ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/0269/02/10 |
Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/0269/02/10 |
|
Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան | |
Դատավորներ` Գ. Մատինյան |
|
Ա. Թումանյան |
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Գ. Հակոբյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե.Սողոմոնյանի |
2012 թվականի հունիսի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Բենիամին Մարգարյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.08.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ Օֆելյա Հովագիմյանի հայցի ընդդեմ Բենիամին Մարգարյանի` առողջությանը պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Օֆելյա Հովագիմյանը պահանջել է Բենիամին Մարգարյանից հօգուտ իրեն բռնագանձել 2.350.212 ՀՀ դրամ գումար` որպես առողջությանը պատճառված վնասի հատուցում:
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 05.08.2010 թվականի վճռով հայցը 1.882.712 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասով մերժվել է, 82.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասով գործի վարույթը կարճվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.10.2010 թվականի որոշմամբ Օֆելյա Հովագիմյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 05.08.2010 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի 22.12.2010 և 23.03.2011 թվականի որոշումներով Բենիամին Մարգարյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքները վերադարձվել են:
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Վ. Մանասարյան) (այսուհետ` Դատարան) 08.06.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Բենիամին Մարգարյանից հօգուտ Օֆելյա Հովագիմյանի բռնագանձել 1.882.712 ՀՀ դրամ` որպես առողջությանը պատճառված վնասի հատուցման գումար, 380.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված իրավաբանական ծառայությունների գումար, իսկ 82.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասով գործի վարույթը կարճվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.08.2011 թվականի որոշմամբ Բենիամին Մարգարյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 08.06.2011 թվականի վճիռը մասնակիորեն` Բենիամին Մարգարյանից հօգուտ Օֆելյա Հովագիմյանի 380.000 ՀՀ դրամը` որպես նախապես վճարված իրավաբանական ծառայությունների գումար, բռնագանձելու մասով բեկանվել և փոփոխվել է` հայցն այդ մասով մերժվել է, իսկ վճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բենիամին Մարգարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1078-րդ, 1079-րդ և 1085-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերը, 51-րդ և 53-րդ հոդվածների 1-ին կետերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Օֆելյա Հովագիմյանը չի ապացուցել, թե ինչ աստիճանի մասնագիտական աշխատունակության կորուստ է կրել վրաերթի հետևանքով, Դատարանն իր հերթին նշված փաստը չի դիտել որպես ապացուցում պահանջող այն դեպքում, երբ նշված փաստն ինքը վիճարկել է:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Օֆելյա Հովագիմյանը չի ապացուցել այն փաստը, որ վթարից հետո իր հետ աշխատանքային պայմանագիրը կնքվել է ավելի կարճ աշխատաժամանակով այն պատճառով, որ ստացած հաշմության հետևանքով հնարավորություն չուներ աշխատելու ավելի երկար աշխատաժամանակով:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը սխալ է որոշել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը չի պարզել Օֆելյա Հովագիմյանի միջին ամսական աշխատավարձի չափը, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը, որոնցից ելնելով և տոկոսային հարաբերությամբ պետք է որոշվեր կորցրած աշխատավարձի հատուցման ենթակա չափը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վթարից հետո Օֆելյա Հովագիմյանը ոչ թե տեղափոխվել է ավելի կարճ աշխատաժամանակով աշխատանքի, այլ ազատվել է աշխատանքից, որից մեկ ամիս հետո նույն գործատուն նրա հետ կնքել է նոր աշխատանքային պայմանագիր:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործատուի հրամանը որևէ դրույթ չի պարունակում այն մասին, որ Օֆելյա Հովագիմյանի աշխատանքային պայմանները, այդ թվում` վարձատրության չափը փոփոխվել են վրաերթի (աշխատունակության նվազման) արդյունքում:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանն առանց հարգելի պատճառները նշելու է որոշել վնասը հատուցելու վճարները բռնագանձել միանվագ` երեք տարվա համար:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը սխալ է գնահատել Օֆելյա Հովագիմայանի կողմից 750.000 ՀՀ դրամ ստանալու վերաբերյալ տրված ստացականը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակի բեկանել Վերաքննիչ դատարանի 31.08.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 05.08.2010 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) ՀՀ Սյունիքի մարզի «Կապանի վարժարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն) տնօրենի 04.01.2005 թվականի թիվ 35 հրամանի համաձայն` Օֆելյա Հովագիմյանն ընդունվել է աշխատանքի որպես մաթեմատիկայի ուսուցիչ (հատոր 1-ին, գ.թ.20).
2) 01.10.2009 թվականին Բենիամին Մարգարյանն իր վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայով խախտել է ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 129-րդ կետի պահանջը, որի հետևանքով ավտոմեքենայի առջևի մասով բախվել է ճանապարհն անցնող Օֆելյա Հովագիմյանին` վերջինիս պատճառելով միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: Բենիամին Մարգարյանն ունեցել է վթարը կանխելու տեխնիկական հնարավորություն (հատոր 1-ին, գ.թ.10-12).
3) Կազմակերպության տնօրենի 30.01.2010 թվականի թիվ 2 հրամանով Օֆելյա Հովագիմյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը 01.02.2010 թվականից լուծվել է (հատոր 1-ին, գ.թ.13).
4) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից 25.01.2010 թվականին տրված` 18 տարեկանից բարձր անձանց բժշկասոցիալական փորձաքննության որոշման վերաբերյալ թիվ 785419 տեղեկանքի համաձայն` Օֆելյա Հովագիմյանն ստացել է 3-րդ խմբի հաշմանդամություն մինչև 01.02.2011 թվականը, իսկ աշխատանքի բնույթի և պայմանների մասին եզրակացվել է, որ կարող է աշխատել կրճատ աշխատաժամանակով (հատոր 1-ին, գ.թ. 80).
5) Կազմակերպության տնօրենի 27.02.2010 թվականի թիվ 14 հրամանով Օֆելյա Հովագիմյանը նույն թվականի մարտի 1-ից ընդունվել է աշխատանքի Կազմակերպությունում որպես մաթեմատիկայի ուսուցիչ (հատոր 1-ին, գ.թ.14).
6) Կազմակերպության կողմից տրված տեղեկանքների համաձայն` Օֆելյա Հովագիմյանն աշխատել է Կազմակերպությունում որպես մաթեմատիկայի ուսուցիչ, և նրա միջին աշխատավարձը 01.10.2009 թվականի դրությամբ կազմել է 114.060 ՀՀ դրամ, իսկ 2010 թվականի մարտ ամսվա աշխատավարձը` 62.653 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ.15, 16).
7) Կազմակերպության 09.07.2010 թվականի թիվ 013-209 գրության համաձայն` 2009թ. հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած վրաերթի հետևանքով Օֆելյա Հովագիմյանի առողջության քայքայման և աշխատունակության անկման պատճառով նրա հետ կնքվել է թիվ 106 աշխատանքային պայմանագիրը, որի համաձայն` վերջինիս հանձնարարվել է իրականացնել ավելի քիչ աշխատաժամանակով աշխատանք ( նա չէր կարող ավելի երկար ժամանակ անցկացնել աշխատանքային պրոցեսում` կանգնած կամ նստած վիճակով):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 48-րդ հոդվածի իրավական վերլուծությանը:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տես` ըստ Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի հայցի ընդդեմ Սեդա Սարգսյանի` գրավադրված գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, և ըստ Սեդա Սարգսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին թիվ ԵԱՆԴ/0479/02/08 գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1078-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացուն հաշմություն կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելու դեպքում հատուցման ենթակա են տուժողի կորցրած աշխատավարձը (եկամուտը), որը նա ստանում էր կամ կարող էր ստանալ, ինչպես նաև առողջության քայքայման հետևանքով ծագած լրացուցիչ ծախսերը` ներառյալ բուժվելու, լրացուցիչ սննդի, դեղամիջոցներ ձեռք բերելու, պրոթեզավորման, կողմնակի խնամքի, առողջարանական-կուրորտային բուժման, հատուկ տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, այլ մասնագիտություն ձեռք բերելու համար ծախսերը, եթե պարզվել է, որ տուժողն ունի օգնության ու խնամքի նման տեսակների կարիք և չունի դրանք անվճար ստանալու իրավունք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1079-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`տուժողի կորցրած աշխատավարձի (եկամտի) հատուցման ենթակա չափը որոշվում է միջին աշխատավարձից (եկամտից) տոկոսներով, որը նա ստացել է մինչև հաշմությունը կամ առողջության այլ վնասվածքը կամ աշխատունակության կորուստը: Այդ տոկոսները որոշվում են տուժողի կողմից մասնագիտական աշխատունակության կորստի, իսկ մասնագիտական աշխատունակության բացակայության դեպքում` ընդհանուր աշխատունակության կորստի աստիճանին համապատասխան:
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ տուժողի կողմից մասնագիտական աշխատունակության կորստի դեպքում նրա կորցրած աշխատավարձի (եկամտի) հատուցման ենթակա չափը որոշվում է մինչև հաշմությունը կամ առողջության այլ վնասվածքը կամ աշխատունակության կորուստը նրա ստացած միջին աշխատավարձից (եկամտից) տոկոսներով` այդ կորստի աստիճանին համապատասխան, իսկ մասնագիտական աշխատունակության բացակայության դեպքում` ընդհանուր աշխատունակության կորստի աստիճանին համապատասխան:
Սույն գործի փաստերի համաձայն` Կազմակերպության տնօրենի 04.01.2005 թվականի թիվ 35 հրամանի համաձայն` Օֆելյա Հովագիմյանն ընդունվել է աշխատանքի որպես մաթեմատիկայի ուսուցիչ: 01.10.2009 թվականին Բենիամին Մարգարյանն իր վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայով խախտել է ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 129-րդ կետի պահանջը, որի հետևանքով ավտոմեքենայի առջևի մասով բախվել է ճանապարհն անցնող Օֆելյա Հովագիմյանին` վերջինիս պատճառելով միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
Կազմակերպության տնօրենի 30.01.2010 թվականի թիվ 2 հրամանով 01.02.2010 թվականից լուծվել է Օֆելյա Հովագիմյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:
Կազմակերպության տնօրենի 27.02.2010 թվականի թիվ 14 հրամանով Օֆելյա Հովագիմյանը նույն թվականի մարտի 1-ից ընդունվել է աշխատանքի Կազմակերպությունում որպես մաթեմատիկայի ուսուցիչ:
Միաժամանակ Կազմակերպության կողմից տրվել են տեղեկանքներ այն մասին, որ Օֆելյա Հովագիմյանի միջին աշխատավարձը 01.10.2009 թվականի դրությամբ կազմել է 114.060 ՀՀ դրամ, իսկ 2010 թվականի մարտ ամսվա աշխատավարձը` 62.653 ՀՀ դրամ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Օֆելյա Հովագիմյանը պարտավոր էր ապացուցել այն փաստը, որ կորցրած աշխատավարձի (եկամտի) հատուցման ենթակա չափը, ելնելով մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանից, կազմում է 1.882.712 ՀՀ դրամ: Որպես նշված փաստի հաստատում` Օֆելյա Հովագիմյանը վկայակոչել է մինչ իրեն վնաս պատճառվելը և դրանից հետո ստացած աշխատավարձի բացասական տարբերությունը ու որպես ապացույց Դատարան է ներկայացրել իր գործատուի 09.07.2010 թվականի թիվ 013-209 գրությունն այն մասին, որ Օֆելյա Հովագիմյանի հետ 2009թ. հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած վրաերթի հետևանքով վերջինիս առողջության քայքայման և աշխատունակության անկման պատճառով նրա հետ կնքվել է թիվ 106 աշխատանքային պայմանագիրը, որի համաձայն` վերջինիս հանձնարարվել է իրականացնել ավելի քիչ աշխատաժամանակով աշխատանք (նա չէր կարող ավելի երկար ժամանակ անցկացնել աշխատանքային պրոցեսում` կանգնած կամ նստած վիճակով):
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործատուի այդ գրությունը չի հանդիսանում վերը նշված ապացուցման ենթակա փաստը հաստատող թույլատրելի և վերաբերելի ապացույց ու չէր կարող դրվել պահանջի բավարարման հիմքում, քանի որ առաջին դեպքում, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու համար անհրաժեշտ էր նշանակել փորձաքննություն` հիմք ընդունելով այն, որ այդ հարցի պարզաբանումը պահանջում է հատուկ մասնագիտական գիտելիքներ, իսկ երկրորդ դեպքում, այդ գրությունը որևէ տեղեկություն չի պարունակում մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանի վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը։
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս ըստ հայցի Ռազմիկ Մարությանի ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54/ՎԴ որոշումը)։
Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1085-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վնասի հատուցումը` կապված տուժողի աշխատունակության նվազելու կամ մահվան հետ, կատարվում է ամենամսյա վճարներով: Հարգելի պատճառների առկայության դեպքում դատարանը վնաս պատճառողի հնարավորությունների հաշվառմամբ կարող է վնասի հատուցման իրավունք ունեցող քաղաքացու պահանջով նրան տրվելիք վճարները հատկացնել միանվագ, բայց ոչ ավելի, քան երեք տարվա համար:
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ տուժողին տրվելիք վճարները միանվագ, բայց ոչ ավելի, քան երեք տարվա համար հատկացնելու համար անհրաժեշտ է որոշակի վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, անգամ այդ վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում նման հատկացում կատարելը ոչ թե դատարանի պարտականությունն է, այլ իրավունքը:
Մասնավորապես այդ վավերապայմաններն են`
1. հատուցման իրավունք ունեցող քաղաքացու պահանջի առկայությունը.
2. հարգելի պատճառների առկայությունը.
3. նման հատուցում կատարելու համար վնաս պատճառողի հնարավորության առկայությունը:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Դատարանի կողմից Բենիամին Մարգարյանի` որպես վնաս պատճառողի հնարավորությունները հաշվի չառնելու վերաբերյալ վերջինիս վերաքննիչ բողոքի պատճառաբանություններին, Օֆելյա Հովագիմյանին տրվելիք վճարները միանվագ երեք տարվա համար հատկացնելու մասին Դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելը պատճառաբանել է նրանով, որ գործում բացակայում է այն հանգամանքը հիմնավորող ապացույցը, որ Բենիամին Մարգարյանը չունի վնասը միանվագ երեք տարվա հաշվարկով հատուցելու հնարավորություններ, իսկ ներկայացված հաշմանդամության կամ ընտանիքի կազմի վերաբերյալ փաստաթղթերը դեռևս չեն բացահայտում Բենիամին Մարգարյանի գույքային դրությունը և չեն հիմնավորում, որ նա իր գույքային դրությամբ նշված հնարավորությունը չունի:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1085-րդ հոդվածի 1-ին կետը կիրառել է` առանց վերը նշված վավերապայմանների միաժամանակյա առկայությունը հաստատված համարելու:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` վերը նշված առաջին երկու պարտադիր վավերապայմանների հետ միաժամանակ պետք է հաստատված համարվեր ոչ թե Օֆելյա Հովագիմյանին նման հատուցում կատարելու համար Բենիամին Մարգարյանի հնարավորության բացակայության փաստը, ինչպիսի հետևության եկել է Վերաքննիչ դատարանը, այլ, որ վերջինս ունի նման հնարավորություն:
Բացի այդ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից 25.01.2010 թվականին տրված` 18 տարեկանից բարձր անձանց բժշկասոցիալական փորձաքննության որոշման վերաբերյալ թիվ 785419 տեղեկանքի համաձայն` Օֆելյա Մարգարյանի հաշմանդամությունը սահմանվել է մինչև 01.02.2011 թվականը, և վերափորձաքննության ժամկետ է սահմանվել 25.01.2011 թվականը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, չհիմնավորելով տուժողին տրվելիք վճարները միանվագ երեք տարվա համար հատկացնելը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1085-րդ հոդվածի 1-ին կետը կիրառել է առանց դրա իրավական հիմնավորումը տալու, քանի որ հաստատված չի համարել վերը նշված վավերապայմանների միաժամանակյա առկայությունը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.08.2011 թվականի որոշման` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 08.06.2011 թվականի վճիռը օրինական ուժի մեջ թողնելու մասը և գործն այդ մասով ուղարկել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Գ. Հակոբյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |