Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1046
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.10/49(923).1 Հոդ.1058
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
19.09.2012
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
19.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2012

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

19 սեպտեմբերի 2012 թ.

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ԳԱՂՏՆԱԳՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված` Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության գոյության ժամանակաշրջանում գաղտնագրված տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման կարգի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 26.06.2012թ.:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության գոյության ժամանակաշրջանում գաղտնագրված տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման կարգի մասին համաձայնագիրն ստորագրվել է 2011 թվականի հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում` կողմ հանդիսացող պետությունների կազմակերպություններում գտնվող գաղտնի տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման կարգի հաստատման նպատակով:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

ազգային օրենսդրությանը համապատասխան` որոշում է Համաձայնագրի կատարման համար պատասխանատու իրավասու մարմիններին և այդ մասին իրազեկում Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեին, որը Համաձայնագրի ավանդապահն է,

Համաձայնագիրն իրականացնելիս իրավասու մարմիններն անմիջականորեն համագործակցում են իրար հետ, իրենցից որևէ մեկի խնդրանքով անցկացնում են համատեղ խորհրդակցություններ,

ինքնուրույն է կրում Համաձայնագրի կատարման ընթացքում ծագող ծախսերը, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում չի համաձայնեցվել այլ կարգ և այլն:

3. Համաձայնագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության, Բելառուսի Հանրապետության կառավարության, Ռուսաստանի Դաշնության կառավարության, Տաջիկստանի Հանրապետության կառավարության և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության կողմից:

4. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` այն ստորագրած կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:

5. Համաձայնագիրը գործում է 5 տարվա ընթացքում` ուժի մեջ մտնելու օրվանից սկսած: Այդ ժամկետը լրանալուց հետո Համաձայնագիրն ինքնաբերաբար ամեն անգամ երկարաձգվում է 5 տարի ժամկետով, եթե Կողմերը չեն ընդունում այլ որոշում:

6. Համաձայնագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքից:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության գոյության ժամանակաշրջանում գաղտնագրված տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման կարգի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

19 սեպտեմբերի 2012 թ.

ՍԴՈ-1046

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան