Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.03/48(922).1 Հոդ.1069.33
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.06.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԿԴ1/0040/01/11

գործ թիվ ԵԿԴ/0040/01/11

Նախագահող դատավոր՝ Ս. Չիչոյան

                  Դատավորներ` Ե. Դարբինյան

                   Գ. Ավետիսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

 

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

 

Ա. Պողոսյանի

   
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

 

2012 թվականի հունիսի 8-ին

ք. Երևանում 

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի նոյեմբերի 11-ի որոշման դեմ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև` Բանկ) ներկայացուցիչ Հ.Անդրեասյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2011 թվականի փետրվարի 7-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 61200711 քրեական գործը:

2011 թվականի մարտի 9-ի որոշմամբ Գագիկ Արշակի Առաքելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով` որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

2011 թվականի հունիսի 10-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման (այսուհետ նաև՝ Համաներման ակտ) 6-րդ կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ Գ.Առաքելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճվել է և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Գագիկ Արշակի Առաքելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, վերացվել է:

3. Ամբաստանյալ Գ.Առաքելյանի պաշտպան Գ.Մադոյանի և «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Հ.Անդրեասյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2011 թվականի նոյեմբերի 11-ին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքները մերժելու, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 25-ի որոշումը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Հ.Անդրեասյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի մարտի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Քրեական գործով կատարված քննությամբ նախաքննական մարմինը հաստատված է համարել հետևյալը «2008 թվականի դեկտեմբերի 8-ին Անահիտ Սարգսյանը որդուն` Գ.Երեմյանին պատկանող հողամասը և Լիլիթ Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող 1986 թվականի արտադրության «Մերսեդես-Բենց G-280» մակնիշի 88 ՍL 778 պետհամարանիշի ավտոմեքենան վերջիններիս համաձայնությամբ գրավադրել է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում, ստացել 13.000 ԱՄՆ դոլար վարկ, որից 2000 ԱՄՆ դոլարը տվել է Գագիկ Առաքելյանին, այն հետագայում բանկին մարելու նպատակով: Վարկը ստանալուց հետո Ա.Սարգսյանը բանկի հետ կնքված պայմանագրով նախատեսված պարտականությունները չի կատարել, ինչի պատճառով էլ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն 2009 թվականի հուլիսի 7-ին դիմել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան` գումարի բռնագանձման հայցի պահանջով:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, քննարկելով «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, 2009 թվականի հուլիսի 27-ին որոշում է կայացրել հայցագնի` 13.485 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով պատասխանողներ Ա.Սարգսյանին և Լ.Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին:

2009 թվականի հուլիսի 27-ի ԵԱՆԴ/0997/02/09 կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնում 2009 թվականի օգոստոսի 19-ին հարուցվել է կատարողական վարույթ, որի ընթացքում 2009 թվականի օգոստոսի 31-ին արգելանք է դրվել Լ.Առաքելյանի գույքի և դրամական միջոցների վրա ու նրան սեփականության իրավունքով պատկանող, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված, 1986 թվականի արտադրության «Մերսեդես-Բենց G-280» մակնիշի 88 ՍL 778 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա և այն ի պահ է հանձնվել վերջինիս հորը, նաև լիազորված անձ Գագիկ Առաքելյանին: 2010 թվականի դեկտեմբերի 2-ին ԴԱՀԿ աշխատակիցների կողմից ավտոմեքենան առգրավելիս Գ.Առաքելյանը, նախազգուշացված լինելով արգելանքի տակ գտնվող գույքն օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու անթույլատրելիության և նմանատիպ արարքի համար քրեական պատասխանատվություն նախատեսված լինելու մասին, թաքցրել է ավտոմեքենան, հրաժարվել է տեղեկություն հայտնել ավտոմեքենայի գտնվելու ստույգ վայրի մասին` պատճառաբանելով, որ այն օտարել է, տվել է պարտք մնացած գումարի դիմաց (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, էջեր 159-163):

6. Առաջին ատյանի դատարանը՝ կիրառելով Համաներման ակտի 6-րդ կետի 2-րդ ենթակետը, կարճել է Գագիկ Արշակի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը և դադարեցրել է նրա նկատմամբ քրեական հետապնդումը (տե՛ս քրեական գործ, հատոր 2, էջեր 133-135):

