Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 373-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2012-01.04.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.10.01/25(438)
Ընդունող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
19.09.2012
Ստորագրող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

19 սեպտեմբերի 2012 թ.

ք. Երևան

թիվ 373-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) 2012 թվականի սեպտեմբերի 19-ի դռնբաց նիստում փաստաբան Վարդան Մկրտչյանի (այսուհետ` Դիմող) 2012 թվականի սեպտեմբերի 7-ի դիմումի (այսուհետ` Դիմում) հիման վրա քննարկեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների կիրառման վերաբերյալ պաշտոնական պարզաբանման հարցը:

Դիմողը հայցել է Հանձնաժողովի պաշտոնական պարզաբանումը հետևյալ հարցերի վերաբերյալ:

Արդյոք նոր ստեղծված և դեռևս գործունեություն չիրականացրած և հետևաբար որևէ ապրանքային շուկայում չգործող տնտեսվարող սուբյեկտի` Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ից 5-րդ կետերով թվարկված գործարքները համարվում են համակենտրոնացում, թե ոչ:

 Այսպես, համաձայն Դիմումի` վերոնշյալ խնդրի պարզաբանման անհրաժեշտությունը առաջացել է Օրենքի պահանջներին համապատասխան գործարքը համակենտրոնացում որակելու և հայտարարագրման ենթակա լինելու հարցի որոշման համար:

Դիմողը նշել է, որ 2012 թվականի կեսերին անհատ ձեռնարկատեր չհանդիսացող մեկ ֆիզիկական անձի մասնակցությամբ հիմնադրվել է իրավաբանական անձ, որի կանոնադրական կապիտալը մասնակիցը համալրել է անշարժ գույքով և որևէ գործունեություն չի իրականացրել` ապրանքներ չի իրացրել, ծառայություններ չի մատուցել և աշխատանքներ չի իրականացրել:

Նշված իրավաբանական անձի 100 տոկոս բաժնեմասի (բաժնետոմսերի) ձեռքբերման համար վերջինիս հիմնադիր միակ մասնակից ֆիզիկական անձին է դիմել մեկ այլ իրավաբանական անձ, որն իրականացնում է տնտեսական գործունեություն և առաջինի հետ չի կազմում անձանց խումբ:

Համաձայն Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի` տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացում է համարվում`

1) տնտեսվարող սուբյեկտների միացումը.

2) տնտեսվարող սուբյեկտների միաձուլումը.

3) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերումը, եթե դրանց արժեքն ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող ակտիվների արժեքի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների արժեքի 20 տոկոսը կամ ավելին.

4) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոսը կամ ավելին.

5) տնտեսվարող սուբյեկտների ցանկացած միավորում, որի շնորհիվ մեկ տնտեսվարող սուբյեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` Օրենքի իմաստով համակենտրոնացումը կայացվում է`

1) միևնույն ապրանքային շուկայում գործող (մրցակից հանդիսացող) տնտեսվարող սուբյեկտների միջև (հորիզոնական համակենտրոնացում).

2) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում գործող (մրցակից չհանդիսացող` տվյալ ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքներ իրացնող ու ձեռք բերող) տնտեսվարող սուբյեկտների միջև (ուղղահայաց համակենտրոնացում).

3) տարբեր ապրանքային շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտների միջև (խառը համակենտրոնացում):

Միևնույն ժամանակ Դիմողը վկայակոչում է նաև Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված «ապրանք» և «ապրանքային շուկա» հասկացությունները, համաձայն որի` ապրանք է համարվում քաղաքացիական իրավունքի օբյեկտ, այդ թվում` գույք, աշխատանք, ծառայություն (ներառյալ` ֆինանսական), որը նախատեսված է իրացման համար, իսկ ապրանքային շուկա է համարվում Հանձնաժողովի որոշմամբ սահմանված` որոշակի տարածքում տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների շրջանառության ոլորտ, որի սահմանները որոշվում են գնորդի կողմից համապատասխան տարածքում ապրանքի ձեռքբերման տնտեսական հնարավորություններով և նպատակահարմարությամբ:

Դիմողը գտնում է, որ փաստացի գույք ունեցող, սակայն ապրանք չիրացրած և որևէ ապրանքային շուկայում փաստացի չգործող տնտեսվարող սուբյեկտի` համակենտրոնացման մասնակից լինելու դեպքում Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ից 5-րդ կետերով թվարկված համակենտրոնացումների որևէ տեսակ առկա չէ, թեկուզ գործարքի մյուս մասնակիցը հանդիսանա որևէ ապրանքային շուկայում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտ, որն ունի խոշոր ակտիվներ:

Քննարկելով դիմումը` Հանձնաժողովն ամրագրում է հետևյալը:

Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները սահմանում են համակենտրոնացման հասկացությունը` նշելով դրա դրսևորման հնարավոր ձևերը:

Նույն հոդվածի 2-ից 6-րդ մասերը սահմանում են համակենտրոնացման յուրաքանչյուր ձևի մասնակիցների կազմը: Նշված իրավանորմերը չեն նախատեսում համակենտրոնացման մասնակցի` ապրանքային շուկայում փաստացի գործունեություն իրականացնելու` ապրանքներ իրացելու կամ ձեռք բերելու, ծառայություններ մատուցելու և աշխատանքներ կատարելու պահանջ:

Ինչ վերաբերում է Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներին, ապա դրանք տարբերակում են համակենտրոնացման տեսակներն ըստ դրանց` համապատասխան ապրանքային շուկայում կենտրոնացվածության աստիճանի վրա հնարավոր ազդեցության: Համակենտրոնացումների հայտարարագրումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետությունում ապրանքային շուկաների կենտրոնացվածության գնահատման, գերիշխող դիրքի առաջացմանը կամ ամրապնդմանը հանգեցնող գործարքների վերահսկման համար: Այսպես, համակենտրոնացման մասնակից տնտեսվարող սուբյեկտը, որը դեռևս չի իրականացրել փաստացի գործունեություն, կարող է ունենալ մեծ ֆինանսական կարողություն` ակտիվների տեսքով: Այդ պարագայում նման տնտեսվարող սուբյեկտի հետ համակենտրոնացումը կարող է էականորեն փոխել գործարքի մյուս մասնակցի դերն ու ազդեցությունը` հանգեցնել շուկայական իշխանության առաջացմանը կամ ամրապնդմանն այն ապրանքային շուկայում, որտեղ վերջինս իրականացնում է գործունեություն:

Օրենքի 1-ին հոդվածի համաձայն` Օրենքի նպատակն է պաշտպանել և խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

 Հաշվի առնելով վերոնշյալը` Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասում տեղ գտած «միևնույն (փոխկապակցվածություն ունեցող տարբեր կամ տարբեր) ապրանքային շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտ» արտահայտությունը հարկ է մեկնաբանել որպես իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր` անկախ վերջիններիս կողմից ապրանքներ իրացնելու կամ ձեռք բերելու հանգամանքից:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը և Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ը» և «թ» կետերը, Հանձնաժողովը որոշում է.

1. Պաշտոնապես պարզաբանել, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ից 5-րդ կետերով սահմանված համակենտրոնացման մասնակից է համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված տնտեսվարող սուբյեկտը` անկախ վերջինիս կողմից ապրանքներ իրացնելու կամ ձեռք բերելու հանգամանքից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Նախագահ 

Ա. Շաբոյան