Գլխավոր տեղեկություն
Համար
N 1212-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2012-09.05.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.10/49(923) Հոդ.1088
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2012 թվականի N 1212-Ն

 

ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կկորցնի 09.05.2021 թվականին` համաձայն 08.04.21 N 519-Ն որոշման)

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ախտաբանաանատոմիական փորձաքննությունների անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 29

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1212-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ախտաբանաանատոմիական փորձաքննությունների իրականացման և դրա արդյունքներն այլ անձանց տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգը չի տարածվում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքերով նախատեսվող փորձաքննությունների վրա:

3. Ախտաբանաանատոմիական փորձաքննությունը կատարվում է բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի համար լիցենզավորված հաստատությունում (այսուհետ` հաստատություն)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան:

4. Ախտաբանաանատոմիական փորձաքննության հիմնական նպատակն ախտաբանական հետազոտությունների արդյունքների և կլինիկական տվյալների համադրումը և վերջնական ախտորոշման հաստատումն է:

 

II. ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Ախտաբանաանատոմիական փորձաքննությունը, որպես բժշկական փորձաքննության ձև, ներառում է`

1) բիոպսիոն հետազոտությունը, կատարման ժամկետը` 3 օր.

2) ցիտոլոգիական հետազոտությունը, կատարման ժամկետը` մեկ օր.

3) ախտաբանաանատոմիական հերձումը, կատարման ժամկետը` 24 ժամ.

4) ախտաբանաանատոմիական հերձման (աուտոպսիա) նյութի հետազոտությունը, կատարման ժամկետը` առնվազն` 15 օր.

5) ընկերքի հետազոտությունը, կատարման ժամկետը` մինչև 15 օր.

6) փորձագիտական խորհրդատվությունը, կատարման ժամկետը` մեկ օր.

7) բժշկական միջամտության հետևանքների փորձագիտական գնահատումը, կատարման ժամկետը` մեկ ամիս.

8) բժշկական փաստաթղթերի փորձաքննությունը, կատարման ժամկետը` մեկ ամիս:

6. Ախտաբանաանատոմիական փորձաքննությունն իրականացվում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետի և այլ բժշկական մասնագետների մասնակցությամբ` պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ ընտանիքի անդամների դիմումի հիման վրա:

7. Ախտաբանաանատոմիական փորձաքննության օբյեկտ են համարվում մահացածի մարմինը, կենդանի մարդու և մահացածի օրգանները, հյուսվածքները, խոռոչավոր օրգանների պարունակությունը, գեղձերի արտազատուկը և բժշկական փաստաթղթերը:

 

III. ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Ախտաբանաանատոմիական փորձաքննության արդյունքում կազմվում է գրավոր եզրակացություն, որում նշվում են եզրակացության կազմման օրը, ամիսը, տարեթիվը, պացիենտի ազգանունը, անունը, հայրանունը, սեռը, տարիքը, սույն կարգի 5-րդ կետով նախատեսված գործողությունների իրականացման ընթացքը և դրանց արդյունքները:

9. Ախտաբանաանատոմիական փորձաքննության վերաբերյալ եզրակացությունն ստորագրվում է փորձաքննությանը մասնակցած բոլոր մասնագետների կողմից: Եթե մասնագետներից որևէ մեկը փորձաքննության արդյունքում միասնական կարծիքի չի հանգում, ապա յուրաքանչյուր մասնագետ կազմում է առանձին եզրակացություն:

10. Ախտաբանաանատոմիական փորձաքննության արդյունքում վերջնական հաստատված ախտորոշումը գրանցվում է հիվանդության (ծննդաբերության) պատմության մեջ, իսկ եզրակացությունը կցվում է հիվանդության (ծննդաբերության) պատմությանը:

11. Ախտաբանաանատոմիական փորձաքննության արդյունքում ստացված տեղեկությունները, ինչպես նաև արդյունքում կազմված եզրակացությունը համարվում են բժշկական գաղտնիք և պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Ախտաբանաանատոմիական փորձաքննության վերաբերյալ եզրակացությունը հաստատության ղեկավարի կողմից տրամադրվում է միայն`

1) պացիենտին կամ օրինական ներկայացուցչին` կենդանի մարդու նկատմամբ իրականացվող ախտաբանաանատոմիական փորձաքննության դեպքում.

2) ընտանիքի անդամներին` մահացածի նկատմամբ իրականացվող ախտաբանաանատոմիական փորձաքննության դեպքում.

3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` ոստիկանությանը, դատախազությանը, ազգային անվտանգության ծառայությանը, հատուկ քննչական ծառայությանը կամ դատարանին:

 13. Ախտաբանաանատոմիական փորձաքննության վերաբերյալ եզրակացությունը սույն կարգի 12-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված անձանց տրամադրվում է ախտաբանաանատոմիական փորձաքննության ավարտից հետո 5-օրյա ժամկետում, իսկ սույն կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված մարմիններին` հարցումն ստանալուց հետո 2-օրյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան