Գլխավոր տեղեկություն
Համար
N 41
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.09.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

 10 սեպտեմբերի 2015 թվականի N 41

 

11.ՄԱԿ-Ի «ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՆԵՐՔՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ/ ՆԵՐԴՐՈՒՄԻՆ» ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններին/ ներդրումին»՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

սեպտեմբերի 10-ի նիստի N 41
արձանագրային որոշման

 

ՄԱԿ-ի «ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՆԵՐՔՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ՆԵՐԴՐՈՒՄ»

 

1. Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիան (այսուհետ՝ ԿՓՇԿ) վավերացրել է 1993 թվականի մայիսին, հանդես գալով որպես այդ կոնվենցիայի հավելված 1-ում չընդգրկված զարգացող Կողմ երկրի կարգավիճակում:

2002 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ԿՓՇԿ Կիոտոյի արձանագրությունը:

2. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական տեղադիրքը (դեպի ծով ելք չունեցող, խոցելի էկոհամակարգերով լեռնային երկիր) և երկրի ազգային անվտանգության ապահովումը պահանջում է նախապատվություն տալ կլիմայի փոփոխությանը հարմարվելու (ադապտացիայի) ուղղությանը:

3. Ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունն իր դիրքորոշումն արտահայտել է իր ՄԱԿ-ի ԿՓՇԿ ազգային հաղորդագրություններում և Կոպենհագենյան համաձայնագրին ասոցացվելու Հայաստանի Հանրապետության հայտարարագրում.

1) Ցածրածխածնային զարգացման հարցում ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ում սահմանված «ընդհանուր, սակայն տարբերակված մոտեցումը» Հայաստանը գտնում է արդարացի, նկատի ունենալով մթնոլորտում ջերմոցային գազերի ավելացման ու կլիմայի փոփոխության մեջ երկրների պատմականորեն տարբեր աստիճանի պատասխանատվությունը:

2) Կլիմայի փոփոխության մեղմման գործողությունները չպետք է հանգեցնեն սոցիալական ու տնտեսական հետընթացի, այլ պետք է նպաստեն Հայաստանի Հանրապետության սոցիալտնտեսական զարգացմանը, և որ դրանց հիմքում պետք է ընկած լինի էկոհամակարգային մոտեցումը: Այդ մոտեցումը նախապատվելի է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ թույլ է տալիս տնտեսության շատ ճյուղերում միատեղել մեղմման ու հարմարվողականության գործողությունները, կազմակերպել տարածաշրջանային արդար համագործակցություն, նպաստել համերաշխությանը:

4. Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններ/ ներդրում

1.

Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների/ներդրման հիմքում դրված սկզբունքները

1) 1) ջերմոցային գազերի գլոբալ արտանետումների սահմանափակումը այնպիսի մակարդակում, որ մթնոլորտի գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը չգերազանցի 2 աստիճանը.

2) 2) հիմնվելով արդարության սկզբունքի վրա երկրների միջև ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման բեռի բաշխման իրականացումը` հաշվի առնելով կլիմայական ռեսուրսներից օգտվելու ներկա ու ապագա սերունդների իրավունքը և կլիմայական համակարգի վրա մարդկանց ներգործության իրավահավասարությունը.

3) մեղմման և հարմարվողակության գործողություններում էկոհամակարգային մոտեցման կիրառումը՝ նախապատվությունը տալով դրանց միջև հավասարակշռված և միատեղված գործողություններին:

4) Հայաստանի Հանրապետությունը մնում է կլիմայի փոփոխության կոնվենցիայի առաջին հավելվածում չընդգրկված ու զարգացող երկրի կարգավիճակում, և պատրաստ է ստանձնել ջերմոցային գազերի արտանետումների աճի սահմանափակման որոշակի քանակական ներդրում՝ հիմնվելով վերը նշված արդարության սկզբունքի վրա, համարժեք ֆինանսական, տեխնոլոգիական ու տեխնիկական աջակցության դեպքում:

5) Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները պետք է հիմնված լինեն «Կանաչ էկոնոմիկայի» սկզբունքների վրա ու համատեղելի լինեն Հայաստանի Հանրապետության սոցիալական ու տնտեսական զարգացման նպատակների հետ:

2.

Կլիմայի փոփոխության մեղմում

1) Կիրառված հասկացությունները

ա. ջերմոցային գազերի արտանետման սահմանափակող ծավալ՝ այն գլոբալ գումարային արտանետման քանակն է, որը թույլ է տալիս գլոբալ մթնոլորտի միջին ջերմաստիճանի բարձրացումը սահմանափակել 20 C վրա: Ըստ «IPCC-ի 2015թ.-ի գնահատման զեկույցի» այդ ծավալը հավասար է 1000 գիգատոննա (Գտ):

բ. ջերմոցային գազերի չեզոք արտանետումների ծավալ` այն գլոբալ տարեկան արտանետման քանակն է, որը կարող է ամբողջությամբ կլանվել Երկրի էկոհամակարգի կողմից (օվկիանոսի, ցամաքային բուսականության, հողածածկույթի) ու անվերադարձ կուտակվել այդ էկոհամակարգում, այն կազմում է մոտ 11Գիգատոննա:

2) Հաշվարկման հիմքերը

ա. ջերմոցային գազերի սահմանափակման քանակական ցուցանիշները հաշվարկել ըստ Երկրի (Երկիր մոլորակի) մեկ մարդուն (շնչին) հասանելիք քանակի

բ. Երկրի բնակչության համար հաշվարկային տարեթիվն ընդունել անփոփոխ` 1990 թվականը, իսկ բնակչության թիվը՝ 5,3 միլիարդ մարդ (Հայաստանի Հանրապետության բնակչությունը` 3,35 միլիոն մարդ)

գ. աշխարհի մակարդակով մեկ շնչին բաժին ընկնող` արտանետման սահմանափակման ծավալը հավասար է 189 տ/մարդ (1000 Գտ / 5,3 միլիարդ մարդ)

դ. ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններով Հայաստանի Հանրապետության քանակական գումարային ներդրումը սահմանել 633մլն. տոննա (189տ/մարդ x 3,35 մլն մարդ) 2015-2050թթ. ժամանակահատվածի համար, կամ տարեկան միջինը 5,4տ /մարդ: 2010թ. այն կազմում էր 2,14 տ/մարդ:

Հայաստանի Հանրապետությունը ձգտում է 2050 թվականին հասնել էկոհամակարգային մոտեցման տեսակետից ջերմոցային գազերի չեզոք արտանետումներին (մեկ շնչին 2.07 տոննա/տարի)` համարժեք (անհրաժեշտ ու բավարար) միջազգային ֆինանսական, տեխնոլոգիական օժանդակության ու կարողությունների ամրապնդմանը աջակցելու պարագայում:

Հայաստանի Հանրապետությունը 2015-2050թթ. գումարային արտանետումների իր քվոտան (633 մլն. տոննան) չգերազանցելու դեպքում կրճատումների ավելցուկը կարող է իրացնել «ածխածնային շուկայում», կամ փոխանցել 2050թ-ից 2100թ.-ին նախատեսվելիք արտանետումների սահմանափակման հաշվին:

3) Ժամանակաշրջանը

 Ընդհանուր ժամանակաշրջանն է 2015-2050թթ., ընդ որում.

ա. 2015-2019թթ.՝ կամավոր նախապատրաստական ներդրման ժամանակաշրջան: Այդ ժամանկաշրջանի գործողությունները (ներդրումը), որոնք դուրս են Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների մեկնարկային` 2020թ.-ի ժամկետից, ընդունել ԿՓՇԿ 3-րդ ազգային հաղորդագրության կանխատեսումային «մեղմման միջոցառումներով» Հայաստանի Հանրապետության զարգացման ցուցանիշին համապատասխան՝ որպես «հավակնոտ գործողություններ», ներառյալ ԵՄ «Քաղաքապետերի դաշինքով» Հայաստանի Հանրապետության քաղաքների կողմից ստանձնած ջերմոցային գազերի արտանետումների կրճատման պարտավորությունները:

բ. 2020-2050թթ. ԿՓՇԿ ներքո ընդունվելիք նոր համաձայնագրի ժամանակաշրջանի գործողություններ/ներդրում,

գ. 2030թ. կատարվում է արտանետումների սահմանափակման ռեժիմի միջանկյալ հստակեցում՝ ի նկատի ունենալուվ 2-րդ կետի 2) ա. և բ. ենթակետերում բերված ցուցանիշերի հնարավոր փոփոխությունները:

4) Կլիմայի փոփոխության մեղմման գործողություններում ընդգրկված հիմնական ոլորտներն են՝

 ա. Էներգետիկա (ներառյալ վերականգնվող էներգետիկայի զարգացում և էներգաարդյունավետություն)

 բ. տրանսպորտ (ներառյալ էլեկտրատրանսպորտի զարգացում)

 գ. քաղաքաշինություն (ներառյալ շենքեր ու շինություններ)

 դ. արդյունաբերական պրոցեսներ (շինանյութերի ու քիմիական արտադրություն),

 ե. թափոնների կառավարում (կոշտ կենցաղային թափոններ, կեղտաջրեր, գյուղատնտեսության թափոններ),

 զ. հողօգտագործում ու անտառային տնտեսություն (անտառապատում, անտառվերականգնում, հողում օրգանական ածխածնի կուտակում):

Որպես Հայաստանի Հանրապետության տարածքի օպտիմալ անտառապատվածության ցուցանիշ ընդունել ԿՓՇԿ Հայաստանի Հանրապետության առաջին ազգային հաղորդագրությամբ (1998թ.) ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N1232-Ն որոշմամբ ամրագրված ցուցանիշը` 20,1%: Այդ ցուցանիշին հասնել մինչև 2050թ. և դրա շնորհիվ ձեռք բերված օրգանական ածխածնի կլանումներն ու կուտակումները ընդգրկել «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող մեղմման գործողություններում/ներդրումում», տարածելով միջոցառման ազդեցության ժամանակահատվածը մինչև 2100թ.:

Համալիր միջոցառումների կիրառմամբ ապահովել բոլոր կատեգորիայի հողերում օրգանական ածխածնի պահպանումը, կուտակումն ու պահեստավորումը և ընդգրկել այդ հաշվեկշռի ցուցանիշները Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող մեղմման գործողություններում:

Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող մեղմման գործողությունների իրականացման համար կիրառել Կլիմայի փոփոխության մեղմման ազգային գործողությունների (Nationally Appropriate Mitigation Actions-NAMA) ձևաչափը և այդ գործողությունների նկատմամբ հսկողության ազգային ու միջազգային «Չափողականության, հաշվետվայնության ու հավաստագրման» (MRV) համակարգը:

5) Հաշվառված գազերը

Սահմանել, որ հաշվառվող ջերմոցային գազերն են՝

ա. ածխածնի երկօքսիդ (CՕ2),

բ. մեթան (CH4),

գ. ազոտի ենթօքսիդ (N2Օ),

դ. հեքսաֆտորածխածիններ (HFCs):

Նշված գազերի արտանետումներն ու կլանումները հաշվառվում են CO2-ի համարժեքով` ըստ Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի (IPCC) 2-րդ գնահատման զեկույցի «մթնոլորտի ջերմացման» գործակցի:

 

3.

Հարմարվողականություն կլիմայի փոփոխությանը

Հարմարվողականության հիմքն ու մոտեցումը

1) Հարմարվողականության ռազմավարության ու ներդրումների հիմքում դրվում է ԿՓՇԿ երկրորդ` «Նպատակը» հոդվածի պահանջը, ըստ որի կլիմայի փոփոխության տեմպը պետք է զսպել այնպիսի ռեժիմով, որ էկոհամակարգերը հասցնեն բնականորեն հարմարվել այդ փոփոխությանը: Ուստի, բնական էկոհամակարգերի հարմարվողականությունը Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններում դրվում է որպես Կլիմայի փոփոխությանը Հայաստանի Հանրապետության հարմարվողականության ռազմավարության ու գործողությունների (ներդրման) առանցք ու հարմարվողականության ազգային պլանի մշակման հիմք:

2) Հայաստանի Հանրապետությունը գտնում է նախըտրելի կլիմայի փոփոխությանը հարմարվելու էկոհամակարգային մոտեցումը: Այն համահունչ է երկրի բնապահպանական ռազմավարությանը, կապահովի սիներգիզմը այլ միջազգային բնապահպանական համաձայնագրերի ու պայմանագրերի հետ, հիմքեր կստեղծի գործողությունների միջսեկտորյալ համակարգման, ինչպես նաև միջսահմանային ու անդրսահմանային համագործակցության ու համերաշխության միջավայրի ձևավորման համար:

3) Հարմարվողականության գործողությունները հիմնված են կլիմայի փոփոխությամբ պայմանավորված խոցելի ոլորտների վրա՝

ա.բնական էկոհամակարգերը (ջրային ու ցամաքային, այդ թվում անտառային էկոհամակարգերն ու դրանց կենսաբազմազանությունը, հողային ծածկույթը),

բ. մարդու առողջությունը,

գ. ջրային տնտեսությունը,

դ. գյուղատնտեսությունը, այդ թվում ձկնաբուծությունն ու անտառային տնտեսությունը,

ե. էներգետիկան

զ. բնակավայրերն ու ենթակառուցվածքները,

է. զբոսաշրջությունը:

4.

Տեխնոլոգիաների փոխանցում

Համարժեք տեխնոլոգիական աջակցության ապահովումը ու տեխնոլոգիաների զարգացման ու փոխանցման խրախուսական միջավայրի ձևավորումը:

Կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողական նորարարական տեխնոլոգիաների ներդրման խոչընդոտների հաղթահարման ինստիտուցիոնալ մեխանիզմի ձևավորումը, այդ թվում` մտավոր սեփականության իրավական պաշտպանության ամրապնդումը:

Միջազգային «Կլիմայական տեխնոլոգիական կենտրոն ու ցանց»-ի (CTCN) հետ համագործակցության ու փորձի փոխանակման նպատակով նաև երկրի մակարդակով (ArmCTCN) նման տեխնոլոգիական մեխանիզմի ստեղծում և որպես «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններում» Հայաստանի Հանրապետության ներդրում՝ տեխնոլոգիաների ներկայացման ու փոխանցման բաց ու թափանցիկ համակարգի ապահովում:

5.

Կարողությունների ամրապնդում

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N 955-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական համակարգման խորհրդի ու նրան կից աշխատանքային խմբի գործունեության ամրապնդում:

Կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին առնչվող բնագավառներում կրթության, կադրերի պատրաստման կայուն գործընթացի և միջազգային, այդ թվում տարածաշրջանային համագործակցության հիմնում:

6.

Ֆինանսներ

Համարժեք ֆինանսական աջակացություն ապահովելու նպատակով համապատասխան օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտի ձևավորում: Այդ նպատակով կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության նախագծերի իրականացման նպատակային երկու բաղադրիչներից կազմված ֆինանսական մեխանիզմի ստեղծում՝

1) առաջինը` ներքին (տեղական)` կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի ձևաչափով, որը հաստատուն հիմունքներով համալրվում է բնավճարների միջոցներից, էկոհամակարգային ծառայությունների, այդ թվում` կլիմայական ռեսուրսներից օգտվելու դիմաց վճարումներից («ածխածնային բնավճար» (Carbon taxing)):

2) երկրորդը` արտաքին (միջազգային) ֆինանսական մեխանիզմները, որոնց միջոցները տրամադրվում են հավելյալության սկզբունքով՝ Կանաչ կլիմայական հիմնադրամից, Կիոտոյի արձանագրության հարմարվողականության հիմնադրամից, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից, բազմակողմ ու երկկողմ ֆինանսավորման և այլ աղբյուրներից:

Ձևավորվող ֆինանսական մեխանիզմը՝

ա. կստեղծի իրական ու գործուն հիմքեր հանրային- մասնավոր վստահելի համագործակցության (PPP) հիմնման ու զարգացման համար,

բ. կապահովի ապագա սերունդների կողմից «կլիմայական ռեսուրսներից օգտվելու» իրավունքը:

7.

Թափանցիկություն

Մեղմման ու հարմարվողականության բնագավառի գործողությունների թափանցիկությունը ապահովվում է՝

1) «Չափողականության, հաշվետվայնության ու հավաստագրման» (MRV) ազգային ու միջազգային համակարգի ներդրմամբ,

2) բաց և մատչելի տեղեկատվական համակարգով, մասնակցային գործընթացով:

Հանրային ծառայություն իրականացնող կառավարչական մարմինների ու քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպությունների միջև բաց ու թափանցիկ համագործակցությունը կապահովվի գործուն իրավական լծակների ստեղծման ու ամրապնդման միջոցով: