Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.06.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.03/48(922).1 Հոդ.1069.18
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.06.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/1896/05/10
2012թ.
  

Վարչական գործ թիվ ՎԴ/1896/05/10

Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան

Դատավորներ` Ա. Աբովյան

                   Լ. Սոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

 

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի հունիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մարինե Վարդանյանի, Ինգա և Վահե Կարապետյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 15.02.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ Մարինե Վարդանյանի, Ինգա և Վահե Կարապետյանների հայցի ընդդեմ Աբովյանի քաղաքապետարանի, երրորդ անձ Սյուզան Ստեփանյանի` Աբովյանի քաղաքապետարանին հայցվորների անվամբ տնտեսության թիվ 1 գրքից Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի 67 հասցեի անշարժ գույքի նկատմամբ քաղվածք տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Մարինե Վարդանյանը, Ինգա և Վահե Կարապետյանները պահանջել են պարտավորեցնել Աբովյանի քաղաքապետարանին հայցվորների անվամբ տնտեսության թիվ 1 գրքից Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի 67 հասցեի անշարժ գույքի նկատմամբ քաղվածք տրամադրել:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 27.06.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.02.2012 թվականի որոշմամբ Սյուզան Ստեփանյանի և Աբովյանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքները բավարարվել են. Դատարանի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Մարինե Վարդանյանը, Ինգա և Վահե Կարապետյանները։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, 27-րդ հոդվածի 2-րդ մասը։

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

ՀՀ վարչական դատարանի` 11.09.2009 թվականի թիվ ՎԴ/1483/05/09 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է համարվել, որ 2003 թվականին Աբովյանի քաղաքապետարանի կողմից համայնքի տնտեսության թիվ 1 գրքից Գրիգոր Կարապետյանի անվամբ` ընտանիքի կազմի նշումով տրվել է թիվ 643 քաղվածքը, որի հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Աբովյանի տարածքային ստորաբաժանման (այսուհետ`Կադաստր) կողմից Կոտայքի փողոցի 67 հասցեի անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Գրիգոր, Նադեժդա, Յուրիկ Կարապետյանների, Սյուզան և Վաչագան Ստեփանյանների սեփականության իրավունքը: Նույն վճռով հաստատվել է նաև, որ Մարինե Վարդանյանը, Ինգա և Վահե Կարապետյանները ևս վիճելի անշարժ գույքի օգտագործողներ էին, ուստի նրանց անունները նույնպես պետք է նշվեին համայնքի տնտեսության թիվ 1 գրքի` 2003 թվականի քաղվածքում: Մինչդեռ քաղվածքում Մարինե Վարդանյանի, Ինգա և Վահե Կարապետյանների անուններն անհիմն կերպով չնշվելու արդյունքում վերջիններս զրկվել են անշարժ գույքի սեփականատեր դառնալու իրենց իրավունքից:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, գալով այն եզրահանգման, որ Աբովյանի քաղաքապետարանն իրավասու չէ տրամադրելու քաղվածք, որոշման մեջ չի պատճառաբանել նման համոզմունքի ձևավորումը: Ավելին, անտեսելով ՀՀ վարչական դատարանի 11.09.2009 թվականի թիվ ՎԴ/1483/05/09 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած վճիռը, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի և 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների ակնհայտ խախտում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 15.02.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 27.06.2011 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`

ՀՀ վարչական դատարանի` 11.09.2009 թվականի թիվ ՎԴ/1483/05/09 օրինական ուժի մեջ մտած վճռով, կայացված վարչական գործով ըստ հայցի Մարինե Վարդանյանի, Ինգա և Վահե Կարապետյանների ընդդեմ Սյուզան Ստեփանյանի, Գրիգոր Կարապետյանի, Նադեժդա Կարապետյանի, Վաչագան Ստեփանյանի, Աբովյանի քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման` 14.08.2007 թվականին կատարված պետական գրանցումը, անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և 25.12.2007 թվականին կատարված պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և հայցվորների սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, հաստատվել են հետևյալ փաստական հանգամանքները`

2003 թվականին Աբովյանի քաղաքապետարանի կողմից համայնքի տնտեսության թիվ 1 գրքից Գրիգոր Կարապետյանի անվամբ, ընտանիքի կազմի նշումով տրվել է թիվ 643 քաղվածքը, որի հիման վրա Կադաստրի կողմից Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի 67 հասցեի անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Գրիգոր, Նադեժդա, Յուրիկ Կարապետյանների, Սյուզան և Վաչագան Ստեփանյանների սեփականության իրավունքը: Մարինե Վարդանյանը, Ինգա և Վահե Կարապետյանները ևս հանդիսացել են Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի 67 հասցեի անշարժ գույքի օգտագործողներ, և նրանց անունները նույնպես պետք է նշվեին ՀՀ Կոտայքի մարզի համայնքի տնտեսության համար 1 գրքի 2003 թվականի քաղվածքում /գրանցման համար 643/` «Ընտանիքի կազմը» բաժնում, ինչն անհիմն կերպով չի կատարվել, ինչի հետևանքով էլ նրանք զրկվել են անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետական գրանցման ենթարկելու հնարավորությունից (հատոր 1-ին, գ.թ. 4-8):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված փաստերը միևնույն կողմերի մասնակցությամբ սույն օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն։

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով։ Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Ընդ որում, միևնույն կողմերի մասնակցությամբ նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված փաստերն ապացուցման կարիք չունեն (տես` Դոնարա Սարգսյանն ընդդեմ Երևանի Կենտրոն թաղապետարանի, Հակոբ Կարապետյանի, երրորդ անձինք Իզաբել Փարսադանյանի, Բրաբիոն Շահինյանի` Երևանի Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի 13.10.1994 թվականի թիվ 37/38 որոշումը մասնակի անվավեր ճանաչելու և բնակարանի ամբողջ տարածքի նկատմամբ նոր որոշում կայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.10.2009 թվականի թիվ ՎԴ/4166/05/08 որոշումը)։

«Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 31.12.1998 թվականի թիվ 867 որոշմամբ հաստատված Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգի 2-րդ կետի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքներն իրականացվում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերի և կադաստրային քարտեզների հիման վրա: Նույն կարգի 3-րդ կետի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթեր են հանդիսանում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովների որոշումները` կնքված համապատասխան համայնքների ղեկավարների կողմից, հողի սեփականության իրավունքի ժամանակավոր վկայականները, հողի սեփականության իրավունքի պետական ակտերը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականները, շենքերի սեփականության վկայագրերը, այգեգործների անդամատոմսերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասերի ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթերը և հողամասերի հատակագծերը` տրված իրավասու պետական մարմինների կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված օտարման, սեփականաշնորհման, վարձակալության մասին պայմանագրերը, անշարժ գույքի բռնագանձման վերաբերյալ վճիռներն ու դատավճիռները, կտակի, ըստ օրենքի իրավահաջորդության կամ ժառանգման վերաբերյալ փաստաթղթերը, գյուղական բնակավայրերում տնտեսությունների գրքերից (ծխամատյաններից) քաղվածքները, անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթեր:

Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ վարչական դատարանի` 11.09.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է համարվել, որ 2003 թվականին Աբովյանի քաղաքապետարանի կողմից համայնքի տնտեսության թիվ 1 գրքից Գրիգոր Կարապետյանի անվամբ, ընտանիքի կազմի նշումով տրվել է թիվ 643 քաղվածքը, որի հիման վրա Կադաստրի կողմից Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի 67 հասցեի անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Գրիգոր, Նադեժդա, Յուրիկ Կարապետյանների, Սյուզան և Վաչագան Ստեփանյանների սեփականության իրավունքը:

Դատարանը բավարարել է հայցը` հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի` 11.09.2009 թվականի թիվ ՎԴ/1483/05/09 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած վճիռը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:

Վերաքննիչ դատարանը բեկանել է Դատարանի 27.06.2011 թվականի վճիռը և մերժել հայցն այն պատճառաբանությամբ, որ թիվ 1 գիրքն իրենից իրոք ներկայացնում է ցուցակ, որում առկա գրառումներն արված են մատիտով և կան բազմաթիվ ջնջումներ և այն իրավահաստատող փաստաթուղթ չի կարող դիտարկվել: Պատճառաբանելով նաև, որ նշվածի բացակայության պայմաններում անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթուղթ կհանդիսանա գյուղական բնակավայրերում տնտեսությունների գրքերից (ծխամատյաններից) քաղվածքը` Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ Աբովյանի քաղաքապետարանն իրավասու չէ տալու քաղվածք, այն էլ այնպիսի փաստաթղթից, որն իրենից իրավահաստատող փաստաթուղթ չի ներկայացնում:

Մինչդեռ, հետազոտելով գործում առկա փաստերը և վերոգրյալը հիմք ընդունելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի վճիռը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

 ՀՀ վարչական դատարանի` 11.09.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով նախ հաստատվել է, որ 2003 թվականին Աբովյանի քաղաքապետարանի կողմից համայնքի տնտեսության թիվ 1 գրքից Գրիգոր Կարապետյանի անվամբ, ընտանիքի կազմի նշումով տրվել է թիվ 643 քաղվածքը, որի հիման վրա Կադաստրի կողմից Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի 67 հասցեի անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Գրիգոր, Նադեժդա, Յուրիկ Կարապետյանների, Սյուզան և Վաչագան Ստեփանյանների սեփականության իրավունքը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ վարչական մարմինը միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ պարտավոր է ցուցաբերել հավասար մոտեցում: Հետևաբար նշված հոդվածի` որպես վարչարարության կարևորագույն սկզբունքներից մեկի կիրառման համար անհրաժեշտ է պարզել` արդյոք երկու իրավիճակները միատեսակ են և արդյոք վարչական մարմինն անհավասար մոտեցում է ցուցաբերել:

Սույն գործով 2003 թվականին Գրիգոր, Նադեժդա, Յուրիկ Կարապետյանների, Սյուզան և Վաչագան Ստեփանյանների անունով տրվել է թիվ 643 քաղվածքը` հիմք ընդունելով ընտանիքի կազմը: Նշված քաղվածքը տրվել է Աբովյանի քաղաքապետարանի կողմից համայնքի տնտեսության թիվ 1 գրքից: Մարինե Վարդանյանը, Ինգա և Վահե Կարապետյանները պահանջել են պարտավորեցնել Աբովյանի քաղաքապետարանին հայցվորների անվամբ տնտեսության թիվ 1 գրքից Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի 67 հասցեի անշարժ գույքի նկատմամբ քաղվածք տրամադրել` հիմք ընդունելով նաև ՀՀ վարչական դատարանի` 11.09.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը:

Հիմք ընդունելով վերոնշյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված երկու իրավիճակներում առկա են միատեսակ փաստական հանգամանքներ, քանի որ Մարինե Վարդանյանի, Ինգա և Վահե Կարապետյանների պահանջը նույնպես ուղղված է Աբովյանի քաղաքապետարանին, նույնպես վերաբերում է Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի 67 հասցեի անշարժ գույքի նկատմամբ թիվ 1 գրքից քաղվածք տրամադրելուն:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աբովյանի քաղաքապետարանը` որպես վարչարարություն իրականացնող մարմին, չի կարող մի դեպքում այդ քաղվածքը տրամադրել, իսկ մեկ այլ` Մարինե Վարդանյանի, Ինգա և Վահե Կարապետյանների պահանջի դեպքում մերժել քաղվածքի տրամադրումը` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ թիվ 1 գիրքն իրենից իրավահաստատող փաստաթուղթ չի ներկայացնում, և վերջինս իրավասու չէ տրամադրել այդպիսի քաղվածք:

 

Վճռաբեկ դատարանը նման դիրքորոշման համար հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատարանի` 11.09.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է նաև, որ Մարինե Վարդանյանը, Ինգա և Վահե Կարապետյանները ևս հանդիսացել են Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի 67 հասցեի անշարժ գույքի օգտագործողներ, և նրանց անունները նույնպես պետք է նշվեին ՀՀ Կոտայքի մարզի համայնքի տնտեսության համար 1 գրքի 2003 թվականի քաղվածքում /գրանցման համար 643/` «Ընտանիքի կազմը» բաժնում և հիմք ընդունելով վերոգրյալը` դատարանը 3/8 մասով անվավեր է ճանաչել Գրիգոր, Նադեժդա, Յուրիկ Կարապետյանների, Սյուզան և Վաչագան Ստեփանյանների անվամբ միասնական 4-53 մատյանի 0229 համարի տակ 14.08.2007 թվականին կատարված պետական գրանցումը, որպես անվավերության հետևանք 3/8 մասով անվավեր է ճանաչվել 19.12.2007 թվականին մի կողմից Գրիգոր, Նադեժդա, Յուրիկ Կարապետյանների և Վաչագան Ստեփանյանի, մյուս կողմից Սյուզան Ստեփանյանի միջև կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա Սյուզան Ստեփանյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 15.02.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 27.06.2011 թվականի վճռին:

2. Աբովյանի քաղաքապետարանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար հետաձգված պետական տուրքի գումար։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան