ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 սեպտեմբերի 2012 թվականի N 1141-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 1405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅԻ՝ ԵԿՄԱԼՅԱՆ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ, 7-րդ հոդվածների ու 16-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները և Կենտրոն վարչական շրջանի գոտևորման նախագիծը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 1405-Ն որոշման հավելվածի 8-րդ կետը։
2. Սույն որոշման հավելվածում նշված տարածքի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) սույն կետում նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`
ա. սույն որոշման հավելվածում նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երևանի կենտրոնից կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված հին և խարխուլ շինություններով,
բ. համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի` սույն որոշման հավելվածում նշված տարածքը՝ արդեն իսկ կառուցապատված ու կառուցապատվող գլխավոր պողոտայի հետ միասին կհանդիսանա որպես ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով ներդաշնակ կառուցապատումը՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող մայթերով, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետում նշված տարածքում առկա բնակարանային ֆոնդը մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդի կառուցումը, իսկ կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղերը հնարավորություն կընձեռեն նվազեցնելու Երևան քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածությունը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել՝ առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`
ա. դրանց անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, արդեն իսկ մասնակիորեն կառուցապատվել է գլխավոր պողոտան,
բ. անհնար է այդ տարածքում ապահովել բնականոն երթևեկություն, ջրամատակարարում, ջրահեռացում և քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող այլ պայմաններ, որոնք նախատեսված են Երևան քաղաքի գլխավոր հատակագծով: Կառուցապատման աշխատանքները թույլ կտան մասնավոր ներդրումների հաշվին իրականացնել քաղաքաշինական ծրագիրը` համադրելով հին Երևանի ճարտարապետական ոճը ներկայումս կառուցվող շենքերի, շինությունների հետ, բացի դրանից, տարածքում արդեն իսկ մասնակիորեն կատարված են սեփականության իրացման աշխատանքներ:
3. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետը.
2) նախատեսված օտարման գործառույթների իրականացման համակարգման և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմնի գործառույթները պատվիրակվում է Երևանի քաղաքապետին.
3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2015 թվականի հունվարի 1-ն է.
4) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է որպես լիազոր մարմին ճանաչված` Երևանի քաղաքապետը.
5) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու, գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման կարգը և նկարագրության արձանագրության օրինակելի ձևը հաստատելու մասին» N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.
6) սույն որոշման հավելվածում նշված տարածքը ձեռք բերողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա տարածքը ձեռք բերողի և լիազոր մարմնի միջև կնքվող պայմանագրին համապատասխան:
4. Լիազորել Երևանի քաղաքապետին`
1) անցկացնել հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողի հրապարակային սակարկություն` մրցույթ` հետևյալ նվազագույն պայմաններով՝
ա. կառուցապատման ավարտի ժամկետ սահմանել մինչև 2016 թվականի հունվարի 1-ը,
բ. սահմանել կառուցապատման հարկայնությունը՝ 0.0 նիշից բարձր՝ 12-14 հարկ,
գ. տարածքը ձեռք բերողն ստանձնում է նաև տարածքի նախկին ձեռք բերողներ Գագիկ Պապոյանի և «Նարեկգրադ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կադաստրային գրանցում ստացած՝ օտարման գործընթացի հետևանքով առաջացած և չկատարված հատուցման պարտավորությունները, ինչպես նաև նախնական առուվաճառքի պայմանագրերով գնորդների վճարած գումարները վերադարձելու պարտավորությունը` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մարտի 2-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 194-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից որոշված իրավատերերի կազմով և չափերով,
դ. տարածքը ձեռք բերողը պարտավոր է շենքի կառուցման ավարտից հետո Երևանի համայնքին սեփականության իրավունքով տրամադրել բնակելի տարածքներ` «Գապբնակշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կրկնակի վաճառքներից տուժած անձանց որպես օգնություն տրամադրելու համար` ըստ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մարտի 2-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 194-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից առաջարկված իրավատերերի կազմի և չափերի: Սույն ենթակետով նախատեսված մակերեսի չափը մրցույթի հաղթողին որոշելու հիմնական չափանիշն է.
2) տարածքը ձեռք բերող թեկնածուի ընտրության դեպքում ընտրված ընկերության հետ պետության անունից կնքել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանագիր և ներկայացնել առաջարկություն սույն որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ.
3) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքում առկա` պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի` պետության և հասարակության կարիքների համար գույքի օտարման գործառույթների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 14 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1141-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅԻ` ԵԿՄԱԼՅԱՆ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐՈՂ՝ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ
NN |
Գտնվելու վայրը և նկարագիրը |
Նկարագրության արձանագրության կազմման ժամկետը |
1. |
1-ին Եկմալյան 6, 1-ին Եկմալյան 8, 1-ին Եկմալյան 10, 1-ին Եկմալյան 12, 1-ին Եկմալյան 14, Ջափարիձեի 1 (սխեման կցվում է) |
4 ամիս |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ս Խ Ե Մ Ա
ԲԱՑԱՌԻԿ՝ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ
(ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅԻ՝ ԵԿՄԱԼՅԱՆ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔ)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|