ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԿԴ/0157/11/11 |
Գործ թիվ ԵԿԴ/0157/11/11 |
|
Նախագահող դատավոր՝ Կ. Ղազարյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Պողոսյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ դիմողի ներկայացուցիչ |
Հ. ԱԼՈՒՄՅԱՆԻ |
2012 թվականի հունիսի 8-ին |
Երևան քաղաքում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի փետրվարի 8-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
1. 2011 թվականի մայիսի 13-ին Սուրեն Մանթաշի Բաբայանը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ Աշոտ Միքայելյանը և Ռաֆայել Մանուչարյանն իր վստահությունը չարաշահելու եղանակով, խաբեությամբ, կեղծիքներ կատարելու միջոցով դարձել են «Տիգրասոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Իներկոմ» արտադրական կոոպերատիվի հիմնադիրներ` իրեն պատճառելով գույքային վնաս:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ավագ հետաքննիչ Վ.Անոյանի 2011 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ Ս.Բաբայանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
2. Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ավագ հետաքննիչ Վ.Անոյանի 2011 թվականի օգոստոսի 16-ի որոշման դեմ Ս.Բաբայանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Լ.Չարխիֆալակյանի 2011 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ դիմող Ս.Բաբայանի բողոքը մերժվել է:
3. 2011 թվականի հոկտեմբերի 1-ին դիմող Ս.Բաբայանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանը 2011 թվականի նոյեմբերի 2-ին որոշում է կայացրել դիմող Ս.Բաբայանի բողոքը մասնակիորեն բավարարելու մասին: Վարույթն իրականացնող մարմնի համար պարտավորություն է սահմանվել վերացնել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ավագ հետաքննիչ Վ.Անոյանի 2011 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ թույլ տրված Ս.Բաբայանի իրավունքների խախտումը:
4. Դատախազ Լ.Չարխիֆալակյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի փետրվարի 8-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի նոյեմբերի 2-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:
5. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի փետրվարի 8-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանը:
Վճռաբեկ դատարանը 2012 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:
2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
6. Դիմող Ս.Բաբայանի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքի խնդրանքը շարադրված է հետևյալ կերպ. «Ելնելով վերը շարադրվածից, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով, խնդրում եմ վերացնել «նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Վ.Անոյանի 16.08.2011 թվականի որոշումը, ինչպես նաև` բողոքս մերժելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Լ.Չարխիֆալակյանի 20.09.2011 թվականի որոշումը» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, 2-5-րդ էջեր):
7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտի եզրափակիչ մասը շարադրել է հետևյալ կերպ. «Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածով, դատարանը որոշեց Սուրեն Մանթաշի Բաբայանի բողոքը` «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Վ.Անոյանի 16.08.2011 թվականի որոշումը, ինչպես նաև Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Լ.Չարխիֆալակյանի 20.09.2011 թվականի որոշումը վերացնելու դեմ, բավարարել մասնակիորեն:
Վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել վերացնել «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Վ.Անոյանի 16.08.2011 թվականի որոշմամբ թույլ տրված և սույն որոշմամբ արձանագրված դիմող Սուրեն Բաբայանի իրավունքների խախտումը և կատարել սույն որոշման պահանջները (…)» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, 50-62-րդ էջեր):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Վճռաբեկ բողոքի հեղինակը փաստարկել է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը թույլ են տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ:
Ի հիմնավորումն ասվածի` բողոքաբերը նշել է, որ դիմող Ս.Բաբայանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բողոք է ներկայացրել դատարան և խնդրել է վերացնել վիճարկվող որոշումը: Մինչդեռ ստորադաս դատարանները բողոքի քննությունն իրականացրել և համապատասխան որոշում են կայացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված կարգով:
Ըստ բողոքի հեղինակի` վերոգրյալի արդյունքում առաջացել է իրավական անորոշություն, այն է` դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի կարգով չի վերացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննիչի որոշումը, որի դեպքում դատախազի կողմից քրեական գործի հարուցումը պարտադիր կլիներ, այլ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով՝ վարույթն իրականացնող մարմնի համար սահմանել է այնպիսի պարտավորություններ (նշանակել փորձաքննություն, կատարել հարցաքննություններ և այլն), որոնք հետաքննիչի որոշման առկայության պայմաններում, առանց քրեական գործ հարուցելու, հնարավոր չէ կատարել:
9. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի նոյեմբերի 2-ի որոշումը, Վերաքննիչ դատարանի 2012 թվականի փետրվարի 8-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
10. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է՝ սույն գործով որոշումներ կայացնելիս ստորադաս դատարանները պահպանե՞լ են արդյոք քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության քրեադատավարական ընթացակարգը:
11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն`
«1. Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու դեպքում կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին (…):
2. Որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին:
3. Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով (…):
5. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն`
«1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:
(…)
5. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին (…)»:
12. Մեջբերված քրեադատավարական դրույթները Վճռաբեկ դատարանի կողմից մեկնաբանվել են Հ.Հարությունյանի գործով որոշման մեջ, որտեղ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը բովանդակում է հատուկ իրավանորմեր, որոնք հստակ կարգավորում են մինչդատական վարույթի շրջանակներում ընդունվող դատավարական ակտերից մեկի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման կարգը, դրա արդյունքում ընդունվող որոշումների շրջանակը և այդ որոշումների հետևանքով որոշակի իրավահարաբերությունների փոփոխությունները: Հակառակ դրան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ և 290-րդ հոդվածներն ամրագրում են առավելապես ընդհանրական բնույթի նորմեր, որոնք մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության սահմանները և քրեական դատավարության այդ փուլում դատարանի լիազորությունները կարգավորում են ընդհանրական ձևով:
(...) ՀՀ քրեադատավարական օրենքում նույն իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր և հատուկ նորմերի առկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենսդիրը կոնկրետ իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր նորմերից, տվյալ դեպքում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ և 290-րդ հոդվածներից առանձնացրել է այդ նույն իրավահարաբերությունը կարգավորող հատուկ նորմ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը՝ արդյունքում հստակեցնելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման դատական կարգն ու դրա արդյունքում դատարանի կողմից կայացվող որոշումը:
(...) շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նույն իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր և հատուկ նորմերի առկայության դեպքում իրավակիրառողը պետք է կիրառի հատուկ նորմերը և չկիրառի ընդհանուր նորմերը» (տե՛ս Համբարձում Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշումը, 20-21-րդ կետեր):
13. Վերահաստատելով նախորդ կետում և համապատասխանաբար նաև Հ.Հարությունյանի գործով որոշման մեջ շարադրված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավասու անձի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը դատական կարգով բողոքարկելու դեպքում դատարանը պետք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված կարգով քննության առնի բողոքը և կայացնի համապատասխան դատական ակտ` վիճարկվող որոշումը վերացնելու կամ հաստատելու մասին:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դիմող Ս.Բաբայանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի պահանջներով, քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բողոք է ներկայացրել դատարան և խնդրել է վերացնել վիճարկվող որոշումը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Մինչդեռ Առաջին ատյանի դատարանը բողոքի քննությունն իրականացրել և համապատասխան որոշում է կայացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված կարգով` վարույթն իրականացնող մարմնի համար սահմանելով դիմող Ս.Բաբայանի իրավունքների խախտումը վերացնելու պարտավորություն (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության արդյունքում կիրառել է ոչ թե դրա համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված հատուկ կանոնները, այլ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված ընդհանուր կանոնները:
15. Սույն որոշման 12-13-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով որոշում կայացնելիս Առաջին ատյանի դատարանը դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իր լիազորությունների շրջանակներից, չի պահպանել քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության քրեադատավարական ընթացակարգը:
Վերաքննիչ դատարանը, իր հերթին, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, քրեադատավարական օրենքի խախտումը վերացնելու փոխարեն դատարանի որոշումը թողել է օրինական ուժի մեջ, ինչի արդյունքում խախտվել են ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի պահանջները:
16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա (…)»:
Վերոնշյալ հանգամանքը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի նոյեմբերի 2-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի փետրվարի 8-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Ա. Պողոսյան | |
Հ. Ասատրյան | ||
Ե. Դանիելյան | ||
Հ. Ղուկասյան |