Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.11.01/27(440) Հոդ.1069.26
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.06.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԿԴ/0102/01/11

գործ թիվ ԵԿԴ/0102/01/11

Նախագահող դատավոր՝ Կ. Ղազարյան

                 Դատավորներ` Գ. Մելիք-Սարգսյան

                  Հ. Տեր-Ադամյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

 

Ա. Պողոսյանի

 

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի
            

մասնակցությամբ

ամբաստանյալ

Ք. Պետրոսյանի

 

2012 թվականի հունիսի 8-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Քնարիկ Նորիկի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հունվարի 18-ի որոշման դեմ ամբաստանյալի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2010 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում Քնարիկ Պետրոսյանի կողմից վաշխառությամբ զբաղվելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 15108110 քրեական գործը:

2011 թվականի մայիսի 5-ին Քնարիկ Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

2. 2011 թվականի մայիսի 23-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի նոյեմբերի 2-ի դատավճռով Քնարիկ Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 400.000 (չորսհարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Ք.Պետրոսյանի նկատմամբ կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, և նա ազատվել է պատժից:

Տուժող Գագիկ Հայրապետյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը բավարարվել է, վճռվել է ամբաստանյալ Քնարիկ Պետրոսյանից հօգուտ տուժող Գ.Հայրապետյանի բռնագանձել 2.865 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում:

2011 թվականի մայիսի 5-ի որոշմամբ Քնարիկ Պետրոսյանին սեփականության և համասեփականության իրավունքով պատկանող գույքի վրա դրված կալանքը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռով որոշված քաղաքացիական հայցի վերջնական կատարումը:

3. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Ք.Պետրոսյանը:

Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունվարի 18-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունվարի 18-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ք.Պետրոսյանը:

Վճռաբեկ դատարանի 2012 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ բողոքը ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Քնարիկ Պետրոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է այն բանի համար, որ 2007 թվականի հոկտեմբեր ամսից Գագիկ Հայրապետյանին պարտք տված 2.179.800 ՀՀ դրամին համարժեք 6.000 ԱՄՆ դոլարի և 2.000.000 ՀՀ դրամի դիմաց՝ որպես ընդհանուր գումարի ամսական 5 տոկոս հավելավճար, մինչև 2009 թվականի մայիս ամիսը յուրաքանչյուր ամիս ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2007-2009 թվականների համար սահմանված բանկային 13% հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով ստացել է 108.990 ՀՀ դրամին համարժեք 300 ԱՄՆ դոլար և 100.000 ՀՀ դրամ:

Բացի այդ, Քնարիկ Պետրոսյանը 2008 թվականի հուլիս ամսվա սկզբին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի «Քաղաքաշինություն» ՓԲ ընկերության աշխատակից Սուսաննա Հակոբյանին իր աշխատասենյակում` Բուզանդի 1/3 հասցեում, ամսական 5 տոկոս հավելավճարով տրամադրել է 200.000 ՀՀ դրամ, որի դիմաց ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2008-2010 թվականների համար սահմանված բանկային 13% հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով, մինչև 2010 թվականի հունվար ամիսը, ստացել է ամսական 10.000 ՀՀ դրամ` որպես տոկոսագումար: 70.000 ՀՀ դրամ մայր գումարը մարելուց հետո մնացած 130.000 ՀՀ դրամ մայր գումարի դիմաց յուրաքանչյուր ամիս՝ մինչև 2010 թվականի փետրվարի 15-ը, որպես տոկոս ստացել է 6.500 ՀՀ դրամ:

6. Քրեական գործում առկա է ստացական այն մասին, որ տուժող Գ.Հայրապետյանն ամբաստանյալ Ք.Պետրոսյանից պարտքով վերցրել է 9.050 (ինը հազար հիսուն) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և պարտավորվել է վերադարձնել վեց ամսվա ընթացքում: Ստացականը թվագրված է 04.06.2010թ. (տե՛ս քրեական գործ, հատոր 1, էջ 15):

Քրեական գործում առկա է ստացական այն մասին, որ տուժող Գ.Հայրապետյանն ամբաստանյալ Ք.Պետրոսյանից պարտքով վերցրել է 3.120.000 (երեք միլիոն հարյուր քսան հազար) ՀՀ դրամ և պարտավորվել է վերադարձնել վեց ամսվա ընթացքում՝ մինչև 01.06.2010թ. (տե՛ս քրեական գործ, հատոր 1, էջ 16):

7. Գ.Հայրապետյանի տված ստացականների հիման վրա Ք.Պետրոսյանը դիմել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ պարտքով տրված գումարները բռնագանձելու պահանջով, տուժող Գ.Հայրապետյանը Ք.Պետրոսյանի հետ կնքված փոխառության պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882-րդ հոդվածով նախատեսված կարգով չի վիճարկել:

2011 թվականի հունիսի 21-ի վճռով քաղաքացիական հայցը բավարարվել է (տե՛ս քրեական գործ, հատոր 2, էջեր 155-158):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

8. Բողոքի հեղինակը նշել է, որ իր բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ կետերով սահմանված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի, մասնավորապես՝ վաշխառության համար քրեական պատասխանատվություն նախատեսող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:

9. Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքի հեղինակը նշել է, որ քրեական գործում առկա և դատարանում հետազոտված որևէ ապացույցով չի հաստատվել իրեն մեղսագրվող վաշխառության հանցակազմի սուբյեկտիվ կողմը, այն է` պարտք տրված գումարի համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալը: Բողոքաբերի պնդմամբ, որպես իր մեղքը հիմնավորող ապացույցներ են դիտվել շահագրգիռ կողմի՝ տուժող Գ.Հայրապետյանի, նրա կնոջ՝ Ի.Իսրայելյանի, տուժող Ս.Հակոբյանի, ինչպես նաև մի քանի այլ վկաների ցուցմունքները, ովքեր նշել են, որ ամեն ինչ լսել են վերը նշված շահագրգիռ անձանցից:

Վերոգրյալից բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածների պահանջները, գործով ձեռք բերված ապացույցները չեն ենթարկել օբյեկտիվ և բազմակողմանի ստուգման, յուրաքանչյուր ապացույց չեն գնահատել վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

Բողոքի հեղինակը փաստարկել է, որ խախտվել են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, 360-րդ, 365-րդ հոդվածների պահանջները:

10. Ելնելով վերոգրյալից` բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի նոյեմբերի 2-ի դատավճիռը, այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունվարի 18-ի որոշումը, ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճել և իր նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, կամ գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հիմքը Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով նախատեսված վաշխառության հանցակազմի մեկնաբանության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Այդ առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

 

I. Վաշխառության քրեաիրավական և փոխառության քաղաքացիաիրավական բնութագրերը.

 

12. ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Վաշխառությունը՝ պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշով որոշվող գույքի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալ[ն է], ինչպես նաև անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը, որից օգտվել է մյուս կողմը (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում նույն հոդվածի 1-ին մասով արգելված արարքի համար՝

1) որի հետևանքով տուժողն ընկել է նյութական ծանր կացության մեջ,

2) որը կատարվել է որպես արհեստ,

3) որը կատարվել է տուժողի անչափահաս լինելը կամ մտավոր զարգացման թերություններն օգտագործելով:

ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածը զետեղված է «Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները» վերտառությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ գլխում և հանդիսանում է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություն:

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հանրային վտանգավորությունը դրսևորվում է նրանով, որ դրանք խախտում են տնտեսության ոլորտի իրավակարգը, տնտեսական շրջանառության առանձին մասնակիցների, հասարակության, պետության տնտեսական շահերը, գույքային վնաս են պատճառում տնտեսվարող սուբյեկտներին և առանձին քաղաքացիներին: Համանման կերպով, վաշխառության հանրային վտանգավորությունն արտահայտվում է հետևյալ կերպ՝

ա) վաշխառության հետևանքով խախտվում է պետության ֆինանսական գործունեությունը, վաշխառուն ստանում է չհաշվառված եկամուտ, ինչպես նաև նյութական վնաս է պատճառում քաղաքացիներին և իրավաբանական անձանց,

բ) վաշխառությունը կարող է նախադրյալ հանդիսանալ այլ՝ առավել ծանր հանցագործությունների (օրինակ՝ փողերի լվացում, հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց խուսափելը և այլն) կատարման համար:

13. Վաշխառության հանցակազմի դիսպոզիցիայի վերլուծությունից երևում է, որ այն երկօբյեկտ հանցագործություն է: Վաշխառության հիմնական անմիջական օբյեկտն են պետության ֆինանսական գործունեության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունները, լրացուցիչ օբյեկտ են մասնավոր անձանց գույքային իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունները: Ընդ որում՝ վաշխառության հանցակազմն այնպես է կառուցված, որ հիմնական օբյեկտը վնասվում է լրացուցիչ օբյեկտին վնաս պատճառելու միջոցով:

Վաշխառության առարկա կարող են հանդիսանալ դրամը, ինչպես նաև տեսակային հատկանիշներով որոշվող գույքը:

Օբյեկտիվ կողմից վաշխառության հանցակազմը նկարագրված է հետևյալ երկընտրելի արարքների միջոցով՝

1) պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշներով որոշվող գույքի համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալը,

2) անձի հետ՝ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը, որից օգտվում է մյուս կողմը:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցակազմերի սուբյեկտիվ կողմը դրսևորվում է ուղղակի դիտավորությամբ:

Ինչ վերաբերում է արարքի ավարտման պահին, ապա ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով արգելված արարքներն ավարտված են համարվում ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալու կամ անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելու պահից: ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով արգելված արարքն ավարտված է համարվում տուժողի՝ նյութական ծանր կացության մեջ ընկնելու պահից:

15. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք:

Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 879-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Փոխատուն իրավունք ունի փոխառության գումարից տոկոսներ ստանալ փոխառուից, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով: Փոխառության պայմանագրում հստակ պետք է սահմանվեն տոկոսների չափը և հաշվարկման կարգը: Փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույթի կրկնապատիկը»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 879-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Փոխառության պայմանագիրը ենթադրվում է անտոկոս՝ դրանում ուղղակիորեն այլ բան նախատեսված չլինելու դեպքում, եթե՝

1) քաղաքացիների միջև փոխառության պայմանագիրը կնքված է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը չգերազանցող գումարով և այն կապված չէ կողմերից որևէ մեկի ձեռնարկատիրական գործունեության հետ.

2) փոխառուին պայմանագրով հանձնվել է ոչ թե դրամ, այլ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք»:

Մեջբերված քաղաքացիաիրավական դրույթների վերլուծությունից երևում է, որ փոխառության պայմանագրի իմաստով՝ փոխատուն դրամը կամ տեսակային հատկանիշներով որոշվող իրերը փոխառուին է հանձնում ի սեփականություն: Փոխառության պայմանագրով փոխատուն ձեռք է բերում պահանջի իրավունք, իսկ փոխառուն ստանձնում է պարտքը վերադարձնելու պարտականություն: Որպես ընդհանուր կանոն, փոխառության պայմանագիրը հատուցելի է:

16. Սույն որոշման 12-14-րդ և 15-րդ կետերում շարադրված վերլուծության համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով արգելված վաշխառության տարատեսակն ըստ էության ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված փոխառության պայմանագրի էական պայմաններից մեկի (տոկոսի չափի) խախտմամբ կնքված գործարք է:

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությ[ան] վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման: (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության՝ որպես մասնավոր հետապնդման գործի վերաբերյալ իրավական դիրքորոշում է ձևավորվել ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-947 որոշման մեջ:

18. Սույն որոշման նախորդ կետում վկայակոչված որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանը դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) կոնկրետ արարքի համար միաժամանակ քրեական և քաղաքացիական պատասխանատվություն սահմանող նորմերն ունեն տարբեր առարկաներ, և դրանց միջոցով օրենսդիրը լուծում է տարբեր խնդիրներ:

(…)

ՀՀ քրեական և քաղաքացիական օրենսդրության խնդիրների համադրված վերլուծությունից բխում է, որ քրեական օրենսդրության միջոցով օրենսդիրն իր առջև դրել է հանցագործությունների կանխման միջոցով հանցագործությունների հետևանքով իրավունքների և ազատությունների խախտումների կանխման խնդիր, իսկ քաղաքացիական օրենսդրության դեպքում օրենսդիրն իր առջև դրել է խախտված իրավունքների վերականգման ապահովման խնդիր, ինչը նշանակում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առկա են քաղաքացիական իրավունքների խախտման դեպքում քաղաքացիական դատավարության կարգով նշված իրավունքների վերականգման համար նախադրյալներ հանդիսացող նորմեր: Այդպիսիք են, մասնավորապես՝ (…) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ և 313-րդ հոդվածները, որոնք նախադրյալներ են հանդիսանում օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքի կամ ստրկացուցիչ գործարքի հետևանքով խախտված իրավունքները քաղաքացիական դատավարության կարգով վերականգնելու համար:

(…)

Ինքնանպատակ չէ այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործվում է «պաշտպանել իրավունքները» բառակապակցությունը, ինչը նշանակում է, որ քրեական օրենսդրությունն ունի նախականխիչ նշանակություն և քրեական օրենսդրության միջոցով օբյեկտիվորեն հնարավոր չէ վերականգնել արդեն իսկ խախտված իրավունքները:

(…)

Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի վերաբերյալ գործերը հանդիսանում են մասնավոր հետապնդման գործեր, արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի առկայության դեպքում գործարքի կողմ հանդիսացող մասնավոր անձին է հնարավորություն վերապահված ընտրություն կատարելու նշված արարքը կատարած, գործարքի մյուս կողմ հանդիսացող մասնավոր անձին քաղաքացիական պատասխանատվության ենթարկելու համար հայց կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համար համապատասխան հայտարարություն ներկայացնելու միջև: Բոլոր դեպքերում, օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարք կնքած անձը կարող է և պարտավոր է իմանալ, որ տվյալ արարքի համար սահմանված է ոչ միայն քաղաքացիական, այլ նաև քրեական պատասխանատվություն»:

19. Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-947 որոշմամբ արտահայտած դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մասնավոր հետապնդման գործ հանդիսացող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի առկայության դեպքում քրեական և քաղաքացիական վարույթների միջև ընտրություն կատարելու հնարավորության կապակցությամբ անհրաժեշտ է հաշվի առնել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վաշխառությունը փոխառության պայմանագրի էական պայմաններից մեկի (տոկոսի չափի) խախտմամբ կնքված գործարք է (տե՛ս սույն որոշման 16-րդ կետը), ուստի վերջինիս կապակցությամբ քրեական և քաղաքացիական վարույթների միջև ընտրություն կատարելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ պայմանագրային իրավունքից (մասնավոր իրավունքից) բխող վեճերի պարագայում հանրային շահն էապես ավելի փոքր է, քան մասնավոր շահը: Ուստի հանրային-իրավական գործիքակազմի ներգրավումը պետք է տեղի ունենա միայն այն դեպքում, երբ բարձր ու համարժեք ապացուցողական չափանիշով հիմնավորվում է, որ տվյալ կոնկրետ դեպքում առկա է շոշափելիորեն ավելի մեծ հանրային շահ:

Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ դիրքորոշումը հիմնված է նաև այն հանգամանքի վրա, որ որպես տոկոսի չափի խախտմամբ փոխառության պայմանագրի կնքման նախաձեռնող շատ դեպքերում հանդես է գալիս վաշխառության ենթադրյալ տուժողը, ով հետագայում, փաստորեն, հնարավորություն է ստանում չարաշահելու իր իրավունքը, եթե հայտնվում է անբարենպաստ դրության մեջ, օրինակ՝ չի կարողանում կամ չի ցանկանում կատարել ստանձնած պարտավորությունները:

 

II. Վաշխառության գործերով դատարանի լուծմանը ենթակա հարցերը.

 

20. Վաշխառության քրեաիրավական և փոխառության քաղաքացիաիրավական բնութագրերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ վաշխառության համար քրեական պատասխանատվության հարցը կապված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ փոխառության պայմանագրի պայմանների առկայության հետ: Ուստի, անհրաժեշտ է համարում վերլուծության ենթարկել փոխառության պայմանագրի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսդրության մի շարք դրույթներ և դրա արդյունքում պարզաբանել, թե վաշխառության գործերով ո՞ր հարցերն են ենթակա դատարանի լուծմանը:

21. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝

«1. Փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր:

2. Ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների՝ կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ»:

Փոխառության պայմանագրի գրավոր ձևը պահպանված է համարվում այն դեպքում, երբ փոխառուն, ի հավաստումն փոխառության պայմանագրի կնքման, փոխատուին տալիս է ստացական կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ: Ստացականը կամ այլ փաստաթուղթը ստորագրվում է փոխառուի կողմից և ձեռք է բերում ապացուցողական նշանակություն, այս իմաստով՝ ստացականը կամ այլ փաստաթուղթը հավասարեցվում է գրավոր ձևով կնքված պայմանագրին:

22. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է փոխառության պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը (…)»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հավաստումն գործարքի ու նրա պայմանների՝ վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից»:

Մեջբերված դրույթների վերլուծությունից երևում է, որ գրավոր ձևով չկնքված փոխառության գործարքն առոչինչ է, և կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը: Ընդ որում, փոխառության գործարքի գրավոր ձևի չպահպանման դեպքում արգելվում է ի հավաստումն փոխառության գործարքի ու նրա պայմանների վկայակոչել վկաների ցուցմունքներ:

23. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 879-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Փոխատուն իրավունք ունի փոխառության գումարից տոկոսներ ստանալ փոխառուից, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով: Փոխառության պայմանագրում հստակ պետք է սահմանվեն տոկոսների չափը և հաշվարկման կարգը: Փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Փոխառուն իրավունք ունի վիճարկել փոխառության պայմանագիրը, եթե ապացուցում է, որ ինքը փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով»:

Մեջբերված դրույթների վերլուծությունից երևում է, որ փոխառուն պարտավոր է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել ստացած փոխառության գումարը, իսկ եթե պայմանագիրը հատուցելի է, վճարել նույն պայմանագրով նախատեսված տոկոսները՝ կողմերի համաձայնությամբ սահմանված չափով և հաճախականությամբ: Փոխառուն իրավունք ունի նաև վիճարկել փոխառության պայմանագիրը:

24. Հիմք ընդունելով սույն որոշման 21-23-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փոխառության պայմանագրի գրավոր ձևակերպումը, ի թիվս այլոց, կատարվում է փոխառուի կողմից փոխատուին ստացական հանձնելով, որտեղ նշվում է փոխառության գումարը և այն վերադարձնելու ժամկետը: Փոխառությունը հատուցելի լինելու դեպքում ստացականում նշվում են սահմանված տոկոսների չափը և դրանց հաշվարկման կարգը:

Փոխառության պայմանագրի բովանդակության վերաբերյալ քաղաքացիաիրավական նորմերի վերլուծությունից երևում է, որ այդ պայմանագրով փոխատուն ձեռք է բերում որոշակի իրավունքներ, իսկ փոխառուն՝ որոշակի պարտականություններ: Ընդ որում, փոխառուի հիմնական պարտականությունը փոխառությամբ ստացած դրամի նույն գումարը կամ նույն տեսակի, որակի և քանակի իրերը վերադարձնելն է: Հատուցելի փոխառության պայմանագրի առկայության պարագայում փոխատուն պարտավոր է նաև վճարել նույն պայմանագրով նախատեսված տոկոսները: Ընդ որում, տոկոսների չափը, ինչպես նաև դրանց հաշվարկման կարգը սահմանվում են կողմերի համաձայնությամբ: Տոկոսների չափը որոշելու կողմերի իրավունքը սահմանափակվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 879-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով սահմանված այն իմպերատիվ կանոնով, ըստ որի՝ փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:

25. Հիմք ընդունելով սույն որոշման 20-24-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վաշխառության վերաբերյալ գործեր քննելիս դատարանը լուծում է միայն անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը և իրավասու չէ անդրադառնալ ապօրինի գործարքով տուժողին պատճառված վնասի փոխհատուցման խնդրին: Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ դիրքորոշումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ ապօրինի գործարքի կնքման և դրա արդյունքում վնասների առաջացման հարցում կարող է առկա լինել նաև տուժողի մեղքը, տուժողի կողմից իր իրավունքների չարաշահումը և այլն (տե՛ս սույն որոշման 19-րդ կետը): Ուստի, ապօրինի գործարքով տուժողին պատճառված վնասի փոխհատուցման հարցը ենթակա է լուծման քաղաքացիական դատավարության կարգով՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերին համապատասխան:

26. Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ դիրքորոշումը հիմնված է նաև այն հանգամանքի վրա, որ պայմանագրային (մասնավոր) հարաբերությունները ենթադրում են կամքի ազատություն, կողմերի հայեցողության լայն հնարավորություն, որը կապված է հիմնականում փոխադարձ օգուտ կամ տնտեսական շահ ստանալու հանգամանքի հետ: Վաշխառության դեպքում ևս կողմերի միջև կնքվում է փոխադարձ համաձայնություն, որի դեպքում տուժող կողմը գիտակցում է նման համաձայնության հետևանքները և ցանկանում է մտնել նման հարաբերության մեջ: Այլ խոսքով, ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով արգելված վաշխառությունը երկկողմանի ապօրինի գործարք է, որը կնքվել է գործող քաղաքացիական օրենսդրության պահանջների անտեսմամբ: Լ.Ավետիսյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) անթույլատրելի է գործող քաղաքացիական օրենսդրության պահանջների անտեսմամբ բնականոն գույքային շրջանառությունը խաթարող գործարքներ կնքելու պրակտիկան: Այդ փաստերը կարող են խեղաթյուրել քաղաքացիաիրավական հարաբերությունները, սպառնալ իրավական անվտանգությանը, պայմաններ ստեղծել, որ անձինք խուսափեն հարկային պարտավորությունների կատարումից, ինչպես նաև այլ եղանակներով վնասել իրավաչափ հանրային շահերը:

Նման դեպքերում պետությունը պարտավոր չէ գործող քաղաքացիական օրենսդրության պահանջների անտեսմամբ գործարքներ կնքած քաղաքացիների գույքային և այլ իրավունքների վերականգնումը դիտել հանրային շահի տիրույթում և հանրային միջոցներ ծախսելով՝ իրականացնել նշված մասնավոր շահերի քրեաիրավական պաշտպանություն:

Այդ մասնավոր շահերի պաշտպանությունը` որպես ընդհանուր կանոն, պետք է կատարվի մասնավոր իրավունքի տիրույթում` քաղաքացիաիրավական և քաղաքացիադատավարական միջոցներով» (տե՛ս Լիա Արտյոմի Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշման 31-րդ կետը):

Վերոգրյալից բացի, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի ուժով՝ տոկոսի չափի խախտմամբ կնքված փոխառության պայմանագիրը համարվում է վիճահարույց գործարք: Ուստի, ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը հնարավորություն է տալիս կողմերին նման գործարքը վիճարկել դատական կարգով և պահանջել կիրառել անվավերության հետևանքներ:

27. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ սույն որոշման 20-27-րդ կետերում շարադրված վերլուծությունը և հատկապես 25-րդ կետում ամրագրված չափանիշը կարող է կիրառելի լինել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վաշխառության տարատեսակի նկատմամբ: Նշված չափանիշը կիրառելի չէ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վաշխառության որակյալ տարատեսակի առկայության դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ առկա է հիմնավոր կասկած, որ վաշխառությունը նախադրյալ է հանդիսացել այլ՝ առավել ծանր հանցագործությունների (օրինակ՝ փողերի լվացում, հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց խուսափելը և այլն) կատարման համար:

 

III. Քնարիկ Պետրոսյանին վերագրվող արարքում վաշխառության հանցակազմի առկայությունը.

 

28. Սույն որոշման 12-27-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների և վերլուծությունների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն անդրադառնում է սույն գործով իր առջև բարձրացված հիմնական հարցին` հիմնավորվա՞ծ են արդյոք Ք.Պետրոսյանի վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը:

29. ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վաշխառության հանցակազմի վերլուծությունը շարադրված է սույն որոշման 12-14-րդ կետերում: Նշված վերլուծության համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված վաշխառության հանցակազմն օբյեկտիվ կողմից դրսևորվում է պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշներով որոշվող գույքի համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալով (տե՛ս սույն որոշման 13-րդ կետը): Սուբյեկտիվ կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը դրսևորվում է ուղղակի դիտավորությամբ և ավարտված է համարվում ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալու պահից (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը):

30. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ

ա) Ք.Պետրոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է այն բանի համար, որ 2007 թվականի հոկտեմբեր ամսից Գագիկ Հայրապետյանին պարտք տված 2.179.800 ՀՀ դրամին համարժեք 6.000 ԱՄՆ դոլարի և 2.000.000 ՀՀ դրամի դիմաց՝ որպես ընդհանուր գումարի ամսական 5 տոկոս հավելավճար, մինչև 2009 թվականի մայիս ամիսը յուրաքանչյուր ամիս ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2007-2009 թվականների համար սահմանված բանկային 13% հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով ստացել է 108.990 ՀՀ դրամին համարժեք 300 ԱՄՆ դոլար և 100.000 ՀՀ դրամ:

բ) Ք.Պետրոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է նաև այն բանի համար, որ 2008 թվականի հուլիս ամսվա սկզբին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի «Քաղաքաշինություն» ՓԲ ընկերության աշխատակից Սուսաննա Հակոբյանին իր աշխատասենյակում` Բուզանդի 1/3 հասցեում, ամսական 5 տոկոս հավելավճարով տրամադրել է 200.000 ՀՀ դրամ, որի դիմաց ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2008-2010 թվականների համար սահմանված բանկային 13% հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով, մինչև 2010 թվականի հունվար ամիսը, ստացել է ամսական 10.000 ՀՀ դրամ` որպես տոկոսագումար: 70.000 ՀՀ դրամ մայր գումարը մարելուց հետո մնացած 130.000 ՀՀ դրամ մայր գումարի դիմաց յուրաքանչյուր ամիս՝ մինչև 2010 թվականի փետրվարի 15-ը, որպես տոկոս ստացել է 6.500 ՀՀ դրամ (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

գ) Տուժող Գ.Հայրապետյանի կողմից ամբաստանյալ Ք.Պետրոսյանին տրված երկու ստացականների համաձայն՝ Գ.Հայրապետյանը Ք.Պետրոսյանից պարտքով վերցրել է 9.050 (ինը հազար հիսուն) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 3.120.000 (երեք միլիոն հարյուր քսան հազար) ՀՀ դրամ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ (ա) և (բ) ենթակետերում շարադրված արարքներում Ք.Պետրոսյանի մեղադրանքը, ի թիվս այլոց, հիմնավորված է համարվել նաև (գ) կետում վկայակոչված ստացականների գնահատման արդյունքում: Նշված ստացականներում որևէ նշում չկա Ք.Պետրոսյանի կողմից պարտք տրված դրամի համար որևէ չափով տոկոսներ ստանալու մասին: Մինչդեռ, ինչպես երևում է սույն որոշման 29-րդ կետում մեջբերված և համապատասխանաբար նաև սույն որոշման 12-14-րդ կետերում շարադրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վաշխառության հանցակազմի վերլուծությունից, վաշխառության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է դրամի կամ տեսակային հատկանիշներով որոշվող գույքի համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալը:

31. Սույն որոշման 12-29-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 30-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության և գնահատման չեն ենթարկել հետևյալ հանգամանքները՝

1) արդյո՞ք Առաջին ատյանի դատարանն իրավասու էր լուծել տուժող Գ.Հայրապետյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը, թե՞ պարտավոր էր լուծել միայն Ք.Պետրոսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը (տե՛ս սույն որոշման 25-րդ կետը).

2) արդյո՞ք սույն գործով առկա են փաստական տվյալներ այն մասին, որ Ք.Պետրոսյանը Գ.Հայրապետյանին տված դրամի համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ է ստացել.

3) արդյո՞ք սույն գործով Ք.Պետրոսյանի և Գ.Հայրապետյանի միջև չի կնքվել անհատույց փոխառության պայմանագիր, որի նկատմամբ կիրառելի են փոխառության պայմանագրի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան նորմերը (տե՛ս սույն որոշման 15-րդ, 21-24րդ կետերը): Առավել ևս, որ սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Գ.Հայրապետյանի տված ստացականների հիման վրա Ք.Պետրոսյանը դիմել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ պարտքով տրված գումարները բռնագանձելու պահանջով, տուժող Գ.Հայրապետյանը Ք.Պետրոսյանի հետ կնքված փոխառության պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882-րդ հոդվածով նախատեսված կարգով չի վիճարկել:

2011 թվականի հունիսի 21-ի վճռով քաղաքացիական հայցը բավարարվել է (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

32. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բարձրացված հիմնական հարցին հնարավոր չէ (տե՛ս սույն որոշման 29-րդ կետը) պատասխանել առանց սույն որոշման 32-րդ կետում նշված հարցադրումներին պատասխանելու: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի նոյեմբերի 2-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հունվարի 18-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Քնարիկ Նորիկի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի նոյեմբերի 2-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հունվարի 18-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

 

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան