրի դրույթները` Նամակ-համաձայնագրում կատարված փոփոխություններով հանդերձ, համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածի պահանջներին, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2012 թվականի օգոստոսի 7-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք» /Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում/ ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունները (2012 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրված` պայմանագրի փոփոխություն թիվ 1 նամակ-համաձայնագրում կատարված փոփոխություններով հանդերձ)` համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
6 նոյեմբերի 2012 թ. ՍԴՈ-1055 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|