Գլխավոր տեղեկություն
Համար
N 1258-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.10.2012-30.11.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2012.11.15/14(45) Հոդ.1112.7
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 2012 թվականի N 1258-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 992-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇԱԿԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հանդիպումների և քննարկումների (աշխատանքի) կարգը հաստատելու մասին» N 992-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Հաստատել ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովին ռադիոհաճախականությունների որոշակի հատվածների առանձնացման վերաբերյալ հայտեր ներկայացնելու և քննարկելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ռադիոհաճախականության շերտերի կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը, ինչպես նաև կառավարական նշանակության սպեկտրի ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 11
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

սեպտեմբերի 13-ի N 1258-Ն որոշման

 

 

«Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
 հունիսի 22-ի N 992-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔԻ)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) միջգերատեսչական համակարգող մարմին է, որը գործում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն) կից և կոլեգիալ հիմունքներով համակարգում է Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների տիրույթի կառավարումը։

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով։

3. Հանձնաժողովի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականության պաշարի և արբանյակային ուղեծրի հատվածների ու պատշաճ պլանավորման ապահովմանը, ինչպես նաև ռադիոհաճախականությունների տիրույթի արդյունավետ օգտագործմանն աջակցելը։

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովն իր նպատակների իրականացման համար քննարկում ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին (այսուհետ՝ նախարար) ներկայացնում է առաջարկություններ՝

1) Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականության պաշարի և արբանյակային ուղեծրի հատվածների արդյունավետ ու պատշաճ պլանավորման ապահովման վերաբերյալ.

2) հաշվի առնելով պետական և հանրային առաջնահերթությունները՝ օգտվողների՝ ռադիոհաճախականության տիրույթին հասանելիության ապահովման վերաբերյալ.

3) հեռահաղորդակցության միջազգային միության ռադիոհաճախականությունների բաշխումների աղյուսակին համապատասխանության ապահովման վերաբերյալ.

4) Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատող իրավական ակտի և Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի ընդունման ու փոփոխման վերաբերյալ.

5) ռադիոհաճախականության տիրույթի օգտագործման ոլորտում գիտատեխնիկական հետազոտությունների և ուսումնասիրությունների անցկացման վերաբերյալ.

6) ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածների առանձնացման վերաբերյալ.

7) Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում նախարարության համար ռադիոկապի համաշխարհային և տարածաշրջանային համաժողովների նախապատրաստման ժամանակ ռադիոհաճախականության տիրույթի բաշխմանը և օգտագործմանը վերաբերող առաջարկությունների ձևավորման աշխատանքների, այդ թվում՝ նաև հեռահաղորդակցության միջազգային միության և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում անցկացվող հետազոտությունների վերաբերյալ.

8) ռադիոհաճախականության շերտերի միջազգային և Հայաստանի Հանրապետությունում դրանց բաշխման ու օգտագործման պայմանների ունիֆիկացման աշխատանքների վերաբերյալ.

9) ռադիոհաճախականության տիրույթի ազատականացման (կոնվերսիայի) աշխատանքների վերաբերյալ.

10) ռադիոհաճախականության տիրույթի օգտագործման ոլորտում տեխնիկական քաղաքականության վերաբերյալ.

11) գործադիր իշխանության մարմիններից, էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կազմակերպություններից և Հայաստանի Հանրապետության այլ իրավաբանական անձանցից տեղեկություններ ստանալը, որոնք անհրաժեշտ են հանձնաժողովին՝ իր վրա դրված խնդիրների իրականացման համար։

5. Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների շերտերը բաշխվում են Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի համաձայն, որը հաստատվում է նախարարի հրամանով՝ Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից ընդունված կանոնակարգերին համապատասխան։

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

6. Հանձնաժողովի վրա դրված գործառույթների կատարման հետ կապված բոլոր հարցերը քննարկվում են հանձնաժողովի նիստերում, և դրանց կապակցությամբ ընդունվում են համապատասխան որոշումներ։

7. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են համապատասխան հայտերը նախարարությունում մուտքագրվելուց հետո՝ 30-րդ օրվա ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կամ ըստ անհրաժեշտության։ Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ՝ համաձայն պետական մարմինների, օրենքով ստեղծված հանձնաժողովների, իրավաբանական կամ ցանկացած անձից ստացված հայտի կամ հանձնաժողովի առնվազն չորս անդամի պահանջով։

8. Հանձնաժողովի նիստերը հրավիրում և անցկացնում է հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում՝ նախագահի տեղակալը։

9. Առանձին դեպքերում, ելնելով հարցի կարևորությունից և հրատապությունից, հարցը կարող է ընդգրկվել օրակարգում՝ որպես լրացուցիչ հարց։

10. Հանձնաժողովի անդամները մասնակցում են հանձնաժողովի նիստերին՝ առանց փոխարինման իրավունքի։

11. Հանձնաժողովի անդամներն ունեն ձայնի հավասար իրավունք՝ հանձնաժողովի նիստերին ուսումնասիրվող հարցերի քննարկման և դրանց կապակցությամբ որոշումների ընդունման ժամանակ։

12. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը։

 13. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ և համարվում են ընդունված, եթե կողմ է քվեարկել նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների կեսից ավելին։ Ձայների հավասարության դեպքում նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է։

14. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից քննարկվող հարցի վերաբերյալ գրավոր հատուկ կարծիք ներկայացվելու դեպքում այն չի դրվում քվեարկության և ընդունվում է առանց քվեարկության՝ հատուկ կարծիքին համապատասխան։

15. Հանձնաժողովի նիստերին հանձնաժողովի անդամների՝ 3 անգամ անընդմեջ բացակայելու դեպքում, հանձնաժողովի եզրակացության հիման վրա, դրվում է նրանց փոխարինման վերաբերյալ հարցը։

16. Հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են արձանագրություններով, որոնք ստորագրում է նիստը նախագահողը՝ նիստի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։

17. Արձանագրություններն ստորագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են նախարարին՝ հաստատման։

18. Նախարարը հաստատում է հանձնաժողովի արձանագրությունները՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Նախարարն իրավունք ունի չհաստատելու հանձնաժողովի արձանագրությունները և հիմնավորում է հանձնաժողովի արձանագրությունները չհաստատելու պատճառները։

19. Հանձնաժողովի նիստերի նախապատրաստման, արձանագրությունների վարման, ընդունված որոշումների ձևակերպման և հանձնաժողովի նիստերի ընթացքում այլ հարցերի ուսումնասիրման կարգը սահմանվում է հանձնաժողովի աշխատանքի ընթացակարգով, որն ընդունվում է նրա նիստերում և հաստատվում հանձնաժողովի նախագահի կողմից։

20. Հանձնաժողովը կազմավորվում է կոլեգիալ հիմունքներով։

21. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը՝ նախարարի տեղակալը, որը համակարգում է էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի հետ կապված աշխատանքները։

22. Հանձնաժողովի կազմում, բացի նախարարության ներկայացուցիչներից, ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մեկական անդամներ։

23. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովն իրավասու է հրավիրելու իր նիստերին մասնակցելու համապատասխան մասնագետների (համաձայնությամբ), այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ու Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների ներկայացուցիչներին։ Հրավիրված մասնագետները քվեարկությանը չեն մասնակցում։

24. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է նախարարը՝ հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ։

25. Հանձնաժողովի նախագահի տեղակալը և քարտուղարը նշանակվում են հանձնաժողովի անդամներից՝ նախարարի հրամանով։

26. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներն ընդգրկվում կամ փոփոխվում են հանձնաժողովի կազմում՝ այդ մարմինների ղեկավարների առաջարկությամբ։

27. Հանձնաժողովի գործունեության կազմակերպչական-տեխնիկական ապահովումն իրականացնում է նախարարությունը։ Հանձնաժողովի գործունեության հետ կապված գործավարությունը նախարարի հրամանով իրականացնում է նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը։

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

28. Հանձնաժողովի նախագահը՝

1) ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեության կազմակերպումը, պատասխանատվություն է կրում հանձնաժողովի խնդիրների և գործառույթների իրականացման համար.

2) ձևավորում է նիստերի վերջնական օրակարգը, հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.

3) կազմակերպում և անցկացնում է քվեարկությունը, ամփոփում և հայտարարում քվեարկության արդյունքները.

4) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

5) նիստերի արձանագրությունները ներկայացնում է նախարարին՝ հաստատման.

6) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքի ժամանակացույցի մշակումը.

7) գրավոր դիմում է համապատասխան գործադիր իշխանության մարմնին՝ հանձնաժողովի նոր թեկնածու ներկայացնելու համար։

 

 V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

29. Հանձնաժողովի անդամներն իրավասու են՝

1) նախապես ծանոթանալու հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող՝ օրակարգում ընդգրկված հարցերին և փաստաթղթերին.

2) ելույթ ունենալու հանձնաժողովի նիստերում, առաջարկություններ ներկայացնելու և պահանջելու, որ դրանք քննարկվեն և դրվեն քվեարկության.

3) հանձնաժողովի նիստի մասնակիցներին տալու հարցեր և ստանալու սպառիչ պատասխաններ.

4) նիստի օրակարգի վերաբերյալ դիտողությունների առկայության դեպքում հանձնաժողովի նիստից առնվազն 5 աշխատանքային օր առաջ դրա մասին գրավոր հայտնելու հանձնաժողովի նախագահին։

30. Հանձնաժողովի այն անդամը, որը համաձայն չէ հանձնաժողովի ընդունած որոշմանը, կարող է ներկայացնել իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է արձանագրությանը և գրառվում հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ։

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

31. Հանձնաժողովի քարտուղարը՝

1) ապահովում է հանձնաժողովի նիստի անցկացման նախապատրաստումը.

2) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը և այն ներկայացնում հանձնաժողովի նախագահին.

3) նախապատրաստում է հանձնաժողովի անդամների կողմից, հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու նպատակով, հարցերը և դրանց վերաբերող նյութերը նիստից 10 աշխատանքային օր առաջ հանձնաժողովի նախագահին գրավոր ներկայացվելը.

4) ապահովում է նիստերի օրակարգին և քննարկվող հարցերին վերաբերող նյութերի տրամադրումը հանձնաժողովի անդամներին՝ էլեկտրոնային փոստով՝ ոչ ուշ, քան նիստից 10 աշխատանքային օր առաջ.

5) ապահովում է հանձնաժողովի անդամների տեղեկացումը նիստի օրվա և ժամի մասին՝ նիստից 10 աշխատանքային օր առաջ, իսկ նիստի օրվա և ժամի փոփոխության մասին՝ առնվազն մեկ աշխատանքային օր առաջ.

6) ապահովում է հրավիրված անձանց ներկայությունը.

7) ամփոփում և հանձնաժողովի նախագահին է ներկայացնում նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ հանձնաժողովի անդամներից գրավոր ստացված կարծիքները.

8) արձանագրում է հանձնաժողովի նիստերը.

9) կատարում է հանձնաժողովի նախագահի՝ հանձնաժողովի գործունեության հետ կապված այլ հանձնարարություններ։»։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

սեպտեմբերի 13-ի N 1258-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇԱԿԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ

 

1. Ռադիոհաճախականությունների որոշակի հատվածներն առանձնացվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության նախաձեռնությամբ, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կամ ցանկացած անձի պահանջով:

2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կամ ցանկացած անձ (այսուհետ՝ հայտատու) ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածների առանձնացման համար հայտերը նախարարություն է ներկայացնում սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան։

3. Հայտատուի ներկայացրած հայտը ներառում է՝

1) հայտատուի անվանումը, գտնվելու վայրը, ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը.

 2) առանձնացվող ռադիոհաճախականությունների շերտերը.

 3) ռադիոհաճախականությունների օգտագործման նպատակը:

 4. Հայտատուն, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում նախարարություն ներկայացրած փաստաթղթերի իսկության հավաստիության համար։

5. Հայտատուի ներկայացրած հայտը մուտքագրվում է նախարարությունում։

6. Նախարարության համապատասխան ստորաբաժանումն ստուգում է հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի պահանջներին։

7. Եթե ներկայացված փաստաթղթերը թերի են և չեն համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին, հայտատուն հայտը իրավասու մարմնում մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է դրա մասին՝ նշելով թերությունները։

8. Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ տեղեկացվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է սույն կարգի 7-րդ կետում նշված թերությունները և ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը կամ նյութերը։

9. Հայտը մերժվում է՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 992-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ կետով նախատեսված դեպքում.

2) եթե հայտը չի համապատասխանում սույն կարգի 3-րդ կետի պահանջներին.

3) եթե հայտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հանձնաժողովի անդամ հանդիսացող ներկայացուցիչների կողմից ներկայացվել է հատուկ կարծիք՝ հայտի մերժման վերաբերյալ առաջարկությամբ.

4) փաստաթղթերը թերի լինելու հիմքով և սույն կարգի 8-րդ կետով սահմանված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը կամ նյութերը չներկայացվելու դեպքում։

10. Ռադիոհաճախականությունների շերտի կամ ռադիոհաճախականության առանձնացման մասին ընդունված որոշման պատճենը (համապատասխան գրությամբ) հայտատուին ներկայացվում է հանձնաժողովի նիստի արձանագրության հաստատումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։

11. Արձանագրությունը հաստատվելուց հետո, ռադիոհաճախականությունների շերտի կամ ռադիոհաճախականության առանձնացման համար հրապարակային ծանուցումից հետո ու դիտարկումների արդյունքների հիման վրա, նախարարությունը սահմանված կարգով ընդունում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը, որը պետք է հնարավորինս համահունչ լինի Հեռահաղորդակցության միջազգային միության ռադիոհաճախականությունների բաշխման աղյուսակին՝ բացառելով միջամտությունը ռադիոհաճախականությունների հատկացված տիրույթին։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.11.2019, N 1589-Ն 30.11.2019, N 1258-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան