Գլխավոր տեղեկություն
Համար
N 1290-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.08.2012-22.12.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.28/59(583) Հոդ.1233
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.11.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 նոյեմբերի 2007 թվականի N 1290-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. նոյեմբերի 16
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 1-ի N 1290-Ն որոշման

 

Ա Ր Ա Ր Ո Ղ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԵՐԴՄԱՆ

 

 1. Սույն արարողակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի (այսուհետ` անձ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու երդում (այսուհետ` երդում) տալու ընթացակարգը:

2. Երդման արարողությունը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը (այսուհետ` վարչություն):

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այն պետություններում, որոնց քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրվում է նաև նշված պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում, երդման արարողությունը կազմակերպվում և իրականացվում է նշված պետություններում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում:

(2-րդ կետը լրաց. 02.08.12 N 983-Ն)

3. Հայաստանի Հանրապետության Նախագահի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին հրամանագիրն ստանալուց հետո վարչությունը, իսկ օտարերկրյա պետություններում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները 10-օրյա ժամկետում անձին ուղարկում է գրավոր ծանուցում` համաձայն ձևի:

(3-րդ կետը լրաց. 02.08.12 N 983-Ն)

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրին քաղաքացին ծանոթանում է վարչությունում, իսկ օտարերկրյա պետություններում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում` հրամանագրի քաղվածքն ստորագրությամբ ստանալու եղանակով: Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրին ծանոթանալուց հետո` նույն օրը, իրականացվում է քաղաքացու երդման արարողությունը:

(4-րդ կետը լրաց. 02.08.12 N 983-Ն)

5. Երդման արարողությունն անցկացվում է հանդիսավոր պայմաններում` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև:

6. Երդման արարողությունը վարչությունում սկսվում է վարչության պետի կամ նրա տեղակալի, իսկ օտարերկրյա պետությունում՝ դեսպանությունում կամ հյուպատոսական հիմնարկում՝ դեսպանի, գլխավոր հյուպատոսի կամ նրանց կողմից լիազորված դիվանագետի ներածական խոսքով, որից հետո ընթերցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը:

(6-րդ կետը լրաց. 02.08.12 N 983-Ն)

7. Անձը երդում տալիս է մեկ անգամ, բարձրաձայն և հանդիսավոր ընթերցելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված երդման տեքստը, և ստորագրում այն:

8. Վարչության պետը (տեղակալը), իսկ օտարերկրյա պետությունում՝ դեսպանը, գլխավոր հյուպատոսը կամ նրանց կողմից լիազորված դիվանագետը շնորհավորում է անձին երդում տալու կապակցությամբ, որից հետո հնչում է Հայաստանի Հանրապետության oրհներգը:

(8-րդ կետը լրաց. 02.08.12 N 983-Ն)

9. Երդման ստորագրված տեքստը կցվում է անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ փաստաթղթերին:

9.1. Երդման արարողակարգի տեքստն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության միջոցով ուղարկվում է վարչություն, անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ փաստաթղթերին կցելու համար:

(9.1-ին կետը լրաց. 02.08.12 N 983-Ն)

10. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով` երդում տված անձին տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 Ձև

 

Գ Ր Ա Վ Ո Ր  Ծ Ա Ն ՈՒ Ց Ո Ւ Մ

 

Հարգելի _________________________________________________

                                               (ծանուցվողի անունը, ազգանունը)

.

Ձեզ է ներկայացվում Հայաստանի Հանրապետության քաղաքացու երդման տեքստը

 

«Ես`____________________________________________________,

                                                     (անունը, ազգանունը)

 

 

 

 

 

 

 

դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և oրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Պարտավորվում եմ հարգել Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը և սովորույթները:»:

 

Տեղեկացնում ենք, որ երդման արարողությանը մասնակցելու համար յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը _____ __ կարող եք ներկայանալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ օտարերկրյա պետություններում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ:

 

___________________________________________________________հասցեով,

 

_______սենյակ, ________________________________________________ի մոտ:

                                           (պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

____ _____________ 20 թ.

 

 

 

 

 

 

 

(ձևը խմբ. 25.03.10 N 411-Ն, լրաց. 02.08.12 N 983-Ն) 

(հավելվածը խմբ. 25.03.10 N 411-Ն, լրաց. 02.08.12 N 983-Ն)