Առաջին ատյանի դատարանի որոշման մեջ արձանագրված է, որ. «Համաձայն համաներում հայտարարելու մասին որոշման 13-րդ կետի 1-ին ենթակետի` որոշման կատարումը դրվել է դատարանների վրա այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը գտնվում են դատարաններում, սակայն մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել:

Նույն որոշման 15-րդ կետի համաձայն` համաներման որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչև 2011թ. մայիսի 1-ը ներառյալ:

Դատարանը գտնում է, որ միջնորդությունը բխում է վերոհիշյալ օրենսդրական ակտերի բովանդակությունից, ենթակա է բավարարման, ուստի Գագիկ Արշակի Առաքելյանի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը` դադարեցման» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, էջ 135):

7. «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Հ.Անդրեասյանն իր վերաքննիչ բողոքում նշել է, որ դատարանի որոշումը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի խախտմամբ: Դատարանը սխալ է մեկնաբանել Համաներման ակտի 6-րդ կետի 2-րդ ենթակետը, խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ և 398-րդ հոդվածները և չի կիրառել Համաներման ակտի 9-րդ կետի 6-րդ ենթակետը: Բողոքաբերն իր վերաքննիչ բողոքում նշել է նաև, որ դատարանը բանկին չի ներգրավել որպես դատավարության մասնակից և չի լուծել հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցման հարցը:

8. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 25-ի որոշումը` Գագիկ Առաքելյանի վերաբերյալ համաներում կիրառելու և ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճելու ու քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, արձանագրել է, որ. «Նկատի ունենալով, որ Գագիկ Առաքելյանի նկատմամբ համաներման որոշման կիրառման սահմանափակումները գործի նյութերում բացակայում են, վերաքննիչ դատարանը գտնում է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հանգել է ճիշտ հետևության` բավարարելով Գագիկ Առաքելյանի միջնորդությունը և «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի, ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի կիրառմամբ կարճելով սույն քրեական գործի վարույթը» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, էջեր 196-199):

9. Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի վճռի (օրինական ուժի մեջ է մտել 2010 թվականի ապրիլի 14-ին) համաձայն` «Անահիտ Սարգսյանից հօգուտ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 11.813 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (…): Բռնագանձումը տարածել գրավի առարկա` պատասխանող Լիլիթ Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող «Մերսեդես-Բենց G-280» մակնիշի, 1986 թվականի արտադրության, 88 ՍL 778 պետհամարանիշի ավտոմեքենայի (…) վրա (տե՛ս քրեական գործ, հատոր 1, էջ 16):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

10. Բողոքաբերը փաստարկել է, որ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել Համաներման ակտի 6-րդ կետի 2-րդ ենթակետը, խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ և 398-րդ հոդվածները:

Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը, դատական նիստի նախապատրաստական փուլում քննելով ամբաստանյալ Գ.Առաքելյանի դիմումը՝ իր նկատմամբ Համաներման ակտը կիրառելու վերաբերյալ, այն բավարարել է և որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու, Գ.Առաքելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Փաստորեն, դատարանն անտեսել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որի 6-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործի հարուցման մերժում, վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ, ինչպես նաև Համաներման ակտի 9-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջը, որի համաձայն՝ համաներում չի կիրառվում այն անձանց նկատմամբ, ովքեր չեն հատուցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը:

Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը հանգեցրել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի անկատարության՝ դատարանը հաշվի չի առել, որ Գ.Առաքելյանի կատարած հանցագործությամբ բանկին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս և չի լուծվել այդ վնասի փոխհատուցման հարցը: Բացի այդ, բանկը մասնակից չի դարձվել դատաքննությանը, դրանով իսկ զրկվելով օրենքով իրեն վերապահված իրավունքից:

11. Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստարկները, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ հոդվածները՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ է տվել դատական սխալ: Ուստի, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I. Բանկին դատավարության մասնակից չճանաչելու իրավաչափությունը

 

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Գ.Առաքելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի քննությանը մասնակից չդարձվելով՝ խախտվե՞լ են արդյոք «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի իրավունքներն ու օրինական շահերը:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասը («Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները») պատասխանատվություն է նախատեսում արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքն այն անձի կողմից վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու համար, ում այդ գույքը վստահված է եղել, ինչպես նաև վարկատու կազմակերպության ծառայողի կողմից կալանքի տակ գտնվող դրամական միջոցներով (ավանդներով) բանկային գործառնություններ իրականացնելու համար:

Մեջբերված հանցակազմի վերլուծությունից երևում է, որ այն վերաբերում է վերգրված և արգելանքի տակ գտնվող գույքի կամ կալանքի տակ գտնվող դրամական միջոցների հետ կատարվող ապօրինի գործողություններին:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հիմնական, անմիջական օբյեկտ են հանդիսանում արդարադատության նորմալ գործունեությունն ապահովող հասարակական հարաբերությունները: Որպես լրացուցիչ օբյեկտ հանդես են գալիս քաղաքացիների (համապատասխան գործերով տուժողների, հայցվորների), իրավաբանական անձանց, պետության գույքային իրավունքներն ու օրինական շահերը:

15. ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է վերգրված և արգելանքի տակ գտնվող գույքը

ա) վատնելով,

բ) օտարելով,

գ) թաքցնելով,

դ) ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելով

ե) կալանքի տակ գտնվող դրամական միջոցներով բանկային գործառնություններ իրականացնելով:

Վերգրված կամ արգելանքի տակ գտնվող գույքի վատնումը դրսևորվում է նրանում, որ հանցավորը, գույքի նկատմամբ իր լիազորություններն օգտագործելով, իրեն վստահված գույքն ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով օտարում է (ծախսում, վաճառում, այլ անձանց հանձնում, սպառում և այլն): Վատնումն ավարտված է համարվում այն պահից, երբ ավարտվում է երրորդ անձանց գույքը հանձնելու կամ այն սպառելու գործընթացը: Վատնումը կարող է դրսևորվել ոչ միայն միանվագ ակտով, այլև ժամանակի ընթացքում գույքը մաս-մաս օտարելու առանձին դրվագներով:

Վերգրված կամ արգելանքի տակ գտնվող գույքի օտարումը դրսևորվում է վաճառելով, փոխանակելով, նվիրելով, գրավ դնելով:

Վերգրված կամ արգելանքի տակ գտնվող գույքը թաքցնելը նշանակում է առանց վարույթն իրականացնող մարմնին տեղյակ պահելու և ապագայում էլ նրանց տեղեկատվություն չտալու մտադրությամբ դրա տեղափոխումը այլ վայր կամ այլ անձանց ի պահ տալը:

Վերգրված կամ արգելանքի տակ գտնվող գույքը մեկ ուրիշին հանձնելը նշանակում է առանց համապատասխան մարմնի թույլտվության դրա ի պահ տալը այլ կազմակերպության կամ անձի՝ առանց գույքը թաքցնելու մտադրության:

Կալանքի տակ գտնվող դրամական միջոցներով բանկային գործառնություններ իրականացնելը ենթադրում է յուրաքանչյուր բանկային գործառնության իրականացում, որը կարող են կատարել բանկային մարմինները՝ ՀՀ բանկային օրենսդրությանը համապատասխան:

16. ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ. հանցավորը գիտակցում է, որ ապօրինի գործողություններ է կատարում, վերգրված և արգելանքի տակ գտնվող գույքի կամ կալանքի տակ գտնվող դրամական միջոցների հետ:

Քննարկվող հանցակազմի սուբյեկտը հատուկ է. վերգրված կամ արգելանքի տակ գտնվող գույքի կապակցությամբ որպես այդպիսին կարող է հանդիսանալ միայն այն անձը, ում այդ գույքը վստահված է եղել, իսկ կալանքի տակ գտնվող դրամական միջոցների կապակցությամբ՝ վարկատու կազմակերպության ծառայողը:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմինը հաստատված է համարել, որ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն վարկ տրված գումարի բռնագանձման հայցապահանջով դիմել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ընդդեմ Ա.Սարգսյանի և Լ.Առաքելյանի: Գործի քննության ընթացքում դատարանը հայցվորի միջնորդության հիման վրա որոշում է կայացրել պատասխանողներին սեփականության իրավունքով պատկանող գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին: Նշված որոշման հիման վրա ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում արգելանք է դրվել Լ.Առաքելյանի գույքի, այդ թվում Բանկում գրավադրված` «Մերսեդես-Բենց G-280» մակնիշի ավտոմեքենայի վրա, որն ի պահ է հանձնվել Լ.Առաքելյանի հորը` Գագիկ Առաքելյանին: Գ.Առաքելյանը, նախազգուշացված լինելով արգելանքի տակ գտնվող գույքն օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու անթույլատրելիության և նմանատիպ արարքի համար քրեական պատասխանատվություն նախատեսված լինելու մասին, 2010 թվականի դեկտեմբերի 2-ին հրաժարվել է ԴԱՀԿ աշխատակիցներին տեղեկություն հայտնել ավտոմեքենայի գտնվելու վայրի մասին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Ընդ որում, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի վճռով Բանկի հայցը բավարարվել է` վճռվել է Ա.Սարգսյանից հօգուտ Բանկի բռնագանձել 11.813 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, բռնագանձումը տարածելով գրավի առարկա հանդիսացող` «Մերսեդես-Բենց G-280» մակնիշի ավտոմեքենայի վրա (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ.Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա թաքցրել է ավտոմեքենան, որը գրավադրված է եղել Բանկում և հանդիսացել է վարկառուի` Բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների ապահովման միջոց: Նրա գործողությունների հետևանքով, փաստորեն, ձախողվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի վճռի կատարումը:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ սույն գործի ինչպես նախաքննության, այնպես էլ Առաջին ատյանի դատարանի դատական քննության ընթացքում Բանկը գործի քննությանը մասնակից չի դարձվել, իսկ վերաքննիչ բողոքում բերված` դատավարության մասնակից դարձնելու փաստարկին, Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում չի անդրադարձել (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

18. Սույն որոշման 13-16-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 17-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արգելանքի տակ գտնվող, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում գրավադրված և դատարանի վճռով բռնագանձման ենթակա ավտոմեքենայի նկատմամբ Գ.Առաքելյանի կատարած ենթադրյալ հանցագործության արդյունքում խախտվել են ինչպես արդարադատության նորմալ գործունեությունն ապահովող հասարակական հարաբերությունները, այնպես էլ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի՝ որպես պարտատիրոջ, գույքային իրավունքներն ու օրինական շահերը:

19. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոքի հեղինակի փաստարկն այն մասին, որ սույն քրեական գործի քննությանը մասնակից չդարձվելով՝ խախտվել են «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի գույքային իրավունքներն ու օրինական շահերը:

 

II. Համաներման ակտի կիրառելիությունը

 

20. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք Գ.Առաքելյանի նկատմամբ համաներում կիրառելու, ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումները:

21. ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն` «Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»:

Համաներման ակտի` որպես ինքնավար ինստիտուտի, ինչպես նաև համաներման ակտի կիրառելիության հետ կապված որոշ հարցերի Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վ.Ավետիսյանի գործով կայացված որոշման մեջ և դիրքորոշում ձևավորել այն մասին, որ. «(…) Համաներումն իրենից ներկայացնում է ինքնուրույն գործող իրավական ինստիտուտ, որի կիրառելիության հիմքում դրված են մի կողմից` ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի համապատասխան հոդվածները, իսկ մյուս կողմից` օրենսդիր իշխանության բարձրագույն մարմնի կողմից ընդունվող մարդասիրական բնույթ ունեցող պետաիրավական նորմատիվ ակտը, որով հանցանք կատարած անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից և պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը կամ վերացվել դատվածությունը: Առանց համաներման ակտի գոյության օրենսգրքերի համապատասխան դրույթներն իրացվել չեն կարող:

(…)

Համաներման ակտի կիրառումը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում: Ընդ որում, համաներման կիրառման սահմանափակումները նախատեսված են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն: Մասնավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից` պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը: Այդ կանոններից շեղումները, այդ թվում` նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության, առաջացնել օրենքի ոչ միատեսակ կիրառություն» (տե՛ս Վարուժան Գագիկի Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշումը, կետ 16):

22. Համաներման ակտի 6-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` քրեական գործերը ենթակա են կարճման, եթե անձը մեղադրվում է այնպիսի հանցագործություն կատարելու մեջ, որի համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում:

Համաներման ակտի 9-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն` համաներումը չի կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնք չեն հատուցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը:

2011 թվականի մայիսի 23-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կատարվել է լրացում, համաձայն որի՝ «Սույն հոդվածի առաջին մասի 13-րդ կետում նշված հիմքով [ընդունվել է համաներման ակտ] գործի հարուցման մերժում, վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Այս դեպքում ևս գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

23. Մեջբերված դրույթները Վճռաբեկ դատարանի կողմից վերլուծվել են Գ.Ղազարյանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ. «Համաներման ակտի 9-րդ կետի 6-րդ ենթակետի վերլուծությունից բխում է, որ Համաներման ակտն անձի նկատմամբ կիրառելի չէ բոլոր այն դեպքերում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով այդ անձի վրա դրված է նյութական վնասը հատուցելու պարտականություն, և այդ պարտականությունը վերջինիս կողմից չի կատարվում: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված սահմանափակման նպատակն է հանցագործությամբ նյութական վնաս պատճառած անձանց շահագրգռել հատուցելու վերոնշյալ վնասը:

(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կատարված լրացման վերլուծությունից երևում է, որ այն ուղղակիորեն կապված է համաներման ակտի հետ և սահմանում է դրա կիրառման արգելք: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կատարված լրացման համաձայն` արգելվում է համաներման հիմքով գործի հարուցումը մերժել, վարույթը կարճել, քրեական հետապնդումը դադարեցնել, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ (տե՛ս Գարիկ Նորիկի Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի մարտի 30-ի թիվ ՏԴ/0088/01/ 11 որոշման 19-րդ և 28-րդ կետերը):

24. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ կիրառելով Համաներման ակտի 6-րդ կետի 2-րդ ենթակետը, կարճել է Գ.Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը և դադարեցրել է նրա նկատմամբ քրեական հետապնդումը:

Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքում Բանկի ներկայացուցիչը փաստարկել է, որ դատարանը սխալ է մեկնաբանել Համաներման ակտի 6-րդ կետի 2-րդ ենթակետը, խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը և չի կիրառել Համաներման ակտի 9-րդ կետի 6-րդ ենթակետը` նշելով, որ Բանկին սույն գործով չի ներգրավել որպես դատավարության մասնակից և չի լուծել Բանկին պատճառված վնասի փոխհատուցման հարցը:

Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության` բավարարելով Գ.Առաքելյանի միջնորդությունը և Համաներման ակտի 6-րդ կետի 2-րդ ենթակետի, ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի կիրառմամբ կարճելով սույն քրեական գործի վարույթը (տե՛ս սույն որոշման 6-8-րդ կետերը):

Մինչդեռ, ինչպես նշվեց սույն որոշման 17-րդ կետում, Գ.Առաքելյանը մեղադրվել է այն բանում, որ թաքցրել է արգելանքի տակ գտնվող և իրեն ի պահ հանձնված, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում գրավադրված, հետևաբար` ստացված վարկի վերադարձվելիության երաշխիք հանդիսացող ավտոմեքենան:

25. Նախորդ կետում շարադրված փաստերի վերլուծությունը հիմք է տալիս Վճռաբեկ դատարանին հանգելու հետևության, որ Բանկը` որպես պարտատեր, գրավի առարկա հանդիսացող ավտոմեքենայի նկատմամբ ունենալով քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված որոշակի իրավունքներ, Գ.Առաքելյանի գործողությունների հետևանքով զրկվել է այդպիսիք իրականացնելու հնարավորությունից: Արդյունքում խախտվել են Բանկի՝ որպես պարտատիրոջ, գույքային իրավունքներն ու օրինական շահերը (տե՛ս սույն որոշման 18-րդ կետը):

26. Վ.Ավետիսյանի և Գ.Ղազարյանի գործերով կայացված որոշումներում, ինչպես նաև սույն որոշման 22-23-րդ, 25-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 24-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոքի հեղինակի փաստարկն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել, որ Գ.Առաքելյանի գործողությունների արդյունքում բանկին պատճառվել է գույքային վնաս և չի լուծվել այդ վնասի փոխհատուցման հարցը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ.Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը Համաներման ակտի կիրառմամբ կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված չեն:

27. Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ Գ.Առաքելյանի նկատմամբ Համաներման ակտը կիրառելի չէր նաև 9-րդ կետի 6-րդ ենթակետի հիմքով (համաներումը չի կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնք չեն հատուցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն հիմնավոր չէ, քանի որ սույն գործով առկա չէ օրինական ուժի մեջ մտած որևէ դատական ակտ, որով Գ.Առաքելյանի վրա դրված լիներ Բանկին պատճառված գույքային վնասը հատուցելու պարտականություն:

28. Սույն որոշման 13-26-րդ կետերում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք հանգեցրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, չհիմնավորված որոշման կայացմանը և կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա` «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ին օրենքով երաշխավորված իրավունքից զրկելու ճանապարհով: Թույլ տրված խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ.Առաքելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումները պետք է բեկանել և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Գագիկ Արշակի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 25-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան