Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.03/48(922).1 Հոդ.1069.36
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.06.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՇԴ/0184/06/11

Գործ թիվ ՇԴ/0184/06/11

Նախագահող դատավոր՝ Գ. Մելիք-Սարգսյան

                   

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

 

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

 

Հ. Ղուկասյանի

   
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

 

2012 թվականի հունիսի 8-ին

Երևան քաղաքում 

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի հոկտեմբերի 11-ի որոշման դեմ մեղադրյալ Կարեն Ռոմիկի Քոչարյանի պաշտպան Տ.Մուրադյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2011 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքում հարուցվել է թիվ 28105311 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի 2011 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ Կարեն Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով: Նույն օրը մեղադրյալ Կ.Քոչարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2011 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ Կ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:

2. 2011 թվականի սեպտեմբերի 24-ին մեղադրյալ Կ.Քոչարյանն ինքնակամ ներկայացել է նախաքննության մարմին:

2011 թվականի սեպտեմբերի 25-ին Կ.Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ Կ.Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին նույն դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումը վերահաստատվել է:

3. Վերոգրյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել պաշտպան Տ.Մուրադյանը, որը Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 11-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Կ.Քոչարյանի պաշտպան Տ.Մուրադյանը:

Վճռաբեկ դատարանը 2012 թվականի մարտի 6-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները

5. Մեղադրյալ Կ.Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 25-ի որոշման դեմ պաշտպան Տ.Մուրադյանը վերաքննիչ բողոք է բերել փոստի միջոցով: Վերաքննիչ բողոքի ծրարի վրա առկա է փոստային ծառայության դրոշմակնիքը, որի համաձայն` ծրարը փոստային ծառայությունում մուտք է եղել 2011 թվականի սեպտեմբերի 26-ին (տե՛ս կալանավորում կիրառելու վերաբերյալ նյութեր, էջ 16):

6. Վերաքննիչ բողոքում նշված է. «Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.09.2011թ. որոշմամբ բավարարվել է քննիչ Ռ.Մխիթարյանի միջնորդությունը, և մեղադրյալ Կարեն Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը երկու ամիս ժամանակով (…)»:

Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 25-ի որոշման պատճենը վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել:

Պաշտպան Տ.Մուրադյանի վերաքննիչ բողոքում բացակայում է որևէ նշում առ այն, որ մեղադրյալ Կ.Քոչարյանի նկատմամբ հետախուզում հայտարարելուց և Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելուց հետո վերջինս ինքնակամ ներկայացել է նախաքննության մարմնին, իսկ Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ մեղադրյալ Կ.Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերահաստատվել է (տե՛ս կալանավորում կիրառելու վերաբերյալ նյութեր, էջեր 13-15):

7. Նյութերում առկա ուղեկցական գրության ուսումնասիրությունից երևում է, որ վերաքննության կարգով քննության առնելու համար Վերաքննիչ դատարան ուղարկվել է Կ.Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ նյութերը (տե՛ս կալանավորում կիրառելու վերաբերյալ նյութեր, էջ 18):

Մեղարյալ Կ.Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին նյութերը Վերաքննիչ դատարան չեն ուղարկվել (տե՛ս կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ նյութեր):

8. Պաշտպան Տ.Մուրադյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 11-ի որոշման մեջ նշված է. «(…) ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.09.2011 թվականի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը և մեղադրյալ Կարեն Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում` երկու ամիս ժամկետով:

Վերը նշված որոշման դեմ 26.09.2011 թվականին վերաքննիչ բողոք է բերել մեղադրյալ Կարեն Քոչարյանի շահերի պաշտպան Տիգրան Մուրադյանը (…):

Մեղադրյալ Կարեն Քոչարյանի պաշտպանի կողմից բերված վերաքննիչ բողոքի ուսումնասիրությունից երևում է, որ այն ժամկետանց է, քանի որ սույն գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել 2011 թվականի սեպտեմբերի 15-ին, մինչդեռ վերաքննիչ բողոք է բերվել 2011 թվականի սեպտեմբերի 26-ին, երբ արդեն իսկ ավարտված էր բողոքարկման ժամկետը (…)» (տե՛ս կալանավորում կիրառելու վերաբերյալ նյութեր, էջեր 19-20):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված՝ իր կալանավորման օրինականությունը վիճարկելու անձի իրավունքը:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ մեղադրյալ Կ.Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 25-ի որոշման դեմ ինքը վերաքննիչ բողոք է բերել հաջորդ օրը` 2011 թվականի սեպտեմբերի 26-ին, որպիսի պայմաններում բողոքի ժամկետանց լինելու մասին խոսք լինել չէր կարող: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով իր բողոքը դիտել է որպես Կ.Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 15-ի որոշման դեմ բերված և ժամկետանց լինելու պատճառաբանությամբ թողել է առանց քննության:

10. Բողոքի հեղինակը փաստարկել է նաև, որ 2011 թվականի նոյեմբերի 4-ին Կ.Քոչարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 1-ին մասով, դրանով իսկ նվազել է Կ.Քոչարյանին վերագրվող արարքի վտանգավորության աստիճանը, սակայն նա կալանքից ազատ չի արձակվել: Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը թողնելով առանց քննության, հնարավորություն չի տվել ներկայացնելու այդ հանգամանքը, ինչն էլ հանգեցրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտման:

11. Հիմք ընդունելով վերոշարադրյալ հիմնավորումները` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 11-ի որոշումը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված՝ դատավարական իրավունքի խախտմանն առնչվող իրավական հարցը հետևյալն է` իրավաչա՞փ է արդյոք պաշտպան Տ.Մուրադյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:

13. ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատությունից զրկման կամ խուզարկության օրինականությունն ու հիմնավորվածությունը բողոքարկելու վերադաս դատական ատյանում»:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով` առաջին ատյանի դատարանի կալանավորման մասին որոշումները կարող են բողոքարկվել վերաքննիչ դատարան հրապարակման պահից հնգօրյա ժամկետում:

14. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` ձերբակալված կամ կալանավորված անձինք իրավասու են բողոքարկել իրենց ազատությունից զրկելու` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի իմաստով «օրինականության» համար էական դատավարական և նյութական պայմանները: Սա նշանակում է, որ իրավասու դատարանը պետք է քննի ոչ միայն ներպետական օրենսդրության մեջ սահմանված դատավարական պահանջների համապատասխանությունը, այլ նաև ձերբակալման համար հիմք հանդիսացած կասկածների ողջամտությունը, ձերբակալման և հետագա կալանավորման նպատակների օրինականությունը (տե՛ս Brogan and Օthers v. The Սnited Kingdom գործով 1988 թվականի նոյեմբերի 29-ին կայացված վճիռը, գանգատներ թիվ 11209/84, 11234/84, 11266/84, 11386/85, կետ 65 և Grauslys v. Lithuania գործով 2000 թվականի հոկտեմբերի 10-ին կայացված վճիռը, գանգատ թիվ 36743/97, կետ 53):

15. Ներկայացված նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ 2011 թվականի սեպտեմբերի 15-ին Կ.Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ Կ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2011 թվականի սեպտեմբերի 24-ին մեղադրյալ Կ.Քոչարյանն ինքնակամ ներկայացել է նախաքննության մարմին:

Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ Կ.Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին նույն դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումը վերահաստատվել է, որի վերաքննության կարգով բողոքարկման ժամկետը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, կազմել է հրապարակվելու պահից հինգ օր (տե՛ս սույն որոշման 1-3-րդ կետերը):

Համաձայն պաշտպան Տ.Մուրադյանի վերաքննիչ բողոքի ծրարի վրա առկա փոստային ծառայության դրոշմակնիքի` ծրարը փոստային ծառայությունում մուտք է եղել 2011 թվականի սեպտեմբերի 26-ին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 25-ի որոշման դեմ պաշտպանի կողմից վերաքննիչ բողոք է բերվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հնգօրյա ժամկետի պահպանմամբ, հետևաբար ներկայացված բողոքի ժամկետանց լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևություններն անհիմն են:

16. Միևնույն ժամանակ, նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ պաշտպանի վերաքննիչ բողոքը քննության առնելու համար Վերաքննիչ դատարան են ուղարկվել Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ Կ.Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ նյութերը:

Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ Կ.Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին նյութերը Վերաքննիչ դատարան չեն ուղարկվել (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վերաքննիչ բողոքի ուսումնասիրությունից նույնպես հնարավոր չէ եզրակացնել, որ հետախուզման մեջ եղած մեղադրյալ Կ.Քոչարյանն ինքնակամ ներկայացել է նախաքննության մարմին, և Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերահաստատվել է (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Արդյունքում, Վերաքննիչ դատարանը պաշտպան Տ.Մուրադյանի վերաքննիչ բողոքը դիտարկել է որպես մեղադրյալ Կ.Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 15-ի որոշման դեմ բերված բողոք և ժամկետանց լինելու պատճառաբանությամբ թողել առանց քննության (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանն ըստ էության անտեղյակ է եղել այն հանգամանքից, որ Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ մեղադրյալ Կ.Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերահաստատվել է, և պաշտպան Տ.Մուրադյանը վերաքննիչ բողոք է բերել այդ որոշման դեմ: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոգրյալ հանգամանքները չեն կարող արդարացնել մեղադրյալ Կ.Քոչարյանի` կալանավորման օրինականությունը վիճարկելու իրավունքի սահմանափակումը:

17. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի` բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման հետևանքով տեղի է ունեցել քրեադատավարական օրենքի խախտում: Այդ խախտումն իր բնույթով էական է, քանի որ դրա արդյունքում սահմանափակվել է անձի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, խախտվել են գործի արդարացի քննության և արդարադատության մատչելիության իրավունքները: Նշված հանգամանքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների հիման վրա հիմք է կայացված դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Կարեն Ռոմիկի Քոչարյանի պաշտպանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 11-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ա. Պողոսյան

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան