Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1045
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.09.26/47(921) Հոդ.1028
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
07.09.2012
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
07.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2012

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

7 սեպտեմբերի 2012 թ. 

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԱՆՁԱՆՑ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Հ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` անձանց միջպետական հետախուզման մասին պայմանագրում (կից վերապահումով) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի` 26.06.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով քննության առարկա պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Պայմանագիրն ստորագրվել է 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում` ԱՊՀ շրջանակներում անձանց հետախուզման ոլորտում համագործակցության արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու նպատակով:

2. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

 սույն պայմանագրին, ՀՀ այլ միջազգային պայմանագրերին և ՀՀ օրենսդրությանը համապատասխան` իրավասու մարմինների միջոցով համագործակցել մյուս կողմերի իրավասու մարմինների հետ անձանց միջպետական հետախուզման ոլորտում,

 երաշխավորել, որ կապահովվի ստացված տեղեկությունների գաղտնիությունը, այդ թվում` հարցման ստացման փաստը և բովանդակությունը, եթե հարցում կատարող կողմը ցանկալի չի համարում դրա բովանդակության հրապարակումը, ինչպես նաև գաղտնիությունն ապահովելու անհնարինության դեպքում անհապաղ տեղյակ պահել մյուս կողմին,

 ինքնուրույն կրել պայմանագրի իրականացման ընթացքում կատարված ծախսերը:

3. Պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետությունը հանդես է եկել վերապահմամբ` բացառելով պայմանագրի դրույթների կիրառումը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետությունը, առաջնորդվելով փոխադարձության սկզբունքով, հանդես է եկել պատասխան վերապահմամբ, ըստ որի` բացառում է պայմանագրի դրույթների կիրառումը Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ:

4. Պայմանագրում սահմանված են նաև հարցումները կատարելու և դրանց մերժման կարգը, պայմանագրից բխող վեճերի լուծման, ինչպես նաև այն ուժի մեջ մտնելու և դադարելու կարգն ու պայմանները, որոնք համապատասխանում են ՀՀ սահմանադրաիրավական պահանջներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` անձանց միջպետական հետախուզման մասին պայմանագրում (կից վերապահումով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

 

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

7 սեպտեմբերի 2012 թ.

ՍԴՈ-1045