Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1047
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.10/49(923).1 Հոդ.1059
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
19.09.2012
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
19.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2012

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

19 սեպտեմբերի 2012 թ.

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ  Վ. Արամյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի օգոստոսի 3-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 28.08.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով Համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2012 թվականի օգոստոսի 3-ին:

2. Նշված Համաձայնագրի նպատակն է ֆինանսավորել գերակա կապիտալ ներդրումները` վերակառուցելու համար Երևան քաղաքի մետրոյի համակարգը:

3. Համաձայնագրի համաձայն` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (այսուհետ` Բանկ) համաձայնում է Համաձայնագրում սահմանված կամ հղում կատարվող պայմաններով Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 5.000.000 եվրո գումարի վարկ: Վարկի օգտագործման նվազագույն գումարը պետք է լինի 100.000 եվրո, կանխավճարի նվազագույն գումարը պետք է լինի 500.000 եվրո, իսկ չեղյալ հայտարարման նվազագույն գումարը պետք է լինի 500.000 եվրո: Ծրագիրը կավարտվի 2015թ. դեկտեմբերի 31-ին:

4. Ծրագիրը բաղկացած է երկու մասից`

Մաս Ա. «Դրենաժային թունելի վերակառուցում և ընդլայնում, Մետրոյի թունելների վերակառուցում, Կայարանների և ծառայողական շինությունների բարելավում, Մետրոյի վագոնների վերանորոգում և արդիականացում»,

Մաս Բ. «Ծրագրի իրականացման և գնումների աջակցում, Հանրային տրանսպորտի կարգավորման բարելավման ծրագիր, Կորպորատիվ զարգացման ծրագիր»:

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես`

 մարել վարկը 24 հավասար կամ հնարավոր հավասար կիսամյակային վճարումներով` Համաձայնագրի 2-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում (հոդված II, բաժին 2.02, կետ «ե»),

վճարել տարեկան 0,5 տոկոս Հանձնառության վճար (հոդված II, բաժին 2.02, կետ «է»),

տոկոսագումարները վճարել հետևյալ ժամկետներում` յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին (հոդված II, բաժին 2.02, կետ «դ»),

Ծրագրի սուբյեկտին տրամադրել սուբսիդիաներ, ինչն անհրաժեշտ է Ծրագրի սուբյեկտին` Ծրագրի համաձայնագրի ներքո ստանձնած իր բոլոր պարտավորությունները բավարարելու համար (հոդված III, բաժին 3.01, կետ «2»),

ապահովել, որպեսզի Ծրագրի սուբյեկտը միշտ ունենա բավարար միջոցներ իր պարբերական ծախսերը կատարելու համար, ներառյալ միջոցներ` ծածկելու իր պարտքի սպասարկման պարտավորությունները, և կատարելու իր այլ պարտավորությունները` նախատեսված Ծրագրի համաձայնագրի և Օժանդակ վարկային համաձայնագրի շրջանակներում` սկսած 2012թ. ֆինանսական տարվանից մինչև սույն Համաձայնագրի դադարեցումը (հոդված III, բաժին 3.01, կետ «է»),

չվաճառել, չփոխանցել, վարձակալության չտալ և այլ կերպ չօտարել Ծրագրի սուբյեկտի կողմից շահագործվող ակտիվներն ամբողջությամբ կամ զգալի մասով, որոնք կարևոր կամ ցանկալի են Ծրագրի սուբյեկտի հիմնական գործունեության բնականոն ընթացքի համար, բացի թափանցիկ հիմունքներով նախապատրաստված` Ծրագրի սուբյեկտի մասնավորեցման ընթացքում (հոդված III, բաժին 3.01, կետ «ը»),

 չդադարեցնել, չփոփոխել, չհրաժարվել կամ չհամաձայնել փոխանցել Ծրագրի փաստաթղթերը կամ ֆինանսավորման համաձայնագրերը, որոնց ՀՀ-ն կողմ է հանդիսանում (հոդված III, բաժին 3.01, կետ «թ»):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2012 թվականի օգոստոսի 3-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

19 սեպտեմբերի 2012 թ.

ՍԴՈ-1047