Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.06.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.11.01/27(440) Հոդ.1069.11
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.06.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0720/02/10
2012թ.
  

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0720/02/10

Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան

Դատավորներ` Ս. Միքայելյան

                   Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Ս. Անտոնյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե.Սողոմոնյանի

2012 թվականի հունիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Հայփոստ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.12.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Վաչագան Հովհաննիսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի` գործարքն անվավեր ճանաչելու և գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Վաչագան Հովհաննիսյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 864.000 ՀՀ դրամ` որպես պարտավորության չկատարման գումար, 124.800 ՀՀ դրամ` որպես «Առևտրային գործունեության թույլտվության» պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 6-րդ գլխի 19-րդ կետով նախատեսված տուժանքի գումար և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով 192.325 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի գումար:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Վաչագան Հովհաննիսյանը պահանջել է Ընկերությունից հօգուտ Վաչագան Հովհաննիսյանի բռնագանձել 540.000 ՀՀ դրամ` որպես անվավեր գործարքի շրջանակներում վճարված գումար, ինչպես նաև 540.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարները, որոնք կառաջանան 01.12.2007 թվականից մինչև գումարի փաստացի վճարումը:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ի. Վարդանյան) (այսուհետ` Դատարան) 20.09.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.12.2011 թվականի որոշմամբ Վաչագան Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է Դատարանի 20.09.2011 թվականի վճիռը և այն փոփոխվել է` հայցը մերժվել է, հակընդդեմ հայցը՝ գումարի բռնագանձման պահանջի մասով, բավարարվել է, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ հաշվեգրելու պահանջը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ, 304-րդ, 437-րդ և 438-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 220-րդ և 221-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Երևանի Սարյան 22 հասցեում շենքի նկատմամբ Ընկերության սեփականության իրավունքը ծագել է ՀՀ կառավարության 03.03.2005 թվականի թիվ 336-Ա որոշման հիման վրա, ինչպես նաև այն հանգամանքը, որ գործում առկա է Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկի նկատմամբ Ընկերության սեփականության իրավունքը հաստատող սեփականության իրավունքի գրանցման վկայական:

Վերաքննիչ դատարանը, անտեսելով կնքված Պայմանագրի իրավական կարգավիճակի և բովանդակության մասին Ընկերության ներկայացրած վերլուծություններն ու փաստարկները, որևէ կերպ չի հիմնավորել, թե Ընկերության և Վաչագան Հովհաննիսյանի միջև կնքված Պայմանագիրը ինչով է հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կամ այլ օրենքի պահանջներին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Վաչագան Հովհաննիսյանը Պայմանագիրը կնքելիս և հետագայում` դրա գործողության ընթացքում, որևէ պահանջ կամ առարկություն չի ներկայացրել դրա իրավական կարգավիճակի կամ բովանդակության վերաբերյալ, որևէ անգամ չի նշել, որ կնքված պայմանագիրը հանդիսանում է վարձակալության պայմանագիր և Ընկերությունից չի պահանջել իրականացնել նոտարական վավերացում և պետական գրանցում: Բացի այդ, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա առևտրի իրականացման վայրում (առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, և այլն) տաղավարների կամ վաճառատեղերի տրամադրումը ևս չի հանդիսանում վարձակալություն, ինչից էլ բխում է, որ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինները ևս գտնում են, որ անշարժ գույքի օգտագործման ոչ բոլոր դեպքերը պետք է համարվեն վարձակալություն, և կողմերը կարող են կնքել այնպիսի պայմանագրեր, որոնք արտահայտում են վերջիններիս համաձայնությունները և համապատասխանում են կողմերի միջև ձևավորված հարաբերություններին և իրականցվող գործունեության նպատակին:

Վերաքննիչ դատարանը, առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելով և սահմանելով երկկողմանի ռեստիտուցիայի ռեժիմ, անտեսել է, որ կիրառել է միակողմանի ռեստիտուցիա, քանի որ Ընկերությունից բռնագանձել է Վաչագան Հովհաննիսյանի վճարածը` անտեսելով, որ Վաչագան Հովհաննիսյանը պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում տիրապետել և օգտագործել է Ընկերության գույքը և պետք է հատուցի դրա արժեքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.12.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը` մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 01.10.2007 թվականին Ընկերության և Վաչագան Հովհաննիսյանի միջև կնքված թիվ 030 թույլտվության համաձայն` Երևանի Սարյան 22 հասցեում` հայցվորին պատկանող թիվ 0002 փոստային բաժանմունքի շենքում տրամադրված տարածքում, Վաչագան Հովհաննիսյանին թույլատրվել է իրականացնել բջջային հեռախոսների վաճառք (հատոր 1-ին, գ.թ.8-14):

2. Սեփականության իրավունքի գրանցման 02.11.2006 թվականին տրված թիվ 2246617 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Սարյան 22 հասցեի անշարժ գույքը գրանցված է Ընկերության անվամբ (հատոր 2-րդ, գ.թ.36-43):

3. Ընկերության կանոնադրության համաձայն` Ընկերությունն ունի լիարժեք իրավունքներ իր փոստային բաժանմունքներում իրականացնել տարբեր տեսակի գործունեություն, այդ թվում որոշակի կարգով ու պայմաններով իրականացնելու տարբեր տեսակի ապրանքների մանրածախ առուվաճառք (հատոր 1-ին, գ.թ.44-64):

4. Պատասխանողի կողմից «Թույլտվության» պայմաններով սահմանված ժամանակահատվածում Վաչագան Հովհաննիսյանը գործունեություն է իրականացրել Ընկերության թիվ 0002 փոստային բաժանմունքի տարածքում և որոշակի ժամանակահատվածի համար կատարել է 540.000 ՀՀ դրամի չափով վճարումներ, սակայն Վաչագան Հովհաննիսյանի կողմից պարտավորությունները ամբողջությամբ չեն կատարվել (հատոր 1-ին, գ.թ.40):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի համաձայն` պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի համաձայն` պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ: Էական են համարվում պայմանագրի առարկայի մասին պայմանները, օրենքում կամ այլ իրավական ակտերում որպես էական նշված կամ պայմանագրի տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև այն բոլոր պայմանները, որոնց վերաբերյալ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիրը կարող է կնքվել գործարքները կնքելու համար նախատեսված ցանկացած ձևով, եթե տվյալ տեսակի պայմանագիր կնքելու համար օրենքով որոշակի ձև սահմանված չէ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե կողմերը պայմանավորվել են պայմանագիրը կնքել որոշակի ձևով, ապա այն կնքված է համարվում դրան պայմանավորված ձև տալուց հետո, թեկուզև պայմանագրի տվյալ տեսակի համար այդ ձևն օրենքով չի պահանջվում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ պայմանագրերի իրավաբանական դասակարգման կամ պայմանագրերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված որոշակի պայմանագրերի տարրերի առկայության բացահայտումը մի քանի փուլերից բաղկացած գործընթաց է, որն իրենից ներկայացնում է պայմանագրի մեկնաբանության բաղկացուցիչ մաս:

Մասնավորապես, պայմանագրի իրավաբանական դասակարգման համար պետք է`

■ պարզվեն տվյալ պայմանագրի պայմանները (առարկան, գինը, ձևը, կողմերի իրավունքների և պարտականությունների շրջանակը),

■ դրանք համադրվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` պայմանագրերի վերաբերյալ ընդհանուր և կոնկրետ պայմանագրի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող հատուկ նորմերի հետ պայմանագրի տեսակը որոշելու համար:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պայմանագրերի իրավաբանական դասակարգման նկատմամբ կիրառելի են ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական իրավունքի նորմերի և պայմանագրի մեկնաբանության վերաբերյալ հոդվածները:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի մեկնաբանության կանոններին: Վճռաբեկ դատարանը նշել է, որ վերոնշյալ հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տես «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի` գումար բռնագանձելու պահանջի մասին թիվ ՇԴ1/0303/02/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Դատարանը հայցի բավարարման և հակընդդեմ հայցի մերժման հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ կողմերի միջև կնքված «Թույլտվություն» վերնագրով գրված պայմանագիրը կազմվել է Վաչագան Հովհաննիսյանի կողմից ներկայացված հայտի հիման վրա և նա չի առարկել այդ ձևով պայմանագիր կնքելուն, որում ամրագրվել են կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել նաև պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ: Ուստի կողմերի միջև կնքված պայմանագրով Ընկերությունը տրամադրել է այդ տարածքը Վաչագան Հովհաննիսյանին` Ընկերության հաճախորդներին սպասարկելու նպատակով որոշակի առևտրային գործունեություն իրականացնելու համար:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի բավարարման և հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «կնքված «Թույլտվություն» վերտառությամբ փաստաթուղթն իր մեջ պարունակում է տարածքի վարձակալության պայմանագրին վերաբերող դրույթներ և հաշվի առնելով այդ հանգամանքը` Վերաքննիչ դատարանը գտել է, որ կողմերը չեն պահպանել վարձակալության պայմանագրին առաջադրվող պայմանները, ինչն էլ հանգեցրել է պայմանագրի անվավերության:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և Վաչագան Հովհաննիսյանի միջև 01.10.2007 թվականին կազմվել է թիվ 030 թույլտվությունը, որի համաձայն Ընկերությունը Երևանի թիվ 02 փոստային մասնաճյուղում թույլատրել է Վաչագան Հովհաննիսյանին` Ընկերության հաճախորդներին սպասարկելու նպատակով որոշակի առևտրային գործունեություն իրականացնելու համար, իսկ վերջինս էլ պարտավորվել է իրականացնել բացառապես նշված գործունեությունը, վճարել թույլտվության տարեկան վճարը և գործել` Ընկերության ներքին իրավական ակտերի և նույն թույլտվությանը կից տրամադրված 31.07.2007 թվականի Ընկերության ներքին իրավական ակտերին համապատասխան: Պայմանագրի 5-րդ գլխի 15-րդ և 16-րդ կետերի համաձայն` թույլտվության տարեկան վճարը կազմել է 1.560.000 ՀՀ դրամ, որը պետք է վճարվեր ամսական համամասնություններով, իսկ 6-րդ գլխի 19-րդ կետի համաձայն` թույլտվություն ստացողի կողմից թույլտվության տարեկան վճարի ամսական համամասնությունը նույն թույլտվությամբ սահմանված ժամկետում չվճարելու դեպքերում թույլտվություն ստացողը Ընկերությանը պարտավորվել է վճարել տուգանք` թույլտվության տարեկան վճարի 1 տոկոսի չափով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` կողմերը կարող են կնքել ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կողմերի համաձայնությունը և կամահայտնությունը պայմանագիրը կնքելիս ուղղված է եղել Ընկերության տարածքում հաճախորդներին սպասարկելու նպատակով որոշակի առևտրային գործունեություն իրականացնելու թույլտվություն ստանալուն, այլ ոչ թե անշարժ գույքի (կամ դրա մի մասի) վարձակալությանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը, իսկ վերը հիշատակված հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ պարտապանը պարտավոր է ամբողջությամբ կատարել պարտավորության բովանդակությունից և օրենսդրությունից բխող բոլոր պարտավորությունները:

Վերոգրյալ իրավական նորմերը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններն այն մասին, որ սույն պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով չնախատեսված պայմանագիր է, որը, սակայն, չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և այլ իրավական ակտերի պահանջներին և հստակորեն արտահայտում է այն համաձայնությունը, որն Ընկերությունն առաջարկել էր Վաչագան Հովհաննիսյանին, իսկ վերջինս էլ ընդունել էր այն:

Այսպիսով, սույն գործով հիմնավորված է, որ Վաչագան Հովհաննիսյանը խախտել է պայմանագրով ստանձնած պարտավորությունները, այն է` սահմանված ժամկետներում չի վճարել պարտավորության գումարը, որն Ընկերության կողմից տրված դուրս գրված հաշիվների և ստացված վճարումների մասին տեղեկանքի համաձայն կազմել է 864.000 ՀՀ դրամ:

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի համաձայն` տուժանք է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում։

Նույն օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ։ Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար` ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների։

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վաչագան Հովհաննիսյանը պատշաճ կարգով չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունը, հետևաբար Ընկերության նկատմամբ ունեցած պարտավորության գումարը` ներառյալ պայմանագրով սահմանված տուգանքը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսները ենթակա են բռնագանձման։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 29.12.2011 թվականի որոշումը բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.12.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 20.09.2011 թվականի վճռին:

2. Վաչագան Հովհաննիսյանից հօգուտ «Հայփոստ» ՓԲԸ-ի բռնագանձել 51.634 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

 Վաչագան Հովհաննիսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 51.634 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.11.2011 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան