ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1587/02/10 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1587/02/10 |
|
Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան | |
Դատավորներ` Գ. Մատինյան |
|
Ա. Թումանյան |
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2012 թվականի հունիսի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ֆերդինանտ Առաքելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.01.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ֆերդինանտ Առաքելյանի ընդդեմ Հարություն Պետրոսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, և հակընդդեմ հայցի` 27.07.2007 թվականի փոխառության գործարքը չկնքված համարելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ֆերդինանտ Առաքելյանը պահանջել է Հարություն Պետրոսյանից բռնագանձել 26.180.000 ՀՀ դրամ, որից 17.500.000 ՀՀ դրամը` փոխառությամբ տրված գումարի չվճարված մաս, 6.300.000 ՀՀ դրամը` բանկային տոկոս, իսկ 2.380.000 ՀՀ դրամը` իրավաբանական ծառայություններ մատուցելու դիմաց վճարման ենթակա գումար։
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Հարություն Պետրոսյանը պահանջել է 27.07.2007 թվականի փոխառության գործարքը համարել չկնքված:
Գործի քննության ընթացքում Հարություն Պետրոսյանը հրաժարվել է հակընդդեմ հայցից:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Ա. Մելքումյան) (այսուհետ՝ Դատարան) 30.09.2011 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 26.01.2012 թվականի որոշմամբ Ֆերդինանտ Առաքելյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.09.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ֆերդինանտ Առաքելյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը, 219-րդ հոդվածի 1-ին կետը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 2-րդ կետը, չի կիրառել նույն օրենսգրքի 14-րդ, 411-րդ, 877-րդ, 879-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես` հաշվի չի առել, որ բողոք բերած անձը Դատարանին է ներկայացրել Հարություն Պետրոսյանի տված փաստաթղթի բնօրինակը, որի իսկությունը և այն իր կողմից գրելու հանգամանքը վերջինս հավաստել է հակընդդեմ հայցադիմումով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.01.2012 թվականի որոշման` հայցը մերժելու մասը և այն փոփոխել` հայցը բավարարել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ռուսերեն լեզվով գրված «Долгавая рассписка» վերտառությամբ փաստաթղթի հայերեն թարգմանված տարբերակում որպես փաստաթղթի անվանում նշված է «Ստացական», որտեղ բառացի արձանագրված է. «Ես` Հարություն Գրիգորի Պետրոսյանս, պարտավորվում եմ վճարել 30.000.000 ՀՀ դրամի (երեսուն միլիոն դրամ) չափով պարտքը սույն թվականի երեք ամսվա ընթացքում մինչև հոկտեմբերի վերջ: 27.07.2007թ.» (հատոր 1-ին, գ.թ. 13-14)։ Նշված ստացականը Դատարան է ներկայացրել Ֆերդինանտ Առաքելյանը, և դրանում առկա չէ մակագրություն պարտքի կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին:
2) Հարություն Պետրոսյանի ներկայացրած հակընդդեմ հայցադիմումի համաձայն` «27.07.2007 թվականին Ֆերդինանտ Առաքելյանը եկավ մեր տուն և պահանջեց, որպեսզի ես 30.000.000 ՀՀ դրամ վճարելու պարտավորագիր գրեմ…. գրեցի այդ պարտավորագիրը» (հատոր 1-ին, գ.թ. 96-102)։
3) ՀՀ կենտրոնական բանկի 01.03.2010 թվականի գրությամբ ներկայացվել է 01.01.2008 թվականից 24.02.2010 թվականն ընկած ժամանակահատվածում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային հետևյալ դրույքաչափերը` ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 03.12.2007 թվականի թիվ 389-Ն որոշմամբ` 11 տոկոս տարեկան, 07.10.2008 թվականի թիվ 279-Ն որոշմամբ` 12 տոկոս տարեկան, 21.01.2010 թվականի թիվ 7-Ն որոշմամբ` 13 տոկոս տարեկան (հատոր 1-ին, գ.թ. 7)։
4) Սույն գործով 27.07.2010 թվականին ներկայացված հայցադիմումով Ֆերդինանտ Առաքելյանը հայտնել է, որ Հարություն Պետրոսյանին փոխառությամբ տրված 30.000.000 ՀՀ դրամից վերջինս վճարել է միայն 12.500.000 ՀՀ դրամը, որից ելնելով էլ չվճարված 17.500.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել է բանկային տոկոսներ հետևյալ կերպ` 2007 թվականի բանկային տոկոսը կազմել է միջինը տարեկան 11 տոկոս, 11 տոկոսը 2007 թվականի 5 ամսվա համար կազմում է 4,5 տոկոս, 17.500.000 ՀՀ դրամի 4,5 տոկոսը կազմում է 787.500 ՀՀ դրամ: 2008 թվականի բանկային տոկոսի հաշվարկի դրույքը կազմել է միջինը տարեկան 12 տոկոս, 17.500.000 ՀՀ դրամի 12 տոկոսը 2008 թվականի 12 ամիսների համար կազմում է 2.100.000 ՀՀ դրամ: 2009 թվականի բանկային տոկոսի հաշվարկային դրույքը կազմել է միջինը տարեկան 12 տոկոս, 17.500.000 ՀՀ դրամի 12 տոկոսը 2009 թվականի 12 ամիսների համար կազմում է 2.100.000 ՀՀ դրամ: 2010 թվականի բանկային տոկոսի հաշվարկային դրույքը կազմել է միջինը 13 տոկոս, 13 տոկոսը 2010 թվականի 7 ամիսների համար կազմում է 7,5 տոկոս, 17.500.000 ՀՀ դրամի 7,5 տոկոսը կազմում է 1.312.500 ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ բանկային տոկոսները կազմում են 6.300.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 4-6)։
5) Ֆերդինանտ Առաքելյանի ու «Վարդան Սաֆարյան»ՍՊԸ-ի միջև 26.07.2010 թվականին կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի համաձայն` նշված ընկերությունը, ի դեմս տնօրեն Վարդան Սաֆարյանի, պարտավորվել է Ֆերդինանտ Առաքելյանին մատուցել հետևյալ ծառայությունները` նախապատրաստել հայցադիմում, այն ներկայացնել Դատարան, մասնակցել դատական նիստին, ապացույցներ ներկայացնել, բացատրություններ տալ, անհրաժեշտության դեպքում վերաքննիչ բողոք բերել, Վերաքննիչ դատարանում մասնակցել դատական նիստին, անհրաժեշտության դեպքում վճռաբեկ բողոք բերել և Վճռաբեկ դատարանում մասնակցել վճռաբեկ բողոքի քննությանը, իսկ Ֆերդինանտ Առաքելյանը պարտավորվել է մատուցվելիք ծառայության համար նշված ընկերությանը վճարել 2.380.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 11-12):
6) Գործում առկա 04.04.2011 թվականի լիազորագրի համաձայն` Ֆերդինանտ Առաքելյանը «Վարդան Սաֆարյան»ՍՊԸ-ի տնօրեն, փաստաբան Վարդան Սաֆարյանին (փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 238) լիազորել է իր անունից հանդես գալ Դատարանում, բողոքարկել դատական ակտը, հանդես գալ Վերաքննիչ դատարանում, վճռաբեկ բողոք ներկայացնել, անհրաժեշտության դեպքում` մասնակցել Վճռաբեկ դատարանի դատական նիստին (հատոր 1-ին, գ.թ. 148):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն`պարտատերը, ընդունելով կատարումը, պարտավոր է պարտապանի պահանջով նրան ստացական տալ` կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին: Եթե պարտապանն ի հավաստումն պարտավորության պարտքային փաստաթուղթ է տվել պարտատիրոջը, ապա պարտատերը, ընդունելով կատարումը, պետք է վերադարձնի այդ փաստաթուղթը, իսկ դրա անհնարինության դեպքում` այդ մասին նշի իր տված ստացականում: Ստացականը կարող է փոխարինվել վերադարձվող պարտքային փաստաթղթի վրա արվող մակագրությամբ: Պարտքային փաստաթուղթը պարտապանի մոտ գտնվելը հավաստում է պարտավորության դադարումը, քանի դեռ այլ բան չի ապացուցվել:
Վերջին նորմի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը պարտատիրոջ վրա պարտականություն է դրել պարտքի կատարումն ընդունելիս պարտապանի պահանջով կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին նրան ստացական տալ, իսկ պարտապանի կողմից պարտատիրոջն ի հավաստումն պարտավորության պարտքային փաստաթուղթ տրված լինելու դեպքում` պարտապանին վերադարձնել այդ փաստաթուղթը, դրա անհնարինության դեպքում` այդ մասին նշել իր տված ստացականում: Ստացականը կարող է փոխարինվել վերադարձվող պարտքային փաստաթղթի վրա արվող մակագրությամբ: Ընդ որում, այլ բան ապացուցված չլինելու դեպքում նշված փաստաթուղթը պարտապանի մոտ գտնվելը հավաստում է պարտավորության դադարումը:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի դատական ակտը, պատճառաբանել է, որ հայցվորը ներկայացրել է 27.07.2007 թվականի ստացականը, որի մեջ բացակայում է որևէ նշում այն մասին, որ հայցվորը պատասխանողին փոխառությամբ գումար է տվել, վերջինս այդ գումարի մի մասը վերադարձրել է և հայցվորին պարտք է մնացել 17.500.000 ՀՀ դրամ, քանի որ ներկայացված փաստաթղթում բացակայում են պարտավորության նկատմամբ որպես պահանջատեր հանդես եկող հայցվորի տվյալները, այսինքն` հայցվորը չի ապացուցել այն փաստը, որ պատասխանողը հայցվորի հանդեպ է դրամական պարտավորություն ստանձնել և ներկայիս վիճակում այդ պարտավորության չափը 17.500.000 ՀՀ դրամ է:
Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` ռուսերեն լեզվով 27.07.2007 թվականին գրված «Долгавая рассписка» վերտառությամբ փաստաթղթով (ստացականով) Հարություն Պետրոսյանը պարտավորվել է վճարել 30.000.000 ՀՀ դրամի չափով պարտքը նույն թվականի երեք ամսվա ընթացքում մինչև հոկտեմբերի վերջը, իսկ հակընդդեմ հայցադիմումում նշել է, որ Ֆերդինանտ Առաքելյանի պահանջով նշված գումարը նրան վճարելու վերաբերյալ պարտավորագիրն ինքն է գրել: Ընդ որում, նշված ստացականը Դատարան է ներկայացրել Ֆերդինանտ Առաքելյանը, և դրանում առկա չէ մակագրություն պարտքի կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հարություն Պետրոսյանն ընդունել է 27.07.2007 թվականի ստացականում նշված 30.000.000 ՀՀ դրամ պարտավորությունը Ֆերդինանտ Առաքելյանի հանդեպ ստանձնած լինելու հանգամանքը, իսկ այդ ստացականը պարտատիրոջ մոտ գտնվելու փաստը և դրանում պարտքի կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին մակագրության բացակայությունը վկայում են ստացականում սահմանված պարտավորության առկայության (դադարած չլինելու) մասին: Այսինքն` ռուսերեն լեզվով գրված «Долгавая рассписка» վերտառությամբ ստացականը սույն գործով կողմերի միջև պարտավորական իրավահարաբերությունների առկայությունը հավաստող փաստաթուղթ է, քանի որ դրանով Հարություն Պետրոսյանը պարտավորվել է 30.000.000 ՀՀ դրամի չափով պարտքը որոշակի ժամկետում` երեք ամսվա ընթացքում` մինչև հոկտեմբերի վերջը, վերադարձնել Ֆերդինանտ Առաքելյանին:
Սույն գործով ներկայացված հայցադիմումով Ֆերդինանտ Առաքելյանն ընդունել է Հարություն Պետրոսյանի կողմից 30.000.000 ՀՀ դրամ պարտքի գումարից 12.500.000 ՀՀ դրամը վճարելու հանգամանքը, իսկ մնացած 17.500.000 ՀՀ դրամը վերադարձնելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստացականով Հարություն Պետրոսյանի պարտավորության չափը Ֆերդինանտ Առաքելյանի հանդեպ կազմում է 17.500.000 ՀՀ դրամ, որն էլ ենթակա է բռնագանձման:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հարություն Պետրոսյանն ապօրինի պահել է և խուսափել է վերադարձնել Ֆերդինանտ Առաքելյանի դրամական միջոցները, հետևաբար պարտավորության հիմնական գումարի նկատմամբ ենթակա են հաշվարկման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսները:
Ըստ հայցադիմումի` այդ տոկոսների հաշվարկը սկսվել է 2007 թվականի հուլիսից մինչև հայցադիմումը ներկայացնելու օրը` 27.07.2010 թվականը, ինչի արդյունքում տոկոսների չափը կազմել է 6.300.000 ՀՀ դրամ: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բանկային տոկոսները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն, հաշվարկվում են պարտավորության կատարման կետանցի օրվանից, իսկ տվյալ դեպքում պարտավորության կատարման վերջնաժամկետը 2007 թվականի հոկտեմբերի վերջն է, այսինքն` կետանցը թույլ է տրվել այդ ժամանակ, ուստի տոկոսները պետք է հաշվարկել 2007 թվականի նոյեմբերից: Այսպես` ՀՀ կենտրոնական բանկի 01.03.2010 թվականի գրության համաձայն` 2007 թվականի բանկային տոկոսը կազմել է տարեկան 11 տոկոս, այսինքն` 2007 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար բանկային տոկոսը կազմում է 1,8 տոկոս, իսկ 17.500.000 ՀՀ դրամի 1,8 տոկոսը 315.000 ՀՀ դրամ է: Արդյունքում, պարտավորության հիմնական գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգով հաշվարկման ենթակա տոկոսները 2007 թվականի նոյեմբերից մինչև 2010 թվականի հուլիսը կազմում են 5.827.500 ՀՀ դրամ:
Ինչ վերաբերում է 2.380.000 ՀՀ դրամ փաստաբանի խելամիտ վարձատրության գումարին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը, ի թիվս այլ գումարների, կազմված են նաև փաստաբանի խելամիտ վարձատրության գումարից:
ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետի համաձայն` դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է չհաստատել այն դատական ծախսերը, որոնց չափը չի համապատասխանում դրանց ողջամիտ արժեքին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը:
Ելնելով վերը նշված չափանիշներից և նկատի ունենալով, որ փաստաբանը սույն գործով ի շահ հայցվորի կատարել է 26.07.2010 թվականին կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով սահմանված դատավարական գործողությունները, ինչպես նաև հաշվի առնելով գործի քննության երկարատևությունը (մոտ երկու տարի)` Վճռաբեկ դատարանը սույն գործով փաստաբանական ծառայություններ մատուցելու դիմաց վճարման ենթակա գումարի ողջամիտ չափ է համարում 500.000 ՀՀ դրամը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և ,Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.01.2012 թվականի որոշման` 23.827.500 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջը մերժելու մասը և այն փոփոխել` Ֆերդինանտ Առաքելյանի հայցը բավարարել մասնակիորեն` Հարություն Պետրոսյանից հօգուտ Ֆերդինանտ Առաքելյանի բռնագանձել 23.827.500 (քսաներեք միլիոն ութ հարյուր քսանյոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ, որից 17.500.000 (տասնյոթ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը` որպես պարտքի գումարի չվճարված մաս, 5.827.500 (հինգ միլիոն ութ հարյուր քսանյոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամը` որպես բանկային տոկոսներ, իսկ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը` որպես փաստաբանի ողջամիտ վարձատրության գումար։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.01.2012 թվականի որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Հարություն Պետրոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 466.550 (չորս հարյուր վաթսունվեց հազար հինգ հարյուր հիսուն) ՀՀ դրամ` որպես հայցի բավարարված մասի, 699.825 (վեց հարյուր իննսունինը հազար ութ հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ` որպես հայցի բավարարված մասով վերաքննիչ բողոքի, 699.825 (վեց հարյուր իննսունինը հազար ութ հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ` որպես հայցի բավարարված մասով վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումարներ։
Ֆերդինանտ Առաքելյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 9.450 (ինը հազար չորս հարյուր հիսուն) ՀՀ դրամ` որպես հայցի մերժված մասի, 14.175 (տասնչորս հազար մեկ հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ` որպես հայցի մերժված մասով վերաքննիչ բողոքի, 14.175 (տասնչորս հազար մեկ հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ` որպես հայցի մերժված մասով վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումարներ։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|