ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2012 թվականի N 941-Ն
ԻՆՏԵԳՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման գործընթացը համակարգելու նպատակով՝
1. Ստեղծել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման կառավարման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման կառավարման խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 29 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2012 թ.սեպտեմբերի 29-ի N 941-Ն որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Տ. Սարգսյան | - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ) |
Ա. Գևորգյան | -ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար |
Ա. Աշոտյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար |
Ա. Ասատրյան | -ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար |
Վ. Գաբրիելյան | - ՀՀ ֆինանսների նախարար |
Դ. Դումանյան | - ՀՀ առողջապահության նախարար |
Տ. Մարգարյան | - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) |
Հ. Հունանյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Ա. Միրզախանյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2012 թ.սեպտեմբերի 29-ի N 941-Ն որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ԻՆՏԵԳՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման կառավարման խորհրդի գործունեության կարգը:
2. Խորհրդի նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ծրագիրը հաստատելու մասին» N 952-Ն որոշմամբ նախատեսված` պետական կառավարման, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ոչ պետական կազմակերպությունների կողմից իրականացվելիք աշխատանքներում համագործակցությունն է:
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Խորհուրդը՝
1) քննարկում է սոցիալական պաշտպանության ոլորտում գործող հանրապետական գործադիր, պետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող սոցիալական պաշտպանության քաղաքականությունների հիմնական ուղղությունները.
2) քննարկում է բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտի բնագավառների (բացառությամբ կենսաթոշակային ապահովության բնագավառի) ռազմավարական և մարտավարական փաստաթղթերի նախագծերը.
3) համակարգում է ինտեգրված սոցիալական ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեղեկատվական բազաների ձևավորման, ինչպես նաև տեղեկատվության արդյունավետ փոխանակման համակարգի ձևավորման աշխատանքները.
4) քննարկում է սոցիալական պաշտպանության ոլորտում գործող հանրապետական (ազգային` հաշմանդամության հարցերով զբաղվող, երեխաների պաշտպանության, գենդերային բռնության դեմ պայքարի, կանանց հարցերով և այլն) հանձնաժողովների կատարած աշխատանքների մասին հաղորդումները.
5) քննարկում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումն ապահովող իրավական ակտերի նախագծերը.
6) ըստ անհրաժեշտության՝ քննարկում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման կապակցությամբ առկա խնդիրները և առաջադրում է լուծումներ.
7) քննարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 952-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված` ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման փորձնական ծրագրի (այսուհետ` փորձնական ծրագիր) արդյունքները.
8) քննարկում է փորձնական ծրագրի իրականացման մասին ընթացիկ հաշվետվությունները.
9) համակարգում է միջոցառումների իրականացման տարեկան և միջնաժամկետ ծրագրերի մշակման աշխատանքները.
10) ներդաշնակեցնում է սոցիալական պաշտպանության ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների հիմնական ուղղությունները:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև՝ արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 6-րդ կետին համապատասխան:
5. Խորհրդի նիստերը հրավիրում է խորհրդի նախագահը:
6. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է միջոցառումների իրականացման աշխատանքների ընթացքում առաջացած հարցերի ու խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի, խորհրդի անդամների 1/3-ի կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախաձեռնությամբ:
7. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի կազմի առնվազն 2/3-ը:
8. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:
9. Խորհրդի նիստի օրակարգը տրամադրվում է խորհրդի անդամներին` նիստից երեք օր առաջ:
10. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը կարող է տեղափոխվել խորհրդի հաջորդ նիստ:
11. Յուրաքանչյուր նիստն սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին տեղեկատվությամբ:
12. Խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 952-Ն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետով նախատեսված աշխատանքային խմբի ղեկավարը և խորհրդի քարտուղարության ներկայացուցիչը:
13. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել հրավիրված` սոցիալական ծառայությունների տրամադրման ոլորտում գործող, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման գործընթացում ակտիվ մասնակցություն ունեցող փորձագետներ, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
14. Խորհրդի նախագահը`
1) վարում է խորհրդի նիստերը.
2) ստորագրում է խորհրդի որոշումները.
3) իր բացակայության դեպքում խորհրդի անդամներից մեկին հանձնարարում է վարել խորհրդի նիստերը.
4) խորհրդի հաստատմանն է ներկայացնում խորհրդի նիստի օրակարգը:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
15. Խորհրդի անդամն իր պաշտոնից ազատվելու պահից կորցնում է խորհրդին անդամակցությունը:
16. Խորհրդի նիստին խորհրդի անդամի մասնակցության անհնարինության դեպքում խորհրդի նիստին մասնակցում է խորհրդի տվյալ անդամի լիազորած ներկայացուցիչը` խորհրդի նախագահի համաձայնությամբ:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
17. Խորհրդի քարտուղարությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչությունն է:
18. Խորհրդի քարտուղարությունը`
1) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.
2) ապահովում է խորհրդի նիստի որոշումների նախագծերի կազմումը.
3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.
4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
6) կազմակերպում է խորհրդի որոշումների տրամադրումը խորհրդի անդամներին, համապատասխան մարմիններին և այլ կազմակերպությունների:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |