Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1059
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.05/59(933) Հոդ.1258
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
23.11.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.2012

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

23 նոյեմբերի 2012 թ.

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 260-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 262-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներ` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներ Ա. Վարդևանյանի, Հ. Աբգարյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ս. Համբարձումյանի, նույն բաժնի առաջատար մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասի և 262-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 27.08.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, հետազոտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունվել է 1985 թվականի դեկտեմբերի 6-ին և ուժի մեջ է մտել 1986 թվականի հունիսի 1-ից:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` «Վարչական ձերբակալում» վերտառությամբ 260-րդ հոդվածի 3-րդ մասի վիճարկվող դրույթը սահմանում է. «Վարչական իրավախախտում կատարելու համար ձերբակալված անձի խնդրանքով նրա գտնվելու վայրի մասին տեղյակ են պահվում հարազատները, աշխատանքի կամ ուսման վայրի ադմինիստրացիան»:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` «Վարչական ձերբակալման ժամկետները» վերտառությամբ 262-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Սահմանային ռեժիմը կամ ԽՍՀՄ պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտող անձինք կարող են ձերբակալվել մինչև երեք ժամ տևողությամբ` արձանագրություն կազմելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում անձը և իրավախախտման հանգամանքները պարզելու համար` մինչև երեք օր ժամանակով, ձերբակալման պահից քսանչորս ժամվա ընթացքում այդ մասին գրավոր հաղորդելով դատախազին, կամ դատախազի սանկցիայով` մինչև տասը օր ժամանակով, եթե իրավախախտողները չունեն իրենց անձը հաստատող փաստաթղթեր»:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 262-րդ հոդվածում կատարվել են մի շարք փոփոխություններ` 29.08.88, 10.03.90, 03.12.96 ՀՕ-102, 24.12.04 ՀՕ-68-Ն օրենքներ:

 

2. Դիմողը, վկայակոչելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի թիվ 43/173 բանաձևը, ինչպես նաև մի շարք երկրների օրենսդրական կարգավորումների կառուցակարգերը, գտնում է, որ օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասը հստակորեն չի ապահովում ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված` ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի իրավունքը` այդ մասին անհապաղ տեղեկացնելու իր կողմից ընտրված անձին, ինչպես նաև այդ անձանց` պաշտպան ունենալու իրավունքը: Ըստ դիմողի` օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է համապատասխան իրավունքը որպես պետական մարմնին ուղղված խնդրանք, այլ ոչ թե որպես օրենքի պարտադիր պահանջ, և չի նախատեսում համապատասխան պետական մարմնի` ձերբակալման մասին ազատությունից զրկված անձի կողմից ընտրված անձին անհապաղ տեղեկացնելու պարտավորություն, և նույնիսկ ազատությունից զրկված անձի` պաշտպանի հետ հաղորդակցվելու և այդպիսով իրավաբանական օգնություն ստանալու իրավունքներն ապահովելու պարտավորություն:

Անդրադառնալով օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասին` դիմողը, վկայակոչելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, ՀՀ Սահմանադրության տեսանկյունից անթույլատրելի է համարում օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասում դատախազի կողմից վարչական ձերբակալման մինչև 10-օրյա ժամկետ նախատեսելը, ինչպես նաև անձին առանց դատարան ներկայացնելու մինչև 10 օր ժամկետով որպես ձերբակալված պահելու հնարավորություն նախատեսելը: Ընդ որում, դիմողն արձանագրում է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2005 թվականի դեկտեմբերի 16-ին վարչական կալանքի ինստիտուտն ուժը կոցրած է ճանաչվել:

Վերոգրյալի հիման վրա դիմողը գտնում է, որ օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասի և 262-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերին և 20-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին:

 

3. Պատասխանող կողմը, մասնակիորեն առարկելով դիմողի փաստարկներին, նախ գտնում է, որ օրենսգրքի 260-րդ հոդվածի վեճի առարկա նորմը, ըստ էության, սահմանում է զուտ վարչական մարմնի պարտականությունը ձերբակալված անձի գտնվելու վայրի մասին տեղյակ պահելու նրա հարազատներին, աշխատանքի կամ ուսման վայրի ադմինիստրացիային: Իսկ ահա վարչական վարույթի ընթացքում իրավաբանական օգնություն ստանալու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այլ նորմերով:

Պատասխանողը գտնում է նաև, որ վեճի առարկա դրույթի «խնդրանք» բառը չպետք է ընկալել ուղղակի իմաստով, որը ենթադրաբար կարող է և մերժվել պետական մարմնի կողմից: Ըստ պատասխանողի` «Պարզապես այս իրավունքի իրականացումը կախման մեջ է դրվում անձի կամքից, կամահայտնությունից: Իր իմաստով այն նույնանում է նաև ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածով սահմանված ձևակերպման հետ»:

Պատասխանող կողմը, այդուհանդերձ, գտնում է նաև, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասի «ձերբակալված անձի խնդրանքով» ձևակերպումը կարող է գործնականում կամայականությունների տեղիք տալ, քանի որ այն հակառակ Սահմանադրության, կարող է դիտարկվել որպես վարչական մարմնի իրավունք: Ուստի այն հակասում է ՀՀ Սահմանադրության պահանջներին»:

Ինչ վերաբերում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 262-րդ հոդվածի վեճի առարկա դրույթի սահմանադրականությանը, ապա պատասխանողը նույնպես համակարծիք է դիմողի հետ` այդ դրույթի` ՀՀ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ:

 

4. Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ դիմողը բարձրացնում է հիմնականում երկու հիմնախնդիր, այն է` Սահմանադրության 16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի` այդ մասին անհապաղ իր կողմից ընտրված անձին տեղեկացնելու իրավունքի երաշխավորումը վարչական ձերբակալման գործող ընթացակարգի շրջանակներում և նույն շրջանակներում վարչական ձերբակալման ժամկետների, այդ ժամկետները երկարացնելու լիազորություն ունեցող սուբյեկտների վերաբերյալ դրույթների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանմամբ օրենսդիրը ժամանակին նպատակ է հետապնդել ապահովելու վարչական իրավախախտում կատարելու համար ձերբակալված անձի` իր ձերբակալման մասին այլ անձանց տեղեկացնելու իրավունքը, որի իրացումը, ըստ այդ նորմի տառացի իմաստի` պայմանավորվում է իրավասու մարմնի կամահայտ վերաբերմունքով, բացառությամբ վարչական իրավախախտում կատարած անչափահաս անձի ձերբակալման դեպքերի, երբ վերոհիշյալ իրավունքի իրացումը պարտադիր է: Սակայն տվյալ օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Սահմանադրության ընդունումից և Հայաստանի անկախացումից առաջ, իսկ հետագայում, նաև ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները նկատի ունենալով, օրենսգրքի 260-րդ հոդվածը, ինչպես նաև 262-րդ հոդվածի գործող խմբագրությամբ տեքստի 2-րդ մասը ՀՀ օրենսդիր մարմնի կողմից որևէ փոփոխության չեն ենթարկվել: Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է. «... Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ իրավունք ունի այդ մասին անհապաղ տեղեկացնելու իր կողմից ընտրված անձին»:

Օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 2-րդ մասի` վերը նշված դրույթի համադրված վերլուծությունից բխում է, որ օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասը, ի տարբերություն ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորման, վարչական իրավախախտման համար ձերբակալված անձի` այդ մասին այլ անձանց տեղյակ պահելու իրավունքի իրացման պարագայում նախատեսել է միջնորդավորված կառուցակարգ, ըստ որի` նախ, ձերբակալվածի իրավունքի իրականացման համար որպես նախապայման է հանդիսանում վերջինիս խնդրանքը` ուղղված իրավասու պաշտոնատար անձին: Երկրորդ, դիտարկվող իրավակարգավորմամբ այլ անձանց տեղյակ պահելու գործընթացի անմիջական իրականացման իրավասությունը վերապահված է ոչ թե ձերբակալված անձին, այլ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործով վարույթն իրականացնող մարմնի իրավասու պաշտոնատար անձին: Երրորդ, օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսել է անձանց առավել սահմանափակ շրջանակ, որոնք կարող են տեղեկացվել տվյալ անձի ձերբակալման մասին:

ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով` ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի` հիշատակված իրավունքի իրացումը չի կրում միջնորդավորված բնույթ, կախվածության մեջ չի դրվում որևէ պաշտոնատար անձի հայեցողությունից, ուղղակիորեն վերապահված է ձերբակալվածին: ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ազատությունից զրկված անձի համար ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ ամրագրված իրավունքն անձն իրականացնում է անձամբ և անմիջականորեն, իսկ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործով վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ազատությունից զրկված անձին ապահովել քաղաքացիական շրջանառության մեջ գտնվող բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, որոնք նախատեսված են անձանց հաղորդակցման համար: Միևնույն ժամանակ, պաշտպանին` իր ձերբակալման մասին տեղեկացնելը, հանդիսանում է Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով ամրագրված` իրավաբանական օգնություն ստանալու և պաշտպան ունենալու իրավունքների բաղադրատարր, որի նպատակն այլ է, քան Սահմանադրության 16-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ ամրագրված` իր ձերբակալման մասին իր կողմից ընտրված անձին տեղեկացնելու իրավունքի իրավական բովանդակությունը:

Ինչ վերաբերում է օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությամբ ամրագրված այն դրույթին, ըստ որի` «Անչափահասի ձերբակալման մասին նրա ծնողներին կամ նրանց փոխարինող անձանց տեղյակ պահելը պարտադիր է», ապա վերջինիս սահմանադրականության հարցը դիմողի կողմից քննության առարկա չի դարձվել:

 

5. Անդրադառնալով օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությանը` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նշված մասի դրույթները հանգում են հետևյալին.

ա) վարչական ձերբակալման ընդհանուր ժամկետը` որպես ընդհանուր բնույթի կանոն, սահմանված է 3 ժամ, իսկ բացառիկ դեպքերում` հատուկ անհրաժեշտության կապակցությամբ առկա է նաև հիշյալ ընդհանուր ժամկետը փոփոխելու հնարավորություն,

բ) ՀՀ սահմանային ռեժիմը խախտող անձինք կարող են ձերբակալվել մինչև 3 ժամ տևողությամբ` արձանագրություն կազմելու համար, մինչև 3 օր ժամանակով` անձը և իրավախախտման հանգամանքները պարզելու համար` ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում այդ մասին գրավոր հաղորդելով դատախազին, մինչև 10 օր ժամանակով` դատախազի սանկցիայով, եթե իրավախախտողները չունեն անձը հաստատող փաստաթղթեր:

ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետը սահմանում է. «Դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ... հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ»:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի` «Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողությունը» վերտառությամբ 29-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Սույն հոդվածի իմաստով հարկադրանքի այլ միջոց է համարվում Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով նախատեսված դեպքերում ազատությունից զրկումը, ինչպես նաև հատուկ ծառայությունների կողմից ֆիզիկական ուժ, հրազեն կամ հատուկ միջոցների գործադրումը»:

ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 7-րդ կետերը թույլատրում են օրենքով ազատությունից զրկելու հետևյալ դեպքերի նախատեսումը` օրենքով սահմանված որոշակի պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով և Հայաստանի Հանրապետություն անձի անօրինական մուտքը կանխելու, նրան արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով: Այս կապակցությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` «սահմանային ռեժիմի խախտում» ձևակերպման իրավական բովանդակությունը նույնպես ներառվում է ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 7-րդ կետերով նախատեսված վերոհիշյալ դեպքերի բովանդակային ծավալում:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազի իրավունքները, որոնք ներառում են, մասնավորապես, հետևյալները.

- ցանկացած ժամանակ անարգել այցելել այն բոլոր վայրերը, որտեղ պահվում են ազատությունից զրկված անձինք,

- ծանոթանալ այն փաստաթղթերին, որոնց հիման վրա անձը ենթարկվել է պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների,

- անհապաղ ազատելու ազատությունից զրկելու վայրերում, ինչպես նաև այդ վայրերի տուգանային և կարգապահական մեկուսարաններում ապօրինի պահվող անձանց:

ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Եթե ձերբակալված անձը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 16 և 103-րդ հոդվածներով, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով ձերբակալման առավելագույն ժամկետը 72 ժամ է, այլ ոչ թե 3 օր, և դատախազը չունի վարչական ձերբակալման ժամկետը երկարաձգելու իրավասություն: Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատախազությունն իրավասու է իրականացնելու հսկողություն վարչական ձերբակալման օրինականության նկատմամբ, ներառյալ` վարչական ձերբակալման ենթարկված անձանց` անազատության մեջ մնալու ժամկետների պահպանման նկատմամբ հսկողությունը, որի իրավական բովանդակային ծավալը չի կարող ներառել ձերբակալման ժամկետների երկարաձգումը:

Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասը` սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի հետ համակարգային առումով փոխկապակցված` օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հարցին:

Օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Վարչական ձերբակալման ժամկետը հաշվվում է արձանագրություն կազմելու համար խախտողին բերելու պահից, իսկ հարբած վիճակում գտնվող անձին` նրա սթափվելու ժամանակից»: Մինչդեռ Սահմանադրության 16-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով` ձերբակալման ժամկետի հաշվարկն սկսվում է ձերբակալման պահից: Ընդ որում, Սահմանադրության 16-րդ հոդվածի 3-րդ մասը տարբերակում չի դնում այն հանգամանքների միջև, թե ձերբակալված անձը հարբած է, թե` ոչ: Հարկ է նաև արձանագրել, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2005 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՕ-32-Ն օրենքով վարչական կալանքի ինստիտուտն ուժը կորցրած է ճանաչվել, որպիսի պարագայում առավել քան կարևորվում է ձերբակալման պահից 72 ժամը լրանալուց հետո վարչական կարգով ձերբակալված անձին ազատ արձակելու հանգամանքը:

 

6. ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առկա են բազմաթիվ հոդվածներ, որոնք շարունակում են հղում կատարել ԽՍՀՄ օրենսդրությանը, օգտագործել «ԽՍՀՄ տարածք», «պատգամավորների տեղական խորհուրդներ», «սոցիալիստական սեփականություն», «սոցիալիստական օրինականություն», «ներքին գործերի մարմիններ» եզրույթները, սահմանել վարչական իրավախախտումների մասին օրենսդրության բնագավառում ԽՍՀՄ իրավասությանը ենթակա հարցերը և այլն, ինչն առաջացնում է իրավական պետությանն անհարիր իրավական վտանգ, և դա այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության (27.11.2005թ. փոփոխություններով տեքստի) 117-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է. «Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո ... Ազգային ժողովը երկու տարվա ընթացքում համապատասխանեցնում է գործող օրենքները Սահմանադրության փոփոխություններին»: Ընդ որում, Սահմանադրության ընդունումից հետո օրենսգրքի մի շարք հոդվածներում նախկինում կատարված փոփոխությունների արդյունքում «ԽՍՀՄ» հապավումը փոխարինվել է «ՀՀ» հապավումով, իսկ մյուս հոդվածներում, այդ թվում` օրենսգրքի` սույն գործով վիճարկվող 262-րդ հոդվածում, որում վերջին անգամ փոփոխություն է կատարվել ՀՀ Ազգային ժողովի կողմից 24.12.2004թ. ընդունված ՀՕ-68-Ն օրենքով, «ԽՍՀՄ» հապավումը շարունակում է պահպանվել:

Վերը նշված հիմնախնդրի առնչությամբ սահմանադրական դատարանը հարկ է համարում սույն գործով կրկին անգամ արձանագրել նման իրողությունը, որին անդրադարձել է նաև 19.09.2012թ. ՍԴՈ-1048 որոշման 6-րդ կետում: Նշված կետում սահմանադրական դատարանը հարկ է համարել նշել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի ընդունման, խորհրդային իրավակարգավորումների հատվածական փոփոխությունների ոչ նպատակահարմարության և առկա իրավակարգավորման շրջանակների հստակեցման անհրաժեշտությունը` ելնելով միջազգային ժամանակակից փորձի ուսումնասիրման արդյունքներից: Վերոնշյալի առնչությամբ ՍԴՈ-1048 որոշման 6-րդ կետում սահմանադրական դատարանը նշել է նաև, որ, մասնավորապես, դա վերաբերում է «իրավակարգավորումների հայեցակարգային ամբողջականության և միասնականության երաշխավորմանը, վարչաիրավական հարաբերություններում իրավասուբյեկտության շրջանակների որոշակիացմանը, իրավաբանական անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու խնդրի համակարգային կանոնակարգմանը, վարչական պատասխանատվության՝ իրավական պատասխանատվության այլ տեսակներից (քաղաքացիական, քրեական) սահմանազատելու իրավական չափանիշների առավել հստակեցմանը և մի շարք այլ սկզբունքային` հայեցակարգային նշանակության հարցերին»:

Նաև ՀՀ սահմանադրական դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները նկատի ունենալով` ՀՀ վարչապետի 19.10.2010թ. թիվ 01/10.1 գրությամբ ՀՀ Ազգային ժողովին տեղեկացվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարությունում քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նոր նախագիծ` օրենսդրական նախաձեռնության կարգով այն ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու համար: Սակայն սույն գործով սահմանադրական դատարանում ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության համաձայն` ՀՀ կառավարության կողմից 2010թ. նոյեմբերին նման նախագիծ ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով, սակայն 2011թ. փետրվարին այն հետ է կանչվել և մինչ օրս նոր նախագիծ չի ներկայացվել:

Նման իրավիճակը մարտահրավեր է ՀՀ իրավական անվտանգությանը, քանի որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի կիրառման, ինչպես նաև նույն հոդվածի 13-րդ մասի պահանջները հաշվի առնելու դեպքում իրավակարգավորման այս ոլորտում պարզապես իրավական քաոս կարող է առաջանալ: Ուստի սահմանադրական դատարանը գտնում է, որ երկրում սահմանադրական օրինականության հաստատման տեսանկյունից անհետաձգելի անհրաժեշտություն է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի ընդունումը: Իսկ մինչ այդ դատական պրակտիկան պետք է հնարավորինս առաջնորդվի ՀՀ Սահմանադրության 3-րդ և 6-րդ հոդվածների այն դրույթների պահանջներով, համաձայն որոնց` «Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք» և «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն»: Բնականաբար, հաշվի պետք է առնվի նաև այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում վարչական կալանքի ինստիտուտն ուժը կորցրած է ճանաչվել 2005թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՕ-32-Ն օրենքով:

Միաժամանակ, ելնելով պետական իշխանության մարմինների գործառույթների արդյունավետ իրականացման և ընդհանրապես սահմանադրական վերահսկողության համակարգի գործունեության արդյունավետության ապահովման անհրաժեշտությունից` սահմանադրական դատարանը հարկ է համարում սույն գործով կողմերի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտությունը պետք է պայմանավորված լինի սահմանադրաիրավական իրական վեճի առկայությամբ: Եթե դիմող և պատասխանող կողմերը համակարծիք են իրավական ակտի, տվյալ դեպքում` օրենքի այս կամ այն դրույթի և Սահմանադրության նորմերի միջև ենթադրյալ հակասության վերաբերյալ, ապա տվյալ դեպքում նշված հակասությունն անհրաժեշտ է վերացնել իրավական ակտն ընդունած մարմնի իրավասությունների շրջանակներում, ինչը պարզապես սահմանադրական պահանջ է:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասի` «Վարչական իրավախախտում կատարելու համար ձերբակալված անձի խնդրանքով նրա գտնվելու վայրի մասին տեղյակ են պահվում հարազատները, աշխատանքի կամ ուսման վայրի ադմինիստրացիան» դրույթը ճանաչել ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր:

2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները ճանաչել ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 3-րդ մասի և 103-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պահանջներին հակասող և անվավեր:

3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների հետ համակարգային առումով փոխկապակցված` օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի և 16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

23 նոյեմբերի 2012 թ.

ՍԴՈ-1059