ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 սեպտեմբերի 2012 թվականի N 1188-Ն
«ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՄՇԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1981 թվականի հունվարի 28-ին Ստրասբուրգում ստորագրված «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններն ապահովելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայով նախատեսված Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը (այսուհետ` իրավասու մարմիններ)` օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:
2. Իրավասու մարմինների պահանջով Հայաստանի Հանրապետության նախարարություններն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինները սահմանված կարգով տրամադրում են անհրաժեշտ տվյալներ, տեղեկություններ և նյութեր «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 25 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.08.2015, N 884-Ն | 20.08.2015, N 1188-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|