Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.03/48(922).1 Հոդ.1069.38
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.06.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՏԴ/0145/01/11

Գործ թիվ ՏԴ/0145/01/11

Նախագահող դատավոր՝ Կ. Ղազարյան

     Դատավորներ` Գ. Մելիք-Սարգսյան

                   Հ. Տեր-Ադամյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

 

Հ. Ասատրյանի

Հ. Ղուկասյանի

 

Ա. Պողոսյանի

   
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

     մասնակցությամբ

                 պաշտպան

Հ. Մամաջանյանի

2012 թվականի հունիսի 8-ին

ք. Երևանում 

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Անդրանիկ Գարիկի Առուստամյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Առուստամյանի և նրա պաշտպան Հ.Մամաջանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2011 թվականի հունիսի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 38103011 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2011 թվականի հունիսի 3-ի որոշմամբ Անդրանիկ Գարիկի Առուստամյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով:

2011 թվականի սեպտեմբերի 30-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

 2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2011 թվականի նոյեմբերի 8-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Առուստամյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և դատապարտել է ազատազրկման՝ 6 (վեց) տարի ժամկետով:

3. Ամբաստանյալ Ա.Առուստամյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2011 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի նոյեմբերի 8-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել ամբաստանյալ Ա.Առուստամյանը և նրա պաշտպան Հ.Մամաջանյանը, որը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Ա.Առուստամյանը դատապարտվել է այն բանի համար, որ 2011 թվականի հունիսի 1-ին` ժամը 14.00-ի սահմաններում, 100.000 ՀՀ դրամ հափշտակելու նպատակով, ապօրինի մուտք է գործել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի Իջևանի մասնաճյուղի միջանցիկ հանգստյան սենյակ և ձեռքին եղած, կենցաղային նշանակության ծալովի դանակի գործադրմամբ, սպառնացել է առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել բանկի հաշվապահ, գանձապահ Քնարիկ Արարատի Խաչատրյանին (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 211):

6. Նախաքննության մարմնի 2011 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ նշանակվել է դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովին (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 94):

Ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության արդյունքում 2011 թվականի սեպտեմբերի 6-ին կազմված թիվ 334/11 եզրակացության համաձայն` «[Փորձաքննվողը] (…) հարցերին պատասխանում է փոքր-ինչ ուշացումով, (…), տալիս է (…) մակերեսային, պարզունակ պատասխաններ: (…) Ընդհանուր գիտելիքների և պատկերացումների պաշարը աղքատիկ է: Մտածողությունն ավելի կոնկրետ տիպի է, որոշ դատողություններ մակերեսային են, թեթևակշիռ, պրիմիտիվ: Բանականությունը բարձր չէ: (…) Վերոգրյալի հիման վրա հանձնաժողովը հանգում է այն եզրակացության, որ Անդրանիկ Գարիկի Առուստամյանը որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, հանդիսանում է պրիմիտիվ անձ: Որպես հոգեկան հիվանդությամբ չտառապող անձնավորություն փորձաքննվողը կարող էր ու կարող է հաշիվ տալ իրեն իր գործողությունների համար և ղեկավարել դրանք ինչպես իրավախախտումը կատարելու պահին, այնպես էլ ներկայումս: Ուստի Անդրանիկ Գարիկի Առուստամյանին իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ հարկ է ճանաչել մեղսունակ» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 129):

7. Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա է հետևյալ ձևակերպումը. «Մինչև դատաքննությունն սկսելն ամբաստանյալ Անդրանիկ Գարիկի Առուստամյանը միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարեց, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:

Միջնորդությունը պնդեց նաև ամբաստանյալի օրինական ներկայացուցիչը և պաշտպանը» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 211):

8. Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Առուստամյանը ծնվել է 1994 թվականի հուլիսի 24-ին, իսկ հանցանքը կատարել է 2011 թվականի հունիսի 1-ին (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 211):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոքի հեղինակները փաստարկել են, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ: Մասնավորապես, խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջները:

Վկայակոչելով Հ.Հաբեշյանի և Հ.Հովհաննիսյանի գործերով կայացված որոշումները՝ բողոքաբերները նշել են, որ սույն գործով առկա բացառիկ հանգամանքները բավարար էին Ա.Առուստամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը կիրառելու համար:

Ի հիմնավորումն իրենց վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքաբերները նշել են Ա.Առուստամյանի անձը բնութագրող տվյալները, պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, այն է` հանցանքը կատարելու և ներկա պահին անչափահաս լինելը, հոգեկան զարգացման աստիճանը և առողջական վիճակը (պրիմիտիվ անձ լինելը, տարօրինակություններ ունենալը), նախկինում հանցանք չկատարելը, դատապարտված կամ արատավորված չլինելը, դրական բնութագրվելը, իրեն մեղավոր ճանաչելը և կատարածի համար զղջալը, տուժողի հետ հաշտվելը, պետք է գնահատվեին որպես բացառիկ հանգամանքներ: Բողոքաբերները փաստարկել են նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածում ամրագրված՝ արդարացի պատիժ նշանակելու օրենսդրական պահանջը վերացական չէ և պետք է ուղղված լինի պատժի նպատակների իրականացմանը:

Վերոշարադրյալից բողոքաբերները եզրակացրել են, որ սույն գործով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա` Ա.Առուստամյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով կամ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի հիման վրա` օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելով հնարավոր է հասնել պատժի նպատակների իրականացմանը:

10. Բողոքաբերները փաստարկել են, որ Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի, 3753-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերի պահանջները:

Ի հիմնավորումն իրենց վերոշարադրյալ փաստարկի` բողոքաբերները նշել են, որ քրեադատավարական օրենսդրությունը չի պարունակում որևէ դրույթ, որը կսահմաներ անչափահասների նկատմամբ դատական քննության արագացված կարգ կիրառելու առանձնահատկությունները, ինչը կասկածի տակ է դնում անչափահասի նկատմամբ դատական քննության արագացված կարգ կիրառելու հնարավորությունը:

Ըստ բողոքաբերների` դատական քննության արագացված կարգի կիրառումը պետք է բացառվի անչափահասի նկատմամբ այն դեպքում, երբ վերջինս բանականության ցածր աստիճան, տարօրինակություններ, պրիմիտիվ և մակերեսային մտածողություն ունի, քանի որ նման դեպքում դատարանի համար անհնարին է դառնում ամբաստանյալի կողմից ներկայացված՝ դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդության բնույթը, միջնորդության հետևանքները գիտակցելու կարողությունը, միջնորդության ներկայացման կամավորությունը պարզելը:

11. Ելնելով վերոգրյալից` բողոքի հեղինակները խնդրել են բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը կամ գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերներն ըստ էության երկու իրավական հարց են բարձրացրել, որոնցից առաջինն առնչվում է ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժի արդարացիությանը, երկրորդը՝ ամբաստանյալի նկատմամբ դատական քննության արագացված կարգ կիրառելու իրավաչափությանը: Այլ կերպ՝ բողոքաբերների առաջին հարցն առնչվում է նյութական իրավունքի ենթադրյալ խախտմանը, որը դրսևորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ կամ 70-րդ հոդվածների չկիրառմամբ, իսկ երկրորդը՝ դատավարական իրավունքի ենթադրյալ խախտմանը, որը դրսևորվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751 -րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի, 3753 -րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերի պահանջների խախտմամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավարական խախտման առկայությունը հաստատված ճանաչելու պարագայում այն կարող է ազդեցություն ունենալ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժի վրա՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է քննության առնել սույն գործով թույլ տրված դատավարական իրավունքի ենթադրյալ խախտման հարցը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անչափահասի նկատմամբ դատական քննության արագացված կարգի կիրառման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է` հիմնավորվա՞ծ է արդյոք Ա.Առուստամյանի վերաբերյալ գործն արագացված կարգով քննելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751 -րդ հոդվածի համաձայն`

«Եթե մեղադրողը մեղադրական եզրակացությունում չի առարկել արագացված կարգ կիրառելու դեմ, ապա ամբաստանյալը կամ մեղադրյալն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայնվելու դեպքում իրավունք ունի միջնորդելու արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին այն հանցագործություններով, որոնց համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը:

(…)

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում դատարանը կիրառում է դատական քննության արագացված կարգ, եթե`

1) ամբաստանյալը գիտակցում է իր կողմից ներկայացված միջնորդության բնույթը և հետևանքները, և

2) միջնորդությունը ներկայացված է կամավոր, և

3) պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո, (...)»:

3. Դատարանը, գտնելով, որ ամբաստանյալի կողմից միջնորդություն ներկայացնելիս չեն պահպանվել սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված պայմանները, որոշում է ընդունում ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու մասին:

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3753-րդ հոդվածի համաձայն`

«(…)

3. Դատավորը հարցեր է տալիս ամբաստանյալին համոզվելու համար` պարզ է արդյոք նրան առաջադրված մեղադրանքը, համաձայն է արդյոք նա մեղադրանքի հետ, պնդում է արդյոք արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին միջնորդությունը, արդյոք միջնորդությունը ներկայացվել է կամավոր, մինչև միջնորդությունը ներկայացնելը արդյոք խորհրդակցել է պաշտպաի հետ (եթե ամբաստանյալն ունի այդպիսին), գիտակցում է արդյոք արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները:

4. Հարցերի արդյունքում դատարանը, համոզվելով, որ առկա է սույն օրենսգրքի 3751 հոդվածով նախատեսված պայմանները, որոշում է կայացնում արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին: Հակառակ դեպքում դատական քննությունն իրականացվում է ընդհանուր կարգով:

(...)»:

Վերոշարադրյալ նորմերի վերլուծությունից երևում է, որ դատական քննության արագացված կարգ կիրառելու հիմքն ամբաստանյալի կամ մեղադրյալի կողմից իրեն առաջադրված մեղադրանքի ամբողջ ծավալի հետ համաձայնվելն է, իսկ պայմաններից մեկը` ամբաստանյալի` իր կողմից ներկայացված միջնորդության բնույթը և հետևանքները գիտակցելը: Այլ խոսքով` դատական քննության արագացված կարգի կիրառումը թույլատրելի է այն դեպքում, երբ ամբաստանյալը գիտակցում է դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդության բնույթը և դրա հիման վրա իրականացվող դատական քննության էությունը, հետևանքները, դատավճիռ կայացնելու կարգը և կայացված դատավճիռը բողոքարկելու սահմանափակումները:

15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված քրեադատավարական դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Շ.Ամիրխանյանի և Գ.Ֆարմանյանի գործով կայացված որոշման մեջ և իրավական դիրքորոշում ձևավորել այն մասին, որ «(…) դատական քննության արագացված կարգի կիրառման համար, ի թիվս այլոց, անհրաժեշտ են հետևյալ պայմանները.

1) ամբաստանյալը կամ մեղադրյալն իր միջնորդության մեջ հայտարարել է առաջադրված մեղադրանքի հետ համաձայն լինելու և արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին,

2) ամբաստանյալը կամ մեղադրյալը գիտակցում է իր ներկայացրած միջնորդության բնույթն ու հետևանքները,

3) միջնորդությունը ներկայացված է կամավոր, պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3752 -րդ հոդվածով նախատեսված ժամանակահատվածում, այն է՝ քրեական գործը դատարան ուղարկելու պահից մինչև դատաքննությունն սկսվելը,

4) մեղադրողը չի առարկում արագացված կարգ կիրառելու դեմ,

5) անձը մեղադրվում է այնպիսի հանցանք գործելու մեջ, որի համար նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը:

(…) վերը շարադրված պայմանների հետ մեկտեղ, դատական քննության արագացված կարգի կիրառման համար անհրաժեշտ է նաև հետևյալ պայմանների առկայությունը.

1) դատարանը ճշտել է դատական քննության արագացված կարգի կիրառման կապակցությամբ տուժողի դիրքորոշումը (տե՛ս Տիգրան Քամալյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի ԵՇԴ/0097/01/09 որոշման 19-րդ կետը):

2) ամբաստանյալը կամ մեղադրյալը անչափահաս չէ և ենթադրյալ հանցանքը կատարելու պահին նրա տասնութ տարին լրացած է եղել,

3) բացակայում են քրեական գործը կարճելու հիմքերը:

(…) թվարկված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում դատական քննության արագացված կարգի կիրառումն անթույլատրելի է: Այլ կերպ՝ միայն նշված բոլոր պայմանների համակցությունն է դատարանին իրավունք տալիս դատավճիռ կայացնել՝ առանց ընդհանուր կարգով դատական քննություն անցկացնելու: Ուստի, դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդությունը մերժելու հիմք են`

1) մեղադրողի համաձայնության բացակայությունը,

2) առաջադրված մեղադրանքի հետ ամբաստանյալի կամ մեղադրյալի մասնակի համաձայնությունը,

3) ամբաստանյալին կամ մեղադրյալին մեղսագրվող հանցագործության՝ առանձնապես ծանր լինելը,

4) ամբաստանյալի կամ մեղադրյալի կողմից միջնորդությունը ներկայացվել է ճնշման տակ, այսինքն՝ հարկադրաբար,

5) ամբաստանյալը կամ մեղադրյալը չի գիտակցում ներկայացված միջնորդության բնույթն ու հետևանքները:

(…) եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751 -րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ամրագրված և [վերևում] թվարկված պայմաններից որևէ մեկը չի պահպանվել, ապա դատարանը պետք է որոշում կայացնի արագացված դատական քննություն չկիրառելու և ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու մասին» (տե՛ս Շողակաթ Ամիրխանյանի և Գառնիկ Ֆարմանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0209/01/10 որոշման 24-27-րդ կետերը):

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն`

«Միայն ապացույցների հիման վրա են հաստատվում`

1) դեպքը և հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը, եղանակը և այլն).

2) կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին.

3) հանցագործության` քրեական օրենքով նախատեսված հատկանիշները.

4) անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ.

5) քրեական օրենքով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող և խստացնող հանգամանքները.

6) այն հանգամանքները, որոնցով դատավարության մասնակիցը կամ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձը հիմնավորում է իր պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի համաձայն` «1. Սույն գլխի դրույթները կիրառվում են այն անձանց հանցագործությունների վերաբերյալ գործերով, ում տասնութ տարին չի լրացել հանցանքը կատարելու պահին:

2. Անչափահասների գործերով վարույթի կարգը կարգավորվում է սույն օրենսգրքի ընդհանուր կանոններով, ինչպես նաև սույն գլխի հոդվածներով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 440-րդ հոդվածի համաձայն` «Բոլոր գործերով հաստատման ենթական հանգամանքներից բացի, անչափահասների գործերով անհրաժեշտ է պարզել նաև անչափահասի`

1) տարիքը (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը).

2) կյանքի և դաստիրարակության պայմանները.

 3) առողջության և ընդհանուր զարգացման վիճակը»:

Մեջբերված նորմերի վելուծությունից երևում է, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված են անչափահասների վերաբերյալ գործերով վարույթի առանձնահատկությունները, որոնք վերաբերում են ընդհանուր կարգով իրականացվող դատական քննություններին: Նույն դրույթների վերլուծությունից երևում է, որ անչափահասների գործերով դատական քննության արագացված կարգի կիրառման իրավական հիմք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ:

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև ՀՀ գործող քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված չէ անչափահասների գործերով դատական քննության արագացված կարգ կիրառելու ուղղակի արգելք, սակայն օրենսգիրքը չի նախատեսում անչափահասների գործերով ընդհանուր կարգից տարբերակված` դատական քննության արագացված կարգի կիրառման հատուկ կանոններ: Անչափահասների գործերով վարույթի իրականացման հատուկ կանոնները լրացուցիչ երաշխիքներ են սահմանում գործի հանգամանքների բազմակողման, լրիվ և օբյեկտիվ քննության, հանցագործության կատարմանը նպաստող պատճառների ու պայմանների բացահայտման, անչափահասի կողմից իր դատավարական իրավունքների իրականացման, գործի արդարացի քննության համար, ինչպես նաև անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերով՝ որպես անչափահասների իրավունքների երաշխավորման միջոց, նախատեսվում է ապացուցման առարկայի ընդլայնված շրջանակ: Այսինքն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածում նախատեսված՝ ապացուցման ենթակա ընդհանուր հանգամանքներին զուգահեռ պետք է քննարկման առարկա դարձվեն նաև անչափահասի անձին վերաբերող տեղեկությունները:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անչափահասների գործերով դատական քննության արագացված կարգ չպետք է կիրառվի:

17. Հիմք ընդունելով սույն որոշման 15-16-րդ կետում շարադրված վերլուծությունը, համապատասխանաբար նաև Շ.Ամիրխանյանի և Գ.Ֆարմանյանի գործով կայացված որոշմամբ ձևավորված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անչափահասի վերաբերյալ գործի քննության ժամանակ, ի թիվս այլոց, ենթակա են պարզման նաև հետևյալ հանգամանքները՝

1) անչափահասի վրա այլ անձանց ազդեցությունը,

2) հակաիրավական հայացքների, հակումների առաջացման պատճառները,

3) հանցանքի կատարմանը նպաստող պատճառները և պայմանները,

4) անչափահասի սոցիալական ինտեգրման աստիճանը,

5) հոգեկան խանգարումների հետ չկապված մտավոր թերզարգացվածության մասին վկայող տվյալների առկայությունը:

Վերոշարադրյալ տվյալների հիման վրա հնարավոր է պարզել, թե արդյոք անչափահասը դժվարություններ ունի իր արարքներին գնահատական տալու, դրանք վերահսկելու, վարքագծի այս կամ այն ձևն ընտրելու, իր արարքին ուղեկցող հանգամանքները հաշվի առնելու, իր արարքի հնարավոր հետևանքները կանխատեսելու կապակցությամբ: Բացի այդ, վերոնշյալ տվյալները հնարավորություն են տալիս յուրաքանչյուր դեպքում պարզել անչափահասի վարքագծի շարժառիթները:

18. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն որոշման նախորդ կետում շարադրված հանգամանքները կարող են պարզվել միայն ընտանիքում, ուսումնական հաստատությունում կամ աշխատավայրում անչափահասի վարքը և միջանձնային հարաբերությունները, ինչպես նաև հանցագործություն կատարելուց առաջ և հետո նրա վարքագիծն ուսումնասիրելու արդյունքում: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անչափահասի վերաբերյալ գործի քննության ժամանակ պարզման ենթակա հանգամանքների լրիվ և բազմակողմանի ուսումնասիրությունը, անչափահասի կողմից իր դատավարական իրավունքների իրացումը և գործի արդարացի քննությունը հնարավոր է արդյունավետորեն ապահովել միայն գործի ընդհանուր կարգով դատական քննության պայմաններում` համապատասխան հանգամանքները բացահայտելու նպատակով ապացույցներ հավաքելու, ստուգելու և գնահատելու միջոցով:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ անչափահասների գործերով դատական քննության արագացված կարգ կիրառելու՝ վերոնշյալ արգելքը չպետք է դիտարկվի որպես անչափահասի իրավունքների սահմանափակում: Վճռաբեկ դատարանի այս եզրահանգումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ ՀՀ գործող քրեական օրենսդրության համաձայն՝ անկախ անչափահասի կողմից կատարված արարքի ծանրության աստիճանից՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում նրա նկատմամբ պատիժը նշանակվում է հատուկ կանոններով, որոնք ենթադրում են ավելի մեղմ չափանիշների կիրառում, քան պատժի նշանակման ընդհանուր դրույթներն են: Հետևաբար, անչափահասների գործերով դատական քննության արագացված կարգ կիրառելու արգելքը որևէ կերպ չի սահմանափակում նրանց նկատմամբ մեղմ պատիժ նշանակելու հնարավորությունը:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է նաև, որ անչափահասների գործերով դատական քննության արագացված կարգ կիրառելու արգելքը, հետևաբար ընդհանուր կարգով դատական քննության իրականացումը չպետք է հանգեցնի գործի չհիմնավորված, անհարկի ձգձգումների, այլ հաշվի առնելով անչափահաս անձի իրավական պաշտպանության կարևորությունն ու առանձնահատկությունը, պետք է իրականացվի արդյունավետ և որակյալ քննություն հնարավորինս սեղմ ժամկետներում:

19. Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ դիրքորոշումները բխում են անչափահասների շահերի պաշտպանության վերաբերյալ ուղղորդող նշանակություն ունեցող մի շարք միջազգային-իրավական կարգադրագրերից: Մասնավորապես` «Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ» ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնների («Պեկինյան կանոններ») 5.1-րդ մասի համաձայն` «Անչափահասների վերաբերյալ արդարադատության համակարգն ուղղված է առաջին հերթին անչափահասի բարեկեցության ապահովմանը, որպեսզի անչափահաս իրավախախտների վրա ազդեցություն գործող ցանկացած միջոց միշտ համաչափ լինի ինչպես իրավախախտի անհատական առանձնահատկություններին, այնպես էլ իրավախախտման հանգամանքներին»:

Նույն կանոնների 14.1-րդ մասի համաձայն` «Դատական քննությունը պետք է պատասխանի անչափահասի շահերին և իրագործվի ըմբռնողության մթնոլորտում, որն անչափահասին հնարավարություն կտա մասնակցելու դատաքննությանը և այնտեղ ազատ շարադրելու իր տեսակետները»:

Նույն կանոնների 20.1-րդ մասի համաձայն` «Անչափահասի ցանկացած գործ սկզբից ևեթ պետք է վարել արագ, թույլ չտալով անհարկի ձգձգումներ»:

«Երեխաների իրավունքների մասին» Նյու-Յորքի 1989 թվականի նոյեմբերի 20-ի կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 1992 թվականի հունիսի 1-ին) 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի շահերի առավել ապահովմանը:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից 2003 թվականին ընդունված «Անչափահասների շրջանում հանցագործությունների նկատմամբ նոր մոտեցումների և անչափահասների գործերով արդարադատության նշանակության մասին» N R(2003) 20 հանձնարարականի 14-րդ կետի համաձայն` «Քրեական դատավարության բոլոր փուլերը պետք է անցկացվեն կարճ ժամանակահատվածներում, որպեսզի նվազեցվեն հետաձգումները և հնարավորության սահմաններում ապահովվեն հանցավորության արագ կանխարգելումը անչափահասների շրջանում: Սակայն բոլոր գործերով քննության արագացման և արդյունավետության բարձրացման միջոցները պետք է հավասարակշռվեն քրեադատավարական նորմերի պահպանման պահանջների հետ»:

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Առուստամյանը հանցանքը կատարել է մինչ չափահաս դառնալը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն` ամբաստանյալ Ա.Առուստամյանը բնութագրվել է որպես հարցերին ուշացումով պատասխանող, մակերեսային, պարզունակ պատասխաններ տվող, մակերեսային դատողություններ ունեցող, թեթևակշիռ, պրիմիտիվ անձ, ինչպես նաև նշվել է, որ նրա բանականությունը բարձր չէ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Մինչև դատաքննությունն սկսելն Ա.Առուստամյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել է, որ գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանում գործի քննությունն իրականացվել է դատական քննության արագացված կարգով և Ա.Առուստամյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 տարի ժամկետով (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):

Մեջբերված փաստական հանգամանքների ուսումնաիրությունից երևում է, որ Ա.Առուստամյանի գործով դատական քննության արագացված կարգը կիրառվել է ոչ միայն վերջինս կողմից հանցանքը անչափահաս տարիքում կատարված լինելու, այլ նաև մակերեսային դատողություններ, բանականության ցածր աստիճան, կարողությունների ցածր մակարդակ, միջանձնային հարաբերություններում առանց խորքային պատկերացումների անմիջական հավատ ունենալու պայմաններում:

21. Սույն որոշման 14-19-րդ կետրում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 20-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Առուստամյանի վերաբերյալ գործի քննության արագացված կարգ կիրառելու հետևանքով Առաջին ատյանի դատարանը լրիվ և բազմակողմանի ուսումնասիրության չի ենթարկել անչափահաս ամբաստանյալի կողմից իր արարքներին գնահատական տալու, դրանք վերահսկելու, արարքին ուղեկցող հանգամանքները և հնարավոր հետևանքները հաշվի առնելու հետ կապված դժվարությունների առկայության հանգամանքը, չի պարզել Ա.Առուստամյանի վարքագծի շարժառիթները և այլն, ինչպես նաև չի գնահատել արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները վերջինիս կողմից հիմնովին չգիտակցելու հավանականությունը:

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հիմք ընդունելով սույն որոշման 17-18-րդ կետերում ձևավորված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հիմնավորված չէ Ա.Առուստամյանի վերաբերյալ գործն արագացված կարգով քննելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը: Հետևաբար, Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում, որը դրսևորվել է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու կարգի ու պայմանների վերաբերյալ ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված պահանջների անտեսման ձևով: Իր հերթին, Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի նշված որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, օրինական ուժի մեջ է թողել այն` չանդրադառնալով և չվերացնելով քրեադատավարական օրենքի խախտումը:

22. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները թույլ են տվել քրեադատավարական օրենքի էական խախտում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: (…)»:

Ստորադաս դատարանների կողմից թույլ տված խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով էական են և հիմք են հանդիսանում նրանց կողմից կայացված դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Ինչ վերաբերում է բողոքաբերների կողմից բարձրացված՝ նյութական իրավունքի ենթադրյալ խախտման հարցին (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հարցին հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման մեջ արձանագրված դատավարական իրավունքի խախտումը վերացնելուց հետո:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Անդրանիկ Գարիկի Առուստամյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի նոյեմբերի 8-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 21-ի դատական ակտերը բեկանել և գործն ուղարկել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

 

Հ. Ասատրյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան